Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Օրհնեալ է Ծնունդն եւ Յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.

Զ օր Սուրբ Ծննդեան
Այսպես ենք ողջունելու միմյանց ութ օր շարունակ` Սուրբ Ծնունդից մինչև Անվանակոչություն:
Մենք Փրկչի աշխարհ գալու լուրը միմյանց փոխանցում ենք, ակնկալելով, որ այդ նույն ուրախությունը կտեսնենք
լուրը ընդունողի դեմքին: Սակայն կամ ստանում ենք սխալ պատասխան, կամ ընդհանրապես չենք լսում, կամ լսում ենք պատասխան առանց սրտի թրթիռի,
ուղղակի պարտականության նման: Ինչպես որ մենք Սուրբ Ծննդյան լուրը ընդունում ենք, այնպես էլ լուրը տեղ է գտնում մեր սրտի մեջ:
Կամ մտնում է սրտի խորքը, կամ մնում է լեզվի վրա: Եթե տարին սկսելուն պես մենք ամրագրենք եկեղեցական տոները մեր սրտում,
մտքում և այդ անունները միշտ լինի մեր լեզվի վրա հիշելու համար, ապա մենք սրտատրոփ կսպասենք հաջորդ տոնի գալուն և
այն արդեն կդիմավորենք ոչ թե տվյալ տոնին համապատասխան ճաշով, այլ տոնի բուն խորհրդով:
 
Գաղտնիք չէ, որ մենք նույնիսկ հինգ տաղավար տոների ճիշտ անվանումերը չգիտենք, բայց նրանցից որի ժամանակ ինչ են եփում,
շատ լավ տիրապետում ենք: Լավ է որ ավանդապահ ենք, սակայն յուրաքանչյուր տոն իր բուն խորհրդով առնչվում է մեր կյանքի հետ և մեծ
է նրա դերն ու նշանակությունը մեր կյանքում: Ահա թե ինչու մենք հաղորդ չենք մեր տոներին, այնպես ինչպես որ հարկն է: Սուրբ Հարության տոնը` որպես Զատիկ` պայմանավորված է չամիչով փլավ և ձուկ եփելով միայն: Պայծառակերպության լուսվոր տոնը հիշում ենք, որպեսզի ջրոցի խաղանք, կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին խաղողի համար հրմշտենք միմյանց և մնացած տոները նույնպես: Առաջին կարևոր գնումը, որ պետք է անենք Նոր տարում, դա եկեղեցական օրացույցն է, որը մեզ կհուշի բոլոր տոների օրերը և խորհուրդը:
 
Լրջացնենք մեր մոտեցումը մեր եկեղեցու խորհուրդների և մեր տաղավար տոների նկատմամբ, որպեսզի լրջանա նաև մեր հոգևոր վիճակը: Այս լուսավոր դարում երբեմն լսում ենք այնպիսի անգրագետ արտահայտություններ, կապված եկեղեցու և Սուրբ Խորհուրդների հետ: Սա ծիծաղելի չէ, ես մեծ ցավ ապրեցի, երբ Պատարագի ավարտին մոտենում էինք ճաշակելու Սուրբ Հաղորդությունը, մեկը, ով կանգնած էր ինձնից հետո, նույնպես ստանալու համար, ինձ հարցրեց այսպես. «դու հաղորդագրություն ստանալո՞ւ ես»: Սա անլուրջ մոտեցում է ուղղակի:
Լավ չէ, որ Սրբություն ստացողը չի հետաքրքրվում, թե ինչ է դա, և ինչպես է կոչվում: Ամեն ինչ չէ, որ քահանան պետք է սովորեցնի, մենք էլ կարող ենք որոշ տեղեկություններ ինքներս փնտրել և գտնել: Միայն խնդրենք Տիրոջ ողողմությունը, որպեսզի մեզ ցույց տա մեզ մեր տկարությունը, անգիտությունը, ծուլությունը, թե չէ մեզ թվում է թե մեզնից խելացի էլ չկա: Փառք Աստծուն, որ համբերում է մեզ, մեր սխալներով հանդերձ: