hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
hogevor karozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Ուժգին սիրվելու ցանկությունը ուժգին սիրելուց է.
Մարդասեր Աստված կամենալով ամենքիս կապել փոխադարձ կապերով, ով սիրելինե՛ր, մարդկանց գործերում այնպիսի օրենքներ հաստատեց, որ մեկի օգուտը մշտապես միանում է մյուսի օգուտին:
Այսպես, երկրագործը այնքան հատիկ չի ցանում, որքան իրեն պետք է, այլապես նա վաղուց կկործաներ և՛ իրեն, և՛ ուրիշներին, ապա թե զինվորը իրեն վտանգի է ենթարկում ոչ այն բանի համար, որպեսզի փրկի միայն ինքն իրեն, այլ որպեսզի անվտանգ դարձնի նաև քաղաքները, և առևտրականը այնքան չի բերում, ինչքան իրեն պետք է, այլ այնքան, որ ուրիշներն էլ ունենան: Եթե մարդիկ այդպիսի անհրաժեշտության առջև չդրվեին, ապա չէին ցանկանա մերձավորների օգուտը, այդ պատճառով Աստված ամեն ինչ այդպես առնչակցեց և թույլ չտվեց օգուտին հասնել այլ կերպ, քան ուրիշների օգուտը նկատի ունենալով:
Այլ ճանապարհով անկարելի է նաև փրկվել, և եթե դու անգամ վարժվում ես բարձրագույն իմաստասիրությամբ, ուրիշների` կործանվողների մասին հոգ չես տանում, ապա Աստծո առաջ ոչ մի շնորհ չես ունենա: «Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ, -ասում է Աստծո առաքյալը, – իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի» (Ա Կորնթ. 11, 3):
Եվ եթե դու ցանկանում ես իմանալ, թե ինչ զորություն է ձեռք բերում նա, ով հրապուրում է եղբայրներին, թեպետ երբեմն` նաև անհավատներին, կամ նրան, ով խոնարհ է, խաղաղ, վարքով հաճելի, ապա լսիր, թե ինչ է ասում նույն այդ երանելի Պողոսը` դատարան գալով անհավատ դատավորի մոտ.
«Ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու» (Գործք 26, 2):
Սա նա ասում է ոչ նրան շողոքորթելու նպատակով, ամենևին ո՛չ, այլ ցանկանում է այդպիսի խոնարհությամբ հասնել օգտակարության: Մասամբ նա դրան հասավ. նա, ով մինչ այդ համարվում էր ամբաստանյալ, հմայեց դատավորին և այդ հաղթության մասին բոլորի ներկայությամբ հստակորեն վկայում է ինքը` հմայվածը, ասելով. «Քիչ է մնում` ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ» (Գործք, 26,28): Իսկ Պողո՞սը:
«Կխնդրեի Աստծուն, որ վաղ թե ուշ, ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ» (Գործք, 26, 29):
Արդ, եթե նա այդքան մեծ բան է պահանջում, իսկ մենք նույնիսկ փոքրը չենք պատկերացնում, ապա մենք արժանի կլինե՞նք որևէ ներողամտության: Եվ մի կարծիր, թե ուրիշի օգնության կարիքն ունենալը նսեմացուցիչ է. դա Աստծո անճառելի իմաստնության գործն է: Եթե մենք միմյանց կարիք ունենք և անգամ փոխադարձ օգնության անհրաժեշտությունը մեզ չի միացնում ընկերական կապերով, ապա, եթե մենք ինքներս կարողանայինք բավարարել մեր կարիքները, արդյոք, անսանձ գազանների չէի՞նք նմանվի: Զորությամբ և անհրաժեշտությամբ է Աստված մեզ հաշտեցրել իրար հետ, և մենք ամեն օր առնչվում ենք միմյանց: Եթե Աստված քանդեր այդ հանգույցը, ո՞վ կփնտրեր մերձավորի բարեկամությունը: Հենց այդ պատճառով է Աստված մեզ տվել մեկ բնակատեղի` այս աշխարհը, բոլորիս համար վառել է մեկ լուսատու` արևը, մեզ վրա տարածել է մեկ տանիք` երկինքը, և մեզ պարգևել է մեկ սեղան` հողը:
Հարուստին Նա ավելին չի տվել կամ ավելի արժեքավոր, իսկ աղքատին` քիչ և պակաս արժեքավոր, որպեսզի մեր միջև լինի լիակատար և անտրոհելի միասնություն, և որպեսզի ոչ ոք չկարողանա ասել` այս մեկը ինձ ո՛չ ընկեր է, ո՛չ հարազատ, ո՛չ մերձավոր, և ես նրա հետ ընդհանուր բան չունեմ, ապա ես ինչպե՞ս կարող եմ գնալ նրա մոտ կամ ինչպե՞ս կարող եմ նրա հետ զրուցել:
Փողի մասին խոսելիս մենք գովաբանում ենք նրան, ով ոչինչ պարտք չէ, վասն սիրո խոսելիս, մենք փառաբանում և հարգում ենք նրանց, ովքեր մշտապես պարտապան են: Հաստատվենք այս ճշմարտությամբ և միանանք իրար. և եթե որևէ մեկը կամենա բաժանվել, ինքդ մի բաժանվիր և մի ասա այդ սառը խոսքերը. եթե սիրում է ինձ, ես էլ նրան եմ սիրում, իսկ եթե ինձ չի սիրում աջ աչքը, ապա կհանեմ:
Ընդհակառակը, եթե նա չի կամենում սիրել, ապա նրան ավելի մեծ սեր ցույց տուր, որպեսզի նրան գրավես, չէ՞ որ այն քո մի մասն է: Եթե ինչ-որ հանգամանքների բերումով մասը բաժանվում է մարմնից, ապա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրան վերստին միացնենք մեզ, և հատուկ հոգածություն ենք ցուցաբերում նրա հանդեպ: Եվ քո պարգևն ավելի մեծ կլինի, եթե դու հրապուրես սիրել չցանկացողին: Նա, ով քեզնից սիրված լինելով, փոխադարձում է սերդ, ապա դրանով արդեն իսկ շնորհ է անում քեզ, իսկ նա, ով, քեզնից սիրված լինելով, քեզ չի սիրում, ապա իր փոխարեն Աստծուն է դարձնում քո պարտապանը: Եվ բացի այդ, երբ նա քեզ սիրում է, փոքր-ինչ ջանք է պահանջում, իսկ երբ չի սիրում, ապա քո օգնության կարիքն ունի:
Մի ասա` քանի որ նա տկար է, ես զանցառում եմ նրան. Այդ տկարությունը սիրո սառչումն է. ջերմացրու սառածը: Չէ՞ որ ուժգին սիրվելու ցանկությունը ուժգին սիրելուց է:
Հովհան Ոսկեբերան «Ճառերի ընտրանի»