Տե՛ր, պայծառացրո՛ւ հոգուս լապտերը ինչպես իմաստուն կույսերին, և շնորհի՛ր արթնությամբ դիմավորելու առաջիկա շաբաթը:

  Մի բավարարվիր քո եղածով, քեզ հոգևոր աճ է պետք…
Բավական չէ Աստծու գոյության մասին տեղյակ լինել:
Պետք է Աստվածաշունչ ունենալ:
Աստվածաաշունչ ունենալը բավական չէ, պետք է այն կարդալ ամեն օր:
Կարդալը բավական չէ, պետք է հասկանալ կարդացածը, օգտվելով մեկնողական գրքերից: Հասկանալը միայն բավարար չէ, այլ պետք է ջանալ դրանք կյանքի կոչել և ապրել այդպես: Ընդ որում այնպես ապրել, որ այլոք տեսնելով քո կենցաղավարությունը` գնահատեն քո կրոնը և ձգտեն ապրել նույն կերպ: Սա նույնքան կարևոր է, որքան երեխային դպրոց տանելը, այնուհետև ուսման առաջնորդելը, աշխատանքի տեղավորելը, ամուսնացնելը, երեխա ունենալը և այս ոգով դաստիարակելը: Իսկ ով կարծում է, թե պարտադիր չէ երեխային ծանոթացնել կրոնի հետ, այլ նա ազատ է իր ընտրության մեջ… ապա ինչո՞ւ վեց տարին լրանալուց հետո ուղղորդում եք դպրոց, թող մեծանա ինքը որոշի, արդյո՞ք ցանկանում է սովորել, թե՞ ոչ: Մի բան հստակ է գոնե մեր կյանքում` ով, որտեղ և ինչում հաղթում է, նրա էլ գերին է: Բայց ապացուցվեց, որ միայն Քրիստոսի գերին լինելն է անվնաս և շահեկան, ուրիշ ոչ մեկի և ոչնչի…
 
Երբ մարդու հնարավորություններն ու պահանջները ներդաշնակության չեն հասնում, նա տառապում է, և նրա տառապանքը լրացուցիչ կերպով բորբոքվում է նախանձով: Միայն այն դեպքում է հաստատվում ներքին խաղաղություն, երբ կշեռքը, որի նժարների վրա դրված են մեր պահանջներն ու հնարավորությունները, հավասարակշռություն արձանագրի: