Թող աշխարհում հնչե՜ն զանգեր զանազան, զանգը միայն Աստծո՛ տանն է սազական…

Օր չորեքշաբթի. Պահք. 2016թ ից հաշված օրեն են մնացել…
Եկեղեցու զանգերը նրա համար են, որ արթնացնեն մեր քնած սրտերն ու մտքերը: Հիշեցնեն մեզ մեր հոգևոր պարտականությունները: Վերհիշել տան պատվիրանը,
որ ասում է` «Հիշիր և սուրբ պահիր»…
Եկեղեցու զանգերն են, որ մեզ կանչում են դեպի փրկություն:
Կիրակի` Պատարագի ժամանակ հայտարարվեց, որ Դեկտեմբերի 31- ի գիշերը Առաքելական բոլոր Եկեղեցիներում` ժամը`12:00 ին կլինի ընդհանրական աղոթք և նռան օրհնություն, այնուհետև օրհնված նուռը կբաժանվի ներկա հավատացյալներին: Օգտվենք այս բացառիկ հնարավորությունից, Նոր Տարին դիմավորենք Աստծո տանը աղոթքով, բերելով օրհնված նուռը մեր տուն այն հույսով ու խորհրդով, որ օրհնված կլինի մեր 365 օրերը, ըստ նռան հատիկների թվի, իսկ մենք պարսպված կլինենք մեր փրկության տապանում:
 
Նոր տարին ընտանեկան տոն է: Ուրեմն հարկ է, որ ընտանիքի անդամները
հավաքվեն մի հարկի տակ: Չափազանց հաճելի է, երբ հավաքվում է ամբողջ ընտանիքը, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հնչում, վերհիշում
ենք տոնակատարության առիթ հանդիսացող իրադարձությունները:
Եկեղեցին ևս մի մեծ ընտանիք է, իսկ մենք՝ սուրբ ավազանում մկրտվածներս՝
այդ մեծ ընտանիքի անդամները: Հետևաբար մենք` կրտսեր անդամներս սիրով
ու նվիրումով դեկտեմբերի 31 ի գիշերը հավաքվենք մեր մեծ ընտանիքում` Եկեղեցում: Ստանանք Աստվածային զորավոր օրհնություն, ջանանք գալիք տարում լինել միաբան, միախորհուրդ, միասիրտ: Ամրանանք մեր հավատքի մեջ, որ ամուր լինի մեր ընտանիքը, Եկեղեցին և մեր Հայրենիքը:
Փառք Աստծուն Իր կատարյալ բարիքների համար:
 
Սուրբ Եփրեմ Ասորին ասում է…
Հովիվներն ու մոգերն ընդունեցին Քրիստոսին, իսկ թագավորը չընդունեց:
Այս տարբերությունը մեզ սովորեցնում է գիտակցել այն փաստը, որ Քրիստոս բացվում է կա՛մ մարդկային սրտի պարզությանբ, կա՛մ մեծ իմաստությամբ:
Դիմավորենք Սուրբ Ծնունդը իմաստությամբ և մաքուր սրտով:
Չէ՞ որ աչքերը գնում են տեսնելու այն, ինչ ականջները լսել են…