Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Օրհնեալ է Ծնունդն եւ Յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.

Ե օր Սուրբ Ծննդեան.
Ճշմարտությունը դառն է լսելիքի համար, բայց առողջարար` հոգու համար:
Մեր կյանքը կարոտ է նորոգության, առողջացման, վերանայման, որովհետև…
Մեր հոգին խռոված է անուշադրության և անտարբերության մատնվելուց:
Մեր մարմինը ընդարմացել է անվերջանալի հոգատարությունից:
Մեր միտքը զբաղված է դատարկ բաներով, նյութով և կենցաղով:
Մեր աչքերը բաց են, բայց չեն տեսնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի տակ,
այլ միշտ փնտրում են հեռվում:
Մեր ականջները զբաղված են սուտ լուրերով և խլացել են անիմաստ աղմուկից:
Մեր բոլոր զգայարանները առայժմ ծառայում են չարին… մինչդեռ`
Ակնհայտ իրողություն է, որ մեր չիմացածը գերազանցում է մեր իմացածին:
Հազարավոր անպետք ինֆորմացիա զբաղեցնում է մեր միտքը, աչքը և ականջը, օրեցօր իջեցնելով մեր մակարդակը:
Սակայն մենք համառորեն չենք ցանկանում դուրս գալ մեր հարմարավետ դիրքից, հիմնականում դժվարության պատճառով:
Որովհետև միշտ էլ որևէ Լավ բան ձեռք ենք բերում դժվարությամբ:
Միթե դժվար չէր Անմեղի խաչելությունը մարդկության փրկության համար, իսկ մարդկությունը նույնիսկ դժվարանում է կարդալ այդ իրողության մասին…
Սակայն…
Այսքանից հետո…Աստված մեզ հետ է բազում եղանակներով և ամեն տեղ, ուղղակի մենք ողջ օրվա ընթացքում առաջացնում ենք անիմաստ աղմուկ,
և Աստծո ներդաշնակ ձայնը լսելի չէ մեր ականջներում: Ավա՜ղ, Ավա՜ղ…
Ճշմարտությանը ճանաչում ենք, սակայն միշտ մեր հյուրը կեղծիքն է…
Ճշմարտությունը սիրում ենք, բայց խուսափում ենք նրա մասին խոսել…
 
Խորհելու տեղիք է տալիս Վաղինակ վարդապետի խոսքերը
Սիրելի՛ մանուկ Հիսուս, ներիր մարդկանց, որովհետև ծննդյանդ տոնի առթիվ ուրախանում են, բայց Քեզ չեն ուրախացնում, ուտելիք են պատրաստում, բայց Քեզ համար չեն պատրաստվում, հրավեր են ուղղում բոլորին, բացի Քեզնից, Քո անունով իրար գրկում են, բայց Քեզ մոռանում են, Քո պատճառով նվեր են տալիս իրար, բայց Քեզ բան տվող չկա: Ների՛ր քաղցր մանուկ Հիսուս, ների՛ր, բայց նաև գիտակցության բեր: