Դ. օր պահք Սուրբ Ծննդյան.

Ինչո՞ւ չի ընկալվում պահք պահողը.
Բոլորս գիտենք Ավետարանական այն պատգամը, թե ով պահում է պահքը, թող չմեղադրի նրան, ով չի պահում: Իսկ ով չի պահում, թող չմեղադրի նրան, ով պահում է: Այո, սա իրականություն է, պահքը ինքնակամ է և պարտադրել չի սիրում, մինչև անձը ինքը չզգա պահքի կարևորությունը: Սակայն կա մի պարզ ճշմարտություն: Երբ մարդը հագենում է տարատեսակ ուտելիքներով, ոգելից խմիչքով, և ամեն տեսակ գայթակղիչ ուտեստներով` նրա միտքը զբաղված է հենց նման բաների մասին մտածելով, թե՛ հայթհայթելու, թե՛ պատրաստելու և թե՛ դրանք իրացնելու տեսանկյունից: Այլևս միտքը ազատ չէ: Սա կամավոր է մարդու կողմից:
 
Իսկ նա, ով գնահատում է պահքը իր բոլոր առավելություններով, նրա համար պահոց օրերը սպասելի են, հաճելի են և հեշտ է պահում, որովհետև միտքը, սիրտը և գործերը ներդաշնակ են գործում: Հստակ արժեվորված և գնահատված է այն Տոնը, որի համար պահք է պահում: Այս մարդը ազատ է ուտելիքի մասին ավելորդ հոգածությունից, նրա մտածումները հագևոր են, ոչ մարմնավոր:
Սա էլ է կամավոր մարդու կողմից: Այս տարբերությունն է պատճառ հանդիսանում, որ պահք պահողը ոչ թե մեղադրում է չպահողին, այլ կամենում է, որ չպահողն էլ զգա պահքի քաղցրությունը: Իսկ չպահողն էլ հենց իր կամքի թուլությունից է, որ չի ընկալում պահք պահողին և պատճառաբանում է, թե պահք պահելով չի որոշվում հավատքը: Այո՛ հավատքը պահք պահելով չի որոշվում, սակայն պահք պահելով ձևավորվում է մեծ կամք, որի շնորհիվ մարդը առավել է հաստատվում իր հավատքի մեջ: Եթե նայենք մեր շուրջը, ապա կտեսնենք, որ պահք պահողները այլ կերպ են սպասում Սուրբ Ծննդին, իսկ չպահողները` այլ: Կարևորը որ երկուսն էլ սպասում են Լույսին` Մանուկ Հիսուսին, ում շնորհիվ միայն մարդը կարող է ձեռք բերել այս կամ այն առաքինությունը: Ինչքան մոտենում է օրը Սուրբ Ծննդյան, այնքան լցվում է մեր սիրտը ուրախությամբ ու հույսով: Գնանք ընդառաջ Սուրբ Ծննդյան Լույսին մեծ ակնածանքով: Փառք Նրան, ով գալիս է փրկելու աշխարհը մեղքի ծանրությունից:
Մեր պարտականությունն է միայն մաքուր սիրտ պատրաստել Նրա համար` որպես բնակավայր: