Հարգելի կնքահայրեր և կնքահոր պատասխանատու պարտականությունը ստանձնող ապագա թեկնածուներ,
նախքան այդ պատվավոր հոգևոր պաշտոնը ստանձնելը մի պահ ինքնաքննության ենթարկեք ձեր սեփական անձը,
վերհիշեք, թե երբ եք վերջին անգամ ինքներդ Պատարագի մասնակցել, ձեր հոգևոր գիտելիքները,
եկեղեցու խորհուրդների հանդեպ ունեցած ձեր իմացությունն ու ակնածանքը,
ձեր պատրաստակամությունը խորհուրդը հոգևոր իմաստով իր նպատակին ծառայեցնելը,
և հետո միայն համաձայնեք պատասխանել ձեր ապագա սանիկի առաջարկին:
Դուք ձեր վրա եք վերցնում քրիստոնյա դարձած, եկեղեցու սկսնակ անդամի հոգևոր դաստիարակությունը:
Ինչպես որ հիմքը դնեք, այնպիսի ընթացք կունենա: Կամ լավ, կամ վատ…
Երբեք պարծենալու, և հեղինակության համար մի մտեք այդ լծի տակ:
Հարգելի մկրտվողներ, կնքահոր պարտականությունը շատ մեծ է ձեր հոգևոր դաստիարակության հարցում,
նրա հոգևոր նկարագիրը շատ ավելի կարևոր է, քան օրինակ` պաշտոնն ու հարստությունը:
Առավել ևս երբ մկրտվողը անչափահաս է: Նրան ձեր ընտանիքի կուռքը դարձնելուց առաջ,
նրանից պահանջեք, որ զբաղվի իր սանիկի հոգևոր դաստիարակությամբ, նրան մոտեցնի եկեղեցուն ամեն անգամ իր հետ տանելով:
Մնացած բոլոր բաները երկրորդական են, ձևական են, ցուցադրական են, կապ չունեն բուն Խորհրդի հետ:
Կարևորը Քրիստոնյա դառնալն է, ու քրիստոնեական կյանքով ապրելը:
Մենք կարևորը բաց ենք թողնում, շնչասպառ կատարում ենք երկրորդական ու անկարևոր բաները:
Օգտվելով առիթից նաև ցանկանում եմ հիշեցնել բոլոր նրանց, որոնք դեռ նոր պետք է մկրտվեն,
կամ իրենց երեխաներին պետք է տանեն մկրտության, թող ուշադիր լինեն իրենց տրված նոր`հոգևոր անունների նկատմամբ:
Եկեղեցու Սուրբ Ավազանից ծնվելուց հետո նրանք ստանում են հոգևոր անուններ, որոնք մեզ հիշեցնում են քրիստոնեության համար նահատակված սրբերին:
Այս գեղեցիկ բարեխաշտական սովորությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս տեղեկանալ իր անվանակից սրբի կյանքին ու վարքին,
ինչը կօգնի ժամանակի ընթացքում նմանվել սրբին ի սեր Քրիստոս, որի համար նահատակվեցին նրանք:
Իսկ մենք խաղաղ պայմաններում ուղղակի պարտավոր ենք հիշել, հարգել, նմանվել և գնալ ընդառաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսին,
ում վայել է փառքը հավիտյանս հավիտենից: