Այսօր մեր եկեղեցին իր աղոթքներում հիշատակում է Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի պանծալի անունը: Ոսկեբերան անունը նա վաստակել է իր մտքի գոհարների գեղեցիկ և ընկալելի մատուցման
համար: Փառք տանք Աստծուն մեր բոլոր Սուրբ Հայրապետների համար և հայցենք Սուրբ Հովհան Ոսկեբերանի բարեխոսությունը մեր եկեղեցու վարդապետների և հավատավոր ժողովրդի համար:
Ահա Ոսկեբերան Հայրապետի լուսավոր մտքերից սիրո մասին… դարձյալ սովորենք:
Պողոս առաքյալը Քրիստոսին սիրում էր ոչ թե Քրիստոսի պարգևած բարիքների համար, այլ այդ վերջիններն էր սիրում հանուն Քրիստոսի և միայն մի երկյուղ ուներ`չկորցնել առ Նա ունեցած սերը:
Եթե բոլորը սիրեին և սիրված լինեին, ապա ոչ ոք ոչ մեկին չէր նեղացնի. սպանությունները, հայհոյանքը,պատերազմները, բարկությունը, հափշտակումները, շահախնդրությունները և բոլոր մյուս արատները կանհետանային, և չարը միայն անվանապես գոյություն կունենար:
Սերը պինդ է պատից, ամուր է պողպատից, և եթե դու ուրիշ ամուր նյութ ցույց տայիր, սիրո ամրությունը կգերազանցեր նաև դրան:
Ի՞նչ կարող ես ասել` մի՞թե պետք չէ ատել թշնամիներին և հեթանոսներին: Պետք է ատել, միայն ոչ թե նրանց, այլ նրանց վարդապետությունը, ոչ թե մարդուն, այլ նրանց գործունեությունը և ապականված կամքը: Տեսնո՞ւմ ես, որ նա պատվիրում է ատել վատ արարքը և ոչ թե` մարդուն: Սատանայի գործը մեզ իրարից բաժանելն է, նա մեծ ջանք է թափում, որպեսզի ոչնչացնի սերը`դրանով խոտորելով ուղղվելու ճանապարհը և պահելով մոլորության մեջ, իսկ քեզ գցի անհավատության և թշնամանքի մեջ` այդ կերպ փակելով փրկության ուղին:
Եթե բժիշկն ատի և երես թեքի հիվանդից, իսկ հիվանդը խուսափի բժշկից, ապա կարո՞ղ է հիվանդը բուժվել, երբ բժիշկ չկանչի, իսկ բժիշկը չայցելի նրան: