hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Ե օր Առաջավորաց պահք. Այսօր վերջին օրն է Առաջավորաց Պահքի.
Մենք տեղեկացանք, որ Առաջավորաց պահքի ժամանակ չի արտոնվում եկեղեցում Պատարագ մատուցել և կարդալ Սուրբ Գիրք: Սակայն պահքի վերջին` ուրբաթ օրը, Հովնան մարգարեի հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. Ահա այսօր Ուրբաթ է, և մեր Պահքի վերջին օրը. Մեր Եկեղեցին այսօր նշում է Հովնան Մարգարեի հիշատակության օրը, այն մարգարեի, որի քարոզությամբ փրկվեց Նինվե քաղաքը: Իր մարգարե Հովնանին Աստված ուղարկում է Ասորեստանի մայրաքաղաք Նինվե՝ սպառնալից խոսքերով քարոզելու այդ քաղաքի՝ մեծ մեղքերի մեջ ընկած բնակիչներին: Բայց մարգարեն, գիտենալով, որ Աստված գթասիրտ է և Իր սպառնալիքը չի իրագործի, եթե նինվեացիները հավատան ու զղջան, որոշում է չհնազանդվել Տիրոջը և նավով փախչում է Ավետյաց երկրից: Ճանապարհին մեծ փոթորիկ է սկսվում, և ծովը նետված Հովնանին Աստծո հրամանով կուլ է տալիս մի կետ ձուկ: Երեք օր կետի փորում աղոթելուց հետո մարգարեն ազատվում է և դարձյալ լսում նինվեացիներին քարոզելու Տիրոջ հրամանը: Նա գալիս է Նինվե և ասում՝ «Եվս երեք օր, և Նինվեն պիտի կործանվի», իսկ քաղաքի բնակիչները լրջորեն հավատում են և ապաշխարում, ինչի շնորհիվ ազատվում են վերահաս պատուհասից: Հովնանը տրտմում է, որ, ինչպես և սպասում էր, իր խոսքը չիրականացավ, բայց Աստված իմաստուն խրատով նրան ցուց է տալիս, թե որքան թանկ է Իր համար յուրաքանչյուր մարդ, և ինչպես է փափագում բոլոր մեղավորների՝ թե՛ հրեաների, թե՛ հեթանոսների դարձն ու փրկությունը:
Նինվեի բնակիչների ապաշխարության օրինակը դաս է ինչպես յուրաքանչյուր ազգի, այնպես էլ յուրաքանչյուր անհատի համար: Պահքով աղոթքով, ու զղջումով եղավ նրանց փրկությունը Տիրոջ կամքով:
Ուսուցողական է նաև Վարդան Այգեկցու հորդորը պահքի մասին, թե` Պահքը Աստծուց մեզ տրված չբթացող հոգևոր սուր է չարի դեմ պայքարելու համար:Փառք Աստծո իր կատարյալ պարգևների համար:
Մի քանի խոսք «Աղի բլիթի» մասին.
«Աղի բլիթը» անզոր է քո ընտրության հարցում, դու ապավինիր քո Փրկչին, Որը նախախնամում է քո կյանքի բոլոր օրերը:
Եթե դու այս օրերին պահք ես պահել, աղոթք ես արել, զղջացել ես քո թույլ տված սխալների համար, Ավետարան ես կարդացել, օգտակար ես եղել մեկին
ի սեր Աստծո և հանուն Աստծո խոսքի քո վատ սովորություններից մեկից ազատվել ես, ուրեմն դու այսօր կարիք չունես նույնիսկ մտածելու «աղի բլիթ»-ի մասին, էլ ուր մնաց ուտելու և ինչ որ բան ակնկալելու, կամ հավատալու մոգության ու հմայության: Քո Հույսն ու Ապավենը Աստվա՛ծ է. փա՛ռք Աստծո.
Իսկ եթե դու չես պահել պահքը, առավել ևս պահքի խորհուրդը չգիտես, չե՛ս կարդում Սուրբ Գիրք, եկեղեցական կյանքով չե՛ս ապրում, առավել
ևս կարիք չունես «աղի բլիթ» ուտելու, որովհետև դու դրանով Աստծուն կզայրացնես, քանի որ և՛ անտեղյակ ես Աստծո խոսքից, և՛ արածդ համարվում է կատակ ու ծաղր և՛ պահքի և՛ Սրբի և՛ Աստծու հանդեպ:
Իսկ եթե դու որոշ չափով տեղյակ ես եկեղեցու կարգ ու կանոնին, գիտես որ առանց Աստծո կամքի տերև չի շարժվում, բայց տուրք տալով մեծամասնությանը ուտում ես նաև «աղի բլիթը»` համենայդեպս, փորձելու համար, դու էլ իմացիր, որ երկու տիրոջ ես ծառայում և դա սխալ է:
Եկեք նախանձախնդիր լինենք մեր տոների, պահքերի, Սրբերի հիշատակության, և խորհուրդների նկատմամբ:
Մեր բոլոր արարքները և դրսևորումները լինի ժողովրդական, թե եկեղեցական, նպատակաուղղված է միայն Աստծուն և Նրա փառքին:
Սուրբ Սարգսի, բոլոր սրբերի բարեխոսությունը, Աստվածային նախախնամությունն է, որ կօգնի երիտասարդին պահքով, աղոթքով և խնդրանքով հասնել իր կյանքի երկրորդ կեսին:
Ջանանք նմանվել Սուրբ Սարգսին, և այն սրբերին որոնք նահատակվեցին հանուն Քրիստոսի, հանուն իրենց անխախտ հավատի: