Բոլոր մարգարեությունները արդեն լրումին են հասել, այժմ գործելու ժամանակն է…

Տոնը ցնծությամբ ու քաղցր երգով դիմավորենք, քրիստոնեական բարի գործերով փայլենք, ոչ թե առատ սեղանի շուրջ` հարբած:
Մարդկային կյանքի պատմությունները ինչքան էլ հետաքրքրական լինեին, մի անգամ կարդալուց, կամ լսելուց հետո`կրկնելիս ձանձրույթ են պատճառում, բայց այդպես չեն աստվածային երևույթհերը, նրանց մասին ինչքան ավելի ես իրազեկ լինում, այնքան նրանք ավելի են գրավիչ դառնում և հրապուրում: Հայր Հովսեփը և Տիրամայրը Բեթղեհեմում իջևանելու տեղ չգտան, նրանք ստիպված էին քաղաքի ծայրում մի քարայրի մեջ ապաստանել, որ անասունների օթևան էր և կային ախոռներ, այդտեղ գիշերը կույսը ծնեց աստվածային Մանուկը, չկար տատմայր, ինքը ընդունեց և փափաթելով դրեց մսուրը: Փրկիչը լույս աշխարհ եկավ հետին չքավորության և սրտաշարժ խոնարհության մեջ, ի՜նչ սքանչելիք, անպարագրելին համեստ դրված ախոռում, ազգականների և բարեկամների ցնծությունը չէր շրջապատում Նրան, սակայն հրեշտակների լուսաճաճանչ խումբը կեսգիշերին հայտնվում է բնության անդաստանում, պարզասիրտ հովիվներին, ավետում է նրանց աշխարհի Փրկչի ծնունդը և երգում է Փառք ի Բարձունս Աստուծոյ և երկիր խաղաղություն, ի մարդիկ հաճություն: Առաջին աչքալուսանքի եկողները աղքատ և միամիտ հովիվներ են: Ապա գալիս են Արևելքի թագավորը և իմաստունը նրան երկրպագելու և ընծաներ մատուցելու: Ով ստացած շնորհի համար չի գիտակցում, նրա համար զուր է շնորհը մեծ տոների առթիվ, որ հիշեցնում է մեզ մեր փրկագործությունը Հիսուս Քրիստոսի վարդապետական տքնությամբ: Մենք պետք է ջանք թափենք մեղքերից ազատվելու և բարի գործերով գոնե մեկ մարդու ուրախացնենք: Մեր Սուրբ Հայրապետները Քրիստոսի տոների հիշատակության համար հորինել են հոգեշունչ երգեր, որոնք դարերով այնքան սրտեր են մաքրել և հոգիներ փրկել: Մենք ևս պարտավոր ենք պատրաստվել արժանավոր կերպով երգելու նրանց, որ շարժեն մեր զգացումները սիրել Աստծուն և մարդուն: Հիմա արդեն բոլոր մարգարեությունները, օրենքները, ավետիսները լրումին են հասել, այժմ գործի ժամանակ է, հավատը արդարություն է համարվում, բայց հավատքը առանց գործերի մեռած է: Տոներին ցնծությամբ և քաղցր երգերով դիմավորելով պիտի մեր իսկական քրիստոնեական գործերը հանդես բերենք ու նրանցով փայլենք. և ոչ թե լոկ ծեսերով:
Նիկողայոս Վարդապետ Տեր- Ավետիքյան