Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Գրադարան
  • Մեր մասին
  • Donate-Օժանդակել
  • earthquake – Երկրաշարժ
  • Contact

Ամփոփ տեղեկություն հոգեհանգստի և սրբապատկերների մասին.

10/12/2017 by Der Armen

Հոգեհանգիստ.
Հայ եկեղեցին հաճախ հիշատակում է ննջեցյալներին և հոգեհանգիստ է կատարում  ննջեցյալների համար։ Մի՞թե ննջեցյալների համար դա կարևոր է։ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են:

(Ղուկաս 20:38) և «սեր ոչ երբեք անկանի» (Ա Կորնթ. 13:8)։ Հետևաբար ննջեցյալները երբեք բաժանված չեն ապրողներից և մեզ՝ ապրողներիս համար
պարտականություն է հիշել նրանց։ Սա խորհրդանշում է զինվորյալ և հաղթական եկեղեցու հաղորդակցությունը։ Հին Կտակարանում կան դրվագներ, ուր հստակ պատվիրվում է ննջեցյալների համար աղոթել (Հռութ 2:20) (Բ Մնաց.6:42) (Երեմիա 16:7 (Բ.Մակ.12: 39 և 46), և այդ սկզբունքն էլ անցավ Առաքելական ժամանակներին ու ավանդվեց Եկեղեցուն։ Մեր Պատարագում հիշատակությունների շարքում պատարագիչ քահանան միշտ հիշում է ննջեցյալներին և դիմում Աստծուն՝խնդրելով «եղիցի հիշատակ ի սուրբ պատարագ աղաչեմք»։ Եկեղեցու ժամակարգությունը, նախնական եկեղեցու սովորույթը, եկեղեցու հայրերի գրությունները, բոլորն էլ վկայում են այն հավատքի մասին, որ աղոթքով, բարեգործություններով, Ս. Պատարագով, հոգեհանգստով, մատաղներով, որոնք կատարվում են ննջեցյալների համար, օժանդակություն և հանգիստ են շնորհում նրանց, որոնք ննջել են հավատով ու ներելի մեղքերով։ Այսինքն ննջեցյալները իրենց մեղքի կապանքներից ազատվում են ոչ թե իրենց ճիգերով, և ոչ էլ իրենց արժանիքի շնորհիվ, այլ եկեղեցու օժանդակությամբ։ Քանի դեռ երկրի վրա ենք և հնարավորություն ունենք ապաշխարելու, մեղքից արձակում գտնելու, բայց հեռանալով այս կյանքից, հանդերձյալում նման հնարավորություններ այլևս չկան, ուրեմն մնում է միայն Եկեղեցու բարեխոսությունն ու հոգեհանգիստը։

Սրբապատկեր
Սրբապատկերը որպես քրիստոնեական հոգևոր մշակույթի և գեղարվեստական մտածողության արգասիք՝ զարգացել է պաշտամունքի կանոնին զուգընթաց՝ համապատասխանելով վարդապետական և դավանաբանական ձևակերպումներին։ Հայ եկեղեցում սրբապատկերը առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք պատկերում են մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, Աստվածամորը և սրբերին: Այս սրբապատկերները զարդարում են ս.Սեղանը, եկեղեցու դասի, տաճարի և գավթի որմերն ու սյուները։ Այդ սրբապատկերների առաջ մենք սովորաբար մոմ ենք վառում և աղոթում։ Համաձայն Եկեղեցու սրբազան ավանդության առաջին սրբապատկերներն են Հիսուսի Դաստառակը և Աստվածամոր պատկերը և խորհրդանշական է, որ այս երկու նվիրական պատկերները ժամանակին պատկանել են Հայ եկեղեցուն։ Խիստ կարևոր է սրբապատկերի խրատական դերը. այն զգաստության և ապաշխարության կոչ է՝ ուղղված մեզ։ Սրբապատկերը Եկեղեցու և եկեղեցական ծիսակարգի անբաժանելի մասն է։
Նա կարևորագույնն է պաշտամունքի ընթացքում օգտագործվող բոլոր ծիսական առարկաների մեջ, քանի որ սրբապատկերի գոյաբանական հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի գերբնական մարմնավորման անճառելի իրողությունը։ Աստված Հոգի է, այսինքն՝ Նրան անհնար է նկարագրել, բայց երբ Նա մարմին է առնում, վերցնում և Իրեն է միացնում մարդկային բնությունը, որով ձեռք է բերում նաև նյութական կերպար, հնարավոր է դառնում Նրան պատկերել։ Այսինքն՝ հոգևոր էությունն արտահայտվում է զգայական կերպարի մեջ և միջոցով։ Տեսնելով պատկերը՝ մենք մտովի դիմում ենք պատկերվածին։ Երբ աղոթում ենք սրբապատկերի առջև, պետք է հստակ գիտակցենք, որ մեր աղոթքը ուղղված է ոչ թե պատկերին, այլ այն անձին, ով առկա է պատկերի վրա։ Ի սկզբանե Հայ եկեղեցին եղել է պատկերահարգ։ Ամեն մի սրբապատկեր գործածելի է դառնում եկեղեցում միայն հատուկ կարգով օրհնվելուց ու օծվելուց հետո։ 12-րդ դարում Հովհաննես Սարկավագ Վարդապետը բանաձևել է Հայ Եկեղեցու ուսմունքը սրբապատկերի վերաբերյալ հետևյալ կերպ. «Սրբապատկերները օգնում են հավատացյալներին մերձենալու Աստծուն»: Քրիստոսի պատկերի առջև պետք է խոնարհվել. խոնարհումը, սակայն, ուղղված է ոչ թե սրբապատկերի նյութին, այլ Նույն Ինքն Քրիստոսին:
Աստվածածնի և սուրբերի պատկերների առջև նույնպես պետք է խոնարհվել, սակայն այս խոնարհումը ոչ թե Աստվածածնին
ու սուրբերին է ուղղված, այլ Քրիստոսին, քանի որ Աստվածամայրը և սուրբերը միայն միջնորդ կարող են լինել մեզ համար Քրիստոսի առջև:

Գիտելիքներ քրիստոնյաների համար
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան.

Post Views: 1,636

Կիսել

  • WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner Tagged: hogevor qarozner hayeren հոգեվոր քարոզներ
← Մատաղի արարողություն – Video
Սուրբ Կոյսը և Փրկագործութեան ծրագիրը Dordrecht-Holland 09.12.2017 →

Copyright © 2023 .

Church WordPress Theme by themehall.com