ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ ամեն անգամ առաքյալների թղթերն ու նամակները սերտելից, մեր աչքի առջև է գալիս նրանց կենդանի նկարագիրը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանրային ծառայությունից ներս։ Եթե Պողոս առաքյալը հեռվից էր լսել Տեր Հիսուսի մասին, ապա Պետրոս առաքյալը առաջիններից մեկն էր, որ անցավ այդ ողջ դժվարությունների ճանապարհը իր Վարդապետի հետ, այնուհետև՝ մենակ։ Ի՞նչ էր մտածում Պետրոս առաքյալը այս թուղը գրելիս։ Նա մեծ փորձառություն ուներ դժվարությունները հաղթահարելու հարցում, քանի որ որ Մեծ Ուսուցիչ ուներ իր կողքին։ Առաջին և երկրորդ գլուխներում իր տարագիր քրիստոնյա հայրենակիցներին կոչ է անում երկյուղով հնազանդություն, ո՛չ միայն բարի, այլ նաև չար ու դաժան իշխաններին ու թագավորներին։
Առհասարակ հնազանդության կոչ է անում մարդկանց՝ ինչպես իրենց տերերի հանդեպ, միմյանց հանդեպ, այնպես էլ ամուսիններին է կոչ անում հնազանդվել միմյանց՝ մաքրելով սրտերն ամեն անիրավությունից։ Ուրիշ ի՞նչ օրինակ ուներ առաքյալը հնազանդության, եթե ո՛չ Հիսուս Քրիստոսի, որը միայնակ մնաց իրեն հալածող կուսակալների, իշխանների, քահանայապետների և ժողովրդի առջև։ Հավանաբար հնազանդության կոչ անելի իր աչքի առջև էր գալիս այն տեսարանը, որ Հիսուս Քրիստոս կանգնած էր դաժան հալածիչերի դիմաց, մենակ էր և հնազանդ էր նրանց վայրագություններին։ Իրեն վիրավորում էին, ինքը լուռ էր, ապտակում էին, չէր պատասխանում,։ Տեր Հիսուս իրեն ամբողջությամբ հանձնել էր Երկնավոր Հոր ձեռքը և համբերում էր դառնության բաժակի ողջ պարունակությանը։
Եթե Տեր Հիսուս օգնության կանչեր հրեշտակների մի մեծ գունդ և պայքար մղեր իրեն հալածողների դեմ, անշուշտ արդարացի կլիներ, քանզի անմեղ էր։ Սակայն դա կլիներ ընդվզում իր երկնավոր Հոր կանքին։ Ինչո՞ւ։ Որովհետև աղոթքի մեջ խնդրեց, որ այդ բաժակը իրենից վերցվի, սակայն Հայրը անպատասխան թողեց Իր խնդրանքը։ Այս դրվագը ամեն անգամ կարդալիս, տեսնում ենք, թե ինչ երանելի վիճակում է կանգնած Հիսուս Քրիստոս, և թե՝ ինչ նողկալի ու ստոր վիճակում են իրեն հալածողները իրենց անզորության ու թուլության պատճառով։ Հիսուս Քրիստոս մասնակից չեղավ մարդկային ճղճիմ արարքներին և լիովին իրեն հանձնեց Երկնավոր Հորը։ Այս փաստն էր դրդել Պետրոս առաքյալին դառնալ հնազանդ և քարոզել հնազանդություն։ Իսկ ինչո՞ւ մենք չենք կարողանում հնազանդվել և ընդվզում ենք ամեն հարմար առիթով, ամեն հալածանքի դեպքում։ Որովհետև մեր «Ես» ը, կամ մեր հոգևոր էգոիզմը խանգարում է հնազանդվել՝ հանուն գալիք խոստման։ Պետրոս առաքյալը սկզբնական շրջանում ուներ հպարտ շտապողականություն, և ամեն տեղ առաջինն էր հանդես գալիս։
Բայց երեք տարվա դպրոցը Պետրոսին դարձրեց հնազանդ՝ նույնիսկ նահատակության։ Դրա համար ձեզ էլ խորհուրդ եմ տալիս առաքյալներին կարդալիս, հիշեք, թե ո՞վ է գրել, ի՞նչ դրդապատճառով է գրել, ի՞նչ անցյալ է ունեցել մինչև Քրիստոսին ճանաչելը, և ի՞նչ կյանք է ապրում Քրիստոսին ճանաչելուց հետո։ Պողոս առաքյալը չէր ամաչում իր նախկին հալածիչ անունից, այլ պարծենում էր Քրիստոս ծառա ու բանտարկյալ կոչվել՝ Քրիստոսի ճանաչելուց հետո։ Սիրելիներ, մենք էլ կարիք չունենք թաքնվել մեր նախկին մեղավոր վիճակի հետևում և չկարողանանք ընդառաջ գնալ մեր Տիրոջը՝ որը այդ պատճառով է աշխարհ եկել։ Մինչև Քրիստոսին գալը, մենք մշտապես էլ իմացել ենք, որ վատ վան չի կարելի անել և արել ենք ծածուկ, որպեսզի ո՛չ ոք չտեսնի։ Քանի որ չենք իմացել թե հանուն ինչի՞ պետք է դադարենք այդ սխալը գործելուց։ Իսկ Քրիստոսին դառնալուց հետո, հասկացել ենք, որ Նա խաչվել է մարդկային հենց ա՛յդ մեղքերի պատճառով, որ այլևս չկրկնենք։ Իսկ հիմա, Աստծուն ճանաչելուց հետո, կամ հրաժարվում ենք մեղք գործելուց, կամ գործելուց հետո, զղջում ենք Պետրոսի նման, որովհետև արդեն զգուշացված ենք։ Բայց երբեմն մոռանում ենք մեղքի քաղցրության պատճառով, կամ մեր կաշին փրկելու համար մեղանչում ենք։
Տեսանք, որ Պետրոս առաքյալը ապրեց, ու իր ապրածը քարոզեց հնազանդությամբ։ Հնազանդությունը հոգևոր կյանքի առաջին քայլերից է, որի շնորհիվ մարդիկ հրեշտակների հետ հանդիպման արժանի դարձան։ Լավագույն օրինակը Մարիամ Աստվածածինն է, որ հնազանդվեց Գաբրիել Հրեշտակի ավետիսին և արժանացավ աշխարհի Փրկչին իր որովայնում կրել, Աստվածամայր կոչվել, և աշխարհի մարդկանց համար բարեխոս համարվել։ Այսինքն հնազանդության կոչը Պետրոս առաքյալի կողմից ինքնանպատակ չէ, որ ուղղում է հասարակության լայն շերտերին՝ ինչպես իր ժամանակաշրջանի, այնպես էլ մեր օրերի մարդուն։ Առաքյալը կամենում է, որ մենք հնազանդության մեջ նպատակ տեսնենք, ոչ թե առանց հասկանալու գլուխներս կախենք ամենքի առաջ, որ հարվածեն։ Քրիստոսի հնազանդությունը դաժան մարդկանց առջև՝ նպատակ ուներ, այդ նպատակը մեր փրկության ծրագրի ամբողջացումն էր։
Մեր հնազանդության պատճառը և ներշնչումը պետք է լինի Հիսուս Քրիստոս, որը անպատվություն կրեց մեզ համար։ Հիսուս Քրիստոս անմեղ էր, հնազանդվեց։ Մենք մեղավոր ենք, առավել ևս պարտավոր ենք հնազանդվել՝ գիտակցաբար։ Պետրոս առաքյալը սոցիալական բոլոր խավերին հնազանդության կոչով անդրադառնալուց հետո, անդրադառնում է նաև ընտանիքին, խոսքը ուղղելով միանգամից կանանց։ «Կանա՛յք, – ասում է առաքյալը,- հնազա՛նդ եղեք ձեր մարդկանց»։ Ինչո՞ւ հարցը միանգամից ուղղվեց կանանց։ Մի՞թե այդ ժամանակ կանայք անհնազանդ էին իրենց ամուսիններին։ Ո՛չ, անհնազանդ չէին, առաքյալը բացատրում է, թե ինչու պետք է կանայք հնազանդ լինեն, դարձյալ իրենց հնազանդության մեջ նպատակ տեսնելով։ Քանի որ բոլոր տղամարդիկ քրիստոնյաներ չէին, կանայք ամուսնանում էին նաև հեթանոսների հետ։ Իսկ հեթանոս ամուսինը կարող է դարձի գալ նաև կնոջ քրիստոնյա մեջ հնազանդություն և խոնարհություն տեսնելուց հետո։
Առաքյալն ասում է, եթե հեթանոսները չհնազանդվեն Աստծու Խոսքին, թող իրենց կանանց պարկեշտ վարքին ու հնազանդությանը հետևելով դառնան դեպի Աստծու խոսքը։ Քրիստոնյա կնոջ պարկեշտ ընթացքը՝ լի Աստծու երկյուղով, կարող էր դեր խաղաղ հեթանոս ամուսնու կյանքի մեջ։ Կանանց հորդորում է իրենց արտաքինը զարդարեն ո՛չ թե զանազան ոսկեհուռ վարսակալներով, կամ շքեղ զգեստներով ու փայլերով, ինչը անում էին հեթանոս կանայք, այլ՝ սրտի մաքրությամբ թեզ զարդարվեն, ներքին մարդու փոփոխությամբ թող զարդարվեն։ Այսպիսի զարդարանքը արժեք է ներկայացնում Աստծու առաջ։ Նախկինում Աստծու վրա հույս դրած կանայք այդպիսի խոնարհությամբ էին զարդարվում, խոնարհեցնելով իրեն ներսի կամակոր մարդուն։ Վերը օրինակ բերեցինք Մարիամ Աստվածածնին՝ իր հնազանդության պատճառով, բայց Աստվածաշնչում օրինակները շատ են պարկեշտ վարքով կանանց։
Օրինակ՝ Սառան հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն է կոչում։ Իսկ Աբրահամը ազգերի հայր կոչվեց, և հրեաների պարծանքի պատճառը։ Հնազանդ մարդը արդար է ու բարեգործ, հետևաբար ոչ մի բանից չի վախենում։ Այս պատգամները կանանց է ուղղված և կանայք պետք է հնազանդ լինեն իրենց ամուսիններին՝ հաշվի առնելով իրենց հնազանդության նպատակը։ Իսկ ի՞նչ թող անեն տղամարդիկ։ Տղամարդիկ նույնպես անելիք ու պատգամ ունեն, քանի որ ամուսիններն են այդ հնազանդ կանանց։ Տղամարդիկ թող իմաստությամբ ապրեն իրենց կանանց հետ։ Եթե հեթանոս ամուսինների պարագան այլ է, նրանք չեն կարող հասկանալ քրիստոնյայի հնազանդության նպատակը, ապա քրիստոնյա ամուսինների համար լիովին հասկանալի է կնոջ հնազանդության պատճառը։ Առաքյալը բոլոր տղամարդկանց հորդորում է իմաստությամբ ապրել իրենց կանանց հետ։ Տղամարդիկ թող հարգեն իրենց կանանց՝ իբրև դյուրաբեկ անոթի։ Ինչու Պետրոս առաքյալը կանանց դյուրաբեկ անոթի հետ է համեմատում։ Ո՞վ չգիտե, որ դյուրաբեկ անոթները ավելի թանկ նյութից են պատրաստված, քան՝ օրինակ կավե անոթները։ կամ ով չգիտե, որ դյուրաբեկ անոթների հետ խնամքով են վերաբերվում, չկոտրելու համար։
Պետրոս առաքյալի պես խիստ պատրիարքը այսպիսի համեմատություն է կատարել կնոջ դյուրաբեկությունը նկարագրելու համար։ Հետևաբար կանայք ավելի շուտ կարող են փշրվել կոպիտ վերաբերմունքից։ Դրա համար տղամարդիկ իմաստությամբ պետք է վարվեն այդ դյուրաբեկ անոթների հետ, որոնք իրենց հնազանդ են։ Բայց Պետրոս առաքյալը երբեք կանանց չի ստորադասում տղամարդկանցից, քանի որ ասում է, կանայք էլ կյանքի շնորհի ժառանգակիցներ են։ Տղամարդիկ թող իմաստությամբ վարվեն իրենց կանանց հետ, որպեսզի իրենց աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն։ Այս խոսքերը հասկանալի է, քանի որ ամուսինների միջև տարաձայնության դեպքում առաջինը վնասվում է աղոթքը, քանի որ երբ սիրտն ու միտքը խաղաղ չէ, անկարելի է աղոթքի մեջ հարատևել և Աստծու առջև ներկայանալ որպես աղոթող, եթե անհաշտ ենք մեր կողակցի հետ անհնազանդության պատճառով, կամ էլ կոպտությամբ վարվելու պատճառով։
Ուրեմն փոխադարձ հարգանքն ու իմաստությունը կարող է ամուսիններին պահել աղոթքի միաբանության մեջ և ամուր ընտանիքի հիմքերը սրանք են։ Սա շատ կարևոր խորհուրդ է ամուսիններին, որ արձանագրել է պետրոս առաքյալը։ Եթե համեմատենք մեր ժամանակակից ընտանիքների հետ, որևէ նմանություն չենք գտնի։ Մեր ընտանիքներում գործում են բոլորովին այլ օրենքներ և աղոթքի միաբանությունը ամուսինների միջև կարելի է նորություն, կամ զավեշտ համարել գերակշռող մեծամասնության մոտ։ Նշանակում է մեր ընտանիքներում չկա հնազանդություն, չկա նաև իմաստություն, դրա համար բացակայում է աղոթքը։ Իսկ եթե ընտանիքում չկա հնազանդություն և փոխըմբռնում, ապա ինչպե՞ս կարող է լինել հասարակության մեջ, կամ պետական մարմինների մեջ։ Մեր ժողովրդի հոգևոր հիմքերը վթարային վիճակում է՝ ավետարանական ճշմարտությունների գիտության հարցում։ Մինչև ո՞ւր ենք գնալու այս խարխուլ ընտանիքներով, միայն Աստծուն է հայտնի։
Սիրելիներ, ի տարբերություն Հին Ուխտի, քրիստոնեության մեջ գլխավորը համախորհուրդ լինելն է, չարին բարով պատասխանելն է։ Եթե հին Հին Կտակարանն ասում է․ «Մի արա, մի արա, և մի արա», ապա քրիստոնեական բարոյականության օրենքները ավելի հանդուրժողական են, քան հին ուխտի օրենքները։ Այսինքն՝ եթե օրենքն ասում մի արա ուրիշին այն, ինչ չես ուզում, որ ուրիշները քեզ անեն, ապա քրիստոնեության մեջ ավելի ցայտուն է այս պատվիրանը, որն ասում, – «Արա ուրիշին այն, ինչ կկամենաս, որ քեզ անեն»։ Բնականաբար ո՛չ ոք չի կամենա, որ իրեն վատություն անեն։ Երբ առաքյալն ասում է, որ չարին չարով մի հատուցեք, կամ նախատինքին նախատինքով մի պատասխանեք, այլ՝ ընդհակառակն, օրհնեցե՛ք, որովհետև այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի դուք էլ ժառանգեք օրհնություն։
Առաքյալը մեջբերում է մի գեղեցիկ սաղմոս, որն ասում է, « Լեզուդ պահի՛ր չարութիւնից, եւ շրթներդ թող նենգութիւն չխօսեն։ Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր, խաղաղութիւն փնտռիր եւ դրա՛ն հետեւիր։ Տիրոջ աչքերն ուղղուած են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղօթքին։ Տիրոջ հայեացքը չարագործների վրայ է՝ նրանց յիշատակն աշխարհից ջնջելու համար։ Արդարները Տիրոջը աղօթեցին, եւ Տէրը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղութիւններից։ Տէրը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, եւ նա փրկում է հոգով խոնարհներին»։ Սաղմոս․33։14 Առաքյալի այս հորդորը՝ չարին բարով պատասխանել, դարձյալ գալիս է մեզ փաստելու մեր Տիրոջ օրինակը՝ որը չարին չարով չպատասխանեց և հնազանդությամբ տարվեց մորթվելու ինչպես մի անմռունչ գառ։ Տեր Հիսուս Քրիստոսի օրինակից բացի, ունենք նաև մի ողջ սրբերի բազմություն՝ սկսած Ստեփանոս նախավկայից մինչև վերջին նահատակված առաքյալը, որոնք չհակառակվեցին իրենց սպանողներին և հակառակը խնդրում էին Տիրոջը՝ դա նրանց համար մեղք չհամարել։ Պետրոս առաքյալը Քրիստոսի աշակերտն է, նա այլ բան գրել չի կարող, այլ կերպ ապրել չի կարող, քան իր Վարդապետի ուսուցումը իր սրտում է, որովհետև հույս ունի ըստ Տիրոջ խոստման։
Երբ մենք մտաբերում ենք Պետրոսի կյանքը, հատկապես Տեր Հիսուսի հետ շրջագայության ժամանակ և հետագայի քարոզությունը, տեսնում ենք, որ անվերջ հալածվել է անարդարությամբ, և ազատ է արձակվել, քանի որ ո՛չ մի հանցանք չեն գտել իր վրա։ Այսինքն Պետրոսը միշտ բարուն է նախանձախնդիր եղել և հալածվել։
Բայց այստեղ մի հետաքրքրի հարց է տալիս իր ընթերցողին, ասելով․ «Եվ ով է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն»։ Սիրելի Պետրոս առաքյալ, բայց չէ՞, որ դու միայն բարուն էիր նախանձախնդիր, և ո՛չ միայն դու, այլ բոլոր աշակերտները, որոնք հերթով սպանվեցին չարերի ձեռքով՝ Քրիստոսի հետևելու պատճառով։ Ուրեմն ինչպե՞ս չարերը ձեզ հալածեցին։
Այս հարցը միայն մենք կարող ենք տալ, որովհետև Ավետարանի խոսքը մեր սրտի մեջ չէ, այլ մեր լեզվի վրա։ Իսկ Պետրոս առաքյալը չէր մոռացել «Լեռան Քարոզը», որտեղ Տեր Հիսուս բացահայտ հայտարարեց․ «Երանի արդարության համար հալածվողներին, քանի որ նրանցն է երկնքի արքայությունը»։ Պետրոս առաքյալը մեզ նման կառչած չէր այս ժամանակավոր կյանքին, որը միայն ցավ է ու վիշտ, այլ նա հիշում էր Տիրոջ խոստումը երկնքի արքայության մասին։ Ո՛չ միայն հիշում էր, այլ՝ հավատում էր։ Ո՛չ միայն հիշում ու հավատում էր, այլ՝ շտապում էր շուտով հասնել իր սիրելի Վարդապետին։ Նույն կերպ վարվում էր նաև Պողոս առաքյալը, որի համար նույնպես կյանքը՝ Քրիստոսն էր, իսկ մեռնելը՝ շահ։
Սիրելիներ, մենք այսպիսի ուսուցիչներ ունենք, որոնք մեզ հավիտենական կյանքի բոլոր գաղտնիքները բացահայտել են, բանալիները տվել են, մեզ մնում է կարդալ միայն, հավատալ, հետևել և զգալ հավատարմության քաղցրությունը՝ կյանք պարգևողի և այդ կյանքը Փրկողի նկատմամբ։ Ինչպե՞ս է, որ առաքյալները չվախեցան, չխռովեցին, այլ Քրիստոսին սուրբ պահեցին իրենց սրտերում։ Պատրաստ էին հեզությամբ երկյուղածությամբ պատասխան տալու ամեն մարդու, որը կհարցնի իրենց մեջ եղած հույսի մասին։ Սիրելիներ, այստեղ մի նրբություն կա։ Պետրոս առաքյալն ասում է, պատրաստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, ով կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը։ Այսինքն քրիստոնյաները պարտավոր են այնպես ապրել, որպեսզի կարողանան ամեն մարդու սիրով պատասխան տալ իրենց մեջ ապրող հավատի, հույսի և սիրո պատճառի մասին։ Իսկ եթե քրիստոնյան իր սրտում սուրբ չպահեց Քրիստոսին, նա չի կարող մաքուր խղճմտանքով պատասխան տալ իրեն բամբասողներին, քանի որ նրա խոսքն ու գործը տարբեր են։
Քրիստոնեության մեջ սա շատ վտանգավոր երևույթ է, երբ քարոզը այլ է, կյանքը՝ այլ։ Սա ամենամեծ գայթակղություն է մարդկանց համար, երբ քրիստոնյայի կյանքը տարբեր է իր դավանանքից։ Պետրոս առաքյալը կանանց հենց դրա համար էր հորդորում, որ հնազանդ լինեն հեթանոս ամուսիններին, որպեսզի ամուսինները ներդաշնակություն գտնեն իրենց կանանց հավատքի ու կյանքի մեջ։
Առաքյալները գիտեին, որ Տիրոջ աչքը արդարների վրա է։ Տիրոջ ականջները բաց է արդարների աղոթքներին։ Բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է։ Ինչպես որ Տեր Հիսուս լիովին իրեն հանձնեց հայր Աստծուն և հնազանդվեց իրեն խաչը հանողներին, այնպես էլ առաքյալները իրենց սրտում սուրբ պահեցին Քրիստոսի և աներկյուղ գնացին նահատակության՝ չարագործների ձեռքով։
Տիրոջ երեսը դեմ է չարագործներին, և Աստծուն է վերապահված ամեն վրեժխնդրություն։ Առաքյալը բացատրում է, թե հատկապես ինչու է կարևոր հնազանդությունը քրիստոնեության մեջ՝ հետագայում առաքելահիմն եկեղեցիների քարոզության համար։
Աշխարհում տառապանքներ և հալածանքներ լինելու են անպայման, բայց լավ է երբ մարդուն հալածեն արդարության համար, քան չարիքի համար։ Բարեգործություն անելով չարչարվելը երանելի վիճակ է, քանի որ դա է Աստծու կամքը։ եթե քրիստոնյան չկարողանա հեզությամբ փաստել իր խաղաղության, սիրո, համբերատարության պատճառը, նշանակում է այդպիսի քրիստոնյան ուղղակի քրիստոնյայի դերի մեջ է, քրիստոնյայի անվան տակ է ապրում, և ոչ թե իր սրտում սուրբ է պահում Քրիստոսին։ Ովքե՞ր են քրիստոնյաներին հակառակվում։ Հերետիկոսները, անհավատները, հեթանոսները։ Եթե մենք այսպիսիներին չկարողանանք հեզությամբ և սիրով փաստենք մեր հավատի անխախտությունը, ապա ինքներս կհայտնվենք մոլորության մեջ։ Այս մարդիկ ևս պետք է լինեն մեր աղոթքի և ուշադրության կենտրոնում։ Քանի որ հեթանոսին, հերետիկոսին, աթեիստին ևս Աստված է ստեղծել, և Աստված կների նրանց, եթե դառնան իրենց անհավատությունից ու չարությունից, այնպես, ինչպես ավազակին ներեց։Հովհան Ոսկեբերան Հայրապետը հերետիկոսների համար ասում է․ «Մենք նզովում ենք հերետիկոսությունը, բայց սիրում ենք հերետիկոսներին, որպես մեր տկար եղբայրներ և բարի գործերով փորձում ենք նրանց մոտեցնել Քրիստոսին»։
Քրիստոնյան ներքին համոզում պետք է ունենա և իր բոլոր գործերը կառուցի ներքին այն համոզման վրա, որ Արդարը մեռավ անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն։ Առաքելական հավատը երբեք պայքարով չի մտել ժողովրդի մեջ, և պետք չէ, որ պայքարով ապացուցվի մեր հավատը։ Մեր հավատը միայն կարող ենք ապացուցել մեր խոնարհությամբ և մեր գործերով։ Իր թղթի երրորդ գլխի ավարտին Պետրոս առաքյալը առաջ է քաշում ևս մեկ գլխավոր հարց՝ Քրիստոսի Հարության Տիեզերական հաղթանակի հարցը։ Մեր բոլորի մեղքերի համար, մեղքերի պատճառով, մեկ անգամ մեռավ Ինքը՝ Հիսուս Քրիստոս, բայց կենդանի է հոգով, որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին մինչև Նոյի օրերը, երբ նա տապանն էր շինում։
Այդ օրերին քչեր փրկվեցին ջրից, այսինքն Նոյի ընտանիքի ութ անդամները։ Բանտ ասելով առաքյալը նկատի ունի դժոխքը, ուր Հիսուս գնաց և քարոզեց մինչ այդ պահը մեռած արդարներին և անարդարներին։ Հնարավորություն տվեց բոլորին ընտրելու իրեն հավիտենականության ճանապարհը՝ արդարներին՝ հավիտենական կյանք, իսկ անհավատներին հավիտենական տանջանք, որը լինելու է Իր Երկրորդ գալուստին՝ դատաստանի ժամանակ։ Հարուցյալ Քրիստոս գնացած լինելով երկինք, Աստծու աջ կողմում է, և նրան հնազանդվում են հրեշտակները, իշխանությունները ու զորությունները։ Սիրելիներ, քանի որ Քրիստոս մարմնով չարչարվեց մեզ համար, մենք զինվենք նույն մտքով, քանի որ ով մարմնով չարչարվում է, դադարում է մեղանչելուց։ Հիսուս Քրիստոս դժոխք իջավ և իշխանություն ունի դժոխքի վրա։
Հիսուս Քրիստոս մեռավ, և իշխանություն ունի մահվան վրա։ Եթե բացենք մեր դժոխք սրտերը Նրա առջև, Նա նույն սիրով կազատագրի նաև մեր բանտարկված հոգիները մեղքերի գերությունից։ Ընտրությունը տրված էր նաև Նոյի ժամանակվա մարդուն՝ ընտրել Տապանը, կամ ջրհեղեղը։ Ընտրությունը տրված է նաև մեզ՝ ապաշխարել և ընտրել փրկության ճանապարհը, կամ անմասն մնալ Լույսից և կորչել խավարում։ Մեր մկրտությունն էլ մահ է մեղքի համար, եթե մեռնում ենք Քրիստոսի հետ , ուրեմն հաղթանակն էլ վայելելու ենք Քրիստոսի հետ։
Ինչպես որ հայրերն են ասում,- խաչին խաչակից, փառքին փառակից։
Սիրելիներ, ավարտեցինք նաև Պետրոս առաքյալի թղթի երրորդ գլխի սերտողությունը։ Հաջորդ եթերաժամին կսերտենք չորրորդ գլուխը, հասկանալու համար, թե որոնք են փրկված կյանքերը։ Մենք այսօր ավելի մոտ ենք փրկությանը, քան որ սկսեցինք հավատալ։ Ուրեմն ուշադիր լինենք հավերժ չհնացող պատվիրանին, որն ասում է․ «Արթուն եղեք, քանի որ չգիտեք ժամերն ու ժամանակները․․․»։
Աղոթենք միասին։
Եւ յանուն Քո մեծ ու փառաւորեալ թագաւորութեան դատաստան մի՛ մտիր Քո ծառայի հետ եւ մի՛ հատուցիր ինձ ըստ իմ բազում անօրէնութիւնների: Այլ շնորհի՛ր ինձ աջակողմեան դասի արժանաւոր եւ կատարեալ հոգիների հետ լուսեղէն ամպերին [բազմած] բարձրանալ օդի միջով Քեզ ընդառաջ եւ Քո սիրելիների եւ կամարարների հետ ուրախացրո՛ւ յարազուարճ ուրախութիւններում եւ առատապարգեւ փառքովդ փառաւորի՛ր ինձ արդարների երամներում՝ նրանց հետ բնակեցնելով Քո երկնային արքայութեան մէջ՝ Վերին Երուսաղէմում: Որպէսզի, նրանց հետ ձայնակցելով, փառաւորեմ Քեզ Հօր եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Եփրեմ Ասորի