ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, Աստծու ողորմությամբ այսօր կավարտենք նաև հինգերորդ գլուխը՝ Պետրոս առաքյալի առաջին թղթի։ Մենք Պետրոս առաքյալի հետ ապրեցինք այն զգացումները, որն ունեցել է ինքը՝ իր թղթերը գրելու ժամանակ։ Նա կենդանի վկան է եղել բոլոր իրադարձությունների։ Կենտրոնում է եղել պատահած բոլոր փորձությունների, մասնակիցն է եղել ամեն տեսակ հալածանքների և բանտարկությունների, և քաջաբար նահատակվել է իր հավատքի ու իր համոզման համար, որ ուներ Հիսուս Քրիստոսի աստվածության վրա։ Ուրիշ ում խոսքի վրա կարելի է առավել հիմնվել, քան առաքյալների և կենդանի վկաների, որոնց ավետարաններն ու նամակները խոսում են իրենց ձայնով, իրենց շնչով ու Սուրբ Հոգու ներգործությամբ։ Ամեն անգամ, երբ Պետրոս առաքյալը վերցնում է գրիչը մի պատգամ գրելու համար, հիշում է իր Վարդապետի խոսքերը՝ իրեն ուղղված։ Հիշում է իր հետ պատահած ուրացումը և դառնապես լաց է լինում։
Ավանդությունն ասում է, որ Պետրոսը մինչ իր նահատակությունը, երբ որ հիշում էր իր ուրացումը, նույն կերպ ողբում և դառնորեն լացում էր բարձրաձայն։ Նույնիսկ նկարների մեջ Պետրոսի աչքերի տակ կարծես ակոսներ լինի նկարված, քանի որ արցունքներից էին գոյացել դրանք։ Երեկվա սերտողության մեջ առաքյալը մեզ արթնության կոչ էր անում՝ աղոթքի կանգնելիս, և հորդորում էր Քրիստոսին սուրբ պահել մեր սրտերում։ Ինչո՞ւ։ Որովհետև ինքը ժամանակին թերացել էր աղոթքի պահին արթուն մնալու մեջ։ Հիմա զգացել է դրա կարևորությունը և մեզ է հորդորում նույնը անել։ Որպեսզի եթե մեկը հետաքրքրվի ու կամենա իմանալ մեր ապրած խաղաղ կյանքի գաղտնիքի մասին, մենք կարողանանք նույն խաղաղությամբ պատասխան տալ նրանց՝ մեր մեջ եղած Տիրոջ մեծ հույսի մասին։
Իսկ այսօրվա սերտողության մեջ աղաչում է երեցներին, որպեսզի նրանք հոժարակամ արածեցնեն Աստծու այդ հոտը։ Չգիտեմ, դուք հիշեցի՞ք, թե ոչ, բայց Պետրոս առաքյալը այս տողերը գրելիս անպայման հիշել է, որ Տեր Հիսուս երեք անգամ իրեն պատվիրեց արածեցնել իր ոչխարներին։ Բայց պայման կար Տիրոջից՝ գառները արածեցնելուց առաջ։ Նա երեք անգամ հարցրեց, «Սիրո՞ւմ ես Ինձ, Սիմո՛ն, որդի Հովնանի։ Ուրեմն արածեցրու իմ գառներին»։ Պետրոսը դարձյալ հիշեց Վարդապետի խոսքերը, լացեց իր սովորության համաձայն և հորդոր գրեց իր երեց եղբայրներին։ Սիրելիներ, մինչև երեցի հոգու խորքը չմտնի Պետրոսի ապրումներն ու գրած խոսքերը, անկարելի է պատասխանել Քրիստոսի այն հարցին, թե՝ «Սիրո՞ւմ ես, ուրեմն արածեցրու իմ հոտը»։ Պետրոս առաքյալը այս բոլորը զգացել էր իր կյանքի մեջ, տեսել էր իր աչքով, լսել էր իր ականջով, և նամակի մեջ ներկայանում է որպես վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության։ Սա՛ է հույսը՝ որով նահատակությունը դառնում է պանծալի։
Պետրոսը զղջացել էր, որ վերջին օրը պարտեզում չի կարողացել արթուն մնալ և աղոթել, զղջացել էր, որ քահանայապետի բակում ասել էր, որ չի ճանաչում Հիսուսին, զղջացել էր, որ երեք օր չէր նստել Հիսուսի գերեզմանի մոտ, մինչ Նրա հարությունը, զղջացել էր նաև, որ չէր մտապահել իր սիրելի Վարդապետի խոսքերը՝ գալիք օրերի և Իր հարության վերաբերյալ։ Այս բոլոր բաներն էին, որ Պետրոսին դարձրին կատարյալ զղջացողի եզակի նմուշ։ Սիրելիներ, նույնիսկ եթե մեր մարմնավոր ծնողները մի խրատ են տալիս և մենք ականջալուր չենք լինում այդ պահին, նրանց մահից հետո մեզ ցավ է պատճառում այն միտքը, որ կարող էինք լսել և կատարել ինչո՞ւ ենք նեղացրել նրանց՝ մեր անհնազանդության պատճառով։ Բոլորս մեկական Պետրոսներ ենք Տիրոջ առջև՝ մեղքի, անհնազանդության, և մոռացկոտության առումով, բայց բոլորս մեկական Պետրոսներ չենք, զղջումի ու արտասուքի առումով։ Ի՞նչ ցավ կզգա մի տղամարդ, երբ իր կինը իրեն դավաճանի։ Ի՞նչ կզգա այդ դավաճանող կինը, երբ ամուսինը ների իրեն և չպատժի։ Միթե այդ կինը իր ողջ կյանքի ընթացքում կարող է հպարտանալ՝ հիշելով իր արարքը։ Բոլոր ենք այդ կնոջ կարգավիճակում՝ Տիրոջ առջև, քանի որ չենք պատժվել մեր արարքների համար, և դեռ ապրում ենք։ Իսկ մեր կյանքի ամեն օրը նվեր է մեզ Աստծուց՝ զղջալու համար, արտասվելու և մեր հպարտությունը գետին տապալելու առումով։ Առաքյալի յուրաքանչյուր այսպիսի հորդոր մեր կյանքը պետք է փոխի։ Քանի որ մենք էլ ազատ ենք եղել այս կամ այն մեղքը չանելու մեջ, բայց անտեսել ենք Աստծու խոսքը և արել ենք մեր սրտի ուզածը։ Պետրոս առաքյալը իր նամակի հինգերորդ գլուխը սկսում է երեցներին հորդորելու ուղերձով։ Առաքյալն ինչքան կուզեր, որ այսօրվա երեցները առանց հալածանքի ու նահատակության զգային այն ամեն պատասխանատվությունը, ինչը որ զգում էր ինքը Քրիստոսի Համբարձումից հետո։ Որքան պիտի կամենար, որ յուրաքանչյուր երեց այս պատգամը ամեն օր կարդար, ծառայության գնալուց առաջ, գուցե Պետրոսի հոգին խոսեր նրա հետ և նա իր ծառայության վայրում հիշեր Տեր Հիսուսի հարցը, որ տվեց Պետրոսին․ «Սիրո՞ւմ ես Ինձ, արածեցրու․․․»
Այս հարցը երբեք չի լռել 2000 տարվա ընթացքում, որովհետև այս հարցից է կախված Քրիստոսի եկեղեցու մաս կազմող հոտի հոգու փրկությունը։ Տեր Հիսուս հավասարապես է կատարել պարտականությունների բաժանումը։ Եթե երեցին հանձնարարել է արածեցնել հոտը, ապա հոտին պատվիրել է աղոթել այդ երեցի համար։ Եթե Երեցին պատվիրել է հոժարությամբ և սիրով արածեցնել հոտը, առանց տիրելու նրանց, ապա հոտին պատվիրել է հոգալ երեցի նյութական կարիքները։ Երեցը պատասխանատու է հոտի հոգու փրկության համար, հոտը պարտավոր է լսել և կատարել երեցի քարոզության պատգամը։ Եթե երեցի ու հոտի միջև աննշան բաժանում եղավ, այդ բաժանման վայրում կհայտնվի գայլը՝ գառան դիմակով։ Առաքյալն ասում է երեցը պետք է օրինակ լինի իրեն բաժին ընկած հոտին։ Երեցն ասում է, թող հոտը չնայի մեր կյանքին ու գործերին, այլ լսի մեր խոսքն ու կատարի։
Իսկ Տեր Հիսուս բոլորովին այլ բան է ասում քահանայապետին՝ հոտը արածեցնելու առումով։ Ասում է․ Վա՛յ ձեզ օրենքի ուսուցիչներիդ, որ մարդկանց դժվարակիր բեռներ եք բարձում, բայց դուք ինքներդ մեկ մատով իսկ բեռներին չեք դիպչում։ Վա՛յ կեղծավորներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ, դուք չեք մտնում, և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն»։ Ղուկ․ 11։39 Սիրելիներ, երբ այս խոսքերը Տեր Հիսուս ասում էր օրենսգետներին ու փարիսեցիներին, Պետրոսը ներկա էր, և հասկանում էր, թե՝ հատկապես ի՛նչ է ակնարկում իր Վարդապետը։ Քանի որ օրվա քահանայապետները, որոնց Տեր Հիսուս կույր առաջնորդ էր անվանում, սիրում էին երևելի տեղերում ման գալ և ժողովարաններում բարձր գահեր զբաղեցնել, ինչպես նաև հրապարակներում ողջույններ ստանալ մարդկանցից։
Պետրոս առաքյալը որը ուղերձով դիմում է իր երեց եղբայրներին, ի մտի ունի Հիսուս Քրիստոսի դիրքորոշումը՝ հոտ և հովիվ հարաբերության վերաբերյալ։ Այդ պատճառով իմանալով սարսափելի վտանգը, ո՛չ թե կարգադրում է, որի իրավունը ստացել էր անձամբ Հիսուս Քրիստոսից, այլ՝ աղաչում է, որ այսօր երեցները հոգ տանեն հոտի հոգու փրկության համար։ Քանի որ այդպիսի երեցները կրկնակի հարգանքի են արժանի, ըստ Պողոս առաքյալի և ըստ բոլոր մարդկանց։ Սակայն հոգ տանելու մեթոդները տարբեր են։ Այլ է, երբ հովիվը վերակացու է իր հոտին, որովհետև իրեն նշանակել են այդ եկեղեցում ծառայության, և ինքը ամեն օր գնում է աշխատանքի և վերադառնում է տուն։ Օրինակ՝ Եթե մի հավատացյալ մոտենա և խնդրի որ աղը օրհնի, կամ խաչը օրհնի, կամ իրեն օրհնի, չի զլանա և կանի։ Կիրակի օրերը պատարագ էլ կմատուցի, ժամերգություն էլ կանի, բայց սրանց մեջ սիրտ չկա, սեր չկա, հոգու փրկություն չկա։
Սակայն բոլորովին այլ է, երբ հովիվը ճանաչում է իր հոտի յուրաքանչյուր անդամին, ապրում է նրանց հոգսերով ու հոգևոր կրթությամբ, ջանում է նրանց հոգու փրկության համար, և իր եկեղեցում ծառայում է, ո՛չ թե աշխատում է։ Իր ծառայությունը նախանձախնդրություն է, ո՛չ թե շահախնդրություն։ Ո՛չ թե տիրում է իր հոտին, այլ՝ բարի օրինակ է նրանց համար։ Այս բոլոր պատվերները Պետրոս առաքյալը տալիս է երեցներին, որովհետև ինքը գիտե, որ նշանակված օրը երևալու է Հովվապետը, և նվիրյալ երեցները ընդունելու են փառքի անթառամ պսակները։
Սիրելիներ, ես իմ քահանայագործության երեսուն տարիների ընթացքում ոչ մի անգամ չեմ լսել, որ որևէ բարձրաստիճան հոգևորական կամ եպիսկոպոս Պետրոս առաքյալի նման հորդորի իր քահանա եղբայրներին՝ Տիրոջ հոտը ամենայն ուշադրությամբ հովվելու համար․ Ես չեմ լսել, որ որևէ բարձրաստիճան հոգևորական, կամ թեկուզ Կաթողիկոսներ, պահանջեն, որ քահանան օրինակ լինի հոտի համար։ Բայց մեր երկնավոր Հովվապետը երբ երևա, անթառամ պսակները տալու ժամանակ, երեցներին է հարց է տալու․ «Մի՞թե ձեզ չտվեցի հովվի պատվավոր և պատասխանատու կոչումը։ Մի՞թե միայն ձեզ չվստահեցի իմ մեղավոր հոտի հոգու փրկության հարցը։ Մի՞թե միայն ձեզ չարտոնեցի նրանց մեղքերը թողնելու հարցը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող է տալ ամեն երեց իր խղճի առջև և Աստծու երկյուղից մղված։ Պետրոս առաքյալը աղաչում է երեց եղբայրներին; Առաքյալի թղթի այս բաժինը մեծագույն նվեր է մեզ՝ երեցներիս՝ արթուն մնալու Տիրոջ անդաստանում, և մեր հոտի աչքի առջև։
Սիրելիներ ձեզ մեջբերում եմ Հովհան Մանդակունի Հայրապետի խոսքերը, որը գրել է Պետրոս առաքյալի նման սրտի ցավով, անկասկած նաև աչքը արցունքով և կոկորդը խեղդվելով հուզմունքից: Նրա այս խոսքերը բխում են Քրիստոսի հանդեպ ունեցած սիրուց, նախանձախնդրությունից, ինչպես նա՛և խրատելու հետագա սերունդներին և վտանգից զերծ պահելու համար։ Տեսեք, թե ի՛նչ ասում հոտ և հովիվ հարաբերության մասին իր վկայությամբ։
«Զորքդ թշնամիների մեջ վտանգվում է, իսկ դու` զորավարդ, պառկած ննջում ես.
Նավդ տարուբերվում է ալեկոծվող ալիքների մեջ, իսկ դու` նավապետդ, անհոգ նստած ես.
Գազանները մտել են այգիդ և ապականում են այն, իսկ դու` այգեգործդ, հարաժամ տեսնում և անտեսում ես այդ.
Գողերը, ներս մտած, փորում են պատերի չորս կողմը, իսկ դու` պահապանդ, քնած խռմփացնում ես.
Ժողովուրդդ ծանր վիրավորված է, իսկ դու` բժիշկդ, նրա մեջ չես.
Հոտերի հովիվնե՛ր եւ Եկեղեցու առաջնորդնե՛ր, տեսնում եք սատանային բարձրացած, իսկ Քրիստոսին անարգված, Եկեղեցու փարախն արհամարհված եւ գայլերին հետեւող դարձած: Նրանք ցրված են մնում, իսկ դուք` հովիվներդ, չեք երևում, լռում եք, չեք գործում եւ բոլոր ականջներին անդադար չեք հնչեցնում պատվիրանների հրամանները։ Չե՞ք զարհուրում ահեղ Հովվապետից, ով ասում է. «Պիտի դատեմ ոչխար առ ոչխար, խոյ առ խոյ»։
Միայն Պետրոս առաքյալն ու Մանդակունի հայրապետը չեն, որ մտահոգված են այս առումով։ Տեր Աստված ինքն է մտահոգված հովիվների անտարբերության համար՝
Եզեկիելի մարգարեություն մեջ, որտեղ գրված է Տեր Աստծու պատգամը՝ հովիվներին․
«Այսպէս է ասում Տէր Աստուած. ո՛վ հովիւներդ Իսրայէլի, մի՞թէ հովիւներն իրենք իրենց են արածացնում. չէ՞ որ հովիւները հօտեր են արածացնում։ Ահա կաթը խմում էք, բուրդը հագնում, պարարտներին մորթում։ Բայց իմ հօտերը չէք արածացնում. տկարացածին չէք զօրացրել, հիւանդացածին չէք բժշկել, չարչարուածին չէք փայփայել, վիրաւորուածին չէք փաթաթել, մոլորուածին յետ չէք դարձրել, կորածին չէք փնտռել, դիմացկունին տանջել էք։
Իմ հօտերը ցրուել են, քանի որ հովիւներ չունէին, եւ անապատի գազաններին կեր են դարձել։ Ցրուել են ու մոլորուել իմ հօտերը բոլոր լեռներով մէկ, բոլոր բարձր բլուրներով մէկ. երկրի երեսով մէկ ցրուել են իմ հօտերը։ Եւ ոչ ոք չի փնտռել, ոչ էլ մէկը յետ է դարձրել նրանց։ Ուստի, հովիւնե՛ր, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները.
«Կենդանի եմ ես, – ասում է Ամենակալ Տէր Աստուած, – այն բանի համար, որ իմ հօտերը աւարի մատնուեցին, իմ հօտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետեւ հովիւներ չկային, հովիւներն իմ հօտերը չփնտռեցին, հովիւներն իրենք իրենց բտեցին-պարարտացրին եւ իմ հօտերը չարածացրին, – դրա համար էլ լսեցէ՛ք, հովիւնե՛ր, Տիրոջ պատգամները։ Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահաւասիկ ես այդ հովիւներին դէմ եմ ու հօտերս վերցնելու եմ դրանց ձեռքից, արգելելու եմ դրանց, որ արածացնեն հօտերս, եւ այլեւս դրանք չեն արածացնելու։ Փրկելու եմ հօտերս դրանց ձեռքից. այլեւս նրանք կերակուր չեն լինելու դրանց համար»։ Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես ինքս եմ փնտռելու հօտերս, այցելելու եմ դրանց։ Ինչպէս որ հովիւն է իր հօտը փնտռում այն օրը, երբ մէգ ու մառախուղ է լինում իր ցրուած հօտերի վրայ, այնպէս էլ ես եմ փնտռելու հօտերս, հաւաքելու եմ դրանք այն բոլոր տեղերից, ուր ցրուած էին մէգ ու մառախուղի օրը»։ Սիրելիներ, ես ձեզ մի փոքր հատված կարդացի Եզեկիելի մարգարեությունից, հովիվներին ուղղված Աստծու խոսքից։
Այստեղ մարգարեի միջոցով է զգուշացնում Աստված։ Տեր Հիսուս Քրիստոս գրեթե նույն բանը զգուշացրեց քահանայապետներին, Պետրոս առաքյալը աղաչում է իր երեց եղբայրներին։ Նշանակում է, որ պահանջը հովիվներիցս ավելի խիստ է, քան մենք կարծում ենք։ Ուրեմն, սիրելի ունկնդիրներ, դուք ականջալուր եղեք ամեն մի պատգամի, որ լսում են ձեր ականջները, կարդում են ձեր աչքերը, դուք նույնպես սատար եղեք երեցներին՝ ձեր ջերմեռանդ աղոթքներով։ Քանի որ չարը կարող է քնի մեջ պահել նաև չաղոթող քահանային ու հավատացյալին։ Ինչպես որ Աստված չի կամենում մեղավորի մահը, այնպես էլ առաքյալը չի կամենում, որ որևէ երեց արժանանա Տիրոջ դատաստանին։ Աղոթենք միմյանց համար, քանի որ բոլորս ենք մեղավոր Տիրոջ առջև։ Եկեղեցին հարսն է, իսկ Քրիստոս՝ փեսան։ Պատշաճ չէ, որ հարս եկեղեցին անարժեք մեղքի պատճառով դավաճանի երկնավոր Փեսային, որը մշտապես ներում է։ Ինչպես որ վերը նշեցի։ Բայց կգան նաև պատժելու օրերը, իսկ մենք դեռ թմբիրի մեջ ենք։ Հիմա տեսնենք, թե ուրիշ ինչ պատգամ ունի մեզ տալու մեր սիրելի Պետրոս առաքյալը։
Հինգ գլխից բաղկացած թղթում առաքյալն անդրադարձավ գրեթե բոլոր խնդիրներին վերաբերող բացթողումներին՝ միայն հնազանդության կոչով։ Այժմ պատգամ ունի երիտասարդներին, որոնք նույնպես պետք է հնազանդ լինեն ծերերին։ Առհասարակ բոլոր մարդկանց պատվիրում է խոնարհություն ցուցաբերել միմյանց հանդեպ, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին։Իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Ոչ միայն միմյանց պետք է խոնարհվել, այլ՝ առավել պետք է խոնարհվել Աստծու հզոր ձեռքի տակ։ Աստված է, որ խոնարհին կարող է բարձրացնել։ Աշխարհում խոնարհ մարդը տեղ չունի, գնահատված չէ, ընդունված է ամբարտավանների կողմից։ Խոնարհը ընդունված է միայն Աստծու կողմից։ Սիրելիներ, ձեր բոլոր հոգսերը Աստծուն հանձնեք, քանի որ Աստծուց լավ, ոչ ոք չգիտե մեր օգուտի մասին; Հոգսերը աստծուն հանձնել, դեռ չի նշանակում ձեռքերը ծալած նստել։
Մենք պետք է արթուն լինենք ամեն ժամ քանի որ թշնամի մռնչում է առյուծի պես, ուրախանում է մեր ամեն գործած մեղքի համար, որպեսզի կուլ տա մեզ։ Մենք դարձյալ Պետրոս առաքյալի խոսքի պես, Քրիստոսին սուրբ պահենք մեր սրտերում, որպեսզի կարողանանք դիմադրել չարին՝ չար օրում։ Վերջին մտքի մեջ առաքյալը նորից հորդորում է հաստատուն լինել հավատի մեջ, քանի որ աշխարհում քրիստոնյաների հալածանքը չի վերջացել։ հետևաբար հաստատուն մնացեք Աստծու շնորհի մեջ։ Սիրելիներ, վերջին գլուխը ավարտենք Պետրոս առաքյալի ողջույնի խոսքով, որը ուղղել է իր ընթերցողին; Մենք էլ ընթերցողի իրավունքով ընդունենք առաքյալի ջերմ մաղթանքը և փառք տանք Աստծուն, որ մեզ ծանոթացրեց նաև Պետրոս առաքյալի հետ, և մենք լուսավորվեցինք նրա լուսավոր մտքերով։
Ահա առաքյլաի ողջույնի խոսքը՝
Բոլոր շնորհների Աստուածը, – որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, – թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։ Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս։ Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով։ Խաղաղութիւն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Յիսուսի մէջ էք։ Ամեն