Մատաղի կարգը սահմանել է Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ դեռևս 301 թ. քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո: Ըստ Տաթևացու «մատաղ» նշանակում է մատուցել աղ: Կրոնական արարողությամբ մատաղի կենդանին մորթվում է և եփվելուց հետո բաժանվում աղքատներին:
Մատաղը նախ՝ ընծա է Աստծուն: Երկրորդ՝ փրկության հույս է: Երրորդ՝ աղքատասիրություն է և ողորմություն: Չորրորդ՝ ննջեցյալների հիշատակ, ապա մեր երախտագիտությունն է Աստծուն՝ հիվանդությունից ու փորձություններից ազատելու համար:
Մատաղի նյութերն են կենդանին ու աղը: Մատաղի կենդանին կարող է լինել արջառ, խոյ, աքաղաղ, աղավնի: Ընդունված կարգ է մատաղ անել միայն արու կենդանիների: Քանի որ մատաղն Աստծուն մատուցվող ընծա է, ապա մատաղացու կենդանին պետք է արդար վաստակի արդյունք լինի, ընտիր և լավագույնը: Խեղանդամված և արատավոր կենդանուն չի կարելի մատաղ անել, քանզի Աստծուն
ընծայվելիքը՝ նյութական թե հոգևոր, պետք է լինի անարատ ու մաքուր: Հարկ ենք համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ մատաղը չի կատարվում մատաղացուի արյունով մեղքերից թողություն
ստանալու ակնկալիքով, ինչպես փորձում են ներկայացնել նորահայտ աղանդավորները, շփոթության մեջ գցելով անտեղյակ մարդկանց: Մատաղ է, և ընդունելի մատաղ, ցանկացած ընծայաբերում՝ հացեղեն, ուտեստեղեն, հագուստեղեն, շինություն, դրամական նվիրատվություն և որևէ այլ բարեգործություն:Եկեղեցում նախ պետք է օրհնել մատաղի աղը, որից հետո այն պետք է տալ կենդանուն «ի կերակուր», այնուհետև միայն կարելի է մորթել: Աղի օրհնության կարգը սահմանել է մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետը: Աղը մաքրության օրինակ է, ինչպես որ Քրիստոս ասաց Իր
աշակերտներին. «Դուք եք երկրի աղը»: Եվ որովհետև երկիրը և բոլոր կերակուրներն Ադամի մեղսագործության պատճառով անեծքի տակ ընկան և անմաքուր եղան, այս է պատճառը, որ օրհնելով մաքրում ենք աղը, իսկ ուտեցնելով կենդանուն՝ մաքրվում է նաև կենդանին: Աղի օրհնությունը կատարվում է նաև, որպեսզի մատաղացու կենդանին տարբերվի «կուռքերին մատուցվող զոհերից և հասարակ զենումներից»: Զոհաբերության գաղափարը շատ հին է ու վաղնջական: Սակայն քրիստոնեական իմաստով մատաղի արարողության ակունքները գալիս են դեռ առաջին դարից, երբ բոլոր քրիստոնյաները Սուրբ Պատարագից հետո հավաքվում էին միասին՝ «սիրո ճաշի»՝ մատաղի, որն ամբողջությամբ մատուցվում էր հիվանդներին ու աղքատներին ըստ ավետարանական խոսքի. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի կանչիր ոչ քո բարեկամներին, ոչ քո եղբայրներին, ոչ քո ազգականներին և ոչ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ, երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի լինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկաս 14:12-14): Մատաղ չի կարելի անել չորեքշաբթի, ուրբաթ օրերին, շաբաթապահքերին և Մեծ Պահքի շրջանում: Արգելվում է մատաղացու կենդանուն եկեղեցի մտցնել, որովհետև «եկեղեցին դրախտի խորհուրդն ունի, որտեղ անասուն չի մտնում» (Տաթևացի): Երբեմն մարդիկ չհասկանալով մատաղի իմաստը և նշանակությունը, մատաղացու կենդանու արյունը քսում են տան դռներին կամ իրենց ճակատին ու ձեռքերին, որը հեթանոսական է և քրիստոնեական իմաստից զուրկ: Մեր ճակատներն օծվում են Մյուռոնով մկրտության ժամանակ, որը Սուրբ Հոգու էջքն է խորհրդանշում մեզ վրա, իսկ Մյուռոնի վրա քսել կենդանու արյուն, դա կնշանակի, որ մենք ետ ենք դառնում հեթանոսական ծեսերին ու սովորություններին, ուստի Մյուռոնի վրա կամ փոխարեն ճակատին արյուն քսելը սխալ է: Հաճախ է լինում, երբ մարդիկ խոստանում են Աստծուն անել ողորմություն` մատաղ, որն անընդհատ ձգձգվում է առօրյա հոգսերի կամ անտարբերության պատճառով: Սակայն մենք պետք է լավ գիտակցենք, որ Աստծուն ստել չենք կարող, եթե մարդկանց կարող ենք խոստումներ տալ ու չկատարել, ապա Աստծուն խոստացված ամեն բան պետք է կատարել:
Նաև պատահում է, երբ թակում են դուռն ու մատաղի փող խնդրում, այս դեպքում գումար տա՞լ, թե՝ ոչ:
Մշտապես պետք է տանք նրանց, ովքեր խնդրում են մեզանից, քանի որ մեր Տերը`Քրիստոս ասում է, թե ոչ թե նրան ես տալիս, այլ Ինձ ես տալիս, իսկ մեր եկեղեցու հայրերն ասում են, որ մեր շրջապատում ապրող աղքատները լավագույն հնարավորությունն են երկնքում գանձեր դիզելու համար: «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, Եվ ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան»: (Առակ. ԺԹ 17) Մատաղի միսը չի կարելի պահել տանն իբրև ուտելիք, այլ նույն օրը պետք է բաշխել աղքատներին: Մատաղի կենդանուն պետք է մորթի տղամարդ՝ աշխարհական կամ հավատացյալ: Կին, մանուկ կամ հոգևորական որևէ մեկը չպետք է մորթեն: Մատաղացու կենդանու փորոտիքը, գլուխը և մյուս մնացորդները պետք է թաղել, որպեսզի շների ու կատուների կեր չդառնան, քանզի այն օրհնված է: Այսպիսով, մատաղը խորապես մարդասիրական մի արարողություն է, որը հնարավորություն է տալիս հավատացյալին ցուցաբերելու ողորմածություն և օգնելու աղքատներին ու կարոտյալներին:
Քրիստոնեական գիտելիքներ բոլորի համար
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան