Եւ արդ, ամեն ոք, ով քահանայության եւ վերակացության է կոչված, պետք է շատ ջանք թափի եւ հարատեւ աշխատի հոտի փրկության համար։ Քանզի եթե Հակոբը ոչ բանական ոչխարների համար էր ցրտից սառչում, տոթից տապում, իր աչքերից հեռու էր վանում քունը, ապա որքան առավել քե՛զ է պետք չարչարվել բանական հոտիդ համար եւ առանց դադարի մշտապես տքնել, դողալ ու հանապազ հոգ տանել, գթած հորից ու մատաղածին մորից առավել ջերմագութ գորովով խնամել ու սիրել, նրանց հոգիներին փրկություն խնդրել եւ հանապազ դաստիարակել Աստծու խոսքի ուսուցմամբ ե՚ւ առանձին, ե՚ւ հրապարակավ։ Եւ նա, ով ուսուցանում է խոսքով, հարկ է, որ գործով կատարի, քանզի առանց գործերի ոչ մի խոսք օգտակար չէ, քանզի «Յիսուս սկսեց անել եւ ապա ուսուցանել» Գործք. Ա 1 եւ. «Ով ինքը կկատարի եւ կուսուցանի ուրիշներին, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի» Մատթ. 5:19
Հիշի՛ր, որ ճրագները վառվող ճրագից են լույս առնում, այլ ոչ թե խավարածներից, իսկ ժողովուրդները սրբվում են սուրբերի միջոցով, այլ ո՛չ մեղքերով աղտեղի դարձածների։ Քահանան ժողովրդի մեջ այնպես է, ինչպես աչքը մարմնի վրա. նա պետք է հսկի բոլոր կողմերը, հարդարի եւ մաքրի մեղքերի բոլոր աղտեղությունները։ Աշտանակի վրա դրված ճրագի պես է նա եւ պետք է փարատի թանձրամած խավարը, լուսավորի ամբողջ տունը։ Հսկող է եւ պահապան եւ պետք է հանապազ աղաղակի, որպեսզի խուսափեն թշնամուց, որ իր մեղքերի սրով չվիրավորի իրենց, եւ սպանվածների արյունը նրա ձեռքից չպահանջվի։ Սատանայի կողմից վիրավորվածների բժիշկ ես. հանապազ լվա՛, փաթաթի՛ր եւ հարդարի՛ր։ Համեմիչ աղ ես. սրբի՛ր բոլոր նեխած մեղքերից։ Փրկության աղբյուր ես. բոլորին լվա՛ եւ մաքրի՛ր չարիքներից։ Հոտերի հովիվ ես. զգուշացի՛ր գայլերից։ ժողովրդի առաջնորդ ես. տե՛ս, թե ինչպես պիտի առաջնորդես. ահա կան հաշվետվություններ, պատիժներ եւ ճշտիվ քննություն։
Ո՛վ քահանա՛, երկյուղով զգուշացի՛ր. քանզի [Աստված] մարդուն իզուր չի ստեղծել, եւ ոչ էլ այս աշխարհի կյանքն է մեր կամքով. Քննություն կա այս ու այն կողմ նայող աչքերի համար, քննություն կա անպարկեշտ բաներ լսողների համար, դատարկ խոսքերի համար պատիժներ կան, եւ անվայել մտքերի համար դատաստան կա։ Քանզի եթե եղբորը հիմար կամ մորոս անվանելը դատապարտում է, ապա ի՜նչ կանեն մեծ մեղքերի դեզերը. եւ եթե միայն նայելը պոռնկություն է, ապա որքան առավել գործը կայրի. եթե երդվելը սատանայից է, ապա որքան առավել սուտ երդվողները. եթե ամբոխելն ու աղաղակելը վնասում են, ապա որքան առավել ոխ պահելն է տանջելու գեհենում. եթե ցանկանալն ապականում է, ապա որքան առավել կապականի ցանկության գործը կատարելը. եթե չարակնելը սպանում է չարաչար մահով, ապա որքան առավել՝ նախանձն ու ոխը. եթե ունեցվածքը չբաժանելն է դատապարտում, ապա որքան առավել ուրիշներին զրկելը: Եթե Աստծուն որ ունեցվածքից խոտանը մատուցողը նզովքներ է ընդունում, ինչպես Կայենը, ապա որքան առավել նա, ով մատուցում է զրկելով ձեռք բերածից. եթե եղբոր մասին գաղտնի խոսելը վնասում է, ապա որքան առավել՝ նենգությամբ քսություն անելը. եթե իր ընկերոջը բամբասողը կրակի մեջ է առաքվում, ապա որքան առավել նրանք, ովքեր քահանային ու վարդապետին են բամբասում. եթե ծրարներն ու կախարդությունները կռապաշտության են տանում, ապա որքան առավել՝ դիվական գուշակություններն ու հմայությունները. եթե ննջեցյալների համար սգալը հեթանոսություն է, ապա որքան առավել՝ լացուկոծ անելն ու մազերը փետելը. եթե լկտիացողներն ու ծիծաղողները, որպես որոմ, նետվում են հրի մեջ, ապա որքան առավել՝ թատերախաղերի գնացողները. եթե գովելի չէ տան մեջ զարդարվելը, ապա որքան առավել՝ ի տես բոլորի պճնվելը. եթե սեղանից զրկելն է դատապարտում, ապա որքան առավել թաքցնելն ու եղբորից գողանալը. եթե գինի շատ խմելը պատուհասում է, ապա որքան առավել շվայտությամբ զեխանալն ու որկրամոլությամբ հարբելը, որ պատուհասում են ե՛ւ հին, ե՛ւ նոր պատվիրանները։
Արդ, տե՛ս, որ այդ եւ դրանց նման արարքները իրենց գործողներին տանջանքների են դատապարտում։ Եւ դու, որ Եկեղեցու վերակացու ես, եթե ծուլանաս եւ չզգուշանաս այս ամենով ճշտությամբ խրատել եւ քննել, իմացի՛ր, «որ կորստյան մատնվածի արյունը քեզնից է պահանջվելու» ^ե՛ս Եզեկ. Գ 18^ Եւ եթե իր անձի տանջանքներից ոչ ոք չի կարող հանգստանալ, ապա որքան առավել այդքան հոգիների պարտապանը. ո՞ր խավարի մեջ պիտի գնա, կամ քանի՞ հրահոս գետեր բավական պիտի լինեն նրան, խավարային քանի՞ գուբ։ Ուրեմն զգո՛ւյշ եղիր, հանապազ խոսի՛ր, անդադար աղաղակի՛ր, քննի՛ր եւ լսի՛ր ամեն բան, փութով կանչիր եւ խրատի՛ր՝ ոմանց սաստելով, ոմանց աղերսելով, ոմանց փափագելի արքայության փափկությամբ հորդորիր, ոմանց չար ու ահեղ տանջանքների ահով վախեցրու, ոմանց խրատիր Եկեղեցու մեջ, որպեսզի մյուսները սովորեն, ոմանց առանձին հանդիմանիր, որպեսզի բազմությունից ամաչելով՝ չժխտեն իրենց մեղքը եւ հանդիմանությունը չարհամարհեն։ Իսկ եթե արհամարհեն անգամ, դու բարձրաձայն մի՛ հակառակվիր, քանզի Տիրոջ ծառան հակառակվող չպետք է լինի, այլ բոլորի հետ հեզ, որպեսզի թերեւս այդ ապաշխարության մի րան։
Բայց դու քեզ մեծարվելու արժանի մի՛ համարիր, այլ արհամարհի՛ր այս աշխարհի փառքը, անարգի՛ր կեղծավորների գովասանքը, հիշի՛ր պատուհասը Հերովդեսի, որ գովասանք ընդունեց (Գործք, 12: 21-23) Ուստիև մի՛ փառավորիր քո անձը, քեզ պատիվ մի՛ փնտրիր, այլ ծառայելով բոլորին՝ բոլորի սպասավորը եղիր, քեզ ծառա՛ անվանիր։ Հիշի՛ր Քրիստոսի ծառայելը՝ ղենջակը կապելը, ջուրը կոնքի մեջ լցնելն ու աշակերտների ոտքերը լվանալը Հովհ.13: 4-5
Ո՛չ թե մարդը՝ մարդու, այլ Աստված մարդու ոտքերը լվաց, որ ճշմարիտ խոստովանություն է, խոնարհություն եւ սերտ ծառայություն։ «Չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մատթ. 20:28) Նա՛ է քո Վարդապետը, այլ ոչ հեծյալներն ու մեծարվողները։ Դու նմանվող եղիր Նրան, եւ քո հոտերը քեզ կնմանվեն. ինչպես Պողոսն է ասում. «Նմանվող եղեք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին» (Կոր.11:1):