Այսօր 2016 թվականին մատուցվող վերջին Սուրբ Պատարագն է: Գնանք եկեղեցի զղջումով, վերադառնանք գոհությամբ և փառաբանությամբ:

Վերցնենք այս առակը որպես լավագույն օրինակ մեր անձերի համար և առաջնորդվենք նրանով` մանավանդ այս օրերին, երբ կարևորը դառնում է երկրորդական և նրան փոխարինելու է գալիս նյութականը, կանցաղայինը և այլն:
 
Երեք կույսեր պատարագի ժամանակ մտան եկեղեցի աղոթելու, և պատարագիչ քահանան իր հոգևոր աչքերով տեսավ, թե ինչպես երկնքից մի հրեշտակ
իջավ և կարմիր պսակ դրեց առաջին կույսի գլխին: Քիչ անց հայտնվեց երկրորդ
հրեշտակը և մի լուսեղեն սպիտակ պսակ դրեց երկրորդի գլխին, հետո հայտնվեց մի
պիղծ դև և մի դժոխային վերարկու առած՝ գցեց երրորդի գլխին և սկսեց ցատկոտել
նրա շուրջ բոլորը: Պատարագի վերջում քահանան հարցրեց առաջինին. «Ինչի՞
մասին էիր մտածում աղոթքի պահին»: «Մտածում էի Փրկչի մասին, թե ինչպես մեր
փրկության համար հանձն առավ փշե պսակը» իսկ քահանան ասաց. «Ես էլ տեսա,
թե ինչպես կարմիր պսակը դրեցին քո գլխին»: Երկրորդը նույն հարցին
պատասխանեց այսպես. «Ես էլ մտածում էի, թե ինչպես երկնքի Արարիչն իջավ,
մարդացավ և որպես մանուկ հնազանդությամբ ապրում էր մեր փրկության
համար»: Քահանան էլ ասաց. «Ես էլ տեսա, թե ինչպես սպիտակ պսակը
դրեցին քո գլխին»: Երրորդ կույսն այդ հարցին այսպես պատասխանեց.
«Ես մտածում էի, թե երբ պիտի ավարտվի պատարագը, որպեսզի դուրս գամ և
ինձ համար մի գեղեցիկ վերարկու գնեմ»: Իսկ քահանան ասաց.
«Ես էլ տեսա, թե ինչպես դևերը դժոխային վերարկու էին գցել
գլխիդ և քարշ էին տալիս իրենց ետևից»:
«Հայելի Վարուց»