«Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կը գայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել»։ Հովհ.9:4

Մարդիկ սովորաբար ուրախ դեմքերով դիմում են միմյանց «Շնորհավոր Նոր Տարի» մաղթելու: Այդ ուրախությունը իր արտաքին կողմերով հաճախ չափազանցության է հասնում` կեր ու խում, աղաղակ փողոցների վրա, մինչև իսկ անկարգություններ, որ բարոյական աչքի և ականջի համար անախորժ կարող է լինել: Բայց այդպես չէ այն մարդկանց համար, որոնք կյանքին լրջությամբ են նայում, որոնց ուսերի վրա սրբազան ու վեհ կոչումն է ծանրանում ծառայելու ժողովրդին, ծառայելու հավիտենական գաղափարին: Նոր տարվա օրը ուրախության և զվարճության օր չէ, այլ մի սրբազան ու նվիրական վայրկյան, երբ մեր հոգու բոլոր զորությունները լարած պետք է բաժանվենք հին տարուց և նորի մեջ մտնենք.

Քրիստոնյայի համար նոր տարվա օրը աղոթքի և հոգևոր հաշվետվության օր է Աստծո և խղճի առջաջ: Անհատը պետք է հաշիվ տա Աստծո և իր խղճի առաջ, թե ինչ է ձեռք բերել անցած տարվա մեջ, որ մնայուն է` և ոչ այնպես անցավոր, ինչպես հին տարին էր: Մենք իրավունք ունենք ուրախանալու միայն այն դեպքում, երբ մեր հոգու հաշվեմատյանները ուղիղ են, երբ անցավոր ժամանակի մեջ այնպիսի բարիք ենք ձեռք բերել, որ մեզ համար և մեր ժողովրդի կամ եկեղեցու համար տևական նշանակություն ունի: Այս տեսանկյունով պետք է նայենք տոնախմբության վրա, քան լոկ արտաքին զվարճության և ուրախության, որ տարաբախտաբար ընդհանրացած է մեր հասարակության մեջ: Մենք երբեք մռայլ կյանքի քարոզող չենք, բայց կյանքը չպետք է իր լրջությունը կորցնի այնպիսի նվիրական վայրկյաններին, որ մեր ապագայի համար կարևոր և ծանրակշիռ նշանակություն ունի: Այսպես պետք է մտածի և գործի Հայաստանյայց եկեղեցու յուրաքանչյուր հարազատը` լինի քահանա, վարդապետ, թե աշխարհական անձ:
 
Աղմուկ հանել, թմբուկ զարկել, առանց դրական բան կատարելու`չնչին մարդկանց հատկություն է: Մենք չենք ուրանում մեր թերությունները, գիտենք, որ մեր առաջնորդություններն ու հաջորդությունները թափուր են, որ մեր քահանայությունը ընդհանուր առմամբ տգետ է, որ մեր վանքերն իրենց կոչման ծառայել չեն կարողանում, որ մենք կենդանի քարոզիչներ չունենք, որ մեր հոգևոր երգեցողությունը բարեփոխության կարոտ է, որ մենք աղքատների խնամատարություն չունենք` Ավետարանի և եկեղեցու պատմության ցույց տված պահանջների համեմատ, որ մենք քրիստոնեական որբանոցներ և ծերանոցներ չունենք մեր նախնիների նման: Բայց և այն գիտենք, որ հոգևոր կյանքն էլ իր աճման պայմաններն ունի, որ բարձրագոչ աղաղակներն ու ճռճռացող բառերը ոչ մի ազգի տուն չեն շինել: Ահա ժամանակը շահեցնելու միջոցը և Փրկչի ցույց տված ճանապարհը: Թող գան ու անցնեն տարիները, մենք լուռ ու մունջ կբաժանվենք նրանից, բայց երբ նկատենք ցանկալի կրոնա-հոգևոր կյանքի արշալույսի նշաններ, այն ժամանակ միայն կզգանք, որ ժամանակը իզուր չենք կորցրել, ու ցնծության աղաղակով կգոչենք. «Շնորհավոր Նոր Տարի»:
Գարեգին Վարդապետ Հովսեփյան 1899թ
«Արարատ» ի ժառանգություն քարոզագրքից.