Ծնողները, ուսուցիչները, կնքահայրերն ու խոստովանահայրերը պարտավոր են երեխաներին ուսուցանել հավատքի էական մասերը և մեր ուղղափառ վարդապետությունը՝ ըստ սուրբ Եկեղեցու ավանդության, ինչպես նաև բարոյական առաքինությունները: (Խրատի թանգարան).

jesus-with-baby-4Երբ մեղուն մուգ ծաղկից նեկտար է հավաքում, պատրաստված մեղրը մուգ է լինում, իսկ երբ բաց գույնի ծաղկից է հավաքում, մեղրը նույնպես բաց գույն է ունենում: Պղտոր ակունքից պղտոր ջրեր են բխում:Նմանապես և կաթնակեր մանուկն իր վարքով նմանվում է իրեն սնուցողին: Աշակերտն անարվեստ վարպետից չի կարող նուրբ արվեստ սովորել, և հաստ բրդից բարակ թել չի մանվում: Կայենի դուստրերը գեղեցկանում էին, սակայն բարքով տգեղ էին` իրենց հոր նման: Դրան հակառակ` Սեթի որդիները տգեղ արտաքին ունեին, սակայն վարքով այն աստիճան գեղեցիկ էին, որ Աստծո որդիներ կոչվեցին: Լա՛վ հիշեք, զավակներ ունեցող ծնողներ, եթե կամենում եք ձեր զավակներին բարիքի մեջ տեսնել, ապա հե՛նց մանկությունից նրանց լավ դաստիարակեք և բարեմիտ ուսուցիչներին հանձնեք, քանի որ բարի ծառը բարի պտուղ է տալիս: Իսկ եթե անտարբերության մատնեք, նրանք անառակ կյանքով կապրեն և պատուհաս կդառնան ձե՛զ համար, որովհետև դուք էլ նրանց հետ նույն պատիժը կկրեք: Այսպես, Աստված անխրատ ոչխարների արյունը խոստացավ հովիվներից պահանջել. (Եզեկ.3:18): Անխրատ որդին մահվան կտարվի, ինչպես Հեղի քահանայապետի որդիները, քանի որ Հեղին նրանց մանուկ հասակից երես էր տվել, և նրանք անխրատ էին մեծացել, այդ պատճառով էլ մահվամբ պատժվեցին: Արիստիպոս փիլիսոփան ասում է.«Պետք է ուսուցանել այն բաները, որոնք մանուկները մեծանալով չեն ամաչի կիրառել» : Կամ «Երեխաների մեջ պետք է ամոթխածություն և ուսման հանդեպ սեր դաստիարակել, ինչպես որ ձիերին են վարժեցնում խթանին և սանձին»: Քրիստոս շատ անգամ կշտամբում էր հրեա չար վարդապետներին, դպիրներին, և փարիսեցիներին, որոնք ժողովրդին սխալ էին ուսուցանում Աստծու օրենքը: Ո՛վ զավակներ ունեցող ծնողներ, մշտապես արթո՛ւն եղեք և ջանք ու եռաանդ մի՛ խնայեք ձեր զավակներին կրթելու գործում և իմացած եղեք, որ Աստված ձեզ նրանց վրա երկրորդ արարիչ է կարգել, և ինչպես Նա ինքն է կրթում ձեզ Իր հանդեպ երկյուղի, բարեպաշտության, սուրբ ու անկեղծ օրենքների միջոցով, այնպես էլ ձեզնից պահանջում է նույնն ուսուցանել, և այդ դեպքում Իր պարգևներին` ձեր զավակներին, ոչ մի աղետ չի պատահի:
«Հոգևոր զրույցներ» Հակոբ Պատրիարք Նալյան.