ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, Պետրոս առաքյալի ընդհանրական առաջին թուղթը սերտելիս, մենք տեսանք, որ Պետրոսը իր թուղթը հատուկ հասցեով չի ուղարկել, այլ՝ աշխարհասփյուռ հրեաներին, որոնք պանդուխտ են իրենց երկրների մեջ։ Գոտեպնդում է բոլոր հրեաներին, որ կատարյալ հույսով սպասեն Հիսուս Քրիստոսի խոստացած շնորհին։ Իսկ դրա համար պետք է, որ նրանք մոռանան իրենց նախկին ցանկությունները, որ ունեին իրենց անգիտության ժամանակ։ Նաև հիշեցնում է բոլորին, որ ո՛չ ոք չի կարող փրկվել արծաթով և ոսկով, այլ՝ փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի խոստմանը սպասելու միակ պայմանը մարդկանց սրտերի մաքրությունն է, և անձեր հնազանդությունը։ Պետրոս առաքյալին ծանոթ է մարդկային մեղքը, որի մեջ են իր հայրենակիցները։ Հետևաբար խրախուսում է, որ ձերբազատվեն իրենց ներսի չարությունից, բարկությունից, կեղծավորությունից, չարախոսությունից և հատկապես նախանձից, քանի որ նույնիսկ Պիղատոսն էր նկատել, որ փարիսեցիները իրենց նախանձի պատճառով էին ամբաստանում Քրիստոսին՝ իր առջև։ Պետրոս առաքյալի աչքի առջև է եղել քահանայապետների վարքն ու կենսագրությունը։
Դրա համար իր խոսքը ուղղում է բոլորին, քանի որ այդ մեղքերը կրողներն էին, որ խաչը հանեցին Արդարին։ Երբ Պողոս առաքյալը որոշակի համայնքի հետ էր խոսում, նրանց ասում էր, որ դուք կաթնակեր չեք այլևս, ժամանակն է, որ դուք կոշտ կերակուր ուտեք։ Իսկ Պետրոս առաքյալը հորդորում է լինել նորածին երեխաների պես և փափագել անխարդախ կաթին։ Ովքե՞ր էին նորածինները, եթե ո՛չ նորադարձ քրիստոնյաները, որոնք խնամքի կարիք ունեին, և այդ անխարդախ կաթը Աստծու խոսքն էր, որի միջոցով պետք է աճեին նրանք՝ իրենց փրկության համար։ Այս խոսքերը բնականաբար ուղղված է քրիստոնյաներին, որոնք հավատում էին Հիսուս Քրիստոսին, և արդեն ճաշակել էին Նրա քաղցրությունն ու բուրմունքը։ Երկրորդ գլուխն էլ առաջինի նման ունի աստվածաբանական դրույթներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես պետք է ապրի քրիստոնյան։ Հիսուս Քրիստոսին անվանում է Կենդանի վեմ, որին անարգեցին մարդիկ, սակայն Նա Աստծու առաջ ընտրյալ է և թանկագին։ Քրիստոսին վեմի հետ համեմատում է հատկապես Եսայի մարգարեն և Պետրոս առաքյալը մեջբերում է անում հենց Եսային մարգարեից, Հիսուս Քրիստոսին դարձյալ Վեմ անվանելով։ Կենդանի վեմեր է անվանում նաև սփյուռքի հրեա մարդկանց, որոնք պետք է կարդային այս թուղթը։
Դիմելով մարդկանց, ասում է․ «Եվ դուք, իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք, որպես հոգևոր տաճար, որպես անարատ քահանայություն, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք հոգևոր պատարագներ»։ Տեսեք, թե առաքյալը աստվածաբանական իր գեղեցիկ բանաձևում է անում, ասելով, որ դուք և՛ տաճար եք, և՛ քահանա եք այդ տաճարի մեջ, և աղոթող եք, և Հիսուս Քրիստոսի միջոցով հոգևոր պատարագներ եք պիտի մատուցեք, որոնք հաճելի են Աստծուն։ Առաքյալի այս խոսքերից հասկանալի է, որ տաճարը դեռ կանգուն է, բայց մարդիկ մեկական տաճար են Աստծու առջև, և քարե տաճարը չէ, որ հաճելի է Աստծու աչքի առջև։ Պետրոս առաքյալի հոգևոր աճը անհամեմատ բարձրացել է, Սուրբ Հոգու շնորհիվ, քանի որ նա արդեն մարդ արարածին այլևս Սուրբ հոգու տաճար է նկատում, ոչ թե որպես պարզ մահկանացու, և առավել է գնահատում, քան քարեղեն տաճարը։ Հիշում եք, որ Պետրոս առաքյալը իր Վարդապետին մատնացույց էր անում քարե տաճարի անսահման գեղեցկությունը, և անակնկալի եկավ, երն Տեր Հիսուս ասաց, որ քարը քարի վրա չի մնալու այդ տաճարից։ Այդ ժամանակ Պետրոսը չէր հասկանում, որ Քրիստոս այդ քարե տաճարի համար չէր եկել, այլ մարդ տաճարի փրկության համար։ Քարե տաճարը միայն միջոց է Աստծու հետ հաղորդակցվելու և մեղքերի պատճառով զոհեր մատուցելու համար։ այնուհետև մեջբերում է դարձյալ Եսայի մարգարեությունից, ասելով․ «Ահա՛վասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ո՛վ Նրան հավատա, ամոթով չի մնա»։ Եսայ․ 28։16 Մի՞թե մարգարեն քարը նկատի ունի, կամ մի՞թե մարդը քարին կարող է հավատալ և ամոթով չմնալ։ Մարգարեն նկատի ունի Հիսուս Քրիստոսին, որը հավատացյալների համար թանկագին Վեմ է, իսկ անհավատների համար, որոնք անգեցին Նրան, եղավ անկյունաքար՝ ըստ 117 Սաղմոսի։ Այս մասին հիշատակված է նաև Մատթևոսի Ավետարանի 21րդ գլխում, երբ Տեր Հիսուս հիշեցնում է մարգարեի այս տողերը և փարիսեցիներին ու օրենսգետներին ասում է, – Քանի որ անարգեցիք, ձեզնից կվերցվի Աստծու Արքայությունը և կտրվի այն ազգին, որը պտղաբեր կդարձնի այն։ Այստեղ է, որ Տեր Հիսուս խոսքն ուղղելով քահանայապետին, ասում է․ « Ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի»։ Մատթ․ 21։42 Ինչու է համեմատում շինարարների հետ, որովհետև շինարարները երբեմն անտեսում են մի կարևոր քար, որը կարող է առավել օգտակար լինել, քան մնացած բոլոր քարերը, և քանի որ շինարարները անտեսել այդ քարը, բոլոր մարդիկ ևս անպետք են համարում այդ քարը։
Այսինքն Կենդանի Վեմին արհամարհողների պատճառով գայթակղություն առաջացավ Աստծու խոսքի հանդեպ, և մարդիկ չէին հավատում նրան։ Եթե հին կտակարանի քահանայությունը երկու մասի էր բաժանված՝ Ահարոնի և Ղևիի ցեղերի միջև, ապա Քրիստոսից հետո մեկ են բոլորը, ընտիր ցեղ, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի նրանք հռչակեն Աստծու առաքինությունները։ Քանի որ Քրիստոս էր, որ խավարից կանչեց բոլորին՝ Իր սքանչելի լույսին։ Այսպիսի մի պատգամ էլ Պողոս առաքյալն է տալիս հռոմեացիներին, եթե հիշում եք, երբ ասում էր նրանց․ «Այս էլ իմացէք ներկայ ժամանակիս մասին, որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք. քանի որ փրկութիւնն այժմ մեզ աւելի մօտ է, քան երբ որ մենք հաւատացինք: Գիշերն անցաւ, եւ ցերեկը մօտեցաւ. ուրեմն, դէն գցենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը. շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով. ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ ու պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանութեամբ. զգեստաւորուեցէք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար: Հռոմ․13։11
Բոլոր առաքյալներն էլ հրեաներին հիշեցնում են, որ կար ժամանակ, որ նրանք ժողովուրդ չէին, սակայն հիմա Աստծու ժողովուրդ են, և ողորմություն են գտել Աստծուց, պետք չէ անտեսել այդ մեծ պարգևը։ Այսինքն Պետրոս առաքյալը չի թաքցնում Աստծու շնորհն ու ողորմությունը, որի շնորհիվ հրեաները այժմ ժողովուրդ են կոչվում։ Քանի որ մենք արդեն գիտենք, որ Պետրոս առաքյալը իր թուղթը գրել է պանդխտության մեջ հայտնված իր հայրենակիցներին, հետևաբար հորդորում է, որ նրանք չմոռանան իրենց հավատն ու ավանդությունները և չխառնակվեն օտար ուսմունքների և հեռու մնան մարմնավոր ցանկություններից, որոնք թշնամի են հոգուն։ Այլ հակառակը՝ ապրելով հեթանոսների մեջ հրեաները պարտավոր էին նրանց ցույց տալ իրենց պարկեշտ վարքը։ Ըստ առաքյալի խոսքի հեթանոսները բամբասել են հրեաներին, իրենց չարագործությունների մեջ։ Հիմա հորդորում է, որպեսզի ցույց տան պարկեշտ վարք՝ հեթանոսներին, այդ վատ կարծիքը շտկելու համար։ Սա այն բանի համար է, որ հեթանոսները տեսնեն հրեաների բարեպաշտ կյանքը և գործերը, փառավորեն Աստծուն՝ Նրա այցելության օրը։ Կարելի է ասել, որ բոլոր առաքյալներն էլ հետևելով Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, որդեգրել են իրենց Ուսուցչի այն սկզբունքը, որ հեղինակություն ձեռք են բերում ո՛չ թե ստիպելով, կռվելով, ապացուցելով և վիրավորանքին հակադարձելով, այլ՝ սեփական անձի առաքինի և պարկեշտ վարքի դրսևորմամբ։
Ուրեմն սփյուռքի քրիստոնյան հրեաները պետք է իրենց կենցաղավարությամբ և հավատքով կարողանային հեթանոսների համար օրինակ լինեին, թերևս այդ ճանապարհով հեթանոսը դարձի գար։ Կամ Քրիստոսի երկրորդ գալուստի թող ամոթով մնանք նրանք, որոնք վիրավորել են քրիստոնյայի հավատքն ու դավանությունը։ Չէ՞ որ Տեր Հիսուսի մարգարեությունը կարդացինք վերևում, որ ո՛ւմ վրա ընկնի վեմը, կճզմի նրան։ Ուրեմն եթե մեկը խստասրտորեն չի կամենում հավատալ, թող մտահոգվի Կենդանի Վեմին բախվելուց։ Անձնական օրինակը և հավատի գործերը ի ցույց դնելը միակ դեղատոմսն է մարդկանց դարձի բերելուն։ Սիրելիներ, այս դեղատոմսը միայն հրեաների համար չէ, և միայն այն ժամանակվա մարդկանց համար չէ, այլ առավել մեր օրերի քրիստոնյաների համար է ասված, որ քրիստոնեությունից լուր չունեն։ Ցավալի է, բայց այսօր մկրտված քրիստոնյան չի կարողանում իր հավատքի գործերով մեկ այլ չմկրտվածի համար օրինակ լինի, որպեսզի նա ցանկություն հայտնի դավանել նույն կրոնը։ Պետրոս առաքյալը նույն առաջարկն է անում հրեաներին, հնազանդ լինել նույնիսկ մարմնավոր ամեն իշխանության․ ինչպես թագավորին, որպես գերագույն հեղինակություն, այնպես էլ կառավարիչներին, որպես թե թագավորների կողմից ուղարկվածների։ Այն բանի համար պետք է հնազանդվել, որովհետև բարի կառավարիչները չարագործներին պատժում են, իսկ օրենքը պահողներին ՝ գովում։
Սրանք թերևս բարեգործ իշխանավորներն են, որոնք պապանձեցնում են անխելք մարդկանց տգիտությունը։ Այսինքն առաքյալը հորդորում է պահպանել սահմանված կանոնները, եթե նույնիս դրանք չեն բխում մեր շահերից։ Այս խոսքերը ասում է Պետրոս առաքյալը, որը իր և իր լծակից առաքյալների հալածանքներին ոը անհարկի մեղադրանքներին ականատեսն է իր ժամանակի մեջ։ Չէ որ քրիստոնյաների հալածանքը սկսվել է հենց քրիստոնեության հաստատումից հետո։ Միթե շատ են այն կառավարիչները, որոնք չարագործին պատժում են ր օրինապահին գովում են։ Շատ չեն եղել նախկինում, և այժմ էլ շատ չեն՝ մեր օրերում։ Իրականում ո՞վ չի ենթարկվի այսպիսի իշխանին ու թագավորին, որը չարին պատժում է և բարուն՝ խրախուսում։
Նույնիսկ մեծ հաճույքով կարելի է հնազանդվել այսպիսի ղեկավարին։ Բայց այդպիսիք դա՛րը մեկ անգամ են հանդիպում, այն էլ եթե հանդիպում են։ Ամեն դեպքում առաքյալը առաջարկում է հեղափոխություն չանել նույնիսկ այն ժամանակ, եթե իշխանն ու թագավորը չարագործ են։ Աստծու կամքն այն է, որ բարեգործները իրենց վարքով պապանձեցնեն հիմար ղեկավարի տգիտությունը։ Ինչո՞ւ է այսպես առաջարկում Պետրոս առաքյալը, որ որևէ մեկը չընդվզի իր տիրոջ դեմ։ Որովհետև թեպետ մենք ազատներ ենք, բայց Աստծու առջև ծառաներ ենք։ Պետք չէ, որ մեր ազատությունը իբրև չարիքի պատրվակ բռնենք; Ապրեք ազատ և որպես Աստծու ծառաներ։ Միակ հաղթանակը քրիստոնեության մեջ այն է, որ, հարգենք բոլորին, սիրենք եղբայրությունը, վախենանք Աստծուց, և պատվենք թագավորներին։ Երկյուղով հնազանդ լինենք ո՛չ միայն բարի և հեզաբարո տերերին, այլ նաև դաժաններին։ Որովհետև իրապես մեծ շնորհ է, երբ մեկը հանիրավի վիշտ է կրում բարի խղճով։
Օրինակ՝ ինչպես Պողոս առաքյալը, կամ այս թղթի հեղինակը՝ Պետրոսը, որոնք երբեք չընդդիմացան իրենց ամբաստանողների դեմ, զրպարտողների դեմ, նույնիսկ մահվան դատապարտողների դեմ, ինչպես որ իրենց սիրելի Վարդապետը՝ Իրեն խաչը հանողների դեմ։ Այսինքն չարագործին հանդուրժել ամեն պարագայում, եթե նույնիսկ անմեղ ենք։ Եթե անկեղծ լինենք, այս երևույթը դժվար ընկալելի պատվիրանների շարքին է դասվում, և սրա համար ծով համբերություն է պետք, ծով խոնարհություն է պետք և անսահման սեր է պետք՝ համբերելու համար։ Բայց առաքյալը շատ խելամտորեն բացատրում է այս անհասկանալի պահը։ Այսինքն չարագործը, որը Աստծուն չի ճանաչում, անելու է իր չարագործությունը, եթե նույնիսկ մենք ընդդիմանանք։ Օրինակները շատ են, որոնք ավարտվել են գնդակահարությամբ կան ուղղակի սպանությամբ։
Եթե մենք ընդվզենք և տանուլ տանք, հետո ստիպված տանջվենք ու համբերենք, ի՞նչ օգուտ կունենանք։ Սակայն եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, այդ շնորհ է Աստծու մոտ։ Մեր իրականության մեջ, քրիստոնյաների մեծ մասը ընդվզում են չարագործ իշխանի դեմ և կորցնում են իրենց խաղաղությունը, բայց չարագործ իշխանը մնում է անդրդվելի։ Չար ղեկավարը քանի դեռ չի հնազանդվել Աստծուն, իրեն է հնազանդեցնելու արդարներին, որոնք նույնիսկ չեն ընդդիմանում։ Ինչպես որ Հակոբոս առաքյալն ասում էր, «Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակվում»։Չարագործի բնությունն այդպիսին է, ինչպես որ կարիճի բնությունը կծելն է։ Եթե նույնիսկ փորձես օգնել կարիճին, որը ընկել է ջրի մեջ, միևնույն է կծելու է, երբ կպնես իրեն։ Պետրոս առաքյալն ասում է քրիստոնյաներին, որ հենց այդ բանի համար եք կանչված, որ հետևեք Քրիստոսին, քանի որ Քրիստոսն էլ մեռավ ձեր համար, և օրինակ թողեց, որ իր հետքերով գնանք։ Նա երբեք մեղք չէր գործել, Նրա բերանում նենգություն չկար, նախատվելով պատասխան չտվեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդարությամբ իրեն դատողին։ Տեր Հիսուս իր մարմնով մեր մեղքերը հանեց խաչափայտի վրա, որպեսզի մենք զերծ մնանք մեղքերից և ապրենք արդարության հետ։ Մենք Նրա վերքերով ենք բուժվել։ Ինչպես որ իսրայելացիներին է ասում, թե դուք ժողովուրդ չէիք, իսկ հիմա Աստծու ժողովուրդ եք կոչվում, այնպես էլ մենք, որ մի ժամանակ մոլորված ոչխար էինք, իսկ հիմա դարձանք դեպի հոգիների Հովիվը։ Սիրելիներ, նրանք, որոնք մեղադրում են քրիստոնեությունը, որպես խեղճության կամ ստրկության կրոն, համբերելու մասին այս դրվագը լավ չեն հասկացել։ Ինչի՞ համար համբերեց Քրիստոս իր բոլոր անպատվություններն ու վիրավորանքները, թուքն ու ապտակը, զրպարտությամբ խաչելությունը։ Որովհետև Իր նպատակը վեր էր ամեն տեսակ չարչարանքից։
Արդար լինելով հանդերձ համբերեց խաչի մահը և մեզ պատվիրեց համբերել։ Քրիստոս իդեալական օրինակ է համարվում քրիստոնյաների համար։ Եթե մենք պատվիրանապահությամբ ապրում ենք մեր կյանքը խաղաղության և ուրախության մեջ, ապա ինչու փորձության կամ հալածանքի պահին չենք կարող համբերել վիրավորանքի կամ հալածանքի։ Չէ որ մեր նպատակն է վեհ է, երբ ուզում ենք միանալ մեր Տիրոջը՝ համբերելով չարչարանքին։ Այո դժվար է ընկալել այս պատվիրանը, բայց ընկալելուց հետո, անկարելի է չկատարել հանուն Քրիստոսին միանալու վեհագույն նպատակի։ Հետաքրքրական է այն փաստը, որ մարգարեություններում Քրիստոս ներկայացվում է որպես Աստծո Գառ, որը պետք է տարվի մորթվելու, մյուս կողմից էլ զոհաբերումից հետո, այլ գառների համար դառնում է Քրիստոս հոգիների Հովիվ։ Սիրելիներ, այս բոլոր գրվածքները մեզ համար հասկանալի կլինեն միայն այն ժամանակ, երբ Քրիստոս բնակվի մեր սրտում, Նրա վարդապետությունը բնակվի մեր մտքում, իսկ Նրա խոսքը լինի մեր լեզվի վրա՝ հարձակվելու և պաշտպանվելու համար։
Մնացած պարագաներում ժողովրդի համար հասկանալի չի լինի, թե ինչպես կարելի է երկյուղով հնազանդվել դաժան իշխանավորին ու ղեկավարին։ Ավետարանին գիտակ քրիստոնյան գիտե, որ ամեն իշխանություն Աստծուց է։ Դաժան ղեկավարը ժողովրդին պատժելու համար է դրվում, իսկ բարի ղեկավարը՝ որպես խրախուսանք՝ ժողովրդի բարեպաշտության համար։ Հետևաբար գիտակից քրիստոնյան չի հակառակվում չար իշխանի օրենքին, քանի որ իր նպատակը կապված չէ այդ ժամանակավոր իշխանի հետ։ Այլ՝ իր նպատակը իր կարճ կյանքը հեզությամբ անցնել է, որպեսզի հանդիպի Հավիտենական կյանքի Տիրոջը։ Իսկ մարմնավոր մարդը չգիտե այս ճշմարտությունը, և անվերջ ընդվզում և պարտվում է չար ղեկավարի կողմից։ Պետրոս առաքյալը անշուշտ հնազանդվում էր երկրի իշխանությանը, ոչ թե նրանց կողմից պարտադրված կուռքերին։ Մենք չգիտենք, թե Աստված ինչ է պատրաստել չար ղեկավարների համար, որոնց նստեցնում է այս կամ այն երկրի պատասխանատու աթոռներին։ Իսկ իրենց թվում է, թե իրենց ուժերով են հասել այդ աթոռին։ Ամեն դեպքում Ավետարանը մեզ փաստում է, որ Աստված ուղարկում է այս կամ այն փորձությունը, միայն մեր վերափոխման, մաքրման և պատրաստման համար։
Իսկ փորձություններին դիմանալու կարողությունը կախված է քրիստոնյայի հոգևոր կրթությունից։ Երբեմն մենք՝ քրիստոնյաներս մեղք ենք գործում և մոռանում ենք այդ մեղքի մասին, կամ մեր գործածը մեղք չենք համարում։ Անցնում է ժամանակ։ Մեղք գործելու և հատուցման պահի միջև ժամանակ է անցնում և մենք մոռանում ենք մեղքի մասին և խուճապի ենք մատնվում հատուցման փաստից։ Ավետարանը մեզ անվերջ արթնության կոչեր է անում, որպեսզի գործած մեղքը տեղում զղջանք և խոստովանենք։ Որևէ մեղք անպատիժ չի մնում։ Ես ձեզ հաճախ եմ հիշեցնում, որ Աստծու անունը միայն «Սեր չէ», այլ՝ նաև հատուցում։ Արդարներն ու մեղավորները ըստ ավետարանի Տիրոջ երկրորդ գալուստին բաժանվելու են աջ և ձախ կողմերում, ինչպես որ մի հովիվ բաժանում է ոչխարները այծերից։ Տիրոջ երկրորդ գալուստը բոլորի համար է, թե չարերի և թե բարիների։ Յուրաքանչյուրը ունի իր հարցը, և յուրաքանչյուրը ունի իր պատասխանը։ մեկի հարցին մյուսը չի կարող պատասխանել։ Պետրոս առաքյալի նպատակն է սփյուռքում ցրված հրեաներին հիշեցնել, որ Տիրոջ օրը լինելու է գողի նման, և գալու է չսպասված օրը։ Ինչպես որ աշխարհն այսօր անտարբեր է ավետարանական զգուշացումների նկատմամբ, որոնք վերաբերում են գալիք աղետներին ու պատերազմներին, և աշխարհը գնում է անհայտ ուղղությամբ։ Սակայն Աստված միջամտում է ճիշտ ժամանակին, արժանի ձևով և չի ուշացնում։ Սիրելիներ ավարտենք Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թղթի երկրորդ գլուխը։ Հաջորդ եթերաժամը կտրամադրենք երրորդ գլխին, որը ամուսնական հարաբերությունների մասին։
Աղոթենք միասին
Իմ փրկության Տէ՛ր Աստված,
Ինձ ստեղծող և անմահ հոգի պարգևո՛ղ Արարիչ,
Քե՛զ եմ դիմում առավոտյան՝ երեկոյի ու գիշերվա համար, իսկ երեկոյան Քեզ խնդրում եմ լուսաբացը տեսնելու համար: Ամեն օր Քեզնից մի՛ օր եմ խնդրում ապրելու համար, բայց ո՛չ թե բարիքներ վայելելու, այլ վատնածս կյանքի օրերը նորոգելու՝ զղջումով, Քո զորությամբ, Քո գիտությամբ և Քեզ հետ միասին:
Օգնիր ինձ, Տէ՛ր, վատնածս օրերի պատասխանը այստեղ տամ, ո՛չ այնտեղ..
Ես գիտեմ, որ այս անփառունակ մահը չէ իմ կյանքի ավարտը, Դու մահվան համար մարդ չես ստեղծել, այլ մարդուն ստեղծել ես ավելի վերին՝ անգնահատելի հավիտենականության համար:
Օգնի՛ր, Օրհնի՛ր, Շնորհի՛ր, ձե՛ռք մեկնիր, հասկացել եմ ամեն ինչ:
Բա՛ց Քո ողորմության դուռը, Տէ՛ր, ես ներս ընկնեմ, ու արտասվալից պատմեմ Քեզ իմ մեղավոր կյանքի մասին։ Պատմեմ, թե ինչպես եմ ապրել խավարի մեջ առանց Լույսդ ճանաչելու: Որպեսզի Դու գթա՛ս, ինձ, Աստվա՛ծ:
Բա՛ց Քո ողորմության դուռը, Տէ՛ր, ես ներս ընկնեմ, հիմար կույսի պես աղաղակեմ Քո առջև, որ լապտերիս մեջ յուղ չկա, Որպեսզի Դու գթա՛ս, ինձ, Բարեգութ Աստվա՛ծ:
Բա՛ց Քո ողորմության դուռը, Տէ՛ր, ես ներս ընկնեմ, և անկեղծ ասեմ Քեզ, որ ինքս ինձ չեմ ներում իմ մեղավոր կյանքի համար, բայց վստահ եմ որ Դու ես Ողորմածը և միակ Ներողը, որպեսզի Դու ներես ինձ, իմ Հույս Աստված:
Բա՛ց Քո ողորմության դուռը, Տէ՛ր, ես ներս ընկնեմ, ու ստանամ Քո օրհնությունը՝ գնալու ա՛յն ճանապարհով, որ Դո՛ւ ես։ Խոսել ա՛յն ճշմարտությունը, որ Դո՛ւ ես։ Ապրել ա՛յն կյանքով, որ Դո՛ւ ես կամենում, իմ Լույս Աստված.
Մարիամ Աստվածածին, Կո՛ւյս անարատ, անապական Որդուդ աղաչի՛ր, որպեսզի դարձյալ ընդունի այն մոլորված մեկ ոչխարին, որ խոտորվել է ճանապարհից և միացնի այն իննսուիննին, որոնք մոլորված չեն, աղաչում եմ քեզ: