«Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»։ Հովհ. 4:24

Երբ ձեր հարգած և սիրած անձի տոն օրը`ծննդյան կամ անվանակոչության, մոտենում է, դուք մտածում եք լավ պատրաստված շնորհավորեք նրան և ավելի հաճելի լինել. արդ, մեր Փրկչի Ծննդյան և այլ հիշատակի տոնելու օրերի համար ի՞նչ նախապատրաստություն պիտի տեսնենք: Միայն տրամադրվելը Սուրբ օրվա պատրաստության, արդեն ապացույցն է անկեղծ սիրո դեպի Նա և փրկության հոգածության, իսկ Քրիստոսի համար չկա ավելի թանկագին բան` քան մեր փրկությունը: Ուրեմն նշանավոր օրը դիմավորելու համար բավական չէ միայն արտաքին նյութական պատրաստությունը, ինչպես որ լուսավորելը, սրբելը, մաքրելը, նորություն հագնվելը, խորտիկներ հոգալը, բնակարան զարդարելը, այլ էականն է հոգով և սրտով մաքրվել, խոկալ և ապաշխարել գործած մեղքերի համար, հաստատ որոշել ուղղվել և քաջաբար դիմադրել ամեն գայթակղությունների, այդպիսի տոնակատարությունը մեզ համար փրկարար կլինի, իսկ Տիրոջ համար` հաճելի: Աստված մարդացավ, որ մարդուն աստվածացյալ անի: Նա իջավ երկնքից, որ մեզ երկրից երկինք բարձրացնի, հաղթահարելով և ջախջախելով մահը մեզ հավիտենական կյանքի մասնակից դարձնի: Ուրիշը մեզ չէր կարող համոզել, որ կա մեկ այլ հոգևոր հավիտենական կյանք, բայց Քաղցրագույն Հիսուսին չենք կարող չհավատալ, և չենք կարող տարակուսել և կասկածել, որ Նա՛ է ճշմարտությունը, Կյա՛նքը, Սե՛րը, Լո՛ւյսը, և Աստված: Նա՛ վերջ տվեց հուսահատության տանջանքին, և հռչակեց, որ ով հավատա`կապրի, Նա՛ բացեց երկնքի դռները մեզ համար, ուր կա փափագողների համար սկզբից պատրաստված օթևաններ ` երջանկության վայելքներով, ուր պետք է հանգչեն Աստծո համար ծառայածները և բեռնավորվածները: Մինչև Քրիստոսի գալը` մենք խավարի մեջ էինք, չգիտեինք կյանքի խորհուրդը, բայց Հիսուս մեզ ցույց տվեց, որ կա երկինք, և սովորեցրեց մեզ այն միջոցները, որոնցով կարող ենք ժառանգել այն: Ուստի որչափ առավել պետք է ուրախանանք Նրա Ծննդյան Տոնի հիշատակով, որով սկզբնավորվեց մեր փրկագործությունը: Մեծ տոնի առթիվ երկրավոր ուրախություններ էլ է մեզ թույլատրված, միայն պիտի գիտակցենք այդ ուրախության բուն պատճառը: Նրանք պիտի կապ ունենան երկնային հետ, որովհետև Աստծո Արքայությունը նախ պետք է հաստատվի ա՛յս երկրի վրա ու շարունակվի հավիտենական երկնքում:
ՏԵՐՈՒՆԻ ՏՈՆԵՐ Նիկողայոս Վարդապետ Տեր- Ավետիքյան