hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Դ օր (Առաջավորաց պահք) Ով կերակուր է տալիս բոլոր մարմիններին, ծոմ պահեց քեզ համար:
Դու ի՞նչ ես կրում այն ամենից, ինչ Քրիստոս կրեց քեզ համար: Աստվածային բարձունքներից խոնարհեցրեց Իրեն, մարդ եղավ և Իր Պատվական արյունով գնեց քեզ: Ով կերակուր է տալիս բոլոր մարմիններին, ծոմ պահեց քեզ համար: Ով մեղրին քաղցրություն տվեց, քեզ համար լեղի ճաշակեց: Ով երկինքը պսակեց աստղերի բազմությամբ, քեզ համար փշերով պսակվեց և մահու չափ հնազանդվեց:
Արդ, Այդ ամենին արժանի ինչ կարող ենք հատուցել նրան, ով այս ամենը կրեց մեզ համար: Այս ամենի համար արժան չէ ուրախ լինել, այլ արժան է գիշեր ու ցերեկ անդադար ողբալ Դավթի նման, ով ասում է. «Լաց եղա ամբողջ գիշեր և իմ արտասուքներով թրջեցի անկողինս»: Սաղմոս 6:7
Քանի դեռ ժամանակ ունենք, բարիք գործենք: Եթե մեկ այլ բան կորցնենք, կարող ենք գտնել, բայց եթե կորցնենք մեր ժամանակը, այլ ժամանակ գտնել չենք կարող:Դավիթը մի գիշեր մեղանչեց և իր մնացած կյանքի բոլոր գիշերները լաց լինելով անցկացրեց` խոստովանության այսպիսի խոսքեր ասելով. «Տեր, Դու ինձ աչքեր տվեցիր, որպեսզի տեսնեմ լույսը, իսկ ես չարաչար գործածեցի այն` նայելով անարժան բաների: Մոլորվեցի աչքերով` չարաչար բացելով իմ պատուհանները, ուստիև արտասուքներով լվանում եմ դրանք»: Այսպես պետք է լաց լինել և լվանալ աչքերը, որոնք հույժ վատթար նայեցին:
Աստված մեզ զույգ տվեց ամեն բան` աչքեր, ականջներ, ձեռքեր, ոտքեր, որպեսզի եթե դրանցից մեկը երբևէ վնասվի, մյուսի միջոցով հոգանք մեր կարիքը, բայց Նա մեկ հոգի շնորհեց մեզ, եթե այն կորցնենք, ինչպես պիտի ապրենք: Նրա՛ն հոգ տանենք: Մեր հոգուց առավել ոչինչ պատվարժան չհամարենք,քանզի Քրիստոսի ատյանի առջև նա է և՛ մեր դատախազը, և՛ մեզ համար հաշիվ տվողը: Եկեք արթնացնենք մեզ, սիրելիներ, առա՛ջ, քան խոսելը, առա՛ջ, քան Դատավորի Գալուստը: Ավելի լավ է այստեղ պահքով ցամաքեցնես լեզուդ, քան պահես այն այնտեղի ահավոր տապակի համար, երբ մի կաթիլ ջուր կցանկանաս և չես կարող ստանալ այն:
Սուրբ Եփրեմ Ասորի.
Եթե Տիեզերական Եկեղեցու Սուրբ Վարդապետն է այսպես մտահոգ, ինչ կլինի մեր հարցը, որ նույնիսկ չենք կարդում նրա գրվածքները պահքի և ապաշխարության մասին, էլ չեմ ասում մեր տկարությունների և մեղքերի մասին: Ուրեմն մտաբերենք բոլոր այն մարդկանց, ում նեղացրել ենք, կամ մենք ենք իրենցից նեղացած, գնանք և հաշտվենք այս պահքի օրերին` «Հայր Մեր» աղոթքի համաձայն, որը օրվա ընթացքում քանիցս կրկնում ենք, երբեմն ուշադիր, երբեմն էլ ոտանավորի նման:Լավ իմանանք, որ Պահք չպահողի մեղքը ավելին չէ, քան նրա որը «իբրև» պահքի մեջ է, բայց նույն կենցաղով է ապրում, այսինքն նույն բամբասանք, դատել, ատել, ստել և այլն: Կավը կա՛վ կմնա, եթե նրա վրա ջանք չթափվի կուժ պատրաստելու համար:
Աղոթենք նույն սրբի խոսքերով.
Տե՛ր, հալածի՛ր, մտքիս խորհուրդներից բոլոր չար
ու երկրաքարշ մտածումները, բարիքների արմատը
ամուր տնկի՛ր իմ սրտում և հոգուս մեջ պատկերի՛ր
շնորհների պտուղը: Եվ քանի որ ցնորված, միտքս
պղտոր ու մոլոր շրջում է երկրային կենցաղի
հոսանքներում, Դու, լուսավորիր հոգուս աչքերը,
որ անզբաղ ու աներկմիտ, արի և զգաստ
ջերմեռանդությամբ գամ Քո աստվածային սիրո ետևից: