ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ Որպեսզի մեզ հասկանալի լինի, թե Պետրոս առաքյալը ինչու է մտահոգված իր երկրորդ նամակի վերջին գլխում, մի փոքր հետ գնանք դեպի նախորդ երկու գլուխները։ Հիշում ենք, թե ինչպես առաքյալը սովորեցրեց աստիճանաբար առաքինությունների մեջ ամրանալ, որպեսզի ձեռք բերել գլխավոր առաքինությունը, որ սերն է։ Նաև հիշեցրեց իր ընթերցողին, որ ինքը պատրաստ է միշտ կրկնել այդ մասին, քանի դեռ այդ մարմնի մեջ է, քանի որ զգում էր իր մոտալուտ մահը։ Մեծ մտահոգությամբ տեղեկացնում էր բոլոր քրիստոնյաներին, որ իրենց մեջ հայտնվել են սուտ մարգարեներ, նույնիսկ մասնակցում են քրիստոնյաներին սիրո ճաշերին և պատրաստ են պառակտում մտցնել նորադարձ հավատացյալների մեջ իրենց կեղծ վարդապետությամբ, որի մասին խոսեցինք նախորդ գլխում։ Ո՞րն էր այդ կեղծ վարդապետությունը։ Այն, որ իբրև չի լինելու Տիրոջ երկրորդ գալուստը և ծաղրում էին այն մարդկանց, որոնք սպասում էին հույսով և հավատով։ Այս երևույթը չափազանց մտահոգում էր Պետրոս առաքյալին։ Նաև տեսանք առաքյալի զայրույթ՝ երկրորդ գլխի ավարտին, երբ շատ խիստ խոսքերով նկարագրեց այդ մարդկանց արարքները, չնշելով նրանց անձերը։ հասկանալի է, որ առաքյալը դատապարտում է մեղքը և չի լուսաբանում անձերը, որովհետև իր նպատակը մարդկանց այդ մոլորությունից հետ պահելն է, քան մեղավորներին խայտառակելը։
Մոլորեցնողների արարքը համեմատեց շան արարքին հետ, որը վերստին դառնում է իր փսխածին, և այն լվացված խոզին, որը կրկին թավալվում է տիղմի մեջ։ Մարդկանց անուններ չտալուց բացի, նաև ասաց, որ դատաստանը Աստծուն է և նույնիսկ հրեշտակները այդ մարդկանց չեն հանդիմանել, ասելով, թող Տերը սաստի դրանց։ Բայց ինչպես նկատեցինք այդ ժամանակվա տարածված մեղքերի, մոլորությունների, ու անիրավությունների մասին չափազանց կոշտ ձևով արտահայտվեց առաքյալը։ Այստեղ վերցնենք մեր դասը և գնանք առաջ։ Վստահ եմ հասկանալի է դասը, որ բարձրաձայնենք գոյություն ունեցող մեղքը՝ չբացահայտելով մեղավորի անունը, քանի որ մեր նպատակն է մարդուն ուղղել, ոչ թե պախարակել։ Երրորդ գլուխը Պետրոս առաքյալը սկսում է հետաքրքիր ուղերձով, որի մեջ հիշեցնում է քրիստոնյաներին, որ ինքը արդեն առաջին թուղթը գրել է նրանց համար, և անհրաժեշտություն է տեսել գրել նաև երկրորդ թուղթը։ Ինչո՞ւ։ Ի՞նչ էր մոռացել առաքյալը, որ երկրորդ թուղթը գրելու կարիքը եղավ։ Ոչինչ չէր մոռացել, ուղղակի այս նամակով էլ կամենում էր քրիստոնյաների մեջ մաքուր մտքեր արթնացնել՝ հիշեցնելու համար իր նախկին ուսուցումները։ Տեսե՛ք, թե ինչ նրբանկատորեն է մոտենում իր ուսուցմանը և քրիստոնյաների ընկալմանը՝ այդ ուսուցման նկատմամբ։ Ասում է ձեր մեջ մաքուր մտքեր արթնացնելու համար եմ գրում և հիշեցնում։ Երբեք չի՛ ասում, թե՝ այսպես է գրված, դուք պետք է կատարեք այս գրվածները։
Պետրոս առաքյալը նամակները գրելու պահին արդեն ճանաչված էր քրիստոնեական, և ո՛չ միայն քրիստոնեական համայնքների կողմից, և իր հանգամանքը թույլ էր տալիս, որ ինքը ի պաշտոնե այս նամակները ուղարկեր բոլոր համայնքներին և կարգադրեր կատարել։ Ինչպես որ այսօր են հայրապետական կոնդակներ են գալիս՝ հատուկ կնիքներով․․․
Բայց Պետրոսին իր այդ հանգամանքը չէր հպարտացրել, որպեսզի մարդկանց դներ ռոբոտների տեղ և ասեր, կատարեք։ Ամեն ինչ հիմնավոր ձևով բացատրում էր, թե վտանգը որտեղից կարող է գալ։ Բայց առաքյալը խոնարհաբար հիշեցնում է, որ նախ մարգարեներն են պատգամներ տվել, հետո առաքյալների կողմից են տրվել Հիսուս Քրիստոսի պատգամները։ Նաև զգուշացնում է, որ վերջին ժամանակներում գալու են արհամարհողները, ծաղրողները, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների, և դարձյալ ծաղրելով պիտի ասեն․ «Ու՞ր է Նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո, ամեն ինչ նույն ձևով է մնում, ինչպես որ կար արարչագործության սկզբից»։ Նախորդ սերտողությունների ժամանակ ձեզ ասել եմ, որ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանում մարդիկ սպասում էին Քրիստոսի երկրորդ գալուստին։ Առաքյալները նույնպես իրենց նամակներում հիշատակում են այդ մասին։ Նույնիսկ ժողովրդի մեջ տարածված խոսակցություն կար Հովհաննես առաքյալի վերաբերյալ, որ ասում էին, քանի դեռ Հովհաննես ողջ է, ուրեմն մոտ է Քրիստոսի գալուստը։ Հիշում եք, որ Տեր Հիսուս ասաց, – Թող դա ապրի, մինչև ես գամ։ Այդ կեղծ վարդապետության մտահոգությունը հանգիստ չէր տալիս Պետրոսին, բայց ո՛չ թե նրա համար, որ իր մեջ կասկած էր առաջանում Քրիստոսի գալստյան վերաբերյալ, քա՛վ լիցի, Պետրոսը իր կյանքից ավելի վստահ էր Քրիստոսի երկրորդ գալուստի վրա, ուղղակի նա մտահոգ էր նորադարձ քրիստոնյաների համար, որպեսզի չգայթակղվեն այդ սուտ ու կեղծ խոսքերից։ Սիրելիներ, ինչքան կարևոր է մարդու միտքը մաքրել և հնարավորություն տալ, որ մարդն ինքը ընտրի ճիշտն ու սխալը։ Սա է քրիստոնեության ճշմարիտ ընկալումը։ Ստիպելով մարդուն նույնիսկ դրախտ չես կարող տանել։ Պետրոսը թեպետ այդքան քարոզում էր, ուսուցանում էր, գրում էր, բայց ընտրության հնարավորությունը թողնում էր քրիստոնյաների ազատ կամքին։
Սակայն առաքյալը շեշտը միշտ դնում էր ուսուցման վրա, կրթելու վրա, որպեսզի մարդը ինքը տարբերի չարը՝ բարուց, և ոչ թե մեկը իրեն ստիպի անել այս կամ այն բանը։ Մի կողմից Քրիստոսի վարդապետությունն է սերմանում նրանց մեջ, մյուս կողմից մոլորեցնողների անհեթեթ վարդապետությունն է հերքում, դարձյալ հիմնավոր բացատրելով։ Ասում է, նրանք մոռացության են տվել այն, որ ի սկզբանե եղել են երկինքը, և երկիրը՝ ջրերից, և այդ ջրերը հաստատ են մնում միայն Աստծու խոսքով։ Պետրոս առաքյալը բարձր պահելով Աստծու խոսքի զորությունը, օրինակ է բերում Նոյի ժամանակվա մարդկությանը որոնք ականջալուր չեղան Աստծու խոսքին, և աշխարհը ապականելով կործանվեցին ջրհեղեղով։ Նրանք էլ չէին հավատում, որ ջրհեղեղ է լինելու։ Չնայած, որ Նոյը Տապանի կառուցումից սկսած քարոզում էր մարդկանց, բայց նրանք էլ այս մոլորեցնողների պես չէին հավատում, որ մի օր ջրհեղեղ կլինի։ Ժամանակը լրացավ, եղավ այն, ինչը բոլորիս է հայտի Աստվածաշնչից, և աշխարհն է տեղյակ ջրհեղեղից։
Դարձյալ առաքյալը մեկ այլ օրինակ է բերում իր օրերի վերաբերյալ։ Իսկ այժմ,- ասում է առաքյալը,- երկինքն ու երկիրը նույնպես պահված են Աստծու նույն խոսքով։ Նույն խոսքով վերապահված են այս անգամ կրակին՝ դատաստանի օրվա և ամբարիշտ մարդկանց կործանման օրվա համար։ Նոյի օրոք մարդիկ չհավատացին, չեն հավատացել Պետրոս առաքյալի օրոք, չեն հավատում նաև այսօր։ Բայց առաքյալը իր սուրբ պարտքն է համարում լրացուցիչ նամակով մարդկությանը հիշեցնել, որ մարգարեները զգուշացրել են այդ մասին, առաքյալները զգուշացրել են, այսօր ևս քարոզիչները զգուշացնում են, իսկ մարդիկ անտարբեր են ոչ միայն Տիրոջ երկրորդ Գալուստի, այլ՝ նաև իրենց հոգու փրկության հարցում։ Պետրոս առաքյալը ևս մեկ մտահոգություն ունի, որը հայտնի է իր նամակից։ Այդ մտահոգությունը ունենք նաև մենք՝ այսօրվա քարոզիչներս։ մարդկանց թվում է, թե իրենց օրոք չի լինելու Երկրորդ Գալուստը և ապրում են անհոգության և անտարբերության մեջ՝ հեռու Աստծու պատգամի ու խոստումից։
Առաքյալը զգուշացնում է, որ մարդիկ չհիմնվեն իրենց պատկերացրած ժամերի ու ժամանակների վրա, քանի որ Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր։ Բացի նրանից, որ առաքյալն զգուշացնում է, նաև չի ուզում, որ քրիստոնյաներից ծածկված լինի այն ճշմարտությունը, որ Տիրոջ համբերությունը ամեն մարդու փրկության համար է։ Ո՛չ թե պետք է անտարբեր լինել Երկրորդ Գալուստին՝ ուշանալու պատճառով, այլ գնահատել Տիրոջ ուշացումը՝ սեփական անձը փրկության հասցնելու հնարավորությունը։ Պետրոսի ժամանակվա մարդիկ էլ կարծում էին, որ Տիրոջ գալուստն ուշանում է, բայց առաքյալն ասում է, որ Տերը չի ուշացնի Իր խոստումը, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի կամենում որևէ մեկի կորուստը, այլ ուզում է, որ ամենքը հասցնեն ապաշխարել փրկվել։ Առաքյալը կրկին հիշեցնում է Տիրոջ խոսքը, որ ասաց, Տիրոջ օրը պիտի գա ինչպես մի գող, երբ երկինքը պիտի անցնի, չքանա շառաչյունով, և ամեն գործ, որ կա երկրի վրա, պիտի հայտնի լինի։ Քրիստոսի առաքյալները և՛ քարոզում էին, և սպասում էին, բայց չէին շտապում մարդկանց պես, քանի որ իրենց էր հանձնարարված քարոզել Ավետարանը ողջ աշխարհով մել։ Նույնիսկ մենք այսօր վստահ չենք կարող ասել, որ Ավետարանի քարոզությունը հասել է ավարտին, չնայած ինտերնետի այս դարաշրջանում։ Սակայն մենք մի բան հաստատ գիտենք, որ Տիրոջ օրը երբ էլ որ լինի, գալու է ինչպես գողը։ Որովհետև ո՛չ ոք գողին չի սպասում։ Սիրելիներ Պետրոս առաքյալը գեղեցիկ հանգուցալուծում է տալիս նամակի վերջին պարբերության մեջ և հարց է տալիս Տիրոջ գալուստը շտապով տեսնել ցանկացողներին։ Սուրբ վարմո՞ւնք ունեք միմյանց նկատմամբ։ Աստվածապաշտ ընթացքո՞վ եք վարում ձեր կյանքը Տիրոջ առաջ, որ Տիրոջ գալուստը տեսնելը շտապում եք։ Գուցե Տիրոջ գալուստը ձեզնից շատերի համար հաճելի չլինի։ Ավելի լավ է դուք նախապատրաստեք ձեր կյանքը՝ ըստ Տիրոջ խոսքի ու պատվիրանի, որպեսզի այդ սարսափելի օրվան կարողանաք դիմանալ, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և տարերքը հրկիզվելով պիտի հալվի։ Մի՞թե մարդ կարող է անհամբեր սպասել այսպիսի պատկեր տեսնելու համար։
Քրիստոնյան Աստծու խոստման համաձայն, աչքերը հառած սպասում է նոր երկնքի և նոր երկրի, որտեղ արդարությունն է բնակվում։ Բայց քրիստոնյան ձեռքերը ծալած չի սպասում, այլ՝ ջանք թափելով է ձեռք է բերում առաքինությունները, իսկ այդ առաքինություններով ձեռք է բերում սեր, որը գլուխն է բոլոր առաքինությունների։ Որովհետև ճշմարիտ քրիստոնյան գիտե, որ ինքը թանկ արյամբ է գնված, և իր փրկությունը հեշտությամբ չի գնվել։ Հետևաբար Քրիստոս երբ գա, Իրեն սպասով հավատացյալին պետք է գտնի անարատ և խաղաղության մեջ։ Որովհետև իր ողջ կյանքի ընթացքում Քրիստոսի սպասող հավատացյալը հասկացել է, որ ամեն լուսաբաց իր համար նոր հնարավորություն է եղել գտնել փրկության դուռը։ Ամեն փորձություն առիթ է հանդիսացել, որ հավատացյալը բախի այդ դուռը։ Իր ձեռք բերած առաքինությունները բանալի են հանդիսացել, որ այդ դուռը բացվի է նրա առաջ։ Սա մեր Տիրոջ լավագույն պատվիրաններից մեկն է, երբ խնդրում ենք, տրվում է։ Երբ փնտրում ենք, անպայման գտնում ենք։
Երբ բախում ենք, առանց դժվարության բացվում է։ Բայց այս ամենից առաջ մենք պետք է ունենանք բոլոր այն զենքերը, որոնք կարող ենք օգտագործել մեր փրկության համար մղվող պատերազմում։ Տիրոջ համբերության մասին խոսել են բոլոր առաքյալները, հատկապես Պողոս առաքյալը, որի մասին հիշատակում է Պետրոսը, նշելով, որ Պողոսի խոսքերն էլ ժամանակին քննադատության են արժանացել նույն հերձվածողների կողմից։ Այսինքն մոլորեցնողները ո՛չ միայն իրենց սուտ վարդապետությունն են տարածում, այլ նաև առաքյալների գրվածքներն են քննարկում և խեղում, որպեսզի մարդկանց պառակտեն իրենց միաբանությունների մեջ։ Պետրոս առաքյալն իր խոսքը ավարտում է, դարձյալ նրբանկատությամբ, ասելով․ « դե ուրեմն, սիրելիներ, իբրև նախապես տեղյակ դարձած մարդիկ, զգուշացեք, որ անառակ մոլորությամբ տարված՝ չկորցնեք ձեր վստահությունը։ Աճեցեք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ և գիտությամբ։ Նրան փա՛ռք թե՛ այժմ, թե մինչև հավիտենության օրը»։
Սիրելիներ, մի պահ եկեք Պետրոս առաքյալի տեսանկյունից նայենք մեր իրականությանը և սարսափենք, նայենք և արթնանանք մեր խորը քնից։ Առաքյալը լսել է բոլոր այն առակները, որ պատմել է Հիսուս Քրիստոս։ Լսել է այն բոլոր մարգարեությունները, որ արել է Տեր Հիսուս։ Իր աչքով ականատես է եղել բոլոր այն իրադարձություններին, որոնց մասին կանխավ ասել էր Տեր Հիսուս Քրիստոս։ Այսքան ճշմարտություն իր մեջ կրում է առաքյալը։ Կամենում է փոխանցել և հանդիպում է սառը դեմքերի, որոնց հետաքրքրում է հրաշքը, տեսիլքները, երազները, նյութական օրհնությունները, բայց ոչ երբեք Հիսուս Քրիստոս, որով միայն պիտի կատարվի իրենց փրկությունը։ Ինչ ծանր վիճակում է եղել Պետրոս առաքյալը։ Նույն ծանր վիճակում են բոլոր այն նախանձախնդիր հոգևորականները, որ ավետարանական ճշմարտությունները իրենց սրտում և մտքում է, փորձում են քարոզել, հայտնել, երբեմն գոռալ, որպեսզի արթնանան։ Փնտրում են դեմքեր, որոնք կորսան իրենց խոսքերը և կսեփականացնեն՝ կատարելու համար, բայց դժվար է գտնել։ Իսկ Աստված համբերում է դեռ։ Ինչո՞ւ է համբերում։ Որպեսզի Աստծու արքայության մեջ հնարավորիս շատ արդարներ ու անարատներ լինեն, քանի որ այնտեղ արդեն հավիտենություն է։
Երբ աշխարհի վախճանը գա, նշանակում է երկիրը այլևս սրբակենցաղ մարդ չի «արտադրում»։ Քանի դեռ ապրում ենք այս երկրի վրա, նշանակում է, որ Սոդոմ քաղաքի պես դեռ տասը մարդ սրբությամբ է ապրում և աղոթում է մնացած մեղավոր մարդկանց համար։ Ուրեմն մենք մեկընդմիշտ հիշենք, որ Աստված համբերում է հանուն մեկ ապաշխարող մարդու։ Իսկ երբ չարը հաղթի բարուն, այլևս նպատակ չի լինի կյանքը շարունակել։ Ուրեմն այսօ՛ր է փրկության օրը, ոչ թե վաղը։ Սիրելիներ, մենք Աստծու մեծ ողորմությամբ ավարտեցինք նաև Պետրոս առաքյալի ընդհանրական երկու թղթերը։ Փառք Աստծուն իր բոլոր առաքյալների համար, իսկ այս պահին պետրոս առաքյալի համար, որին ամենից շատ են ճանաչում, որի մասին ավելի շատ բաներ գիտենք, քան՝ մյուսների։ Թող Ասված արժանացնի մեզ Պետրոսի զղջումից՝ մեղքի հանդեպ։ Պետրոսի ծառայասիրությունից՝ Աստծու գործի մեջ։ Եվ Պետրոսի համարձակությունից՝ նահատակության մեջ։ Ավարտենք մեր սերտողությունը, ակնկալելով Տիրոջ ողորմությունը՝ Հովհաննեսի թղթերը սկսելու համար։
Աղոթենք միասին
Տե՜ր Աստված իմ, հզոր եւ գթած, դու, որ քո անսահման սիրով ինձ ոչնչից ստեղծեցիր քո անիմանալի պատկերով եւ բարի պարգեւներով հոգում ես իմ բոլոր պետքերը, ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում քեզ ամեն բանի համար, որ տվեցիր ինձ ծննդյանս օրից մինչեւ այսօր: Բայց որովհետեւ մարդկային հանցանքների բերումով ապականված, տկար եւ սխալական բնություն ունեմ` աղաչո՜ւմ եմ ինձ քո շնորհքը եւ իմաստությունը տուր եւ քո զորությունը օգնական դարձրու ինձ, որպեսզի կարողանամ միշտ քո պատվիրանների փրկարար շավիղների մեջ քայլել եւ համակերպվեմ քո կամքին եւ օրենքին, որպեսզի զերծ մնամ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից ու փորձանքներից, հեռու մնամ բոլոր անմիտ սխալներից, համառության մոլությունից, անկարգ ցանկություններից եւ սեփական քմահաճույքներից: Որովհետեւ քո՛նն են փառքը, պատիւն ու զորությունը հավիտյանս հավիտենից: Զարեհ Արք․ Ազնավորյան
Ամեն: