Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Օրհնեալ է Ծնունդն եւ Յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.

Դ օր Սուրբ Ծննդեան.
2017 թվականի առաջին շաբաթը անցավ բուռն իրադարձություններով և մենք մասնակցեցինք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Տնօրինական արարողություններին, որով Նա հայտնվեց աշխարհին: 2017թվականի առաջին ամիսը հագեցած է տոնախմբություններով և Սուրբ Պատարագներով: Միայն Հունվար ամսին կա տասից ավելի Պատարագ և օրհնություն, այսինքն տարին սկսվեց բազում օրհնություններով: Նրանք, որոնք Պահքով մտան Նոր տարի և բաժնեկից եղան և պետք է լինեն այս օրհնություններին, ուրեմն արդեն ճաշակել էին նախորդ պահքի քաղցրությունը, և այս տարի էլ առաջնային համարեցին Սուրբ ծնունդը դիմավորել ժուժկալությամբ և օրհնություններով: Աղոթքս ու խնդրանքս է Աստծուց, որ անսասան պահի այդ փոքրամասնության հավատքը իր համոզման մեջ և թող նրանք ապրեն իրենց կյանքը Աստծո օրհնությունների ներքո: Որպեսզի կարողանան դիմակայել աշխարհի անտարբեր բարքերին ու օրենքներին:
 
Իսկ նրանք, որոնք անտեղյակության պատճառով, կամ արհամարհելու, անտեսելու, կամ ճոխության նկատմամբ թուլություն ունենալու պատճառով հրաժարված համարվեցին այս օրհնություններից, կամ էլ մասնակցեցին որպես պարտականություն` օրհնված լույս կամ ջուր տանելով իրենց տներ, նրանք անշուշտ դեռ չեն ճաշակել այն քաղցրությունը, որը անհամեմատելի է իրենց պատկերացրած վայելքի և ճոխության հետ: Այս տիպի մարդկանց համար առավել շատ է խնդրանքս ու աղոթքս Աստծուց, որ հաջորդ տոներին Աստված բացի նրանց սրտի, հոգու աչքերն ու նրանց վայելել տա այն ինչի մասին խոսում եմ: Թող Աստված կամենա, որ նրանք էլ զգան իրենց բացթողումը և դառնան դեմքով դեպի Աստված: Ուղղակի լույս կամ ջուր, և առհասարակ որևէ օրհնված մասունք տուն տանել, դեռ չի նշանակում օգտվել նրա զորությունից և օրհնությունից: Բոլորս էլ ինչ որ ժամանակ անգետ ենք եղել հոգևոր առումով, սակայն դա առիթ չէ, որ շարունակենք մնալ նույն խավարի մեջ: Հատկապես, որ Լույսը չտեսնողն է մնում խավարի մեջ, դրանից Լույսը չի նվազում երբեք:
Ուրեմն զինվենք նաև գիտելիքով, ինչը հավատքի հետ միասին կարող է հեղաշրջում կատարել մեր կյանքում, մեր սրտում, մեր գործերում:
Դա ամենադժվար կատարվելիք մի բան է մարդու համար, բայց ամեն ինչ հնարավոր է Աստծու հետ միասին: Փառք Աստծո ամենուր: