Տե՛րն է կանչում քեզ ամեն կիրակի, դու քեզ մերժված մի՛ համարիր:

Տերունակա՛ն օր է այսօր, ժողովո՛ւրդ,
Եկեղեցում մատուցվում է Մե՜ծ խորհուրդ:
Տիրոջ Մարմի՛նն ու Արյո՛ւնն է Խորանում,
Մաքուր սրտով ճաշակո՛ղն է զորանում:
Մի՛ ասա, թե տանն էլ կաղոթեմ: Տանը հազար ու մի խանգարող բան կա:
Վեր կաց, Աստծո փոքրիկ տաճար, գնա և քո շնչով ջերմացրու Աստծո մեծ տաճարը:
Թող քո՛ ներկայությունը լցնի եկեղեցին.
Թող քո՛ շնչով տաքանա եկեղեցին.
Թող քո՛ ձեռքերով հարդարվի եկեղեցին.
Թող քո՛ աղոթքով ամրանա եկեղեցին.
Մոռացի՛ր անցյալդ զղջումով, սպասի՛ր գալիքին հույսով, ապրի՛ր այսօրդ սիրով քո հավատակից քույրերի և եղբայրների հետ քո Հոր տանը: Եկեղեցին նրա համար է, որ դու բուժվե՛ս, զորանա՛ս և կրթվե՛ս: Սուր անկյուններդ հարթիր եկեղեցում, քանի ինքդ քեզ հետ ես, տանը դա չես կարող անել: Կիրակին նվիրի՛ր քո բուժմանն ու քո ուսմանը, որ նախախնամել է քո Երկնավոր Հայրը:
Գնանք եկեղեցի նաև այս կիրակի, քանզի չգիտենք, թե հաջորդ կիրակի մեզնից յուրաքանչյուրը ուր կինի, հատկապես, որ մեր աչքի առաջ է առօրյա կյանքը իր խառնաշփոթ իրականությամբ: Կանգնենք Սուրբ Պատարագին դեմ հանդիման մեր Տիրոջը, աղաչենք, որ օգնի մեզ, մեր անհնազանդության մեջ, որի պատճառով անվերջ ընկնում ենք փորձության գիրկը: Խնդրենք, որ կոտրի մեր հպարտությունը և բացի մեր հոգու աչքերը և ականջները և միտքը հիշելու համար Հիսուս Քրիստոսի բոլոր այն խոսքերը, որ ասում էր իրենից օգնություն խնդրողին.
Եթե եկեղեցին անկում է ապրում, ես և դու նույնպես մեղավոր ենք:
Եթե պետության ներսում խառնաշփոթ է, ես և դու նույնպես մեղավոր ենք:
Եթե ընտանիքում անհամերաշխություն է, ես և դու մեծ բացթողում ունենք:
Եթե ես և դու մեղավոր ենք, ապա մեղավոր ենք միայն
մեր անտարբերության պատճառով, ուրիշ ոչ ոքի.. Ողորմիր մեզ Տեր…