ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ․ մենք նախորդ սերտողության ժամանակ չկարողացանք ավարտին հասցնել երկրորդ նամակի առաջին գլուխը՝ ասելիքի շատության պատճառով։ Առաջին գլուխը իր մեջ ընդամենը քսան համար է պարունակում, բայց եթե ուշադրությամբ կարդանք, ամեն նախադասության մեջ կա գրեթե 20 ից 25 բառ։ Ամեն բառակապակցություն մի առանձին խոսակցության թեմա է։ Պետրոս առաքյալի ծավալուն մտքերը փորձենք ամփոփել այսօր։ Սա մի կողմից լավ է, այնքանով, որ դրանով երկարաձգվում են սերտողությունների օրերը, և մենք մշտապես մեր առավոտվա ժամերը գոնե անցկացնում ենք Աստծու խոսքի սերտողության և քննարկման մեջ։ Երեկ մենք մանրամասն ծանոթացանք առաքյալի հոգևոր սանդուխքի յոթ աստիճանների հետ, որոնցով միայն քրիստոնյան կարող է հասնել սանդուխքի վերջի աստիճանին։ Անկեղծ ասած այսօր ակնկալում եմ, որ հարցերը լինեն երեկվա սերտողության վերաբերյալ, քանի որ անպայման ձեզնից շատերի մեջ այսպիսի հարց կառաջանա․ օրինակ՝ Պետրոս առաքյալի հոգևոր սանդուխքի մասին շատերը չգիտեն, բայց քրիստոնյան են, ապա ինչպե՞ս կլինի նրանց փրկութան հարցը։ Հատկապես, որ առաքյալը կույր և կարճատես է անվանում այն մարդկանց, որոնք չունեն այդ առաքինությունները, կամ մոտացել են։
Այո, սա հույժ կարևոր հարց է, որ դրված է մեր եկեղեցու առջև և հրատապ լուծում է պահանջում։ Ենթական գիտե՞, որ մկրտվելով մաքրվում է իր ադամական և ներգործական մեղքերը և ինքը հրաժարվելով սատանայից, անցնում է Աստծու տիրույթ և պարտավոր է ծառայել Աստծուն։ Աստծուն ծառայել չի նշանակում դառնալ հոգևորական․ ամեն մարդ իր աշխատանքի վայրում կարող է ձևով մը ծառայել Աստուծո։ Քրիստոնյան մկրտվելուց հետո վերադառնում է իր նախկին կյանքին և ապրում է նույն կյանքով, ինչով որ ապրում էր, մոռանալով ինչ է կատարվել իր հետ մկրտության ժամանակ, և ինչ խոստացել ինքը՝ անել մկրտությանից հետո։ Առաքյալն ասում է կույր ու կարճատես է նա, ով մոտացել է իր նախկին մեղքերից մաքրվելը։ Մեր հասարակության եթե չասեմ բոլորը, ապա մեծամասնությունը ապրում են նույն կյանքով, այո, մկրտված են, քրիստոնյա են, գիտեն որ Աստված կա, նաև գիտեն որ Աստված պատժում է, բայց իրենք չեն վախենում այդ պատժից, քանի որ չեն կարդում Ավետարան։ Մինչդեռ Պետրոսի առաքինությունների աստիճանները մեզ տանում են դեպի վեր, դեպի մեր մշտական բնակության վայրը։ Պարզ մարդու համար, որը չի կարդում ավետարան, երեկվա սերտողությունը լսելիս պետք է զարմանք առաջացնի իր մտքում։ Ինչո՞ւ։
Որովհետև մարդը լավ ապրում է, լավ վաստակում է, վաստակածը վայելում է, տուն ունի, մեքենա ունի, լավ աշխատանք ունի, նրա ինչին է պետք այդքան ջանք թափել ու ձգտել այդ առաքինություններին սեր ձեռք բերելու համար։ Ինքը գիտի, որ սիրում է իր զավակին, իր հարուստ բարեկամին և ո՛ւմ որ ուզում է սիրել, սիրում է։ Մեր ժողովրդի մեծ մասը այս տրամաբանությամբ է ապրում։ Բայց երբ վրա է հասնում փորձությունը, կամ հիվանդությունը, մարդը սկսում է վախենալ եղածը կորցնելու համար։ Հարուստը վախենում է կորցնել ունեցվածքը, հիվանդը մեռնելուց է վախենում, ծնողը զավակի համար է վախենում։ Մի խոսքով Պետրոս առաքյալի այս խոսքերը, որ կարդում ենք, շատերի համար հայտնություն է, այն էլ ո՛չ հաճելի։ Բայց Աստծու հետ հաղորդակից լինելու հաճույքը ևս պայման ունի։ Պետք է հրաժարվել աշխարհի ցանկություններից։ Աստվածային զորությունն է մեզ շնորհել ամեն ինչ, որ վերաբերում է կյանքին։ Սիրելիներ, բավարար չէ միայն իմանալ, որ Աստված կա։ Կամ Քրիստոս խաչվել է մեր մեղքերի համար։ Եթե մենք շարունակում ենք ապրել մեր մեղերի մեջ, ուրեմն Քրիստոսի խաչելությունը մեզ հետ չի առնչվում։ Ուրեմն Աստված իրեն չի հայտնել մեզ, և մենք իր զորությամբ չունենք աստվածապաշտության փափագը։ Հոգևոր կյանքի մեջ մի վտանգավոր երևույթ կա, որի մասին մտահոգվող էլ չկա։ Ինքնախաբեությունն է այդ վտանգը։ Երբ մենք մեզ պատկերացնում ենք ժամանակակից քրիստոնյաներ, բայց իրականում քրիստոնեության հետ կապ չունեցող մարդիկ ենք, որ մեզ խաբում ենք հանգիստ ապրելու համար։
Մինչդեռ քրիստոնյան ոչ մի օր չի կարող հանգիստ լինել և վստահ լինել իր հավատի վրա, որ խախտվում է ցանկացած փորձության ժամանակ։ Ինչպես որ մեր ամենօրյա մարմնավոր կյանքը ունի ապրելու իր կանոնները, այնպես էլ հոգևոր կյանքը ունի իր պայմաններն ու կանոնները։ Չիմանալու դեպքում կորուստ մեծ է լինելու։ Մեր խաբված ականջները լսելու են դաժան խոսքեր․ «Չե՛մ ճանաչում ձեզ»։ Պետրոս առաքյալը, որ այսքան նախանձախնդրությամբ ուսուցանում է Աստծու խոսքը, ներքին մտահոգություն ունի, որ դարերի ընթացքում մարդիկ գուցե մոռացության տան այս պատվիրանները։ Առաքյալն իր ժամանակի մարդկանց գրելով, ասում է․ «Ահա թե ինչու պատրաստ եմ հիշեցնելու ձեզ այս բաները, առավել ևս գիտակներին, և այդ ճշմարտությանը վերահասու եղածներին»։ Եթե առաքյալը հարկ է համարում գիտակներին և ճշմարտությունը ճանաչողներին նորից հիշեցնել աստվածային պատգամները, ապա ինչ կլինի նրանց հետ, որոնք տեղյակ չեն Աստծու իրական ճշմարտությունից, ո՛չ թե մարդու կողմից և ձևակերպական։ Ինչպես որ Պողոսը չէր ձանձրանում անվերջ կրկնել Աստծու խոսքի ճշմարտությունները և քանի դեռ այդ մարմնի մեջ էր փորձում էր ծառայել մարդկանց, այդպես է անում նաև Պետրոս առաքյալը, ասելով, որ, – «Քանի դեռ այս մարմնի մեջ եմ, արթուն պահել ձեզ հիշեցումներով»
Առաքյալը մեծ պատասխանատվություն է զգում իր վրա, մարդկանց արթուն պահելու հարցում։ Իսկ ինչ է հոտին արթուն պահելը, եթե ո՛չ քարոզել ժամանակին, թե տարաժամ։ Պետրոսը երեք անգամ հաստատեց իր սերը՝ Քրիստոսի հանդեպ՝ հոտին արածեցնելու պատգամը լսելիս։ Այս գլխի ավարտին , մարդկանց տեղեկացնում է, որ շուտով մերկանալու է այդ մարմնից, ինչպես որ Տեր Հիսուսն է իրեն հայտնել։ Իսկ աշխարհից հեռանալուց առաջ առաքյալն ուզում է միշտ հորդորել Աստծու խոսքը, որպեսզի իր մահից հետ մարդիկ վերհիշեն այդ բաները։ Սիրելիներ մեծ առումով այսօր մեր հավատացյալի գործը ավելի բարդ է, քան օրինակ՝ առաջին դարի մարդու։Ինչո՞ւ։ Որովհետև նախ այդքան շատ գրքերը չկար առաքյալի ձեռքի տակ՝ մարդկանց քարոզելու համար։ Իսկ մենք այսօր անծայրածիր հոգևոր գրադարաններ ունենք ուսումնասիրելու համար Աստծու խոսքը։ Ինչքան քարոզիչներ կան, ինչքան եկեղեցիներ կան, ինչքան մեկնաբանություններ կան, որոնք ընթերցելով ու լսելով չի ավարտվի։ Այսքանով հանդերձ՝ քրիստոնեական կյանքը իր բարձր հիմքերի վրա չէ։
Պետրոս առաքյալը շատ է կրկնում «ջանացեք» բառը։ Իսկ սա նշանակում է․ որ հեշտությամբ մեզ ոչինչ չի տրվելու։ Ջանացեք,- ասում է,- որ ձեր բարի գործերով ձեր կոչումը հաստատ պահեք։ Այսինքն քրիստոնյան միայն անունով չի հասնի ոչ մի բանի։ Իսկ ով հաստատ է իր կոչման մեջ, նա հանցանքի մեջ չի հայտնվի։ Սա է այդ նեղ ճանապարհը, որը տանում է դեպի մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։Առաքյալի միակ նպատակն է որ մեր մարդկային մեղանչական բնությունը հաղորդակից լի աստվածային բնությանը։ Այլապես մենք այնքան ենք ապականվել, որ մեր բնությամբ և մեր սեփական ցանկությամբ չենք կարող հրաժարվել աշխարհի ցանկություններից ու ապականություններից։ Այո աշխարհը ապրում է անբնական ցանկությունների և ապականության մեջ։ Դա աշխարհի համար նորմալ է, բայց հոգևոր մարդը իրավունք չունի երկար մնալու այդպիսի միջավայրում։ Հովհաննես Մկրտչի առաջին պատգամը ապաշխարության մասին էր, Հիսուս Քրիստոսի առաջին պատգամը ապաշխարության մասին էր, ինչո՞ւ։
Որովհետև աշխարը լեցուն էր ապականությամբ և պետք էր, որ այն ինքնամաքրվի։
Պետրոս առաքյալն իր ժամանակի համար ասում էր, որ ամեն ինչի վախճանը մոտեցել է։ Որովհետև տեսնում էր մարդկանց ապականությունները։
Արթնությունը, ջանքը, աղոթքը միայն կարող են մեզ մոտեցնել այդ հոգևոր աստիճաններին, իսկ Աստված անտես չի անում ջանացողին և տալիս է շնորհներ՝ ավելիով։ Ինքնախաբեություն կլինի մտածել, որ հրեշտակը մեր ձեռքից բռնած կմոտեցնի այդ աստիճաններին և մենք առաքինությունները որպես պարգև կստանանք; Երբեմն մի առաքինության հասնելու համար տարիները չեն բավարարում, քանի որ վնասված է եր բնությունը մարդկային ցանկությունների պատճառով։ Ամբողջ Սուրբ Գիրքը հիմնված է սիրո վրա։ Քրիստոսի խաչելությունը մեծագույն սիրո արժեք է։ Ինչու մենք չենք կարողանում հանդուրժել մի բատ խոսք, մի զրպարտություն, մի բամբասանք, մի հանդիմանություն և անմիջապես անցնում ենք հակահարձակման։ Որովհետև առաքյալի դպրոցում չենք սովորել այն հերթականությունները, որոնց միջոցով պետք է ձեռք բերենք սեր և հաղթենք չարին՝ բարով։ Հետևաբար երբ մենք վստահ ասում ենք, թե՝ հավատո՛ւմ եմ, այդ պահին արդյոք հիշո՞ւմ ենք, որ ա՛յդ հավատով է, որ պետք է առաքինություններ ձեռք բերենք, ու այդ առաքինությունների շնորհիվ՝ սեր, որով պիտի կարողանանք խաղաղ ապրել մեր կյանքը։ Սիրելիներ, Աստվածաշունչն ամբողջությամբ սովորելու և ապրելու գիրք է, սակայն նրանում կան առաջնահերթ պատգամներ, որոնց վրա պետք է կառուցվի մեր հավատը։ Իմաստության ասում է ․
«Աստված մեր ներքին ցանկությունների Վկան է, մեր սրտի ճշմարիտ Վերակացուն է, և մեր լեզվի Ունկնդիրն է»: Այս ճշմարտությունը մենք գիտենք Աստվածաշնչից, և առաջնորդվում ենք սրանով՝ հնարավորինս չմեղանչելու համար: Այս ճշմարտության գիտությունն է օգնում մեզ, որպեսզի մեր ներքին մտածումները մաքրենք ամեն տեսակ անպետք մտքերից, որ գալիս են երբեմն ակամայից: Այս ճշմարտության գիտությունն է օգնում, որ թույլ չտանք մեղքը թափանցի մեր սիրտը և դառան մեր սրտի բնակիչը, այլ՝ դուրս նետենք այն, քանի դեռ մեր մտքում է: Եվ երրորդ՝ այս ճշմարտության գիտությունն է օգնում, որ մենք սուտ չխոսենք, որովհետև գիտենք, որ Աստված մեր լեզվի ունկնդիրն է:
Հիմա տեսեք, սիրելիներ, թե որքան անհրաժեշտ է ամեն ժամ արթուն լինել Աստծու խոսքի հանդեպ։ Աղոթքի մեջ արթուն լինել, նշանակում է աղոթքի ժամին պատմել Աստծուն օրվա կարևոր իրադարձությունների մասին: Մենք չենք կարող սուտ պատմել Աստծուն, որովհետև Աստված գիտե, մինչև մեր պատմելը, ուրեմն սա մեզ է պետք, որպեսզի այսպիսով սովորենք չստել ո՛չ մի հարցում, և Աստծու առջև ներկայանալ շիտակ խոսքով:
Հիմա համոզվեցի՞նք, որ Աստվածաշնչի մեկ տողը կարող է մեր կյանքը փոխել, մեր թերությունը վերացնել, մեզ ազատել ստի կապանքներից: Իսկ նա ով չի կարդում Սուրբ Գիրքը, այս պարզ միջոցը չգիտի ազատվելու համար այդ չարիք ստից: Սա գուցե փոքր բան համարվի, բայց մեր անտեսած մեղքերից է: Եթե քրիստոնյաներիս վարած կյանքի մեջ Աստվածաշունչը չարտացոլի, երբեք չակնկալենք, որ մեր եկեղեցի գնալը որևէ մեկին կփոխի մեր շուրջը: Հավատ գումարած գործ հավասար է Աստվածաշունչ, որովհետև մեր Տերը ասաց և արեց: Մեր աներեր հավատը պատասխան է Քրիստոսի սիրուն, որ փաստեց խաճի վրա՝ մեր փրկության համար։
Սիրելիներ, Պետրոս առաքյալի խոսքերի վստահությունը քաջալերում է մեզ այն առումով, որ ինքը պատմում է ականատեսի աչքերով, ոչ թե որևէ մեկից լսելով։ Առաքյալը հնարովի առասպելներ չի պատմում, այլ խոսում է այն բաներից, ինչը տեսել է իր աչքերով։ Տեր Հիսուսի փառքի և զորության մասին նկարագրելիս, հավանաբար նկատի ունի Տիրոջ պայծառակերպությունը՝ լեռան վրա, որին ներկա էր Պետրոսը և երկու աշակերտ։ Քանի որ այդ ժամանակ էր, որ երկնքից լսվեց Հոր մեծավայելուչ փառքի ձայնը, թե․ «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճությունը»։ Երբ մեկը խոսում է պատմական իրողություններից, որը ինքն է կարդացել, այդքան հավաստի չի հնչում, որքան որ մեկը պատմում է մի բան, որը կատարվել է իր աչքի առջև և ինքը վկայում է այդ մասին։ Պետրոս առաքյալը այդ ականատեսներից մեկն է, որի խոսքը հավաստի է իր ընթերցողների աչքին ու ականջին։
Պետրոս առաքյալը խորհուրդ է տալիս իր ընթերցողին հետևել նաև մարգարեական խոսքերին, որոնք նույնպես անձնական վկայություններ են և հավաստի ու հաստատուն են լսողի համար։ քանի որ այդպիսի խոսքերը ճրագ են, որոնք լույս են տալիս մութ տեղերում։ Այնքան ժամանակ են լուսավորում խավար մտքերը, մինչև որ իրական լույսը ծագի մարդկանց սրտերում։
Առաքյալը առ ի գիտություն ևս մի կարևոր միտք է արտահայտում առաջին գլխի ավարտին՝ դարձյալ մարգարեությունների մասին։ Նա ասում է, որ գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, քանի որ մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց, այլ Սուրբ հոգուց մղված էր, որ խոսում էին Աստծու սուրբ մարդիկ։ Պատահում էր, որ նույնիսկ պատգամ փոխանցող մարգարեն ամբողջությամբ չէր հասկանում իր պատգամածը, որովհետև դա իր միտքն ու խոսքը չէ, այս Աստծու Սուրբ Հոգու։ հետագայում, երբ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ և Նրա առաքելության նպատակը հասկանալի դարձավ մարդկանց համար, մարդիկ սկսեցին մարգարեությունները մեկնաբանել Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու և Նրա առաքելության լույսի ներքո։ իսկ մինչ այդ, կային մարգարեություններ, որոնք հասկանալի չեն եղել մարդկանց համար։ Հիշենք մի դրվագ, երբ Տեր Հիսուս փարիսեցիներին ասաց․ «Քննեցեք Գրքերը, որովհետև կարծում եք, թե նրանցով կարող եք հավիտենական կյանք ունենալ: Ահա բուն նրանք են, որ Իմ մասին են վկայում» (Հովհ. 5.39): Եկավ Քրիստոս աշխարհ և ամեն մութ անկյուն լուսավորվեց Նրա լույսից։
Սիրելիներ, մենք տեսանք, որ Պետրոս առաքյալն էլ իր կյանքի ավարտին է գրել այս թուղը, և հարկ է համարել այդ մասին տեղեկացնել իր ընթերցողին, որ իրեն հայտնի է իր մահվան մոտակա ժամանակը, քանի որ իրեն հայտնել է Տեր Հիսուս Քրիստոս։ Բայց իր մահվան մասին տեղեկացնում է ո՛չ թե հուսահատությամբ, ու տխրությամբ, այլ հակառակը՝ շտապում է հնարավորինս շատ բան սովորեցնել մարդկանց, որպեսզի նրանք վերհիշեն բոլորը՝ իր մահից հետո։ Այսպիսի մի դեպքի էլ ականատես եղանք Պողոս առաքյալի նամակներում, եր Տիմոթեոսին տեղեկացնում էր իր մեկնումի մասին, բայց դարձյալ ոչ տրտմությամբ, այս խրատական պատգամներ թողնելով։ Սրանք Աստծու հետ շփում ունեցող առաջին մարդիկ էին, որոնք անձամբ առաջադրանքներ են ստացել Աստծուց, ամենայն պատասխանատվությամբ կատարել և փոխանցել են հետագա սերունդներին՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տեսքով։ Նայելով այս մարդկանց կյանքին, գործին, խոսքին, թողած նամակներին, տված խրատներին, մեր ապրած քրիստոնեությունը չի կարելի համարել աստվածաշնչյան։
Եթե մենք առաքյալների նման իմանայինք մեր մահվան մոտակա ժամանակների մասին, ապա մ՞իթե այսպիսի խաղաղությամբ մարդկանց հետ կզրուցեինք։ Կամ անտեսելով մեր մահը, մի՞թե ջանք կթափեինք մեկին մի բան ավել սովորեցնել, հետո մեռնել։ Ոչ, անշուշտ։ Որովհետև մենք չունենք բավարար հավատ, բավարար գիտելիք, որպեսզի մեր կյանքը պատրաստենք առաքյալների նման։ Մեր կյանքի մեջ չկա առավել մեծ բացթողում, քան Սուրբ Գրքի չիմացությունը։
Սիրելիներ Սուրբ Գրքերը օգնում են մեզ հաստատվելու այն մտքի վրա, որ մեր երկրային կյանքի ավարտին մենք չենք լինելու ինչ որ անծանոթ մի միջավայրում, որ ոչ լեզու գիտենք, ոչ հասցե, այլ մեզ դիմավորելու է Տիեզերքի Փրկիչը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Միայն այս մտքից քաջալերված մենք մեր կյանքը երկրի վրա պետք է պատրաստենք մեզ դիմավորողի սրտով, Նրա խոսքով, Նրա կամքով, Նրա սիրով և հանուն Նրա սիրո։ Ինչպես որ արել են առաքյալները և հուսախափ չեն եղել։ Պողոս առաքյալը մեզ սովորեցրեց, որ կյանքում ամեն բան կարելի է անել, բայց ամեն բան օգտակար չէ։ Հակոբոս առաքյալը սովորեցրեց, որ Աստծու առջև աղոթքի պահին՝ երբեք երկմիտ սրտով ոչինչ չխնդրենք, քանի որ Աստված չի պատասխանում երկմիտ մարդուն։ Պետրոս առաքյալը մեզ ցույց տվեց հոգևոր կյանքի մեջ առաջ գնալու աստիճանները՝ որոնց սկիզբը՝ հավատն է, իսկ ավարտը՝ սերը։ Սիրելիներ այստեղ ավարտենք երկրորդ թղթի առաջին գլխի մնացած համարների սերտողությունը։ Աստված կամենա հաջորդ սերտողությունը կլինի առաջին թղթի երկրորդ գլուխը։
Աղոթենք միասին։
Լույս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու, լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս, բա՛ց իմ սրտի աչքերը և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով: Առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, նեղ ճանապարհով, ինչպես առաջնորդեցիր Քո սուրբերին և զորացրո՛ւ ինձ տկարությունից՝ ժուժկալությամբ, համբերությամբ և ջերմեռանդ սրտով գնալու Քո ճանապարհով: Տե՛ր, ողորմի՛ր Քո Արյամբ փրկված ժողովրդին, աղաչում ենք Քեզ:
Ցույ՛ց տուր մեզ մեր հոգևոր մերկությունը, որ մեղքի պատճառով ունեցանք, և արժանացրո՛ւ արտաքսվածներիս նորից արժանանալու Քո Լույս Երեսին, քանի որ Քո բոլոր պարգևները կատարյալ են, որ տվել ես մեզ: Փառավորում ենք Քո Սուրբ Անունը Հոր և Սուրբ Հոգու հետ միասին: