Ո՞րն է քեզ իշխող մեղքը: Ինչպե՞ս ես ապրել մինչև այս ժամը:

Մահվանը նախապատրաստվելու մասին
Այս փրկարար հորդոդին անսալով` շատերը ամսվա մեջ մեկ օր են ընտրում և առանձնանում երանավետ վախճանին նախապատրաստվելու նպատակով և այս վարժությունը անվանում են մահվան նախապատրաստություն:
1.Այս սրբազան վարժությանը հատկացրո՛ւ որևէ սովորական կամ տոնական օր: Նախապես երեկոյան մահվան վերաբերյալ որևէ հոգևոր գրվածք ընթերցիր և, այսպիսով , խորհրդածելու նյութ ունենալով, պառկիր քնելու այն մտածումով, որ վաղվա օրը վերջինն էլ լինելու քո կյանքում:
 
2.Առավոտյան գոհացի՛ր Աստծուց, որ քեզ դեռ ժամանակ է տրվում ապաշխարությամբ մեղքերից մաքրվելու: Աշխատիր այնպես կատարել ընթացիկ գործերդ, ինչպես կցանկանայիր անել հենց մահվանդ օրը, և աչալրջորեն հետևիր,
թե ինչը քեզ ամենաշատը վիշտ կպատճառեր, եթե իսկապես այդ օրը մեռնելու լինեիր:
 
3.Եթե կյանքիդ հետադարձ հայացք ձգելուց հետո ի հայտ բերես քեզ տանջող
ինչ-որ մեղքեր, ապա նորից անկեղծորեն խոստովանիր դրանք, որպեսզի
թեթևացնես խղճմտանքդ:
 
4.Երկյուղածությամբ մասնակցիր Սուրբ Պատարագին և մեծագույն զոհը մատուցելու պահին հայցիր Փրկչից քեզ քրիստոնեական վախճան պարգևել: Եթե պարագաները ներում են, հաղորդվիր Սուրբ Մարմնին և Արյանը այնպիսի զգացողությամբ, կարծես մահվանդ ես հաղորդվում: Այս մեծագույն ողորմությանն արժանանալուց հետո լուռ ունկնդրիր քո սրտում Նրա ձայնին, երկրպագիր Նրան ամենայն ակնածանքով, հավատքով, հույսով, սիրով, փշրված սրտով, խոստացիր առանց վարանելու կատարել այն ամենը, ինչ Նա կկամենա ներշնչել քեզ:
 
5.Օրվա ընթացքում զբաղվիր հոգեշահ գրքերի ընթերցանությամբ:
6.Երեկոյան առանձնացիր քո սենյակում և գոնե մեկ ժամ տրամադրիր խորհրդածելուն հետևյալ կերպ.
Ամենից առաջ ծնկի արի և խնդրիր Սուրբ Հոգու լուսավորությունը` տեսնելու քո հոգու բոլոր տկարությունները և դրանցից բժշկվելու: Հետո նստած կամ քայլելով մտորիր հետևյալ կետերի շուրջ.
ա) Ինչպե՞ս ես ապրել մինչև այս ժամը: Կուզենայի՞ր մեռնել այս հոգեվիճակում, որում գտնվում ես:
բ) Հատկապես ի՞նչ շնորհների և ողորմությունների է արժանացրել քեզ Աստված: Ինչպե՞ս ես վարվել դրանց հետ մինչ այս պահը:
գ) Ո՞րն է քեզ իշխող մեղքը: Ո՞ր մեղքերի մեջ ես ավելի հաճախ ընկել անցած ամսվա ընթացքում: Աշխատի՛ր հասկանալ պատճառները, պարզել հետևանքները և միջոցներ գտնել հետագայում այդ մեղքերից խուսափելու համար:
դ) Լա՛վ հիշիր, թե ինչպես մտադրվեցիր պայքարել այն արատի դեմ, որը քո հատուկ քննության նյութն էր: Որոշի՛ր` ո՞ր նյութն է լինելու քո ուշադրության կենտրոնում գալիք ամսվա ընթացքում:
ե) Հակիրճ գրի առ քո մտադրությունները:
 
7.Մտորումներիդ ավարտին դարձյալ ծնկի՛ իջիր, շնորհակալություն հայտնիր Աստծուն Իր բոլոր ողողրմությունների համար անձամբ քո հանդեպ և խոստացի՛ր հավատարմորեն պահել բարի մտադրություններդ:
Ի վերջո, երեկոյան սովորական աղոթքից և խիղճդ քննելուց հետո կարող ես մտովի նորից հաղորդվել Սուրբ Մարմնին և արյանը:
Սուրբ Ֆրանցիսկոս Դը Սալ <<Ուղեցույց բարեպաշտ կյանքի>> գրքից