ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ այսօր սկսում ենք Պետրոս առաքյալի առաջին նամակի սերտողություն, որը ուղղված է Փոքր Ասիայի հինգ քաղաքների պանդուխտներին։ Պետրոս առաքյալը մեզ ծանոթ է ավետարաններից։ եթե Հակոբոս առաքյալի անվան հետ կապված տարաձայնություններ կար և կասկածում էին, թե արդյոք ո՞ր Հակոբոսն է, Պետրոսի անվան հետ կապված այս խնդիրը չկա, քանի որ պետրոսը նույն Սիմոնն է, նույն Կեփասն է և Հովնանի որդին է, որին ընտրեց Հիսուս Քրիստոս՝ իր խոսքի քարոզիչ դարձնելու համար։ Պետրոսի կերպարը մեզ արդեն հայտնի է, անուս ձկնորս էր, երբ Տեր Հիսուս ընտրեց նրան։ Բնավորությամբ անհամբեր էր, համարձակ էր, խոսքի մեջ շտապող էր, և միշտ առաջին հաց տվողն էր, քանի որ դժվար էր հասկանում իր վարդապետի խոսքերը։ Պետրոսը նա էր, որ Տեր Հիսուսին հարց տվեց իրենց վարձատրության մասին, որ հետևել էին Քրիստոսին, ասելով․«Ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք Քո հետևից. արդ, մենք ի՞նչ կունենանք» (Մատթ. 19:27)
Եթե Պետրոս առաքյալը չշտապեր ու այս հարցը չտար վարդապետին, կարճ ժամանակ անց կտեսներ, թե ի՛նչ ունեցավ ինքը։ Անուս ձկնորսը դարձավ աստվածաբան քարոզիչ։ Այս հարցադրումը միայն Պետրոսը չի արել, Պետրոսից հետո մինչև մեր օրերը նույն հարցադրումով սակարկության մեջ ենք մտնում Աստծու հետ, հետաքրքրվելով մեր վարձատրության մասին՝ մեր կատարած իբրև բարի գործերի դիմաց։ Մենք ակնկալությամբ ենք մկրտվում, պատարագի՝ ակնկալությամբ ենք գնում, Հաղորդվում ենք նույն ակնկալությամբ․ մեր աղոթքները բոլոր ակնկալություններ են։ Մեզ չի բավարարում, որ Աստծու Որդին իր կյանքը զոհաբերել մեզ համար, մեզ չի բավարարում, որ երկրի վրա Քրիստոսի ներկայությունը մեր կյանքից ներս, արդեն վարձատրություն է մեզ համար։ Մենք երկնքի արքայություն են ուզում՝ մեր ոչնչություն համարվող մի բարի գործի համար։ Պետրոսն էլ ակնկալիք ուներ վարձատրության առումով, երբ լսեց, որ Վարդապետին հետևողները, Իր երկրորդ գալուստին կնստեն 12 աթոռներին՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։
Այսպիսին է մարդ արարածը, որը գնահատել չգիտե, այլ՝ միայն պահանջողի դերում է։ Պետրոս առաքյալը նույնիսկ ուշադրություն չդարձրեց այն բանի, որ Հիսուս Քրիստոս ոչ մեկի անունը չէր հարցնում, այլ՝ բոլորին դիմում էր միանգամից՝ անուններով։ Պետրոսը քայլում էր Հիսուսի կողքով, երբ նա մոտեցավ ժանտաթզենուն և ծառի վրա գտնվող մարդուն միանգամից դիմեց անունով, ասելով,- Վայր իջիր Զակքեոս։ Պետրոսը դեռ չէր կարողանում հասկանալ, թե ինչ կատարվում մարդկանց հետ, երբ նրանց կանչում է Հիսուս։ Օրինակ ինչ կատարվեց Զակքեոսի հետ, երբ նա խոստովանեց, որ կեղեքել է մարդկանց և խոստացավ վերադարձնել քառապատիկը և իր ունեցած կեսը բաժանել աղքատներին։ Պետրոսը դեռ չգիտեր, որ իրեն առավել է տրվելու, քան Զակքեոսին։ Մենք էլ այսօր չենք գնահատում, թե ինչ է տրվել մեզ, և անվերջ սպասում ենք Աստծուց՝ վարձատրություն։ Վարձատրության մասին այսպես է ասում Սուրբ Հովհան Ոսկեբերանը․«Իմացեք, որ մենք վարձված մշակներ ենք: Տիրոջ հետ սակարկելը վայել չէ. աշխատի´ր, կատարի´ր Նրա սուրբ պատվիրանները, իսկ պարգևատրելը Նրան թող: Նա Գթասիրտ է, և կտա քեզ ավելին, քան կարող ես ցանկանալ»:
Պետրոս առաքյալն էլ երբեք չէր կարող պատկերացնել, որ ինքը կթողնի ձկնորսությունը և հոգևոր ուղերձներ կհղի աշխարհի տարբեր ծայրերին՝ բարեպաշտ կյանքով ապրելու վերաբերյալ։ Հոգեգալստից հետո, երբ Սուրբ Հոգին Իր առատ պարգևները հեղեց առաքյալների վրա, նրանցից յուրաքանչյուրը հաստատվեց իր առաքելության մեջ և սկսեցին քարոզությունը՝ աշխարհով մեկ։ Առաջին նամակը, որ գրել է Պետրոս առաքյալը, հասցեագրել է այն համայնքներին, որոնք հաստատել էր Պողոս առաքյալը։ Այդ մասին իմացանք Պողոս առաքյալի նամակների սերտողությունից։ Պետրոս առաքյալը դիմում է այդ շրջաններում ցրված քրիստոնյաներին, նրանց անվանելով պանդուխտներ։ Ամենայն հավանականությամբ հեղինակն այս թուղթը գրել է Հռոմից։
Այն ակնարկությունները որ անում է նամակի մեջ, պանդուխտների վիճակի մասին, ցույց է տալիս, որ նրանք արհամարհվում են և զանազան չարագործությունների մեջ մեղադրվում են իրենց հարևան հեթանոսների կողմից։Նամակից հասկանալի է, որ գտնվում են հալածանքի և սպառնալիքի տակ։ Առաքյալը փորձում է վերականգնել նրանց քաջությունը՝ նրանց հայացքը դարձնելով Հիսուս Քրիստոսի անձի վրա, որի տառապանքներին էին բաժնեկից այդ պանդուխտները։ Պետրոս առաքյալի ողջույնի խոսքին հաջորդում է մի փառաբանական մի աղոթք, որի մեջ հիշեցնում է իր ընթերցողներին, թե ինչպես Աստված փրկեց և կենդանի լույս տվեց նրանց Հիսուս Քրիստոսի մահվամբ ու Հարությամբ։ Առաքյալը քաջալերում է հալածանքների տակ գտնվող քրիստոնյաներին, որ լինեն շրջահայաց, և ապրեն առաքինի կյանքով։ Այնուհետև որոշ գործնական խորհուրդներ է տալիս իրենց քաղաքացիական պարտականությունների մասին, ծառայի և տիրոջ հարաբերությունների մասին, ամուսինների փոխադարձ հարգանքի, և հեթանոսների հանդեպ իրենց ունեցած վարմունքի մասին։
Նամակի ավարտին մի քանի հանձնարարություններ է տալիս նաև համայնքների մեծերին, պատասխանատուներին, երիտասարդներին և բոլոր հավատացյալներին, որպեսզի բոլորն էլ հաստատ մնան տառապանքի մեջ՝ ապավինելով Աստծու խոստումներին։ Հետաքրքիր առաջարկ է։ Հակոբոս առաքյալն ասում է փորձությունների մեջ ուրախացեք, իսկ Պետրոս առաքյալն ասում տառապանքի մեջ հաստատ մնացեք։ Այս պատգամները հասկանալի են միայն նրանց համար, որոնք ապավինում են Աստծու խոսքին։ Իսկ Աստծու խոսքից հեռու եղող մարդու համար այս պատգամները կարող են զավեշտ թվալ, և գայթակղություն հանդիսանալ։ Որովհետև մարմնավոր մարդը ոչ մի ջանք չի խնայում, որպեսզի հեռու լինի փորձանքից և տառապանքից։ Իսկ Պետրոս առաքյալը արդեն լավ գիտե տառապանքի գինը։ Սիրելիներ, առհասարակ երբ մարդիկ Պետրոսի անունը լսում են, առաջին միտքը, որ գալիս է իրենց գլխում, դա Պետրոսի ուրացումն է, ինչը իրականություն է, և պատահել է։
Բայց մի պահ եթե մեզ պատկերացնենք Պետրոսի տեղում, այդ վտանգավոր իրավիճակում, երբ զրպարտությամբ Արդարին քարշ տվեցին քահանայապետի ատյանի առաջ, չգիտենք, թե մենք ինչ դիրք կբռնեինք Պետրոսի փոխարեն։ Պետրոսը պարզ ձկնորս էր, մարդկային վախերով ու կասկածներով, որով տառապում ենք նաև մենք։ Բայց հետո, երբ ամեն բան հստակացավ, Պետրոսը այլևս այդպիսին չէր, և պատմագիրները արձանագրել են, որ Պետրոսի խաչելության ժամանակ, նա խնդրում է, որ իրեն նույն կերպ չխաչեն, ինչպես որ խաչեցին իր Տիրոջը, քանի որ ինքը արժանի չէ իր Տիրոջ պես խաչվելու։ Հռոմում Պետրոսին խաչում են գլխիվայր։ Չնայած Պետրոսի խնդրանքը զինվորների համար ծիծաղելի բան է թվում, բայց նա իրեն արժանի չէր համարում նույնիսկ մեռնել իր Տիրոջ նման։ Այստեղից կարող ենք պարզ հետևություն անել, մինչև Քրիստոս չմոտենա մարդու սրտին, այնտեղ փոփոխություն տեղի չի ունենա ինքնակամ։
Երբ Պետրոսն առաջին անգամ դավանեց Հիսուս Քրիստոսի Աստծու Որդի, Տեր Հիսուս նրան ասաց, որ մարմինն ու արյունը չէր, որ քեզ դավանել տվեց, այլ՝ Իմ Երկնավոր Հայրը այդպես կամեցավ, որ երկնքում է։ Այսօր այդ նույն Պետրոսը նամակով ուղերձ է հղում բոլոր նորաստեղծ համայնքներին, փաստելու համար, որ տեր Հիսուս Քրիստոսի Հայրը իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար, ՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Ընդ որում ծնեց անթառամ ժառանգության համար, որը պահված է երկնքում մեզ համար։ Պետրոս առաքյալի աստվածաբանական այս նուրբ երանգները շատերի համար կասկածի տեղիք տվեց։ Ինչո՞ւ։ Պետրոսի անձի շուրջ առհասարակ կասկած չկա, բոլորը ճանաչում են, Գալիլյացի ձկնորս է։ Բայց որ ձկնորսը կարող է աստվածաբանական թեմաներից խոսել իր թղթի մեջ, շատերի համար զարմանք և կասկած է առաջացրել, և նրանք մտածել են որ Պետրոսը իր տվյալներով չէր կարող լինել այս թղթի հեղինակը։ Հատկապես, որ զգացվում է, որ հեղինակը հրաշալի տիրապետում է հունարեն լեզուն։ Կասկածներ կան, որ Պետրոսը աշխատել է գրագրերի հետ, և իր անունից գրվել են այս թղթերը։
Թղթի ավարտին հիշատակվում է մի ոմն՝ Սիլուան անունով, որը գերազանց տիրապետում է հունարեն, և կասկած կա, որ Պետրոսի խոսքերը խմբագրել է այս մարդը։ Երկմիտ մարդկանց համար դժվար է հավատալ, որ անուս ձկնորսը կարող է դառնալ Աստվածաբան քարոզիչ՝ Սուրբ Հոգու շնորհներով լցվելուց հետո։ Առաքյալի նամակը կարդացողը տեսնում է, որ նա սփյուռքի քրիստոնյաների հետ խոսում է որպես Հիսուս Քրիստոսի առաքյալ, և ներկայացնում է հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործման, Աստծու հնազանդության, Քրիստոսի արյան սրբագործման մասին։ Սա այլևս նախկին Պետրոս չէ, և արդեն խոսում է քրիստոնեական հավատքի հիմնական դրույթների մասին։ Խոսում է ինչպես հարության, այնպես էլ հանդերձյալի մասին, որ խոստումներ ունենք։
Քրիստոսի հարությունը տեղաշարժ է կատարել մարդկանց կյանքի մեջ, նրանք դարձել են Հիսուս Քրիստոսին, որին չեն տեսել, բայց սիրում են։ Այժմ էլ չեն տեսնում, բայց հավատում են Նրան, և անպատմելի ուրախությամբ ու խնդությամբ սպասում են իրենց հոգիներ փրկությանը։ Քրիստոնյաները հավատում են Հիսուս Քրիստոսին և առավել հավատում են, որ իրենց չարչարանքները և հալածանքները ոչինչ են այն խոստման համեմատ, որ ունեն իրենք Տեր Հիսուս Քրիստոսից։ Հիմա հասկանալի է, թե ինչու է Պետրոս առաքյալը նրանց ասում հաստատ մնացեք տառապանքի մեջ։ Այս նամակի մեջ հավաստիացնում է, որ դուք ստացած մեծ պարգևի դիմաց ոչինչ է են ձեր կրած նեղություններն ու հալածանքները։ Պետրոս առաքյալի խոսքը լրացնում է Հակոբոս առաքյալի այն միտքը, որ հավատը փորձության ենթարկվելիս դառնում է գովքի, փառքի և պատվի առարկա, այնպես, ինչպես որ կորստյան ենթակա ոսկին՝ բովի մեջ։
Քրիստոնյաների հավատը և սերը փաստում են նրանց վերաբերմունքը՝ Քրիստոսի հանդեպ։ Առաքյալը իր թղթի մեջ համեմատություն է կատարում իրենցից առաջ եղած մարգարեների մասին, որոնք փնտռտուքի մեջ էին, ր քննում էին գրքերը, հասկանալու համար այն շնորհի մասին, որը այսօր վիճակված է բոլորիս։ Քննում էին, բայց չէին հասկանում, թե ո՞ր ժամանակների մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի հոգին։ Այդ հոգին էր, որ վկայում էր նախ Քրիստոսի չարչարանքների, ապա Նրա փառքի մասին։ Այս խորհուրդը ավետարանվեց մարդկանց Սուրբ Հոգու միջոցով, մի բան, որ կցանկանային հրեշտակները գոնե աղոտ կերպով տեսնել։ Իր գրության միջոցով հորդորում է աշխարհով ցրված քրիստոնյաներին, որպեսզի ամրացնեն իրենց մտքերը, զգաստ և կատարյալ հույսով սպասեն Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ իրենց հասանելիք շնորհին։ Եթե այս հույսն ունեք, ուրեմն այլևս իրավունք չունեք կերպարավորվելու նախկին մարդու կերպարանքով, երբ անգետ էիք և ձեր ցանկություններին գերի։ Հորդորում է նմանվել այն սրբին, որը կանչեց իրենց։ Այսինքն, եթե կանչվեցին Հիսուս Քրիստոսից, ուրեմն պարտավոր են նմանվել նրա սրբությանը։ Ինչպես սուրբ գիրքն է ասում․ «Սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես»։
Մենք Հայր ենք կոչում Աստծուն, որը անաչառությամբ դատում է յուրաքանչյուրին՝ ըստ իր գործերի։ Ուրեմն ինչպես կարող ենք Հայր կոչել և ապրել այս աշխարհում առանց երկյուղի, հատկապես, որ մեր կյանքը ժամանակավոր պանդխտություն է մեզ համար։ Մի՞թե կարծում եք, որ փրկվելու եք ապականացու արծաթեղենով, կամ ոսկեղենով՝ ձեր ունայն ընթացքից, որ ձեր կյանքն է։ Ոչ, ոչ ոք չի կարող փրկվել իր հարստությամբ, այլ՝ միայն Հիսուս Քրիստոսի թանկագին արյամբ, որն անբիծ էր, անարատ էր ինչպես մի գառ։ Սիրելիներ, Պետրոս առաքյալը այս բոլոր խոսքերը գրում է ներքին համոզմամբ, ոչ թե զուտ նրա համար որ ինքը առաքյալ կարգվեց, և պարտավոր է քարոզել մարդկանց։ Դիմում է քրիստոնյաներին և պատվիրում է, որ նրանք մաքրեն իրենց սրտերը, հետևեն ճշմարտությանը և հավատան առանց կեղծավորություն խառնելու իրենց հավատին։ Մաքուր սրտով սիրեն իրենց եղբայրներին ու միմյանց։ Բոլորդ ծնվել եք ապականացու սերմից, իսկ հիմա վերածնվեցեք անապական Աստծու կենդանի խոսքով։ Քանի որ մարդու կյանքը անցողիկ է, ինչպես Հակոբոս առաքյալն ասաց, որ ձեր կյանքը մշուշ է, և դուք այդքան հոգ եք տանում ձեր մշուշի նմանվող կյանքի համար։ Իսկ Պետրոս առաքյալն ասում է, «Ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի, խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում։
Բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։ Այս խոսքերը առաքյալը մեջբերում է Եսայի մարգարեի գրքից, և ասում է, որ սրանք այն խոսքերն են որ ավետարանվում են ձեզ՝ կարդացողներիդ։ Ինչպես որ Տեր Հիսուս, այնպես էլ իրենից հետո եղած առաքյալները, մարդկանց ուղղորդում են հետևել Հիսուս Քրիստոսին, հավատալ Նրա ուղղափառ վարդապետությանը, բայց ո՛չ թե Նրա կատարած հրաշքների ու զորավոր գործերի պատճառով, այլ՝ ամեն մարդ թող իր սիրտը մաքրի կեղծիքից ու երկմտությունից, որպեսզի հավատքը զորավոր լինի։ Ես ձեզ էլի եմ ասել, որ Հիսուս Քրիստոսի հրաշք կատարելը զարմանալի չէ, քանի որ նա Աստված է, հրաշքից ավելի զորավոր ու կարևոր է, երբ մարդը իր սիրտն է մաքրում նախանձից, կեղծիքից, երկմտությունից և այլն։ Սա առավել մեծ հրաշք է եղել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ Բոլոր ավետարանների գլխավոր պատգամը ապաշխարությունն է, մեղքերից ազատվելն է և սեփական մեղքը տեսնելն է։
Պետրոս առաքյալի այս թուղթն էլ նույն պատգամը ունի։ Պետրոս առաքյալի մասին խոսելիս, կամ հիշելիս, անկարելի է զուգահեռներ չտանել Քրիստոսի հետ երեք տարի նրանց անցած ծանր ու դժվարի ճանապարհը։ Ինչո՞ւ Տերը ընտրեց Պետրոսին։ Ինչո՞ւ այդքան սիրեց Պետրոսին, որ նույնիսկ ուրացումից հետո, նրան հանձնարարեց արածեցնել իր հոտը։ Հիշում եք ավետարանից այն դրվագը, երբ ողջ գիշեր Պետրոսն ու իր ձկնորս ընկերները ո՛չ մի ձուկ չէին բռնել։ Լուսադեմին երևաց Վարդապետը և ցույց տվեց, թե ո՛ր կողը գցեն ուռկանը՝ առատ ձուկ բռնելու համար։ Չնայած չհավատած Պետրոսը, բայց չառարկեց վարդապետի խոսքին։ Գցեց ուռկանը Հիսուսի ցույց տված կողմը և ձկների առատությունից չէին կարողանում ուռկանների ջրից հանել։ Պետրոսը ձկնորս էր, և ձկան վաճառքը իր միակ եկամուտն էր՝ ընտանիքը պահելու համար։ Այս ձկների առատությունը հարմար առիթ էր, որ Պետրոսը գայթակղվեր և շարունակեր իր ձնկորսությունը ավելի մեծ թափով։
Բայց ո՛չ։ Այդպես չեղավ, նա ընտրեց հետևել Քրիստոսին, չնայած, որ սկզբնական շրջանում ոչինչ չգիտեր գալիք փորձությունների և խոստումների մասին։ Բայց մենք տեսնում ենք, որ Պետրոսը միշտ մաս է կազմում գլխավոր իրադարձությունների կատարման արարողությանը։ Երեք գլխավոր աշակերտներից մեկն էր, և ամեն տեղ ներկա էր։ Հիսուսի Պայծառակերպության ժամանակ ինքը ներկա է այն երկուսի հետ, Գեթսեմանի պարտեզում ներկա էր Քրիստոսի աղոթքին, պետրոսին հանձնարարեց տուրքը վճարելու համար ձկան բերանից դրամ հանել, Պետրոսն էր որ առաջին դավանեց Քրիստոսին՝ որպես Աստծու Որդի։ Նաև առաջինն էր ուրացավ։ Դարձյալ առաջինը խնդրեց վարդապետին, որ արտոնի ինքն էլ քայլի ջրերի վրայով։ մենք տեսնում ենք, որ Պետրոսը շատ տարբեր է Պողոսից, բայց այդ տարբերությունը ամենևին չխանգարեց, որ նրանք լիներ առաջի գլխավոր առաքյալները, որոնց կարելի էր վստահել հոտը՝ ինչպես հեթանոսների, այնպես էլ հրեաների։
Ամեն ինչ ունեցավ իր կյանքում Պետրոս առաքյալը, և ինչպես որ Տեր Հիսուս նրան «Վեմ» անվանեց, և այդ վեմի վրա շինեց իր եկեղեցին, իր փորձությունների մեջ առավել ամրացավ և որպես իրական վեմ՝ դրվեց եկեղեցու հիմում։ Պետրոսը իր թուղթը գրելու ժամանակ վստահաբար հիշում էր Քրիստոսի այն խոսքը, որ ասաց․ « Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք և ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի․ դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի»։ Հովհ․ 16։20 Հիմա ինքն է քրիստոնյաներին հորդորում փորձությունների պատճառով չտրտմել, քանի որ առջևում ուրախությունն է։ Առաքյալը ապրեց իր կյանքը հալածանքների, բանտարկությունների, զրպարտությունների մեջ և դա ուրախություն համարեց իր համար, քանի որ Քրիստոսի խոստումը վեր դասեց իր տառապանքներից, այնպես ինչպես որ Պողոսն էր ասում, – Կյանքը Քրիստոսն է իսկ մեռնելը՝ շահ։ Տեր Հիսուս Պետրոսին լայն հնարավորություն և ժամանակ տվեց ճանաչելու նախ՝ իրեն, ապա ուսուցանելու այլոց։ Պետրոսի ուրացումը պատճառ եղավ նրա որակյալ զղջմանը, խոնարհության ձեռքբերմանը, ծառայասիրությանը և ողջ կյանքը արցունքով ապրելուն։ Նույնիս նահատակության պահին հիշում է իր Տիրոջը, և հրաժարվում Նրա խես խաչվել։ Պետրոսի առաջին քարոզից երեք հազար մարդ միանգամից դարձի եկան։
Սիրելիներ Պետրոս առաքյալի կերպարը ցայտուն օրինակ է ինչպես քրիստոնյաների համար, այնպես էլ ներշնչանքի աղբյուր է եղել ապաշխարության աղոթքներ գրող մեր եկեղեցու հայրերի համար։ Պետրոս առաքյալի սրտից բխած զղջումն ու ապաշխարությունը, ծառայությունն ու նահատակությունը առիթ եղան մշտապես հիշել Պետրոսին, սակայն՝ բացասական վերաբերմունք չունենալ նրա ուրացման արարքի հանդեպ։ յուրաքանչյուրիս մեջ Պետրոս կա՝ փորձության պահին։ Սակայն բոլորիս մեջ չկա Պետրոսի զղջման անկեղծությանը։ Ուրեմն Պետրոս առաքյալի զղջումը թող ներշնչի մեզ՝ օր առաջ ազատվելու մեր մեղքերից՝ մաքրելով մեր սիրտը ամեն տեսակ գայթակղություններից։ Ավարտեցինք Պետրոս առաքյալի առաջին թղթի առաջին գլուխը։ իսկ թե ինչ պարունակում երկրորդ գլուխը՝ կիմանանք հաջորդ եթերաժամին՝ Տիրոջ ողորմությամբ։
Աղոթենք միասին։
Լսի՛ր, Տէ՛ր, Քո անարժան ծառայի աղօթքներն ու խոնարհեցրո՛ւ Քո ունկն իմ պաղատանքներին, որ ասացիր. «Փնտրէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի» ինձ համար: Եւ այժմ բա՛ց իմ առջեւ, Տէ՛ր, Քո ողորմութեան Դուռը, որ ողբալով կանչում եմ Քեզ, եւ մի՛ անտեսիր իմ մեղաւոր անձի աղաչանքները, որ չեկար կանչելու արդարներին, այլ՝ մեղաւորներին ապաշխարութեան:
Եւ յանուն Քո մեծ ու փառաւորեալ թագաւորութեան դատաստան մի՛ մտիր Քո ծառայի հետ եւ մի՛ հատուցիր ինձ ըստ իմ բազում անօրէնութիւնների: Այլ շնորհի՛ր ինձ աջակողմեան դասի արժանաւոր եւ կատարեալ հոգիների հետ լուսեղէն ամպերին [բազմած] բարձրանալ օդի միջով Քեզ ընդառաջ եւ Քո սիրելիների եւ կամարարների հետ ուրախացրո՛ւ յարազուարճ ուրախութիւններում եւ առատապարգեւ փառքովդ փառաւորի՛ր ինձ արդարների երամներում՝ նրանց հետ բնակեցնելով Քո երկնային արքայութեան մէջ՝ Վերին Երուսաղէմում: Որպէսզի, նրանց հետ ձայնակցելով, փառաւորեմ Քեզ Հօր եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Եփրեմ Ասորի