[wonderplugin_video iframe=”https://youtu.be/3jeuFePvdeI” videowidth=600 videoheight=400 keepaspectratio=1 autoplay=1 videocss=”position:relative;display:block;background-color:#000;overflow:hidden;max-width:100%;margin:0 auto;” playbutton=”https://www.fatherarmen.com/wp-content/plugins/wonderplugin-videoembed/engine/playvideo-64-64-0.png”]
Ահա դու նույն ինքը՝ Պողոսն ես, որ քարոզում ես, եւ նույն ժողովուրդն է, ում ուսուցանում ես։ Նա էլ քեզ նման մարդ էր՝ Կիլիկիայի Տարսոն քաղաքից, եւ քեզնից ավելի ոչինչ չուներ, այլ միայն հոժարություն եւ չարչարանք, որոնցով Սուրբ Հոգու շնորհները ստացավ։ Քեզ ոչինչ արգելված չէ, այլ միայն հոժարի՛ր եւ աշխատի՛ր եւ կստանաս Սուրբ Հոգու շնորհները։ Արդ, պատրվակ մի՛ բռնիր ու սրան նրան մեղադրիր, այլ միայն արթո՛ւն եղիր աղոթելու եւ նախանձախնդիր՝ ուսուցանելու մեջ. Պողոսի նման հիվանդացի՛ր հիվանդների հետ, մեղանչողների համար ողբա՛, գայթակղվածների համար տրտմի՛ր, տկարացածներին զորացրո՛ւ, ջա՛նք թափիր, նրանց համար կտրի՛ր ծով ու ցամաք։ Մի՛ վհատվիր չարչարանքիդ մեջ, ամոթից մի՛ լքիր, մի՛ ամաչիր խոսել, այլ եթե անգամ հարկ լինի սովամահ լինել ու ծարավ մնալ նրանց փրկության համար, ուրախությամբ ընդունի՛ր այդ։
Որովհետեւ ոչ ոք որկրամոլությամբ մարգարե չեղավ, ո՛չ էլ արբեցությամբ որեւէ մեկը առաքյալ եղավ, այլ նեղվելով ու չարչարվելով բոլոր ցանկություններից. հարկ է, որ դու նույնպես նմանվող լինես քաջերին ու առաքինիներին, ոչ թե գայլ դարձած հովիվներին, ովքեր միայն անվամբ են հովիվ, ովքեր գազանաբար հարձակվում են իրենց հոտի վրա եւ ցրում ու կորստյան են մատնում նրան, ո՛չ հոգում են նրանց հոգիների համար եւ ո՛չ մտահոգվում նրանց մեղքերի համար։ Ո՛չ գողերին են փնտրում, ո՛չ պոռնկացողներից հաշիվ են պահանջում, ո՛չ քննում են զրպարտողներին, ո՛չ ուղղում են հարբեցողներին, ո՛չ պատժում են գուշակներին, ո՛չ կախարդներից հաշիվ են պահանջում, ո՛չ դիվական թատերախաղերն են արհամարհում, ո՛չ հեթանոսաբար լաց լինելն են արգելում, ո՛չ նախանձներին են հանդիմանում, ո՛չ ոխ պահողներին են մեղադրում, ո՛չ չար գործերի համար սաստում են, ո՛չ ծուլության համար պատժում, ո՛չ որեւէ մեկին խրատում են ողորմություն անել, ո՛չ հորդորում են աղոթել եւ ո՛չ որեւէ մեկին տրտմեցնում են՝ ուղղության հրավիրելով։
Այլ իրենց ողջ նախանձախնդրությունը մարմնավոր բաների մեջ են ցույց տալիս. քահանայությունն ընտրում են այս աշխարհի կյանքը վայելելու, մարմնի հաճույքների, ուտելու, խմելու, հարստություն ժողովելու համար, պատվի ու գահերեցության արժանանալու եւ սատանայական սնափառության համար։ Ուստիեւ չեն ողորմում որբերին, չեն խնայում այրիներին, այլ պատիժների դիմելով՝ եկամուտներ են փնտրում եւ պատուհասներով դրամ են հավաքում Եկեղեցու անունով, բռնությամբ վարվում, իշխանությամբ հրամայում են. քահանայական ոչինչ չի երեւում նրանց վրա, եւ երբեք չեն մտաբերում Պետրոսի այն խոսքերը, թե՝ «Արածեցրե՛ք ձեզ հանձնված Աստծու այդ հոտը՝ վերակացու լինելով ո՛չ թե ձեր կամքին հակառակ, այլ հոժարակամ, ըստ Աստծու, ո՛չ թե շահախնդրությամբ, այլ հոժարությամբ, ո՛չ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ բարի գործերի օրինակ լինելով նրանց» Ա.Պետրոս. 5: 2-3 Քանզի եթե ժողովրդից մեկը բյուր անգամ էլ ընկնի, կարո՛ղ է ներման եւ մեղքերի թողության արժանանալ, իսկ եթե ժողովրդի մեջ մի վարդապետ նույն ախտով վարակվի, պատասխան չի ունենա տալու եւ ամենավերջին պատիժների տոկոսները կտա, որովհետեւ մեղավոր առաջնորդների փրկությունը սաստիկ դժվարությամբ է։
Ուստիեւ դու, հավատարի՛մ հովիվ, լսի՛ր առաքելական հրամանը եւ մի՛ նմանվիր պիղծերին ու կորստյան մատնվածներին, որոնց կրակը պիտի այրի, որոնք միայն հովվի անունն ունեն եւ գայլերի հափշտակածն են հափշտակում, որի համար չարաչար հաշիվ պիտի տան, որ պիտի սովորեցնեն ու խրատեն ըստ Աստծու կամքի, բայց ըստ իրենց կամքի ապրելով՝ ընկան եւ կերակուր դարձան չարաժանիք գազանին, որ ծանր վիրավորում ու չարաչար սպանում է։ Հիշի՛ր Հեղիին, որ թեեւ անարատ վարք ուներ, բայց որովհետեւ տեսնում ու անտեսում էր Աստծու օրենքները, ծանր պատժով պատժվեց։ Իսկ դու միշտ խրատի՛ր, հոտիդ փրկության համար անդադար չարչարվի՛ր, որպեսզի նաեւ դու, հովիվդ, փրկվես պատուհասների պատժից։ Հիշի՛ր, որ հովիվն է հատուցում գազանների բզկտածի եւ գողերի տարածի համար. նրանից ճշտությամբ պահանջում են սատկած կենդանու նշանն ու մորթին, հաշիվ են պահանջում բզկտված կենդանու անդամների համար, որ եթե մեկը ճշտությամբ չներկայացնի եւ վկաներով չհաստատի, սաստիկ պատիժների ենթակա կլինի, մեծ ամոթով կզրկվի իր հոտից։ Արդ, եթե անբան ոչխարների համար այսպիսի քննություն ու պատիժներ են պահանջվում, ապա որքան առավել ահեղ հաշիվ պիտի պահանջվի քահանաներից կենդանի հոգիների համար, որոնց համար եւ Քրիստոս մեռավ։
Բանական հոտի տեսչության մեջ եթե անգամ փոքր-ինչ ծուլանան, միևնույն է` խիստ է լինելու հաշվետվությունը, եւ սաստիկ են լինելու տանջանքները նրանց, ովքեր առաջնորդությունն են ստանձնում եւ չեն առաջնորդում։ Տե՛ս, թե զորավարը քանի մահերի համար է պատասխանատու թագավորի առջեւ, եթե երկրի փրկության համար առած զորքին իր ծուլության պատճառով սրի մատնի, եւ կամ պահակը, որ չզգուշացրեց, մի՞թե բոլոր սպանվածների արյունը նրանից չի պահանջվի։ Նաեւ նրանք, ովքեր թագավորներից ավանդ են վերցնում, եւ դրանից մի փոքր մաս կորչում է, պատժվում են սաստիկ պատիժներով։ Տե՛ս նաեւ արքունական գանձերին վնաս հասցնող ծառաների պատիժները, նայի՛ր նաեւ հոտերի պահապաններին, որ փոսեր են փորում, պարաններ ձգում եւ լապտերներ դնում, իսկ նրանց շները շրջում են հոտի շուրջը, որպեսզի գազանները նրանց չմոտենան, իսկ եթե փոքր-ինչ ծուլանան, իրենց անձերը նինջի տան, գայլերն ու դարանակալած գողերը մտնելով՝ կհափշտակեն հոտերից ոչխարներ, կցրեն ու կվիրավորեն։
Եւ արդ, տե՛ս որքան առավել է մարդը ոչխարից. եթե անբան ոչխարների համար նույնքան զգուշություն է անհրաժեշտ, որպեսզի երեւացող գայլերը չհափշտակեն, ապա որքան առավել զգուշություն է պետք մարդկային հոգիները սատանայի աներեւույթ նետերից պահպանելու համար, որ բազմությամբ վրա է հասնում, շրջապատում, պաշարում է բոլորին թակարդներով ու ցանցերով. պտտվում է բոլորի շուրջը եւ մարդկանց խորհուրդների վրա անձրեւի պես նետեր է տեղում՝ ոմանց մեջ՝ ագահություն, ոմանց մեջ՝ այլազրկություն, ոմանց՝ պոռնկությամբ, ոմանց՝ շնությամբ, ոմանց՝ գողությամբ, ոմանց՝ ատելությամբ, ոմանց՝ սպանությամբ, ոմանց՝ նախանձով, ոմանց՝ ոխակալությամբ, ոմանց՝ բամբասանքով, ոմանց՝ բարկությամբ, ոմանց՝ նենգությամբ, ոմանց՝ կեղծավորությամբ, ոմանց՝ չարակնությամբ, ոմանց՝ չարախոսությամբ, ոմանց՝ դեղատվությամբ, ոմանց՝ վաճառքի մեջ խաբելով, ոմանց՝ վաշխառութամբ, ոմանց՝ չափի ու կշեռքի մեջ խաբելով, ոմանց՝ մոգությամբ ու կախարդությամբ, ոմանց՝ թատերասիրությամբ, ոմանց՝ պճնասիրությամբ, ոմանց՝ սատանայական սգով ու տրտմությամբ, ոմանց՝ անհուսությամբ, ոմանց՝ անհնազանդությամբ, ոմանց՝ անժուժկալությամբ, ոմանց՝ անհավատությամբ, ոմանց՝ սնափառությամբ, ոմանց՝ ձանձրույթով, ոմանց՝ մոռացկոտությամբ, ոմանց՝ ստախոսությամբ, ոմանց՝ հայհոյությամբ, ոմանց՝ վրիժառությամբ, ոմանց՝ երդմնակերությամբ, ոմանց՝ ստախոսությամբ, ոմանց՝ որկրամոլությամբ, հարբեցողությամբ, աչքածակությամբ, ամբարտավանությամբ, ինքնահավանությամբ, պղծությամբ եւ այլ բազում ախտերով, որ հոսեցնում է սատանան բոլորի սրտերի մեջ, ծանր վիրավորում ու չար մահով սպանում նրանց։ Եւ այս ամենը տեսնելով՝ անտեսում, արհամարհում ու ծուլանո՞ւմ ես, լաց չես լինում եւ չե՞ս ողբում ես այդքան վերքերի բազմությունը։
Սարսափի՛ր եւ սոսկա՛ ահավոր բեմի երկյուղից, թե՝ ի՞նչ աչքերով ու երեսով պիտի տեսնես փառքի Տիրոջը, քո ծուլության համար որքան պատիժներ ու պատուհասներ բավական պիտի լինեն։ Բայց վախեցի՛ր Հովվապետից, սթափվի՛ր ծուլությունիցդ, ա՛ռ Փենեհեզի նախանձախնդրությունը, խոցի՛ր սատանային ու դեւերին, Սուրբ Հոգով վիրավորի՛ր նրանց, հալածի՛ր բանսարկուի բնակիչներին, ցրի՛ր սատանայի զորքերը, խորտակի՛ր չարի աղեղները, եւ նրանց նետերն իրե՛նց դարձրու, խոսի՛ր ^աստվածային վարդապետության խոսքերը եւ ողորմության դե՛ղ դարձրու [դրանք] քո հոտին՝ ծերերին, այրերին, կանանց, ծառաներին ու տերերին, հիվանդներին ու վշտացածներին, ամենեւին մի՛ հապաղիր եւ անզբաղ մի՛ մնա, այլ անդադար վարդապետի՛ր։ Պահակ ես, աղաղակի՛ր, տեսուչ ես, խնամի՛ր, Եկեղեցու առաջնորդ ես, հետեւիր, հովիվ ես, ուղիղ հավատով արածեցրո՛ւ, բժիշկ ես, բժշկի՛ր մեղքերի վերքերը, նավապետ ես, նավդ զե՛րծ պահիր ալեկոծություններից։ Ավանդ ստացար եւ հաշիվ պիտի տաս, եթե անգամ փոքր-ինչ ծուլանաս։
Վախեցի՛ր Հովվապետից եւ փնտրի՛ր քո կորած բանական հոտը, բոլորին հավաքի՛ր, պարսպի՛ր վարդապետության խրատով, թշնամիներին հաշտեցրո՛ւ Աստծու հետ, սատանայի հեռացրածներին միավորի՛ր, Եկեղեցուց հեռացածներին մոտեցրո՛ւ, աղոթքի մեջ թուլացածներին հորդորի՛ր, ճշմարտությունից խոտորվածներին փնտրի՛ր, մոլորվածներին դեպի արդարությո՛ւն դարձրու, թշնամու ախտերով հիվանդացածներին բժշկի՛ր, սատանայից վիրավորվածներին առողջացրո՛ւ, անօրինությամբ գլորվածներին կանգնեցրո՛ւ, անգիտությամբ խավարածներին լուսավորի՛ր, Աստծու պատվիրաններից հեռացածներին ընտանի՛ դարձրու, կռապաշտությամբ աղտեղի դարձածներին լուսավորի՛ր, մեղանչածներին ապաշխարությամբ արդարացրո՛ւ, քաղցողներին Քրիստոսի մարմնով կերակրի՛ր, ծարավածներին Քրիստոսի արյունից խմեցրո՛ւ։ Առաքինության այսպիսի գործերով բոլորին արժանի՛ դարձրու մտնելու վերին քաղաք, հորդորի՛ր, որ պարկեշտ վարք ունենան, զորացրո՛ւ ուղղափառ հավատի մեջ, պատվիրի՛ր լինել հեզ եւ խոնարհ, սովորեցրո՛ւ պահել Տիրոջ պատվիրաններն ու օրենքները, ունենալ սուրբ սիրտ ու ճշմարտախոս լեզու, ցած նայող աչքեր եւ պարկեշտ մարմին, հորդորի՛ր լինել ժուժկալ եւ համբերող, պահք պահել, աղոթել եւ առավել շատ ողորմություն տալ պատվիրիր բոլորին։ Եւ այսպես, ամեն բանով կատարյալ, սրբված ու լուսավորված կանգնեցեք Քրիստոսի առջեւ եւ ընդունեցեք փառքի անթառամ պսակը։ Մեզ նույնպես թող արժանի դարձնի վայելելու այն եւ փառավորելու Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն։