Ա օր. պահք Սուրբ Ծննդյան.

Տե՜ր Աստված գթա և ողորմի՜ր քո ժողովրդին.
Զորացրո՜ւ նրանց կամքը, ովքեր այսօր մտան պահքի նեղ դռնով Քո Սուրբ Ծնունդը արժևորելով:
Ողորմի՜ր և օգնիր նրանց վերացնել հոգու և մարմնի տկարությունները, մաքուր հոգով և ուրախ սրտով դիմավորելու փոխված տարին` փոխված սրտերով:
Օրհնի՜ր և օգնի՜ր մեզ Տե՜ր, որ 2017 թվականին շտկենք մեր ամենամեծ սխալը` այն է`օգնություն սպասել սխալ տեղից:
Օգնիր հասկանալ, որ մեր միակ օգնությունը Քեզնից է գալիս, և չի վնասում մեր կյանքը, այլ` փրկում է չարից:
Իմաստություն և գիտություն տուր նրանց, ովքեր կամա թե ակամա չկարողացան պահել Սուրբ Ծննդյան պահքը:
Լուսավորիր նրանց մտքերը, թող գալիք տարում նրանք էլ իրենց կյանքը անուշացնեն պահքի աղով, և հանուն Քո Սուրբ Ծննդի ընտրեն պահքի հզոր պարիսպը:
Տե՜ր Հիսուս Քրիստոս, օգնի՜ր և օրհնիր մեզ արժանավայել դիմավորելու Քո Սուրբ Ծնունդը, որ եկար վճարելու մեր փոխարեն, որ պարտք չէիր:
Տո՜ւր մեզ իմաստություն, որպեսզի առավել կարևորենք մե ՛ր փոխվելը, տարին փոխվելիս, և մեր կյանքի բոլոր օրերին գոհություն և փառք
մատուցենք Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:  Ամեն.
Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30 ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են այսպես` «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: