Տերունական օր է այսօր, և մենք պատիվ ունենք մասնակցելու մեր Տիրոջ Խորհրդավոր Ընթրիքին` հենց Իր հրավերով…Իսկ եթե մենք եկեղեցում չենք, ո՞վ մեր փոխարեն կասի «Ամեն, Տեր Ողորմեա, հիշեա Տեր և ողորմեա, կեցո Տեր և ողորմեա…և այլն»:

10496971_800403296670550_9174853404125353699_o-1Սուրբ Պատարագի ժամահակ Խորհրդակատար քահանան խոսքը ժողովրդին ուղղելով աղոթում է.
«Ձեզ նույնպես թող ազատի մարդասեր Աստված և ների ձեր բոլոր հանցանքները: Ժամանակ տա ապաշխարելու և բարիք գործելու: Թող ուղղի ձեր գալիք կյանքը հզոր ողորմած Սուրբ Հոգու շնորհքով, նրան փառք հավիտյան. Ամեն»:
Իսկ ժողովուրդը խորհրդակատար քահանայից խնդրում են.
«Մեզ ևս հիշիր Աստուծո անմահ Գառի առջև»: Քահանան պատասխանում է.
«Հիշված կլինեք Աստուծո անմահ Գառի առջև»:
Իսկ եթե մենք անհարկի չենք մասնակցում Սուրբ Պատարագին, որտեղ աղոթք է արվում մեր, մեր ննջեցյալների, մեր ազգի,
մեր եկեղեցու համար, ապա ո՞վ պիտի պատասխանի աղոթքով «Ամեն, տեր ողորմեա, հիշեա Տեր և ողորմեա»:
Մտածելու առիթ է…Կամ եթե դու ասում ես, թե չեմ հասկանում գրաբարով աղոթքը, կամ շարականները, մի՞թե դու չպետք է վերցնես Պատարագից այն, ինչ կարող ես: Մենք  դեղերի բաղադրությունն էլ չենք հասկանում, բայց խմում ենք `վստահելով բժշկին: Տեսեք ինչ է ասում Կյուրեղ Երուսաղեմացին այդ կապակցությամբ.
«Եթե ես անկարող եմ խմել ամբողջ գետը, մի՞թե ես չեմ խմելու ինձ անհրաժեշտ եղած չափով: Եթե աչքերս անկարող են ամբողջապես արևին նայել, մի՞թե ես ինձ անհրաժեշտ չափով չեմ օգտվելու արևի լույսից: Կամ, եթե ես մտել եմ մի մեծ պարտեզ և անկարող եմ ուտել այգու բոլոր պտուղները, մի՞թե ուզում եք, որ ես այնտեղից քաղցած դուրս ելնեմ»: Այժմ իմ արածն այն է, որ փառաբանենք Աստծուն, այլ ոչ թե մեկնաբանենք Նրան: Քանզի գիտենք, որ չենք կարող Նրան նույնիսկ փառաբանել ըստ արժանվույն:
Տերը մեր անկարողության համար մխիթարում է մեզ` ասելով. «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել» (Հովհ. Ա 18):