«Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»: (Գաղատ 6 :14)

Խաչը հոգևոր զենք է և չբթացող սուր:

Խաչը դժոխքի ավերողն է և գերյալների ազատողը:
Խաչը անհավատների կուրությունն է և հավատացյալների զորությունը:

Բարի տոնական կիրակի եմ մաղթում բոլորիս.
Այսօր մեր եկեղեցին տոնում է խաչին նվիրած չորս տոներից առաջինը` Երևումն Սուրբ Խաչի, իսկ Սուրբ Խաչին նվիրված հաջորդ տոներն են` Խաչվերացը, Վարագա Սուրբ խաչը և Գյուտ Խաչը:
Շնորհավորում եմ համայն հայությանը Խաչի Երևման Լուսավոր տոնի առթիվ: Թող մեր Տիրոջ Սուրբ Խաչի Զորությամբ մենք էլ վերականգնվենք մեր ընկած վիճակից և Նրա Հայրական նախախնամությամբ թող Սուրբ Խաչը լուսավորի մեր խավար միտքը. քանի որ Լույս է խավարի մեջ.
Ամուր վահան լինի մեր ազգի անսասան հավատի համար.
Ամուր պահապան լինի մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար.
Խաղաղության կամար լինի մեր զինվորների գլխավերևում.
Հույս լինի անհույսների համար.
Զորովոր դեղ լինի հիվանդների համար:
Մխիթարություն լինի սգավորների համար.
Թողություն լինի ապաշխարողների համար.
Ճանապարհ և ճշմարտություն լինի մոլորվածների համար:

Բոլորս անխտիր մեր պարանոցին խաչ ենք կրում, փաստելով մեր քրիստոնյա
լինելը, կամ որովհետև դա մեր կնունքի խաչն է, ինչպես ասում ենք բոլորս:
Բոլորիս տներում անպայման խաչ կա կախված: Խաչակնքվում ենք շատ հաճախ, խոնարհվում և համբուրում ենք Խաչը: Եթե ինչ որ բան ենք ուզում նկարել, մեծ մասսամբ խաչ ենք նկարում, Դա աստվածային մի շնորհ է, որ մենք հատուկ հարգանք ու ներքին երկյուղ ունենք խաչի նկատմամբ: Բայց երբևէ խորությամբ
չենք մտածել, թե ի՞նչ խորհուրդ ունի մեր կյանքում խաչը: Եթե մարդկանց հարցնենք խաչի խորհրդի մասին, տարբեր պատասխան կստանանք, որովհետև ամենքը յուրովի է ընդունում իր խաչը:
Ինձ շատ զարմացրեց և հիացրեց Տեր Արմեն քհն. Մելքոնյանի մեկնաբանությունը` խաչի տոներից մեկի ժամանակ խոսված քարոզում: Նա երեք կարևոր կետ նշեց, որ մենք քրիստոնյաներս պարտավոր ենք չմոռանալ, եթե այդ խաչի կրողներն ենք:
1 Խոնարհություն, ինչպես որ մեր Տերը խոնարհաբար խաչը բարձրացավ.
2 Փրկություն, որը խաչի միջոցով տեղի ունեցավ.
3 Բազկատարած հրավեր դեպի Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, որի խոցված
կողից բխած ջուրը և արյունը դարձավ մեզ համար խորին խորհուրդ՝ Ջուրը՝ մկրտության, Արյունը՝ Սբ Հաղորդության:
Իմաստություն խնդրենք մեր Տիրոջից հասկանալու համար Սուրբ Մասունքներին մոտենալու խորհուրդը: