Չկարծեք, թե Փրկչի խոսքը ուղղված է սև վերարկու հագածներին միայն: Ոչ: Հովիվ է նա, ում վստահված է որևէ համայնքի, հիմնարկության, հասարակական աշխատանքի վարելը: Հովիվ է քահանան բեմի վրա, սպան ռազմի դաշտում…

the_bible_history_channel1Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց.
Բզկտված, ծվատված հայ ժողովուրդն այսօր աստանդական, թշնամուց և բարեկամից հալածված, ցրված է հոտի նման, որի հովիվները չկան:
Ո՞ւր գնացին, ի՞նչ եղան հովիվները. ինչպե՞ս կատարեցին իրենց պարքտը, քաջ հովվական պարտքը: Ինչո՞ւ հոտը ցրվեց. ո՞ւր են քաջ հովիվները: Ահա փրկիչը իր տիրական խոսքն է ուղղում ժողովրդի հովիվներին. «Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց»: Ու այդ հրամայական խոսքը ահեղ դատավորի պահանջ է, որ սարսուռ է ազդում ժողովրդի հովիվների վրա:
Հրապարակ եկեք- պատասխան տվեք, ասում է Նա- ինչպե՞ս կատարեցիք ձեր պարքը, վերահաս վտանգի ժամին արդյոք լքեցի՞ք, թողի՞ք ու երե՞ս դարձրիք ձեր հոտից:
Արդյո՞ք ինքնապաշտպանության բնազդը ձեր ոտքերին թռիչք տվեց, ձեր աչքերը գոցեց, ականջները փակեցիք ու խուլ, կույր եղաք ձեր հոտի հառաչների, զրկանքների առաջ:
Ինչպե՞ս վեհ է հնչում իր կյանքով քաջ հովվի օրինակը գերազանցապես տվող Փրկչի խոսքը:
Եվ ինչպես մռայլ, թույլ, տխուր արձագանք է տալիս մեր ներկա իրականության մեջ Մեծ Վարդապետի անձնազոհության պահանջը:
Պատասխանատվության ժամն է հնչել, և հովիվներից Տերը հաշիվ է պահանջում, հաշիվ արդար և անողոք խղճմտանքով- դժվարին ծանր ժամն է վրա հասել ու մարդկանց ներքին խռովություն է պատել: Ու լսվում է այս ու այն անկյուններից մի ընդհանուր տրտունջ, մի խուլ դժգոհություն: Պատասխանատվության երկյուղն է պատել նրանց, լքված հոտի բողոքի սարսափն է պատկերանում դրանց առաջ և այժմ են զգում, թե ի՞նչ է նշանակում հովիվ լինել, ի՞նչ ծանր պարտք է դրված իրենց վրա: Ականջ դրեք, և կարդացեք մեր մամուլը, և կտեսնեք թե ինչպես այժմ միմյանց դեմ են ելել հովիվները, ու միմյանց վրա են բարդում հանցանքները, միմյանց հանցանքները մերկացնում, միմյանց մեղադրականներ ներկայացնում:
 
Չկարծեք, թե Փրկչի խոսքը ուղղված է սև վերարկու հագածներին միայն: Ոչ: Հովիվ է նա, ում վստահված է որևէ համայնքի, հիմնարկության, հասարակական աշխատանքի վարելը: Հովիվ է քահանան բեմի վրա, սպան ռազմի դաշտում, ուսուցիչը` ամբիոնին, խմբագիրը իր գրասենյակում, հասարակական գործիչը` հասարակական աշխատանքում, հիմնարկության կառավարիչը հիմնարկության մեջ և այդպես անվերջ: Սրանց է ուղարկված Բարոյականության Մեծ Վարդապետի հզոր կոչը այս մեր մռայլ կյանքի տխուր ժամին ու պատասխանի է սպասում, անձնազոհություն է պահանջում մարդու Որդին քաջ հովվից, որի սքանչելի օրինակն է տվել Իր կյանքով:
 
Կատարեցի՞ք ձեր հովվական պարտքը, ձեր հոտի վտանգի ժամին դրիք ձեր անձը նրա փրկության համար, ցույց տվիք անձնազոհության այն մեծ սկզբունքը, առանց որի չկա կյանք և առաջադիմություն, չկա գաղափարական աշխարհ: Պատկերացրեք տեսարանը- ցրված, փախստական, արնաքամ, վիրավորված, հոշոտված հոտը, սրանց դիմաց գլխիկոր, գունատված, խեղճացած հովիվներ, որոնք պարտականության սրբազան վայրը լքել ու փախել են ու ժողովրդին անտեր, անտիրական թողել, այժմ էլ միմյանց են մեղադրում, ամաչում են անգամ ժողովրդին նայել և այդ երկու խմբի` հոտի և հովիվների մեջ բարձրանում է հավիտենական ճշմարտության Քարոզչի` Մարդու Որդու աննման բարոյական դեմքը, որ Քաջ հովիվ է եղել ու Իր անձը դրել հոտի վրա: Քաջ հովիվներ են պետք մեր ժողովրդի համար, որոնք Ավետարանի Վարդապետի օրինակին հետևելով պատրաստ լինեն իրենց անձը դնելու հոտի համար: Այն ժամանակ վերածնվող հայրենիքի արշալույսը կերիզավորվի
երփներանգ շամանդաղով մեր չափազանց մռայլ հորիզոնը:
Գյուտ Աբեղա տեր- Ղազարյան: «Արարատի ժառանգություն» քարոզագիրք: