Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է Ծնունդն եւ յայտնութիւնն Հիսուս Քրիստոսի.

Բ օր Սուրբ Ծննդեան. Հիշատակ մեռելոց.
Այսօր համընդանուր մեռելոց հիշատակության օր է, աղոթենք մեր ննջեցյալների հոգիների համար, որոնք հույսով ու հավատով ի Քրիստոս ննջեցին: Հայցենք Սուրբ Կույսի բարեխոսությունը, որ բարեգութ Աստված ողորմած ու գթած լինի նրանց նկատմամբ, նրանք մեր աղոթքների կարիքն ունեն:
 
ՄԵՌԵԼՈՑ անունն են կրում բոլոր ննջեցյալների հիշատակին նվիրված օրերը, որոնք հաջորդում են հինգ տաղավար տոներին: Այդ օրերին եկեղեցիներում պատարագ է մատուցվում, և կատարվում է հոգեհանգիստ բոլոր քրիստոնյա ննջեցյալների հոգիների փրկության համար: Մեռելոցին շատերն այցելում են իրենց հարազատների գերեզմանները՝ աղոթելու, խունկ ծխելու և գերեզմանօրհնեք կատարելու համար՝ իբրև վկայություն հոգու անմահության, հանդերձյալ կյանքի և համընդհանուր հարության հանդեպ քրիստոնեական հավատի: Աղոթքը ննջեցյալի հոգու համար, նույնպես մտնում է մեր հոգևոր պարտականությունների մեջ: Մենք հավատում ենք, որ եկեղեցիներում կատարվող հոգեհանգստյան կարգերը մեծ մխիթարություն է ննջեցյալի հարազատի համար, և աղոթք ննջեցյալի հոգու փրկության համար:
 
Հոգեհանգստյան արարողություն կարելի կատարել նաև ննջեցյալին վերաբերող նշանավոր օրերին` ծննդյան, մահվան, յոթի, քառասունքի, տարվան և այլն: Գնանք այսօր եկեղեցի, մասնակցենք մեռելոց հիշատակության Պատարագի ընդհանրական աղոթքին, աղոթենք ինչպես մեր ննջեցյալների, այնպես էլ մեր կյանքի խաղաղության և մեր սահմանների անսասանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հայորդիների համար, որպեսզի նրանց հոգիները զգան, որ, հիշվում են, գնահատվում և փառաբանվում են իրենց անմահ անունները: Թող Աստված լուսավորի նրանց հոգիները, ողորմի, և արդարների շարքին դասի նրանց մեր անձանձիր աղոթքների շնորհիվ:
 
Մեր կյանքի գիրքը գրվում է գլուխ առ գլուխ, համար առ համար` ըստ մեր
վարած կյանքի, քայլերի, խոսքերի և գործերի: Ինչպիսին մենք ենք, այնպես
էլ գրվում է մեր գիրքը մեր ապրած տարիների ընթացքում: Շատ հաճախ
մենք մոռանում ենք, որ այդ գիրքը ավարտելուց անմիջապես հետո այն
կարդալու է ոչ թե հասարակ ընթերցողը, այլ Տերերի Տերը…
 
Գրիգոր Տաթևացին է ասում.
Ինչպես որ մարդկանց կյանքն է տարբեր, այնպես էլ նրանց մահն է տարբեր:
Ոմանց համար մահը հրավեր է մահվանից կյանք, իսկ ոմանց համար`
մահվանից` մահ: Մահը մուտք է անփոփոխ հավիտենականի:
Ուրեմն այնպես ապրենք, որ մեր մահը լինի հրավեր` մահվանից կյանք
Աստծո նախախնամությամբ և կամքով: