hogevor qarozner հոգևոր քարոզներ 6
hogevor qarozner հոգևոր քարոզներ
Գ օր (Առաջավորաց պահք)
Առավե՛լ լվա ինձ իմ անօրենություններից և մաքրի՛ր ինձ իմ մեղքերից: Իմ անօրենությունները ես ինքս գիտեմ, և իմ մեղքերն իմ առջև են ամեն ժամ: Սաղմոս 50:4
Հայրական ծոցից իջած և մեզ համար մարդացած Աստված Իր Օրհնյալ ձայնով մեզ զղջալ է սովորեցնում` ասելով. «Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին» և «Առողջներին բժիշկներ պետք չեն, այլ հիվանդներին» Մատթ. 9:12 Եթե այս ամենը ես ասեմ, դու կարող ես չանսալ ինձ, սակայն եթե Ինքը` Աստված է ասում, ուրեմն ինչո՞ւ ես արհամարհում այն անփույթ գտնվելով սեփական կյանքիդ նկատմամբ: Եթե գիտես, որ ներսումդ մտքերի և գործերի խոց կա, ապա ինչո՞ւ ես անտարբեր քո գաղտնի խոցերի նկատմամբ: Քե՛զ համար է մարմնացել, մարդացել, որպեսզի բժշկի քո ծանր խոցերը: Մոտեցի՛ր, մեղավոր, բժշկվի՛ր առանց չարչարանքի: Հեռացրո՛ւ քեզնից մեղքերիդ բեռը, բեր աղոթք, և արտասուքովդ թրջիր թարախակալած վերքերդ: Բժշկվելը երկար չի տևում, և ոչ էլ աստիճանաբար է հեռացնում վերքը, այլ բժշկում է քեզ նույն պահին: Ահա բաց է ապաշխարության դուռը, նե՛րս մտիր, մեղավո՛ր, քանի դեռ այն չի փակվել: Ի՞նչն է վեր քո հոգուց, ո՛վ մարդ: Չգիտե՛ս սիրելիս, թե Երկնավոր Բժիշկը որ ժամին կփակի Իր Բժշկության դուռը:
Սուրբ Եփրեմ Ասորի (Զղջման մասին քարոզից)
Պահոց օրերի ընթերցումներ Սիրո մասին
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ (Ա Հովհ. 4:16): Ում մեջ սեր կա, նա Աստծու հետ ամեն ինչից գերիվեր է: Ում մեջ սեր կա, նա չի խորշում ոչ մի բանից` փոքրից և մեծից, փառավորից և անփառունակից, աղքատից և հարուստից. ընդհակառակը` ինքն է բոլորի առջև խոնարհ լինում, մշտապես հույս է տածում… ամեն բանի դիմանում է. Ում մեջ սեր կա, նա իրեն ոչ մեկից գերիվեր չի համարում, ոչ մեկի առջև իրեն չի փառաբանում, և ինքը ոչ մեկին չի զրպարտում և զրպարտողներից լսելիքը հեռացնում է: Ում մեջ սեր կա, նա կեղծավոր և ոլոր-մոլոր ուղիով չի քայլում, ինքը չի գայթում և թույլ չի տալիս, որ եղբայրը գայթի: Ում մեջ սեր կա, նա չի մրցակցում, չի նախանձում, չի նայում ատելի աչքով, չի ուրախանում ուրիշների անկումով, չի զրպարտում ընկածին, այլ կարեկցում է նրան և հոգ է տանում նրա մասին, եղբորը զրկանքի մեջ չի արհամարհում, այլ պաշտպանում է և պատրաստ է մեռնելու նրա համար: Ում մեջ սեր կա, նա Աստծո կամքն է կատարում, նա Աստծո աշակերտն է: Քանզի
մեր բարեգութ Տերն Ինքն է ասում. Սիրեցե՛ք միմյանց (Հովհ. 13, 35-34): Ում մեջ սեր կա, նա ոչ մի բան երբեք չի սեփականում, ոչ մի բանի մասին չի ասում՝ սա իմն է, բայց իր ունեցած ամեն ինչը առաջարկում է բոլորին՝ ընդհանուր օգտագործման համար: Ում մեջ սեր կա, նա ոչ մեկին իրեն օտար չի համարում, այլ ամենքն իր համար յուրային են: Ում մեջ սեր կա, նա բարկությամբ չի գրգռվում, չի գոռոզանում, զայրույթով չի բռնկվում, անիրավության համար չի ուրախանում, չար բան չի խորհում, ոչ մեկին չի համարում իր թշնամին՝ բացի սատանայից:
Ում մեջ սեր կա, նա ամեն ինչում համբերատար է… բարեգութ է… երկայնամիտ է (Ա Կորնթ. 13, 4-7):
Ուստի երանյալ է նա, ով սեր է ձեռք բերել և նրանով վերաբնակվել Աստծո մեջ, քանզի Աստված գիտե յուրայիններին և կընդունի նրանց իր գիրկը: Սեր սերմանողը կլինի հրեշտակների կենակիցը և կթագավորի Քրիստոսի հետ: Բանն Աստված սիրո՛վ երկիր իջավ: Մեզ համար դրախտը սիրո՛վ է բացված, և ամենքին ցույց է տրված երկնքի դուռը: Մենք սիրո՛վ ենք հաշտվել Աստծու հետ, որ նրա թշնամիներն էինք:
Սուրբ Եփրեմ Ասորի (Խրատներ)