ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵԻ ՅԱՅՏՆԵՑԱՒ ՕՐՀՆԵԱԼ Է ԾՆՈՒՆԴՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Մարիամը, այս սքանչելիքը տեսնելով, իրեն քաջալերեց, և երկունքն ու ցավերը հեռացան նրանից,
ոտքի կանգնելով և խոնարհվելով իր Որդու առջև՝ երկրպագեց Նրան,
ընկավ Նրա առջև, ծնողական սիրով աղոթեց և ասաց.
 
«Տե՛ր իմ և Որդի՛ իմ, հրամայի՛ր Քո աղախնուն ու մորը՝ խոսելու քեզ հետ:
Ասա՛ Սերովբեներին, որ բարձրացնեն իրենց թևերը, որպեսզի Քեզ մոտ գամ:
Թո՛ւյլ տուր, որ կուսական կաթս հասնի Քո բերանին, շնորհիր ստինքներիս,
որոնց սնուցեցիր, որ սնուցեն Քեզ:
Տո՛ւր իմ ձեռքերին քերովբեների զորությունը, որպեսզի կարող լինեն՝
բարձրացնելու Քեզ:
 
Այսօր Տերը հաշտվեց Ադամի հետ, քանզի Որդին, Ով ծնվեց,
խաղաղություն հաստատեց Հոր և Ադամի միջև:
Այսօր թող Եվան ցնծա առավել, քան Ադամը, քանզի նրանից ծնվեց Մանուկ,
Ով լուծեց նրա անեծքի ցավը:
Այսօր թող ուրախանա՛ Քո հայր անվանվող Հովսեփը, ով քեզ համար
շատ նախատվեց և արժանացավ՝ տեսնելու Քո փառքը:
Այսօր թող ծագի՛ Քո լույսը մարգարեների գերեզմաններում և արթնացնի՛ նրանց իրենց փառավորված քնարներով:
Քո ծննդյան այս օրը թող ցնծա՛ երկիրը իր ամբողջությամբ և փշերի փոխարեն բարի բերք բուսցնի:
Այսօր, երբ ես ծնեցի քեզ, բարձրացավ Քո փառաբանությունը, քանզի երկնավորներն ու երկրավորները երգեցին նոր օրհնությունը:
Եփրեմ Ասորի