ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ Մենք երեկ սովորեցինք Պետրոս առաքյալից, որ մեր քրիստոնեական կյանքի ընթացքը պետք է անցնենք շիտակ, որպեսզի մեզ ամբաստանողները, կամ հալածողները ամոթով մնան՝ իրենց չարության պատճառով։ Իսկ երբ մեզ հալածեն արդար ապրելու համար, ուրեմն ցնծանք և ուրախանանք, քանի որ Տեր Հիսուս Քրիստոսն է երանի տվել այսպիսիներին, և անձամբ Ինքն է եղել որպես օրինակ։
Այս ամենին կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ մեր առջև դրված նպատակը արդարացնում է մեր հնազանդությունը՝ հալածողների դեմ։ Յուրաքանչյուր միտք կարդալիս, չմողանանք, որ այդ մտքի հեղինակը բոլոր իրադարձությունների ականատես Պետրոս առաքյալն է, որը հալածվել է և իր թուղթն էլ գրել է քրիստոնյաների հալածանքների մասին; Այսօր չորրորդ գլխի մեջ տեսնում ենք, որ առաքյալը մեզ նույնպես պատվիրում է ապրել իր խոսքի համաձայն։ եթե Քրիստոս չարչարվեց մեզ համար, մենք նույնպես պարտավոր ենք զինվել նույն մտքով, քանի որ մարմնով չարչարվողները դադարում են մեղք գործել։
Բայց մարմնի չարչարանքների մեջ տարբերություն կա։ Եթե մեկը հիվանդացել է, և հիվանդության պատճառով հայտնվել է տրտնջալու և բարկության մեղքի մեջ, սա այն չարչարանքը չէ, որը նկարագրում է առաքյալը։ Առաքյալի նկարագրած չարչարանքները վերաբերում են նահատակության չարչարանքներին։ Մենք պատմությունից գիտեն, թե ինչպես են հալածել և առյուծների բաժի դարձրել քրիստոնյաներին, իրենց հավատի համար։ Այսինքն եթե ամփոփելու լինենք, կնշանակի, որ հալածանքը Քրիստոսի և քրիստոնեության համար, կոչվում է մարմնի չարչարանք և տանում է դեպի սրբություն։ Նաև չարչարանքն այն է երբ քրիստոնյան կամավոր է գնում նահատակության իր հավատալիքի և իր ներքին համոզման պատճառով։ Քրիստոնյան պետք է ջանա հասնել հոգևոր այն մակարդակին, մարմնի մեջ ապրած ժամանակ այլևս ո՛չ թե ենթարկվի մարդկային ցանկություններին, այլ՝ ապրի ըստ Աստծու կամքի։ Որովհետև յուրաքանչյուր մարդ ունի անցյալ, որը քրիստոնեական չէ, և ունի ներկա, որտեղ արդեն տեղյակ է որ Աստված կա։
Պետրոս առաքյալն էլ ունի այդ փորձառությունը, և անկեղծորեն բացահայտում է, որ նախկինում ապրել է հեթանոսների կամքի համաձայն, այսինքն զեխությամբ, հոռի ցանկություններով, գինեմոլությամբ, անառակություններով, անօրեն կռապաշտություններով և այլն։ Տեսնում եք, որ առաքյալը նշում է բոլոր մեղքերը իրենց իրական անուններով։ Սա այլևս անցյալ է և Պետրոս առաքյալը չի թաքցնում այնպես, ինչպես որ չէր թաքցնում իր անցյալը՝ Պողոս առաքյալը։ Սիրելիներ, ես նախորդ անգամ էլ ձեզ ասացի, որ մենք կարիք չունենք ամաչելու, որ նախկինում հեթանոս ենք եղել։ Մենք առավել պետք է ամաչենք, որ այսօր քրիստոնյա ենք և չենք ապրում քրիստոնյային կյանքով։ Մեր անօրեն կյանքի պատճառով ստվեր ենք գցում քրիստոնեության վրա։ Այդ ժամանակ հայտնվում են անհավատ մարդիկ և մեղադրում են մեզ, որ իրենցից բաժանվեցինք, բայց նաև քրիստոնեությանը չմիացանք։ Մեր անցյալի համար այսօր պետք է զղջանք, և այսօր պետք է ուրախանանք, որ ձեռք ենք բերել հավատ, հույս և սեր, և այս արժեքներին արժանացել ենք Հիսուս Քրիստոսի արդար արյան շնորհիվ, ոչ թե մեր բարության համար։
Մենք այլևս պարտավոր չենք միանալ մեր նախկին ընկերներին, որոնք շարունակում են մնալ նույն մեղքի մեջ։ Մենք պարտավոր ենք հրաժարվել, երբ մեր մի անվայել տեղ հրավիրեն՝ մասնակցելու մի մեղսալից իրադարձության։Որովհետև մենք այլևս նախկին մեղավորը չենք։ Ինչպես որ Օգոստինոս Երանելին մինչև դարձի գալը ապրել է անբարո կյանքով։ Եվ պատահում է, որ մի անգամ իր դարձից հետո, նրան հանդիպում է իր նախկին սիրուհին։ Երանելին երեսը շրջում է սիրուհուց և փորձում է հեռանալ, իսկ սիրուհին նրան ասում է, «Ինչո՞ւ ես խուսափում ինձնից, ես նույնն եմ՝ առաջվանը»։ Իսկ ես արդեն նույնը չե՛մ,- պատասխանում է Օգոստինոսը։ Դարձից հետո փոփոխությունը պետք է զգալի լինի ինչպես դարձի եկողի համար, այնպես էլ շրջապատի մարդկանց համար։ Չի բացառվում, որ այս պարագայում բարեպաշտ քրիստոնյան դառնա ծաղրի առարկա և հալածվի նրանցից, որոնք շարունակում են իրենց կյանքը՝ կենդանական բնազդով ապրել։ Իսկ ովքեր շարունակում են ապրել զեխության և անօրենության մեջ, նրանք պատասխան են տալու Նրան, որը դատելու է կենդանիներին և մեռելների։ Նրանք որ ծաղրում են քրիստոնյաներին իրենց ազնիվ կենցաղավարության համար, նրանք անպայման պատասխան են տալու իրենց արարքի համար։ Կենդանիների և մեռելների դատելու մասին մենք երեկ խոսեցինք, որ Քրիստոս դժոխք իջավ և քարոզեց նաև մեռելներին՝ համընդհանուր հարության համար։ Ինչպես որ ավետարանն է մեզ ասում, որ մեռելներից հարություն առան մոտ հինգ հարյուր մարդ և երևացին շատերին։ Այս մարդիկ նորից մեռան ժամանակ անց, մինչև որ կինի համընդհանուր հարության օրը։ Ինչպես որ Պողոս առաքյալն էր ակնկալու Քրիստոսի երկրորդ գալուստը, այնպես էլ Պետրոս առաքյալն է այս թղթի մեջ ասում, որ ամեն ինչի վախճանը մոտեցել է։
Մի՞թե առաքյալները սխալվել են այս հարցում։ Անշուշտ չեն սխալվել, ուղղակի առաքյալները հաստատ գիտեին, որ Քրիստոսի երկրորդ գալուստով վերջ է դրվելու չարին և կայանալու է փրկության գործընթացը։ Մեր օրերում էլ երբ մեկն ասում է, թե ներկա ժամանակները նման են վերջին օրերին, շատ քրիստոնյաների դա դուր չի գալիս այն առումով, որ նրանք արթուն չեն իրենց կյանքի մեջ։ Արթուն չեն իրենց աղոթքի մեջ։ Արթուն չեն իրենց մեղքերի զղջման մեջ։Նաև արթուն չեն իրենց մերձավորի նկատմամբ՝ ողորմության հարցում։ Դրա համար չեն կամենում լսել վերջին ժամանակների մասին։ Քրիստոսի երկրորդ գալուստով է, որ մենք հարություն ենք առնելու, և այդ ժամանակ է, որ վերջ է դրվելու մահվանը։ Դրա համար առաքյալները և իրենցից հետո՝ բոլոր հայրերը դրել են այդ մասին, քանի որ կամեցել են աշխարհը տեսնել չարից ազատված, մեղքից մաքրված, մահը՝ պարտված և գլխավորը Քրիստոսի ներկայությունը հաստատված։
Եվ վերջապես ի՞նչ ենք խնդրում մենք մեր ամենօրյա «Հայր Մեր» աղոթքի մեջ, եթե ո՛չ Քրիստոսի թագավորության հաստատումը։ Բայց եթե մենք միայն խնդրենք Աստծու թագավորությունը, և ինքներս արթուն չլինենք, Տեր Հիսուս Քրիստոսի խոստումները մեզ չեն վերաբերի՝ պարգևների հարցում։ Ինչպես որ հիմար կույսերին ասաց, որ չի ճանաչում նրանց։ Պետրոս առաքյալի բոլոր խոսքերն են մեզ վերաբերում, սակայն այստեղ մի պատգամ է տալիս, որը կարծես հայերին է ուղղել։ Ասում է․ «Զգաստացեք ուրեմն և արթուն եղեք աղոթքի համար։ Ամեն ինչից առաջ միմյանց միջև ամուր սեր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությանը»։ Ինչքա՛ն շահավետ առաջարկ է առաքյալի կողմից։
Սերը ծածկում է մեղքերի բազմությունը։ Իսկ մեղքերը առաջանում են սիրո պակասից։
Այս ճշմարտությունը մենք լսել ենք նախ մեր Տէր Հիսուս Քրիստոսից, երբ ասաց մեղավոր կնոջը՝ առակը պատմելուց հետո, թե այս մեղավոր կինը շատ սիրեց, դրա համար իր մեծ մեղքերը ներվեցին։ Նաև Մատթևոսի ավետարանում է ասում մեր Տերը, թե՝ «Անօրենության շատանալուց, շատերի սերը պիտի ցամաքի»։
Ուրեմն մեղքն ու անօրենությունը առաջանում են սիրո պակասից, կամ բացակայությունից։ Այնուհետև առաքյալները շարունակում են նույնը ասել, մեկը մյուսի հետևից։ Նայենք մեր շուրջը՝ ամբողջ աշխարհում սերը ցամաքեց և անօրենությունը շատացավ։ Որովհետև աշխարհում բնակվող «սերը» սեր չէր։ սերը այն չէ, երբ ժպտում ենք միմյանց։ Սերը այն չէ, երբ մեր ավելցուկից մի ողորմություն ենք անում։ Որտեղ սեփական անձի զոհաբերություն չկա, այնտեղ սեր չկա՛։ Ավետարանական սերը քեզնից վերցնում է քո թանկ ժամանակը, որը տրամադրում ես մի հանրօգուտ գործի։ Քեզնից վերցնում է քո նյութական կարողությունը, այնքան, որ քեզ մնա քո տվածի չափ։ Ավետարանական սերը ոչինչ չի պահանջում արածի դիմաց։ Չեմ ուզում հիմա ձեզ հիշեցնեմ Պողոս առաքյալի սիրո հիմնը։
Դա է ավետարանական սերը, որը ջնջում է մեղքերի բազմությունը։ Իսկ մեր ունեցածը սեր չէ, այլ՝ սեփական շահը փնտրելու միջոց, իսկ երբ շահը չի ստացվում, հաջորդ պահից այդ սերը չքվում է։ Առաքյալի խոսքն այն մասին է, որ մենք բոլորս էլ մեղքեր ունենք, բայց եթե ավետարանական սեր ունենանք մեր նմանի հանդեպ, ապա մեր մեղքերի բազմությունը կծածկվի Տիրոջ կողմից։ Ուշադրություն դարձրի՞ք, որ Պետրոս առաքյալը կոչ է անում արթուն լինել աղոթքի համար։
Ձեզ ի՞նչ է հիշեցնում այս պատգամը։ Գեթսեմանի պարտեզում երեք անգամ Տեր Հիսուս մոտեցան աշակերտներին, որոնց մեջ է Պետրոսը, և պատվիրեց արթուն մնալ և աղոթել։ Երեք անգամն էլ եկավ ու նրանց քնած տեսավ։ Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորս էլ գիտենք։ Անկարելի է, որ Պետրոս առաքյալը այս տողերը գրելիս, մտաբերած չլինի իր հետ պատահածը՝ Քրիստոսի ձերբակալությունից առաջ։ Իհարկե հիշել է, որ իր թղթում արթնության կոչ է անում իր ընթերցողներին։ Եթե Տիրոջ արթնության կոչին ականջալուր լիներ աշխարհը, այսօր պատերազմներ չէր լինի, անօրենությունը այսչափ չէր շատանա, և սերը այսչափ չէր նվազի։ Մենք երբեմն ընդվզում ենք իրականության դեմ, առանց հաշվի առնելու, որ այդ անօրենությունները մեր սեփական ձեռքերի գործեն են՝ մեզնից ծնված։ Պետրոս առաքյալը նաև հյուրասիրության կոչ է անում քրիստոնյաներին, բայց որ այդ հյուրասիրությունը լինի առանց տրտնջալու, և հատկապես լինի սիրով, ո՛չ թե պարտականության համար։ Գործք առաքելոցի մեջ մենք տեղեկացանք, որ առաջին քրիստոնյաների մեջ բարձր հիմքերի վրա էր հյուրասիրությունը։ Ամեն ինչ հասարակաց էր։
Նույնիսկ առանձին բարեպաշտ մարդկանց ընտրեցին, որպեսզի հյուրասիրություններով զբաղվեն, և իրենց ավետարանի քարոզություն դրանից չտուժի։ Նորաստեղծ քրիստոնեական համայնքներից շատ հյուրեր էին ունենում առաքյալները, մտքերի փոխանակման համար, իսկ այդ մարդկանց հյուրասիրություններ էր պետք։ Ինչպես որ առաքյալն է ասում, ով ինչ շնորհ որ ուներ, մյուսի համար մատակարարում էր սիրով և առանց տրտնջալու։ Բոլոր շնորհները Աստծուց են և այդ շնորհների տնտեսը մարդ արարածն է, որը պետք է գոհացնի Աստծու իր շնորհի գործածմամբ։ Օրինակ առաքյալները շնորհ ստացան ավետարանի քարոզության, հյուրասիրությունը հանձնեցին մյուսներին, որոնք այդ պարտականության մեջ սիրալիր ու նվիրված գտնվեցին։ Ամեն շնորհ գործի էր դրվում Աստծու փառքի համար։ Սիրելիներ, Պետրոս առաքյալը իր թղթում շատ է հիշատակում քրիստոնյաների հալածանքների մասին, իսկ դա նշանակում է, որ հալածանքները եղել են մեծ մասշտաբների, զանգվածային և դաժան։
Ուրեմն պատճառը ժամանակի հալածանքներն են, որ առաքյալը այսքան մանրակրկիտ սովորեցնում է իր հայրենակից պանդուխտներին, որպեսզի հալածանքների ժամանակ չընկնեն հուսահատության մեջ, չտրտնջան և չկորցնեն իրենց վարձքը՝ Տիրոջ առաջ։ Հակոբոս առաքյալի պես, Պետրոս առաքյալն էլ ասում է տարօրինակ մի համարեք այն այրող նեղությունները, որ ձեզ փորձելու համար է։ Ուրախ եղեք դուք էլ, որպես Քրիստոսի չարչարանքների մասնակիցներ, որպեսզի Նրա փառքի հայտնության ժամանակ, դուք էլ ցնծաք և ուրախանաք։ Իսկ եթե նախատվեք Քրիստոսի անվան համար, երանելի եք։ Ինչպե՞ս կարող է նախատվողը երանելի լինե։ որովհետև,- ասում է,- Աստծու հոգին հանգչում է ձեր վրա։ Առաքյալը ներից կրկնում է այն միտքը, որ իր հայրենակիցներից և ոչ մեկը թող չտանջվի որպես մարդասպան, կամ որպես գող, որպես չարագործ և որպես ուրիշի գործին խառնվող։ Իսկ եթե պատահի որ սփյուռքում գտնվող իր հայրենակիցներից ոմանք չարչարվեն որպես քրիստոնյաներ, ապա թող չամաչեն, այլ՝ հակառակը՝ թող փառավորեն Աստծու անունը։ Քանի որ ժամանակն է, որ սկսվի դատաստանը Աստծու տնից։
Սիրելիներ, մի կողմից իրապես տարօրինակ է թվում այն փաստը, որ նորադարձ քրիստոնյան հետևում է Քրիստոսին, մկրտվում է Նրա անունով, հավանաբար ակնկալում է, որ պաշտպանված կլինի Աստծուց։ Բայց Աստված ասում է, եթե քրիստոնյային հալածեն իմ անվան համար, երանելի է։ Այս երևույթ հատկապես հասկանալի չէր հեթանոսությունից դարձած քրիստոնյաների համար, քանի որ նրանք մինչ իրենց դարձը իրենց աստվածներից ակնկալում էին հարստություն, հաջողություն, ուրախ կյանք և այլն։ Հիմա դարձել են քրիստոնյա և լսում ենք այսպիսի մտքեր՝ հալածվելու վերաբերյալ։ Եթե հեթանոսները դարձան դեպի Քրիստոս, ուրեմն Քրիստոսին առավել հզոր նկատեցին քան՝ օրինակ Զևսը։ Ուրեմն ակնկալիքը Քրիստոսից առավել էր քան իրենց աստվածները։ Մեր բոլոր առաքյալների ջանքերը ուղղված էին միայն այն բանին, որ նորադարձ քրիստոնյաներին բացատրեին, որ քրիստոնեությունը այս կյանքի երջանկություններից չէ, այլ հավիտենականության համար է։ Այն ներքին համոզումն է, որ հավիտենականության մեջ հանդիպում է տեղի ունենալու արարածի և Արարչի միջը։ Հետևաբար այսպիսի երանության համար շատերը բանտ նստեցին, շատերը առյուծների առջև նետվեցին, շատերին սպանեցին՝ կուռքերին երկրպագություն չանելու համար; Պատկերացրեք, որ մի քրիստոնյա բանտ է նետվել Քրիստոսին հետևելու համար, և պատահական մեկը իր համար կարդում է այս թուղթը, որ գրել է Պետրոս առաքյալը։ Ինչ մեծ մխիթարություն կարող է լինել բանտարկյալի համար, երբ իմանա, որ Քրիստոս իրեն երանելի է համարում։ Իսկ երբ մեկը բանտ նստել գողության և հանցագործության համար, այսպիսին պետք է ամաչի իր արարքից, քանի որ մեղքի պատճառով է անազատության մեջ։ Իսկ Քրիստոսի համար բանտարկված ամաչելու կարիք չունի, քանի որ երանելի է։ Առաքյալն ասում է․ «Քանի որ ժամանակն է, որ սկսվի դատաստանը Աստծու տնից»։ Այսինքն առաջինը հրեությունից դարձած քրիստոնյաները պետք է հալածվեն, ապա աշխարհականները, որոնք չեն հավատացել։ Քանի որ Աստծու տուն կոչվում է եկեղեցին՝ այսինքն քրիստոնյաների հավաքական բազմությունը։
Նրանց պիտի թվա, որ իրենք հաղթեցին, բայց ամեն բա իր ժամանակն ունի։ Կարևոր է որ քրիստոնյաները այս աշխարհում ենթարկվեն դատաստանի, քան Քրիստոսի երկրորդ գալուստին։ Այնուհետև զարմանքով հարց է տալիս․ «Եթ նախ մեզնից սկսվի, ապա ինչ վախճան կլինի նրանց, որոնք չհնազանդվեցին Աստծու Ավետարանին։ եթե արդարը հազիվ է փրկվելու, ապա ինչ կլինի ամբարիշտի ու մեղավորի հարցը»։ Այսինքն եթե Աստված թույլ է տալիս, որ քրիստոնյան հալածվի ու տանջվի, ապ ին կլինի նրանց, ովքեր չհավատացին։ Սիրելիներ, քրիստոնյաները գիտեն, որ փրկության ճանապարհին անխուսափելի են չարչարանքները, հալածանքները, նեղությունները, ինչ մասին զգուշացրել է Տեր Հիսուս Քրիստոս։ Հետևաբար երբ Աստված իր կամքով որևէ փորձություն է ուղարկում մեզ, մենք մեր հոգիները խոնարհությամբ ի պահպանության տանք Աստծուն։ Դարձյալ վերադառնանք սերտողության սկզբին, որ Քրիստոս լռությամբ հնազանդվեց իրեն խաչը հանողներին՝ ամբողջությամբ ապավինելով Իր Երկնավոր Հորը։ Մենք վստահ ենք, որ Աստված մեր ուժերից վեր փորձություն չի ուղարկի մեզ, իսկ եթե պատահի, դրանից պատվով դուրս գալու ելքերն էլ ցույց կտա մեզ, եթե մենք ապավինենք Աստծուն, ոչ թե մեր ուժերին։ Մենք ոչնչով չենք կարող հաղթել չարին, բացի խոնարհությունից։ Քանի որ խոնարհությունը հեռու է չարի գործերից։ Քրիստոնյան երկու կարևոր արժեք պետք է ունենա իր տեսադաշտում․ նախ՝ ամոթի զգացողություն՝ իր խղճի հանդեպ, և երկյուղ Աստծուց։ Աստծուց երկյուղ չունեցողը առաջին չարիքն է երկրի վրա։ Այս սկզբունքով էլ ավարտենք մեր սերտողությունը, որ Պետրոս առաքյալի առաջին թղթի չորրորդ գլխից էր։ Հաջորդ եթերաժամին Աստծու կամքով կավարտենք առաքյալի առաջին թղթի սերտողությունն ամբողջությամբ;
Աղոթենք միասին․
ԱՂՈԹՔ ՉԱՐ ԱՉՔԻ և ՉԱՐ ԼԵԶՎԻ ԴԵՄ
Ով մարդասէր Տէր Աստուած, Որդի մարդասէր Հօր, Քո անչափ ողորմութեամբ
Դու ես պահապանը եւ օգնականը Քեզ յուսացող ծառաներիդ.
Արդ անփորձանք պահիր ինձ չարից Եւ անսայթաք՝ երեւելի եւ աներեւոյթ թշնամու որոգայթներից,
Պահպանիր ինձ չար աչքերից եւ չար լեզուներից, Ստից եւ ամէն տեսակ երեւելի եւ աներեւոյթ հարուածներից
Պահպանիր քո ծառային. ամէն։