Շնորհավորում եմ բարեշնորհ սարկավագներին. թող Աստված ուժ և կարողություն տա, որպեսզի նրանք Սուրբ Հոգու շնորհով և զորությամբ արժանավորությամբ կրեն այս մեծ անունը, և թող առաջին սարկավագի ու առաջին քրիստոնյա նահատակ Սրբի բարեխոսությությամբ մեր հոգևոր սպասավորության անդաստանում միշտ բարի պտուղներ բերեն: Մենք սիրում ենք ձեզ, սիրե՛լի սարկավագներ.Շնորհավորում եմ նաև Ստեփան անունը կրող բոլոր հայորդիներին իրենց անվանակոչության պատվավոր տոնի առթիվ: Թող Սուրբ Ստեփանոսը լինի ձեր կյանքի բարեխոսն ու վառ օրինակը քրիստոնյա անունը բարձր պահելու համար:
Ստեփանոսը մեկն էր այն յոթ այրերից, որոնք Երուսաղեմի Եկեղեցու կողմից սարկավագ ընտրվեցին ժողովրդին սպասավորելու համար: Այս երիտասարդը լցված էր Սուրբ Հոգու շնորհներով ու զորությամբ և Հիսուսի մասին վկայում էր ոչ միայն խոսքով, այլև զարմանալի գործերով ու նշաններով: Նրա քարոզներն ու անվեհեր կեցվածքը, իմաստությունը և հաստատակամությունը գրգռում էին հրեաներին, և նրանք Ստեփանոսին, որպես հայհոյիչի և հերձվածողի, դատապարտեցին մահվան:
Երբ նա վկայում էր, որ Հիսուսը մարգարեների միջոցով կանխահայտնված Մեսիան է, բոլոր ներկաները տեսան, որ Սուրբ Հոգու զորությամբ խոսող Ստեփանոսի դեմքը փայլում է հրեշտակի դեմքի պես: Եվ մինչ նա խոսում էր, նայեց երկինք ու տեսավ Աստծո փառքը և Հիսուսին ու ասաց.
«Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմում» Գործ.7.55: Այս լսելով՝ հրեաները փակեցին իրենց ականջները, մոլեգնելով նետվեցին նրա վրա և քաղաքից դուրս հանելով՝ քարկոծելով սպանեցին:Ստեփանոսը դարձավ Եկեղեցու առաջին մարտիրոսը: Նրա նահատակության վայրը Երուսաղեմի արևելյան դարպասն էր,
որը հետագայում կոչվեց Ստեփանոսի դուռ:
Ստեփանոս սարկավագն առաջինն էր, որ նահատակվեց հանուն քրիստոնեական հավատքի, ինչ պատճառով և անվանվում է Նախավկա, այսինքն՝ առաջին վկան՝ նահատակը: Նա նաև քրիստոնեական Եկեղեցու առաջին 7 սարկավագներից մեկն
էր, ուստի նրա տոնին մեր Եկեղեցում ավանդաբար կատարվում է սարկավագական ձեռնադրություն: