Աստծու խոսքը մեծ կալորիականություն ունի և բազում վիտամիններով հարուստ է:
Ինչպես առողջ սնունդը օգտակար է մարմնին փոքր չափաբաժիններով, այնպես էլ Աստծու խոսքը հոգուն`փոքր չափաբաժիններով, որ հեշտ ընկալվի ու մարսվի: Որպեսզի նրանում եղած բուժիչ վիտամինները անցնեն մեր արյան մեջ ու բուժեն ամեն տեսակ հիվանդությունը: Առավել բուժիչ է`«հպարտություն» կոչված ձեռքբերովի հիվանդության համար: Հրաշալի միջոց է նախանձի,բարկության, ծուլության և այլ հիվանդությունների դեմ: Այս բուժումը կա երկու հազար տարուց ավելի, ուղղակի այն նշանակումով չէ, անհատական փնտրտուքի միջոցով կարելի է գտնել, հավատով բախել Բժշկի դուռը և հույսով սպասել Փրկիչ Բժշկի օգնությանը:
Բավական է գտնես Բժշկին և Նա քո բոլոր ցավերը Իր վրա կվերցնի` Իր խոստման համաձայն, թե` «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ»։ Որից հետո, Նա առաջարկում է մեզ Իր Լուծը` որով մենք կկարողանանք մեր բեռները հեշտությամբ տանել, առանց տրտնջալու և ծանրություն զգալու, դարձյալ Իր խոստման համաձայն. որն ասում է. «Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։
Աղոթքս է, որ ամեն «հիվանդ» որը դեռ չի գտել, այսօ՛ր գտնի իր Փրկիչ բժշկին, որովհետև Աստված հավիտենական է, իսկ մենք ընդամենը մի քանի տասնյակ տարիներ ենք ապրում, այն էլ ցավերի ու հոգսերի մեջ մեր անգիտության պատճառով: