Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Գրադարան
  • Մեր մասին
  • Donate-Օժանդակել
  • earthquake – Երկրաշարժ
  • Contact

Տնօրհնեքի անհրաժեշտությունը

08/12/2017 by Der Armen

Ինչպես վկայում է Ս. Գրիգոր Տաթևացին տնօրհնեքն իբրև արարողություն հիմնադրվել է Հարուցյալ Փրկչի կողմից. «… Հարությունից հետո Քրիստոս վերնատուն մտավ և օրհնեց աշակերտներին, որի համար նույն Խաչն ու Ավետարանը խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին տանելով տուն՝ օրհնում ենք մեր բնակարանները»:


Մեր Տիրոջ Հիսուսի Համբարձումից հետո Հիսուսի տասներկու առաքյալները, հետևելով Տիրոջ օրինակին, Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հարության բարի լուրն ավետելու և օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները: Ուստի և այս ավանդությունը հետագայում շարունակեցին առաքյալների հետևորդները՝ ձեռնադրված և օծված քահանաները: Համաձայն վերոհիշյալ ավանդության՝ հայ
եկեղեցականը Հիսուսի Ծննդյան ու Զատիկի տոների առիթներով այցելում է հավատացյալների տները՝ պատշաճ արարողությամբ օրհնում նրանց և բնակարանները և տալիս օրվա ավետիսը:
Տնօրհնեքի ժամանակ քահանայի կողմից օրհնվում է հիմնականում տունը, տան հացը, ջուրը և աղը: Արարողության վերջում, որպես օրհնության և առատության մնայուն նշան, քահանան տան անդամներին նշխար է տալիս, որը պետք է սրբությամբ պահվի ալյուրի մեջ կամ մի այլ վայելուչ տեղ՝ ի նշան տան ունեցվածքի առատության, բերրիության ու հաջողության: Տնօրհնեք է կատարվում նաև, երբ նոր բնակարանամուտ է լինում կամ անհաջողությունների պատճառով խախտվում է տան խաղաղությունը ու երբ տանն զգացվում է չար ուժերի ներգործություն:Քանի որ այս արարողությունը կարևոր է մեր ընտանեկան համերաշխության, ամրության ու խաղաղության համար, ուստի անհրաժեշտ է և պատշաճ, որ բանիմաց քրիստոնյան ինքը գնա եկեղեցի և քահանային հրավիրի տնօրհնեքի:

Մոմավառություն
Եկեղեցում մոմ վառելու ծիսական սովորությունը մեզ է հասել դեռևս Եկեղեցու կազմավորման շրջանից, երբ Քրիստոսի հետևորդները հալածական վիճակում թաքնվում էին քարայրերում և մոմի լույսի ներքո քրիստոնեական պաշտամունք կատարում: Հետագայում այս ավանդությունը պահպանվել է բոլոր քրիստոնեական եկեղեցիներում և հանդիսացել ծիսակարգի բաղկացուցիչ մաս:
Աստծու տաճարում վառվող մոմի լույսը խորհրդանշում է քրիստոնյայի հավատը նյութականացված ձևով: Ինչպես մոմն այրվելով լուսավորում է շրջապատը, այնպես էլ քրիստոնյան,առաջնորդվելով Հիսուսի պատգամով՝ «Դուք եք աշխարհի լույսը» ձգտում է ճշմարիտ, քրիստոնեավայել կյանք ապրելով լուսավորել իր շրջապատը: «Թող այնպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5 : 16): Եկեղեցում քրիստոնյայի մոմ գնելը և վառելը նկատվում է զոհաբերության փոքրիկ միջոց, նվիրատվության յուրատեսակ
արտահայտություն ուղղված եկեղեցու պայծառացմանը, քանզի դրանով իսկ հավատացյալը նյութապես սատար է կանգնում եկեղեցուն: Ահա թե ինչու չի խրախուսվում դրսից մոմ բերելը և իրագործվում է Հակոբոս առաքյալի պատգամը. ինչպես որ մեռած է մարմինն առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատն առանց գործերի» (Հակոբոս 2 : 26):
Մոմավառությունը թեև հավատքից բխող քայլ է, սակայն եթե քրիստոնյան եկեղեցում մոմ վառի, բայց աղոթք չանի, ապա այն նույնն է, ինչ խունկն առանց հոտի և աղն առանց համի:
Հավատացյալն ինքն է որոշում, թե քանի մոմ պետք է վառի և ոչ մի տարբերություն չկա կենտ կամ զույգ թվով մոմ վառելու մեջ: Վերջում նշենք, որ յուրաքանչյուր քրիստոնյա միայն իր գումարով պետք է մոմ գնի, որպեսզի եկեղեցու պայծառացման համար կատարվող զոհաբերությունն իր սեփական միջոցներից լինի:

Քրիստոնեական գիտելիքներ բոլորի համար.
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան

Post Views: 2,436

Կիսել

  • WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner Tagged: hogevor qarozner hayeren հոգեվոր քարոզներ
← «Աչք չէ տեսած, ականջ չէ լսած» (Շնուդա Պատրիարք)
Մատաղի արարողություն – Video →

Copyright © 2023 .

Church WordPress Theme by themehall.com