hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
«Քահանայությունը եկեղեցու աղոթող բերանն է».
Այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Ղևոնդյան քահանաների անմահ հիշատակը:
Նրանց հիշատակը տոնվում է Բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը` Վարդանանց տոնից երկու օր առաջ: Մեր Եկեղեցին սրբացրել է Ղևոնդյանց քահանաներին և Ղևոնդյանց տոնը հայ քահանայական դասի տոնն է: Նրանց հիշատակի օրը Հայ Առաքելական Եկեղեցում ավանդաբար քահանայական ձեռնադրություն է կատարվում: «Քահանայությունը եկեղեցու աղոթող բերանն է».
ասում է մեր շատ սիրելի Շնորհք Պատիրարք Գալուստեանը, և մենք` հավատացյալներս սիրով համաձայն ենք նրա հետ:
Քահանայական դասի սիրելի հոգևորականներ, մեր Եկեղեցու սյուներ, Աստծո խոսքի թարգմանիչներ և մեր հոգիների խնամակալներ. ուրախ սրտով շնորհավորում ենք ձեզ Ղևոնդյանց քահանաների տոնի առթիվ: Թող Աստված օգնի ձեզ, որ դուք էլ Ղևոնդ երեցի հոգով ներշնչված խանդավառեք և ոգեշնչեք մեր եկեղեցու զավակներին մարտնչել ի սեր Քրիստոս, ի սեր Եկեղեցի, հանուն հայրենիքի: Դուք, որ հանձն առաք Ավետարանի քարոզությունը ի սեր Աստծո, բարձր պահեք Քրիստոսի խաչը, որպեսզի մեր տեսադաշտից չանհետանա խաչի պատկերը: Դուք, որ հանձն առաք Քրիստոսին խոստովանել մարդկանց առաջ, թող Աստված զորացնի ձեզ և հաստատ պահի յուրաքանչյուրիդ ձեր կարգի մեջ: Ղևոնդյանների մեջ ձեզ փնտրում, գտնում, զորանում և մխիթարվում ենք մեր հոգիների փրկության համար: Միշտ առողջ եղեք և մեզնից անպակաս: Մենք ձեր հոգևոր հացի և աղոթքի կարիքն ունենք անդադար: Փառք Աստծո, որ մեր կողքին ունենք ձեզ: Շնորհակալություն ձեզ: Ինչպես ասում են.
«Անգետ հավատացյալը հմուտ հոգևորականի ձեռքում նույնն է, ինչ որ անմշակ փայտը հմուտ հյուսնի ձեռքում»:
Շնորհավորում եմ նաև Ղևոնդ, Հովսեփ, Խորեն, Աբրահամ անուն ազգանունը կրող բոլոր հայորդիներին, իրենց անվանակոչության օրվա առթիվ: Իրենց անվան Սրբերի բարեխոսությամբ թող զորանան և սրբերի հիշատակը հավերժացնելու համար, նրանց պես դավանեն սրտով, խոստովանեն լեզվով, եթե պետք լինի չարչարվեն մարմնով հանուն Քրիստոսի:
Սիմեոն Երևանցի կաթողիկոսի աղոթքը նվիրում ենք մեր հոգևորականաց դասին` քահանայության տոնի առթիվ:
Տե՛ր Աստված մեր, մեր հոգեւոր հովիվներին եւ առաջնորդներին
քոյաշունչ իմաստությունը եւ քոյապատկեր հեզությունն ու
խոնարհությունը տո՛ւր, որպեսզի կամքիդ համաձայն Քո հոտը հովվելով,
Հովվապետիդ երեւալու ժամանակ համարձակությամբ կարողանան ասել՝
ահա ես եւ իմ հավատացյալները, եւ Քեզանից փառքի պսակը ընդունել:
Նրանց զորությամբ եւ արիությամբ սպառազինի՛ր, որպեսզի
կարողանան դիմակայել ոչխարամորթ գայլերին եւ մեր եկեղեցիների ու հավատքի ապականիչներին:
Մեր քահանաներին զգաստություն եւ մաքրություն տո՛ւր, որպեսզի կարողանան արժանապես ծառայել
Քո սուրբ խորհրդին եւ լինել համարձակ միջնորդ Աստծուդ եւ ժողովրդի՝
նրանց աղոթքը մատուցելու Քեզ եւ Քո ողորմությունն իջեցնելու նրանց մոտ,
որոնք էլ Քո կամքի համաձայն շահելով Քո տված մնասը՝ Քեզանից բազմապատիկն առնեն: Ամեն.