ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լուլս ձեզ սիրելի ունկնդիրներ․ Այսօր սկսում ենք Պետրոս առաքյալի երկրորդ նամակի երկրորդ գլուխը։ Առաջին նամակից վերցրած մեր դասն այն էր, որ հոգևոր կյանքում կան աստիճաններ, որոնցով կարող ենք վեր բարձրանալ՝ առաքյալի հորդորով։ Կան պատվիրաններ, որոնք պետք է դրվեն մեր հավատքի հիմքում, որպեսզի այն երբեք չսասանվի։ Զորավոր հավատքով է, որ կկարողանանք ձեռք բերել առաքինություններ, և այդ առաքինություններով է, որ կկարողանանք հրաժարվել աշխարհից ու հաղորդակցվել աստվածային բնությանը։ Պետրոս առաքյալը իր արժեքավոր երկու փոքրիկ թղթերի միջոցով կարողանում է խոսել մարդկանց ստերի հետ և ուսուցանել նրանց՝ դարերով։ Հիշո՞ւմ եք, Ղուկասի ավետարանի սերտողության ժամանակ կարդացինք, որ Տեր Հիսուս Պետրոսի ասաց, «Մի՛ վախեցիր, այսուհետև դու մարդկանց պիտի որսաս կյանքի համար»։ Անշուշտ այդ ժամանակ Պետրոսն ամենևին էլ չէր կարող պատկերացնել, թե ինչ նշանակում մարդ որսալ, նա ձկնորսության մեջ էր վարպետ։ Կամ այդ ժամանակ Պետրոսը նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ չէր կարող երևակայել, որ մի օր ինքը իր քարոզով հազարավոր հոգիներ կորսա, կամ այսպիսի թղթերով հազարավորների մտքերը կլուսավորի, որպեսզի փնտրեն իրական Լույսին։
Առաքյալը թեպետ զգում էր իր աշխարհից մեկնումի պահը, բայց չէր դադարում հոգևոր կյանքի մեջ վտանգներ պարունակող հարցերը լուսաբանել նրանց համար։ քանի իր այս նամակը ուղղված է նրանց, որոնք իր հետ հավատացին ու դավանեցին Հիսուս Քրիստոսին, և անդամագրվեցին եկեղեցիներին աշխարհի տարբեր վայրերում։ Քրիստոնյաներին հորդորում է հետևել մարգարեների գրվածքներին, բայց չի մոռանում զգուշացնել, որ ժողովրդի մեջ կան նաև սուտ մարգարեներ։ Բացի սուտ մարգարեներից ժողովրդի մեջ կային նաև սուտ ուսուցիչներ, որոնց մասին խոսեցինք առաջին գլխում, որոնք ծաղրում էին Քրիստոսի երկրորդ գալուստին սպասողներին և պնդում էին որ դա տեղի չի ունենա։ Սրանք կորստաբեր հերձվածներ են, որոնք բոլոր ժամանակներում էլ տարածել են մարդկանց մեջ։ Չարի ձեռագիրն այսպիսին է, եթե ինքը որպես մեղանչած հրեշտակ չխնայվեց Աստծու կողմից և խավարի կապանքներով դուրս շպրտվեց, ինքն էլ կամենում է մարդու միտքը խավարեցնել և իշխել նրան։ Միթե չարի գաղափար չէ, երբ լուր էին տարածում մարդկանց մեջ, որ Տիրոջ Երկրորդ Գալուստ չի լինելու, որպեսզի մարդիկ մոռանան Աստծու երկյուղի մասին, և տրվեն աշխարհի վայելքներին ու կործանվեն դատաստանի օրը։ Այսպիսի լուրեր տարածողները ուրանում են Տիրոջը, որը իրենց գնեց։ Մոռանում են, որ իրենց այդ քայլով իրենց վրա արագահաս կորուստ են բերում։
Քանի որ չարի այս հայտարարությունը կամքից թույլ մարդկանց համար հաճելի է թվում, հետևաբար քիչ են լինելու այսպիսի հերձվածներին հետևողների թիվը։ Դրանով ճշմարտության ճանապարհը անարգվելու է նրանց կողմից։ Առաքյալը զգուշացնում է բոլոր քրիստոնյաներին, չհետևել նրանց ընչաքաղցությանը և խաբեպատիր խոսքերին, որովհետև նրանց կործանումը չի ուշանալու։ Սիրելիներ, մեր օրերում էլ քիչ չեն այդպիսի մոլորեցնողները, որոնք տարված լինելով աշխարհի ապականությամբ ու ցանկություններով, տարածում ենք մարդկանց մեջ, որ Աստվածաշունչը մարդկանց զսպելու համար է, որպեսզի չօգտվեն աշխարհի բարիքներից։ Աշխարհի բարիքները նրանց պատկերացմամբ անառակությունն է։ Ի սկզբանե Աստված չհանդուրժեց մեղանչած հրեշտակներին։ Չխնայեց նաև հին աշխարհին, նրանցից փրկելով միայն ութ հոգի՝ արդարության քարոզիչ՝ Նոյի ընտանիքը։ Նույն կերպ վարվեց սոդոմացիների և գոմորացիների քաղաքների հետ՝ մոխրի վերածելով, դատապարտեց նրանց, օրինակ ծառայեցնելով ապագայի ամբարիշտների համար։ Այդ քաղաքներից էլ փրկեց միայն արդար Ղովտի ընտանիքը։ Ղովտը ձանձրացել էր իր համաքաղաքացիների անառակ ու անկարգ ընթացքից։ Որովհետև շատ ծանր է արդար մարդու համար ապրել մի միջավայրում, որտեղ բոլորն են ապականված։ Նրա աչքն ու ականջը անվերջ տեսնում և լսում էին այդ անօրենների կյանքի մեղսալից ընթացքը, և ամեն օր տանջվում էր Ղովտի հոգին։
Ի՞նչ էր աղոթում Ղովտը՝ Աստծուն, այդ օրերի և այդ մարդկանց համար, Ինչպես էր աղոթում, որ այդ արդար մարդու աղաղակը հասավ Աստծուն։ Քանի որ Տերն Աբրահամին ասաց․ «Սոդոմացիների և գոմորացիների աղաղակը ահագնացել և հասել է ինձ, նրանց մեղքերը խիստ շատացել են։ Իջնեմ տեսնեմ , թե ինձ հասած աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թե՞ ոչ»։ Աստված չի բավարարվում միայն արդարի աղոթքով, որն ուղղված է Աստծուն, այլ հրեշտակ է ուղարկում ստուգելու համար իրականությունը։ Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձության ժամանակ, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար՝ տանջանքների մատնելու նրանց։ Սա պատահում է հատկապես մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծու իշխանությունը արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնավոր փառավոր էակներին հայհոյելուց։
Սիրելիներ, մենք այստեղ մեծ մխիթարություն ունենք այն առումով, որ Աստծուն ամեն բան հայտնի, ուղղակի մենք Ղովտի նման աղաղակելու աստիճանի աղոթելու բարի կամք չունենք, որպեսզի մեր աղաղակը հասնի Աստծուն։ Մեր շուրջն էլ այսօր այնպիսի բաներ են կատարվում, որոնք արդար ու բարեպաշտ մարդկանց համար հոգու ցավ է, ինչպես որ Ղովտի համար էր ցավ իր համաքաղաքացիների արարքը, չնայած Ղովտը այս քաղաքից չէր, բայց այդտեղ էր բնակվում։ Առաքյալը այս բոլոր օրինակները բերում է իր ընթերցողներին ցույց տալու համար, որ սուտ մարգարեներ եղե են բոլոր ժամանակներում, անօրեններ եղել են նույնպես բոլոր ժամանակներում, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը անարգվել է։ Ո՞րն է ճշմարտության ճանապարհը, եթե ոչ քրիստոնեությունը։ Իսկ քրիստոնեական վարդապետությունից լուր չունեցողը անմիջապես կարող է հետևել սուտ քարոզչի, սուտ մարգարեի, քանի որ իր աչքի առջև չունի ճշմարիտ վարդապետությունը, որ համեմատություն տանի կեղծիքի և ճշմարտության միջև։
Ովքեր լսել էին Քրիստոսի խոսքը՝ Հարության և երկրորդ գալուստի մասին, նրանք բնականաբար չէին հավատալու նրանց, որոնք ասում էին թե՝ չի լինելու երկրորդ գալուստ։ Պատկերը նույնն է մեր օրերում։ Այն քրիստոնյաները, որոնք չգիտեն Առաքելական եկեղեցու դավանանքը, նրանք հեշտությամբ հայտնվում են կրոնական այս կամ այն ուղղության գրկում։ Ուրեմն նորից դառնանք առաքյալի այն խոսքին, որ աղանդի դեմ պայքարել պետք չէ, այլ պետք սովորել Քրիստոսի ուղղափառ վարդապետությունը, որպեսզի չմոլորվել ամեն քաղցր խոսքից։ Առաքյալը կամենում է, որ քրիստոնյաների ճշմարտության ճանապարհը չանարգվի անհիմն ուսմունքների պատճառով։ Այնուհետև առաքյալը խոսում է մարդկանց մի տեսակի մասին, որոնց նմանեցնում է անբան անասունների, որոնք ի բնե ստեղծված են մորթվելու համար։ Իսկ ի՞նչ են անում այս մարդիկ։ Այս մարդիկ էլ հայհոյում են իրենց չիմացած բաների դեմ։ Պետրոս առաքյալ այսքան խիստ է մոտենում այս տեսակ մարդկանց, որոնք հայհոյում են իրեն չիմացած բաների դեմ։ Ուրեմն այսօր ժողովրդի մեծամասնությունը այս նույն մեղքի մեջ է, քանի որ սոցիալական ցանցերում անվերջանալի հայհոյանքներ են իրենց չիմացած բաների մասին։
Մենք երբեմն հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, որոնց մասին նույնիսկ չգիտենք, որ մեղք է։ Ըստ Պետրոս առաքյալի և նաև ըստ մեր տեղեկության մարդկանց մի տեսակ կա, որը ամեն ինչի շուրջ անհամաձայնություն է հայտնում, ամենի ինչ ծաղրի է վերածում և դրանից էլ առաջանում են հայհոյանքները չիմացած բաների դեմ։ Երբեմն մարդիկ կարող են մեծ վեճերի մեջ մտնել մի թեմայի շուրջ, օրինակ քաղաքականության վերաբերյալ, և սկսեն միմյանց հայհոյել։ Վերջում պարզվում է, որ կողմերից և ոչ մեկը ճիշտ չէր, քանի որ քաղաքական գործիչները երբեմն չստուգված մի տեղեկություն են նետում տեղեկատվական դաշտ՝ մարդկանց զբաղեցնելու համար, որպեսզի իրենք իրենց ծրագրերը իրականացնեն։ Ըստ պետրոս առաքյալի այս մարդկանց վախճանը նույնպես ծանր է։ Քանի որ այս մարդիկ իրենց ապականության մեջ պիտի կործանվեն տանջվելով՝ որպես վարձատրություն իրենց անիրավության։ Պետրոս առաքյալը ներկայացնում մի շարք մեղքեր, որոնց մեջ հայտնվել են այդ մարդիկ, որոնք ունեն պոռնկությամբ լեցուն աչքեր և խաբում են տատանվողների հոգիները, բռնված են ագահությամբ։ Սրանց առաքյալը անեծքի որդիներ է անվանում, որովհետև սրանք թողեցին ուղիղ ճանապարհը, մոլորվեցին և ընթացան Բաղաամի ճանապարհով։ Բաղաամի անօրեն ճանապարհի մասին ձեզ խոսել եմ։ Նրա անօրենությունը կայանում էր նրանում, որ դրամի դիմաց պետք է նզովք կարդար Իսրայելի վրա։ ճանապարհին անխոս էշը մարդկային լեզվով խոսելով, արգելք եղավ, որ մարգարեն անի այդ բանը։ Այս երևույթը փոքր ինչ անհավանական է թվում, բայց ասելիք ունի, որը հիմնավորում է երևույթը։ Որն է այդ ասելիքը» Երբեմն մարգարեն՝ մարգարե լինելով կարող է չհասկանա մի պարզ բան, իսկ էշը՝ էշ լինելով ավելի շուտ հասկանա։ Առաքյալը չափազանց բացասական է արտահայտվում մարդկանց այդ մեղքերի վերաբերյալ, չդատելով մարդկանց։ Պատճառը առաքյալը տեսնում է նրանց ուղղափառ վարդապետությունից հեռացման մեջ։ Տեսեք, թե այդ մարդկանց ինչի հետ է համեմատում առաքյալը։ ասում է,- սրանք ցամաքած աղբյուրներ են, ր մրրիկից քշված մառախուղներ, խավարի աղջամուղջները հավիտյան նրանց համար են պահված։ Պարզվում է, որ այս մարդիկ տարված լինելով անառակություններով, սնոտի բաներով, մարմնի ցանկություններով, խաբում են նրանց, որոնք որոնք հազիվ փախել էին մոլորություն տարածողներից։
Ահա թե ինչու է առաքյալը այդքան վրդովված, քանի որ այս մարդիկ ազատություն են խոստանում մոլորվածներին, իսկ իրենք ծառա են ապականությանը։ Ավետարանն ասում է, որ մարդը ինչից որ հաղթվում է, ծառա է նրան։ Մենք նորից պետք է անդրադառնանք նույն մտքին, որմ եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծություններից փախչելուց հետո, նորից նույն մեղքով բռնվեն, մնան, նրանց վախճանը կլինի ավելի վատ, քան առաջին վիճակը։ Այսինքն նման այն առակին, որ ասում է,- «Շունը վերստին դառնում է իր փսխածին։ Կամ լվացված խոզը նորից հայտնվում է ցեխի մեջ»։ Առաքյալը իր կարծիքն է հայտնում այս պարագայի համար, ասելով,- «Ավելի լավ էր նրանց համար, եթե բնավ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին ու հետ կանգնեցին սուրբ պատվիրաններից, որ ավանդվել էր իրենց»։ Սիրելիներ, Պետրոս առաքյալը Քրիստոսի ուսուցումը համեմատում է մայրական կաթի հետ, որով պետք է սնվի երեխան։ Այլ տարբերակ չի տեսնում առաքյալը երեխայի սնուցման համար։
Եթե մենք իրական իմաստով հասկանանք առաքյալի խոսքը, ապա առողջ է այն երեխան, որը մայրական կաթ է ուտում, քան այն երեխան, որը արհեստական կերերով է սնվում։ Տեր Հիսուս նույնպես համեմատական է տանում երեխայի մաքրության և չափահասի հավատքի միջև։ Երեխայի մաքրություն է պետք Քրիստոսի ուսուցման համար, երկմիտ սիրտը չի կարող պարզությամբ ընդունել Քրիստոսի խոսքը։ իսկ հասուն հավատքը արդեն վեմի հետ է համեմատում։ Ինչպես որ Տեր Հիսուս իրեն Անկյունաքար անվանեց, որի շնորհիվ ամուր եղավ հոգևոր շինությունը, այնպես էլ Պետրոսին վեմ անվանեց և խոստացավ որ այդ վեմի վրա պիտի կառուցի իր եկեղեցուն։ Պետրոս առաքյալի ինչ միտք որ արտահայտում է իր թղթերի մեջ՝ հիմնված է իր Վարդապետի հոգևոր փորձառության, և ուղղափառ ուսմունքի վրա։
Սիրելիներ, առաքյալը մի հուսադրող միտք արտահայտեց, որը կուզեմ մտապահեք և հիմնվեք այդ մտքի վրա՝ փորձությունների հանդիպելիս։ Ասում է,- «Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից»։ Աստված երբեք չի ակնկալում, որ մենք փորձության մեջ չենք հայտնվի։ Այդ մասին ոչինչ գրված չէ։ Սակայն հազարավոր համարներ կան այն մասին, թե ինչպես խուսափենք փորձությունից, կամ փորձության մեջ եղած ժամանակ ինչպես վարվենք; Եթե մենք փորձության մեջ եղած ժամանակ, ամբողջ սրտով ջանանք պատվով դուս գալ, ոչ թե հարմարվել այդ փորձության հետ, և դարձնենք մեզ համար ապրելակերպ, ապա Աստված կգտնի ձևը մեզ այդ փորձությունից հանելու համար։ Այս ճշմարտության վրա մազաչափ անգամ պետք չէ կասկածել։ Միայն թե մենք չհարմարվենք փորձության հետ։ Ինչո՞վ է տարբերվում ուղղափառ, աստվածապաշտ քրիստոնյան մարմնավոր մարդուց։ Աստվածավախ քրիստոնյան փորձության մեջ ընկնելուց հետո չի հարմարվում այդ ընկած վիճակի հետ և ելքեր է փնտրում արագ դուրս գալու՝ ապավինելով Աստծու կամքին։ Իսկ մարմնավոր մարդը հուսահատվում է, տրտնջում է, բողոքում է, և ժամանակի ընթացքում հարմարվում է այդ վիճակին և ապրում այդ մեղքի հետ։ Բոլորս էլ տեսել ենք մարդկանց, որոնք խմում են, և արդարացնում են իրենց խմիչքի չարաշահումը նրանով, որ բոլորն էլ խմում են։ Սիրուհի ունեցող տղամարդիկ արդարացնում են իրենց արարքը, ասելով,- Ո՞վ չի անում։ Մեղքի մեջ ապրող մարդը միշտ գտնում է արդարացում։ Բայց Պետրոս առաքյալը վատ է բնութագրում այդպիսի մարդկանց մեղքը և մեղքի հատուցումը։ Նույնիսկ համեմատում է ընկած հրեշտակների հետ, որոնց չհանդուրժեց Աստված։ Սիրելիներ, ինչպես նկատեցիք, ամբողջ երկրորդ գլուխը Պետրոս առաքյալը տրամադրել է կեղծ ուսմունքների վնասներին և դրանց հետևորդներին։ Ո՛չ միայն Պետրոսը, այլ նաև բոլոր առաքյալները իրենց ժամանակին չափազանց մտահոգ են եղել սուտ մարգարեների, կեղծ ուսմունքներին, վնասակար վարդապետությունների ներթափանցմանը՝ եկեղեցուց ներս։ Քանի որ ոչինչ այնպես արագ չի պառակտում եկեղեցին, որքան կեղծ ուսմունքի ներթափանցումը։
Երբ որ մենք հասնենք Հուդա առաքյալի թղթի սերտողությանը, դուք կտեսնեք, թե ինչքան նմանություն կա իր և պետրոս առաքյալի տեսակետների մեջ, կարծես մեկը մեկին լրացնում է այս իմաստով։ Քրիստոնեությունը իր ստեղծման օրից երբեք իր ուղղությունն ու ուղղափառությունը չի փոխել, և նույնությամբ պահպանվել է մինչև մեր օրերը; Իսկ կեղծ վարդապետությունները հազարավոր անգամներ փոխել են իրենց անունը, ուղղությունը, վայրը, և այդպես փոփոխվելով հասել են մինչև մեր օրերը։ Այսօր էլ շատ են մեր մեջ օտար ուսմունքները։ Բայց ինչպես որ վերևում խոսեցինք այդ մասին, առաքելական վարդապետության չիմացությունից է, որ մարդիկ մոլորվում են։ Բոլոր մարդկանց մեջ լսելու փափագ կա Աստծու գիտության վերաբերյալ, սակայն ճշմարիտ ուսմունքը չիմանալով, հայտնվում են օտար փարախում։ Երբ առաքյալը օրինակ է բերում Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը, նաև տեղեկացնում է, որ դա արվեց, որպեսզի օրինակ լինի ամբարիշտների համար։ Ուրեմն պետրոս առաքյալի թուղթն էլ պետք է օրինակ լինի մեզ համար, ուսումնասիրելու առաքելահիմն եկեղեցու նախնական պատմությունն ու դավանանք, որպեսզի օտար ուսմունքների մեջ չտարուբերվենք։
Հետաքրքիր է առաքյալի այն նախազգուշացումը, որ կրկնում է մի քանի անգամ, մարդկանց հիշեցնելով, որ ամբարիշտների պատիժը այս կյանքում մի սպասեք։ Թերևս զղջան, ապաշխարեն և ազատվեն հավիտենական կորստից։ Ըստ առաքյալի խոսքի, այդ ամբարիշտները, որոնց հավատը թույլ էր տալիս, որ անառակ կյանքով ապրեն, կատարելով իրենց մարմնի ցանկությունները, ապրում էին քրիստոնեական համայնքների մեջ և ընդհանուր շփում կար։ Այդ էր պատճառը, որ Պետրոս առաքյալը մտահոգ էր քրիստոնյաների համար։ Առաքյալի մի խոսքից նույնիսկ կարելի է հասկանալ, որ այդ մարդիկ մասնակցել են քրիստոնյաների սիրո ճաշերին, որ հաճախ էին կազմակերպում։ Առաքյալը լավ նկարագրություն տվեց այսպիսի մարդկանց, համեմատելով նրանց մրրիկից քշված մառախուղի։ Ուղղափառ ավանդությունների մեջ տեսակետ կա, որ այս ամբարիշտ մարդկանց կործանարար վարդապետության ուսմունքը նույն Նիկողայոսի ուսմունքն է, որի մասին հիշատակված է Հայտնության գրքում, որտեղ Եփեսոսի եկեղեցուն գրում է․ «Ատիր Նիկողայոսի գործերը, որին ատում եմ ես։ Ով ականջ ունի լեսլու, թող լսի»։ Սիրելիներ ես վստահ եմ, որ դուք լսելու ականջ ունեք և հաստատված եք Առաքելական վարդապետության վրա, և քամուց քշված մառախուղները ձեզ այլևս վտանգ չեն կարող հասցնել։ Ավարտեցին նաև երկրորդ թղթի երկրորդ գլուխը, որն ամբողջությամբ կեղծ ուսմունքի և նրա վտանգի մասին էր։ Աստծու կամքով հաջորդ սերտողությունը կլինի վերջին երրորդ գլուխը։
Աղոթենք միասին․
Սիրող եւ ողորմած Աստված, օգնիր մեր հոգևոր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք միմյանց: Օգնիր, որ մեր հոգևոր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր այս ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք: Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն. ամեն: