ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ մենք գիտենք, որ Պետրոս առաքյալը երկու նամակ ունի ուղղված բոլոր քրիստոնյաներին։ Առաջին նամակի սերտողությունը ավարտեցինք։ Այսօր կսկսենք երկրորդ թղթի սերտողությունը։ Երկու թղթերում էլ երևում է հեղինակի հիմնական մտահոգությունը։Առաքյալի նպատակն է պայքարել Ավետարանի հակառակ վարդապետություններ տարածողների դեմ, որոնք թափանցել էին եկեղեցուց ներս։ Նրանց ուսուցման գլխավոր վտանգներից մեկը եկեղեցու խաղաղ կյանքի խանգարումն էր։ Սովորաբար որևէ աղանդի, կամ սխալ վարդապետության ներթափանցման դեմ պայքարելու միակ ու վերջնական միջոցը քրիստոնյաներին ավետարանական ուղղափառ վարդապետության մեջ հաստատել է։ Քրիստոնյաները պետք է կապված մնան Աստծու և Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ճանաչողությանը այնպես, ինչպես այն փոխանցվել է մեզ նրանց կողմից, ովքեր իրենց սեփական աչքերով են Հիսուս Քրիստոսին և լսել Նրա ուսուցումը։
Իր երկրորդ թղթի սկզբում, ողջույնի կարճ խոսքից հետո, հեղինակը կանգ է առնում քրիստոնեական կյանքի համար կարևոր մի շարք հատկությունների, և Աստծուց ստացած կոչին հավատարիմ մնալու անհրաժեշտության վրա, համաձայն այն անձանց վկայության, որոնք տեսել են Հիսուս Քրիստոսին։ Առաքյալը խստորեն դատապարտում է կեղծ վարդապետություններ տարածողների գործունեությունն ու ընթացքը։ Որն էր նրանց սխալ վարդապետության վտանգ՝ քրիստոնյա ժողովրդի համար։ Նրանք ծաղրում էին Քրիստոսի գալստյանը սպասողներին և հատկապես պնդում էին, որ դա տեղի չի ունենալու։ Պետրոս առաքյալը ի պատասխան նրանց պնդումի, հաստատում էր, որ եթե Քրիստոսի գալուստն ուշանում է, ապա դա Աստծու համբերության պատճառով է, որը առիթ է տալիս շատերին՝ ընդունելու փրկությունը։ Սիրելիներ, կյանքում երբեք չեն պակասել կեղծ ուսմունքների տարածողները։ Պետրոս առաքյալի երկրորդ թղթի պատգամը մշտապես այժմեական է։
Առաքյալը հորդորում է հավատացյալներին, որ Տիրոջը ճանաչելու ձգտման մեջ հաստատուն մնան, որպեսզի մոլորության մեջ չընկնեն՝ անկայուն տեսությունների պատճառով։ Սա պատահել է սկզբնական քրիստոնեական համայնքներ հիմնելու ժամանակներից և ձգվել է մինչև մեր օրերը։ Պետրոս առաքյալի որդեգրած սկզբունքը միակ ճանապարհն է բոլոր սխալ վարդապետությունների։ Մեր օրերում էլ քիչ չեն սխալ վարդապետությունները, բայց մեր եկեղեցին առաքյալի սկզբունքով չի առաջնորդվում։ Փոխարեն եկեղեցու անդամներին կրթեն ավետարանի կրթությամբ և հաստատեն նրանց մեջ Քրիստոսի ճշմարիտ ճանաչողությունը, ատելություն են սերմանում եկեղեցու անդամների և աղանդավորների միջև։ Պետք չէ պայքարել սխալ ուսմունքի դեմ, այլ պետք է հաստատվել Ավետարանի ճշմարտության, Քրիստոսի սիրո, և առաքելական ավանդությունների վրա։ Իսկ այն, ինչը Աստծուց չէ եկած, շուտով պիտի մարի, ու վերանա։ Կեղծիքը չի կարող անցնել կրակի բովով ՝ ճշմարտությունը ստուգելու օրը։ Մենք հաստատուն մնանք ճշմարտության մեջ և համբերենք։
Սիրելիներ առաքյալի առաջի ր երկրորդ թղթերի մեջ շատ մեծ տարբերություն չկա։ Երկուսի մեջ էլ աստվածաբանական մտքեր կան, որոնք մեզ շատ հաճախ խորհելու տեղիք են տալիս Սուրբ Հոգու շնորհների մասին; Մեր աչքի առջև է Պետրոսի ձկնորսական կյանքն ու հատկապես բնակավայրը, որի մասին տարածված լուր կար, որ Գալիլիացի մարդիկ անուս են։ Հիմա մեր ձեռքում են այդ անուս գալիլիացու թղթերը, որոնք մեկնաբանությամբ հասկանալու կարիք ունեն։ Ուրեմն երբ մաքուր սիրտը պատրաստակամ է ծառայել Աստծուն, Սուրբ Հոգին անմասն չի թողնում այդպիսի մեկին; Պետրոսը այդպիսի մեկն էր։ Ինչքան էլ որ ավետարանի մեկնաբանները իրենց զարմանքն արտահայտեն Պետրոսի անուս լինելու և այսպիսի թղթեր գրելու մասին, մենք գիտենք, որ Սուրբ Հոգին կարող է ձկնորսից աստվածաբան սարքել, մաքսավորից ավետարանիչ սարքել։ Սա Սուրբ Հոգու մենաշնորհն է՝ մարդու մաքուր սրտի և ծառայության պատրաստակամության շնորհիվ։ Առաքյալներից որ մեկին էլ վերցնենք, նույնն է պարագան, Սուրբ Հոգուց ներշնչված, և Սուրբ Հոգով լցված են։
Մենք հավատում ենք, որ թղթի հեղինակը Պետրոսն է, որովհետև գիտենք Պետրոսին այն օրից, երբ Սիմոն էր անունը, և Տերը նրան ընտրեց իր ծառայության մեջ։ Գիտենք նաև, որ Պենտեկոստեի օրը բոլոր աշակերտները լցվեցին Սուրբ Հոգով և խոսում էին մարդկանց համար հասկանալի լեզուներով։ Հետևաբար հավատում ենք, որ Տեր Հիսուս Սիմոնին Պետրոս դարձրեց և պատվիրեց արածեցնել իր հոտը։ Հավանաբար հիշում եք, որ առաջին թղթի մեջ, որը ուղղված էր սփյուռքի պանդուխտներին, հեղինակը ներկայացավ որպես Պետրոս և Հիսուս Քրիստոսի առաքյալ։ Իսկ երկրորդ թղթի մեջ ներկայանում է որպես Սիմոն Պետրոս, ծառա, ապա առաքյալ Հիսուս Քրիստոսի։ Նախ ներկայանում է իր նախկին անունով, որը պարզ ձկնորս էր։ Հետո ասում է Պետրոս, որ անվանակոչվել էր Հիսուս Քրիստոսից։ Ապա ներկայացնում է, թե ինքը ում ծառան է։ Ապա ներկայացնում է իր պատվավոր կոչումը, որ Քրիստոսի առաքյալն է։ պետրոսը կարծես աշխարհի կամենում է ասել, որ դուք ինձ գիտեիք սկզբից, որ ձկնորս Սիմոնն էի։
Իսկ հիմա Հիսուս Քրիստոսի ծառան ու առաքյալն եմ։ Ծառաների ու տերերի մասին խոսելիս, ես ձեզ ասել եմ, որ այդ ժամանակներում շատ մեծ նշանակություն ուներ, թե ենթական հատկապես ո՛ւմ ծառան է։ Եթե կուսակալի ու նշանավոր մեկի ծառա էր, նրա խոսքը հարգանքի արժանի էր իր տիրոջ պատիվն ու համբավը հաշվի առնելով։ Եթե իշխանավորի ծառան պատիվ ուներ, ապա ինչ պատիվ կունենար Քրիստոսի ծառան։ Անշուշտ հասկացողների համար սա մեծագույն պատիվ էր։ Ինչո՞ւ եմ ասում հասկացողների, որովհետև, ավետարանն ասում է, ով ումից հաղթվում է, նրա ծառան է։ Մենք քրիստոնյաները հաղթվել ենք Քրիստոսի սիրուց, և ընդունել ենք նրան ծառայելու մեծ պատիվը։ Իսկ նրանք, որոնք ամաչում են Քրիստոսի ծառա, կամ սպասավոր կոչվել, նրանք ծառա են իրենց սեփական կրքերին ու մեղքերին։ Միշտ էլ երկու ճանապարհ կա մարդու առջև՝ ընտրության համար՝ կամ՝ հաղթվել Աստծու սուրբ հոգու սիրո շնորհներից և ծառայել Աստծուն։ Կամ էլ դառնալ ծառա սեփական անկարողություններին, տկարություններին, հպարտությանը և դառնալ սատանայի կամակատար Երրորդ տարբերակ չկա ընտրության։
Քրիստոսի ծառան ազատ է մեղքի իշխանությունից, սատանայի իշխանությունից, և հատկապես ազատ է մահվան վախից։ Պետրոսը այսպիսի ծառա էր Հիսուս Քրիստոսին։ Առաքյալը ում որ հղում է իր խոսքը, ասում է․, որ դուք էլ մեզ հետ հասաք նույն պատվական հավատին՝ Հիսուս Քրիստոսի արդարությամբ։ Առաքյալը իրենց ընդունած հավատը պատվական է համարում։շ, և նվիրումով ծառայում է այդ պատվական հավատով։ Սիրելիներ, մենք ազատ ապրողներս, որ հալածանքի տակ չենք, երբևե մեր հավատը պատվական համարե՞լ ենք։ Կամ դավանո՞ւմ ենք, որ այդ պատվական հավատը Հիսուս Քրիստոսի արդարությամբ ենք ընդունել։ Ինչո՞ ւ եմ այսքան մանրացնում բառերը, որպեսզի մենք համեմատենք մեր ունեցած և ապրած քրիստոնեությունը, իրական քրիստոնյաների և իրենց հասկացած քրիստոնեության հետ։ Այդ պատվական հավատն ընդունողներին շնորհ է փոխանցում տեր Հիսուս Քրիստոսից՝ իրենց ունեցած գիտության համար։
Պետրոս առաքյալը նախ ներկայացնում է, թե այդ պատվական հավատը ո՞ւմ զորությամբ հասավ իրենց, և ո՞վ էր, որ կանչեց իրենց և ճանաչել տվեց աստվածապաշտության կանոնները, որով է միայն մարդը տեսնում Աստծու փառքն ու առաքինությունը։ Այդ պատվավոր հավատի միջոցով է, որ Աստված կամենում է վերականգնել ընկած մարդու նախկին կերպարը՝ մինչև մեղանչումը։ Բայց այդ վերականգնումը միանգամից անկարելի է։ Ինչպես որ երեցի դեմ պայման է դրված հոտը հովվելու, այնպես էլ քրիստոնյան Աստծու խոսքով ապրելու համար որոշակի պայմանների պետք է ենթարկվի։ Երեցն էլ հավատացյալն էլ նույն պայմաններին պետք է հնազանդվեն։ Որո՞նք են այդ պայմանները։ Պարզ և հասկանալի լեզվով ասում է,- Որպեսզի հաղորդակից լինենք աստվածային բնությանը, պետք է հեռու մնանք այս աշխարհի ցանկություններից և ապականություններից։ Թվում է, թե պայմանը հասկանալի է։ Այսինքն քրիստոնյա մարդը չի կարող գտնվել Աստծու և սատանայի միջև ընկած տարածության մեջտեղում։ Կողմերից մեկում պետք է լինի։ Ինչպես որ Տեր Հիսուսն ասաց, թե երկու տիրոջ չեք կարող ծառայել։ Կամ Աստված է, կամ սատանան։
Աշխարհի ապականությունից ու ցանկություններից հրաժարված քրիստոնյան գնահատում է իր պատվական հավատը։ Այդ հավատով և սեփական ջանասիրությամբ սկսում է առաքինություններ ձեռք բերել, քանի որ բարձր է գնահատում այն թանկագին խոստումներն ու պարգևները։ Իսկ առաքինություններ ունեցող մարդը ձգտում է գիտության, քանի որ գիտությամբ ավելի է մոտենում Աստծուն և ճանաչում Նրա անսահման սերը՝ իր հանդեպ։ Երբ մարդը ձեռք է բերում աստվածային գիտությունը, անմիջապես տեսնում է իր անկատարությունը և աշխատում է իր թերությունների վերացման վրա։ Առաջին քայլը որ անում է, չափավորությունն է ամեն ինչի մեջ։ Չափավոր մարդը նաև համբերատար է, քանի որ տեղյակ է Տիրոջ խոսքից, որ խոստացել է մինչև վերջ համբերողներին, քանի որ նրանք են փրկվելու։ Համբերատարությամբ է, որ մարդը աստվածապաշտություն է ձեռք բերում։ Հոգևոր կյանքի մեջ շտապողականությունը օգուտ չի բերում և սխալվելու հավանականությունը մեծանում;
Պետրոս առաքյալը ուներ շտապողականություն, եթե հիշում եք իր պահվածքը՝ երեքամյա ծառայության տարիներին; մենք էլ ունենք այդ շտապողականությունը՝ հոգևոր կյանքի մեջ։ Երբեմն մի աղոթք անգիր իմանալուց հետո , կամ երկու քարոզ լսելուց հետո պատրաստ ենք վեճի բռնվել մեկի հետ, որը դեռ լուր չունի Ավետարանի քարոզությունից։ Ուրեմն համբերատարությամբ միայն կարող ենք ձեռք բերել աստվածապաշտություն; Ի՞նչ է աստվածապաշտությունը։ Երբ հավատացյալն անցնում է հոգևոր կյանքում մի որոշակի ճանապարհ, հանդիպելով վերը նշված առաքինություններին, հղկվում է, ինչպես անմշակ փայտը՝ հյուսնի ձեռքին։ Բացվում են նրա հոգևոր աչքերն ու ականջները Տիրոջ խոսքի հանդեպ, այնպես ինչպես որ Պետրոս առաքյալը աստիճանաբար ստացավ այդ բոլոր առաքինությունները, և սկսեց ծառայել Աստծուն։ Աստվածապաշտությունը խոնարհությամբ ծառայություն է՝ պատրաստ նահատակության։ Նահատակություն ասելով պետք չէ պատկերացնել միայն գլխատում, կամ խաչելություն։
Նահատակություն է նաև անմնացորդ ծառայությունը՝ Քրիստոսի փառքի համար, սրբությամբ ապրած կյանքով օրինակ լինել մյուս քրիստոնյաների համար, ժամանակն ու կյանքը տրամադրել այլոց փրկության համար։ Սա աստվածպաշտություն է, քանի որ Աստծու փառքի համար է, ոչ թե սեփական անձի։ Աստվածապաշտությունը մղում է եղբայրասիրության, քանի որ բխում է գլխավոր պատվիրանից, որն ասում է․ – Սիրիր Աստծուն և մերձավորիդ։ Իսկ ի՞նչ առաքինություն կարելի է ձեռք բերել եղբայրասիրություն ձեռք բերելուց հետ։ Այս բոլոր առաքինությունները ունենալուց հետո է միայն որ հնարավոր է «սեր» ձեռք բերել, որը գլուխն է բոլոր առաքինությունների։ Հիմա ամփոփենք մեկ նախադասությամբ, որպեսզի մեր միտքը ամբողջանա; Ուրեմն աստվածային բնությանը հաղորդակից լինելու համար, պետք է նախ հրաժարվել աշխարհի ցանկություններից ու ապականություններից, և ջանք գործադրելով՝ պատվական հավատի միջոցով ձեռք բերել առաքինություն, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերատարություն, համբերատարությամբ՝ աստվածապաշտություն, աստվածապաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր։
Սիրելիներ, եթե անկեղծ լինենք մեր հոգևոր ընթացքի հանդեպ, մեր պարագայում ո՛չ հավատն է պատվական, ո՛չ քրիստոնեությունն է քրիստոնեություն, ո՛չ էլ մեր առաքինություններն են առաքինություն։ Մենք ինչպես կարող ենք խոսել սիրո մասին, երբ լուր չունենք այս հերթականության մասին, որ մեզ տեղեկացրեց Պետրոս առաքյալը։ Տեսա՞ք, որ քրիստոնեությունը միայն մկրտվելով չէ, միայն խաչ կրելով չէ, եկեղեցի գնալով չէ։ Քրիստոնեությունը որակյալ կյանք, որը կարող ենք ձեռք բերել մեր ողջ կյանքի ընթացքում՝ կրթվելով, կարդալով, լսելով, վերափոխվելով, և գլխավորը՝ հնազանդությամբ և հաճույքով։ Հավատքի աստիճանները միանգամից անկարելի է բարձրանալ։ Հոգևոր կյանքի առաջին աստիճանը, որի վրա դնելու ենք մեր ոտքը, աշխարից հրաժարումն է; Այնուհետև՝ առաքինությունների ձեռքբերումը։ Եթե համեմատենք մեր հոգևոր կյանքը, այս նկարագրության հետ, ապա միանգամից կարելի է ասել, որ մեր հավատը մեռած հավատ է; Կամ մեր հավատը սնոտի հավատ է, հիմնված ինքնախաբեության վրա։ Իսկ երբ մենք այս շնորհներն ունենանք, կամ այս շնորհներով հարստանանք, սրանք մեր անպտուղ չեն թողնի մեր հոգևոր կյանքի մեջ։ Միայն գիտություն չենք ունենա Հիսուս Քրիստոսի մասին, այլ որակյալ կյանք կունենանք Հիսուս Քրիստոսով։ Դուք նկատեցիք, որ մի առաքինությունը ծնում է մեկ այլ առաքինություն և ամենավերջում ծնվում է սերը, որ մեծ է բոլոր առաքինություններից, բայց հայտնվել է վերջի շարքում։ Այսպես է նաև Տիրոջ պատգամը, որն ասում է․ – Ձեզնից մեծը թող ձեր սպասավորը լինի։ Մեծը այն չէ, որ առաջին շարքում դասված, այլ մեծը նա է, որը բազում առաքինությունների միջով է անցնում և գրավում է վերջին տեղը; Իսկ ինչպե՞ս է բնութագրում առաքյալը այն մարդուն, որի մեջ այս բաները չկան։ Առաքյալն ասում է․ «Իսկ ում մեջ այս բաները չկա, նա կույր է, կամ կարճատես, և մոռացության է տվել իր նախկին հանցանքներից մաքրված լինելը»։
Սա շատ հետաքրքիր միտք է։ Ի՞նչ նկատի ունի առաքյալը, երբ ասում է, թե մոռացության է տվել իր նախկին մեղքերից ազատված լինելը; Այսինքն այսպիսի մարդը չի ձգտում ձեռք բերել վերը նշված առաքինությունները; Ինքը բավարարվում է իր հավատքով, ինչպես որ ներկայումս շատերն ասում են․ «Ես իմ մեջ հավատում եմ, բավական է»։ Առաքյալը կույր է անվանում այս տեսակին, որը համակերպվել է իր վիճակին, հավատի իր ունեցած պաշարին, և իր սահմանափակ ազատությանը։ Աքլորը բավարարվում է իր վիճակով և չի կամենում իմանալ, որ կա նաև արծիվ, որի հնարավորությունները առավել են իրենից։ Այս վիճակը շատ մեծ տարածում ունի մեր իրականության մեջ, և ցավալի է, որ բարեկարգման ոչ մի հույս չկա։ Մեր հավատը հիմնված է սնոտի բաների վրա, դրա համար մեռած է մեր հավատը։ մեր հավատը հիմնված չէ Քրիստոսի հարության վրա, Քրիստոսի խոսքի ճշմարտության վրա։ Դրա համար Քրիստոսի խոսքը չի դառնում կյանք, այլ մնում է որպես գիտության, չի դառնում աստվածապաշտություն։
Մենք ամեն ինչից վախենում ենք։ Պատերազմից վախենում ենք։ Համաճարակներից վախենում ենք։ Աղետներից վախենում ենք, որովհետև մահից ենք վախենում։ Ամեն ինչից վախենում ենք, բացի Աստծու խոսքից։ Աստծու խոսքից չենք վախենում, նաև անտեսում ենք, որ ասում է․ «Երկինք ու երկիր պիտի անցնի, բայց Իմ խոսքը չի անցնի»։ Այս է պատճառը, որ մենք որևէ փորձության հանդիպելիս չենք հաղթահարում, այլ պարտվում ենք, որովհետև մեր հավատի հիմքերը խարխուլ են, պատերը եղեգից են, և տանիք չկա մեր հավատի շինության վրա՝ որը սերն է։
Պետրոս առաքյալն էլ մեզ պես ապրում էր իր տկարությունների և մեղքերի մեջ, բայց երբ Աստված կանչեց նրան, նա միանգամից թողեց ամեն բան և հետևեց նրան։ Աստիճանաբար մտավ հոգևոր կյանքից ներս և գնահատեց պատվական հավատը։ տեսավ մեծամեծ ու թանկագին խոստումները՝ Տիրոջից տրված և հրաժարվեց աշխարհից ու ձեռք բերեց բոլոր առաքինությունները՝ մեկը մյուսից հետո։ Վերջում ձեռք բերեց մեծագույն առաքինությունը, որը ծառայեցրեց Աստծու փառքի համար և մարդկանց փրկության ավետարանը քարոզեց։ Այդ սերն էր, որ նրան համարձակորեն տարավ նահատակության։ Առաքյալը Քրիստոսի լույսը իր մեջ ունենալով չկամեցավ թաքցնել, դրեց մի բարձր տեղում, որպեսզի բոլորը օգտվեն այդ լույսից և ուրիշներին լուսավորեն։ Արթնության կոչ է անում համայն մարդկությանը, քանի որ ինքը տեսել է արթուն չլինելու վնասը։ Առաքինությունների մասին է խոսում, որովհետև առանց դրանց մարդը կույր է։ Իսկ կույրը հեռու չի կարող գնալ։ Հետևաբար մենք քննության ենթարկենք մեր կյանքը, համեմատենք առաքյալի նկարագրած հոգևոր կյանքի հետ, և արթնանաք այս պահին, և փառք տանք Աստծուն, որ մեզ ամեն լուսաբացին նոր հնարավորություն է տալիս ինքնաքննումի, զղջման, դարձի, ապաշխարության և փրկության հույսի։ Սիրելիներ անկարելի է հագենալ ավետարանից ու իր լուսավոր մտքերից։ Բայց մենք ավարտենք երկրորդ թղթի առաջին գլխի մեկից իննը համարների սերտողությունը և ի մտի ունենանք այն առաքինությունները, որոնցով կարող ենք սեր ձեռ բերել և սիրել Աստծուն ու մեր մերձավորին։ Այսուհետ երբ հարկ լինի օգտագործել «սիրել» բառը, անմիջապես հիշենք, ունե՞նք մենք այդ առաքինությունները, որոնք սեր են ծնում, թե մենք ուղղակի չենք պատկերացնում, թե ինչ բան է սերը։ Ինչ ջանքերի շնորհիվ է ծնվում։ Մեզ էլ է տրված օգտվելու այդ պատվական հավատից ու նրանից բխող սիրուց։ Չկորցնենք այդ հնարավորությունը, անարժեք մեղքի պատճառով։ Չմոռանանք, որ պատվական հավատը պատվական արյան դիմաց ստացանք; Աստված կամենա, վաղը կշարունակենք 10 ից 20 համարների սերտողությունը։
Աղոթենք միասին։
Տե՛ր Աստված՝ Փրկի՛չ մեր, որ ողորմած ես և գթած, երկայնամիտ, բազումողորմ, ցավում ես մարդկանց չարիքների համար, չես կամենում մեղավորի մահը, այլ կամենում ես նրա դարձը չար ճանապարհից և ապրելը:
Դու, Տե՛ր, Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր Քո ծառաներին և տո՛ւր նրանց ապաշխարության հնարավորություն: Հաշտվի՛ր Քո մարդասիրությամբ և դարձրո՛ւ նրանց Քո սուրբ Եկեղեցու անդամները: Որպեսզի հոգով
առողջացածները` խոստովանությամբ և ապաշխարությամբ մտնեն Քո սուրբ Եկեղեցին, Քո ժողովրդի հետ միասին Քեզ առաքեն օրհնություն և փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: