ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ Այսօր մենք կսկսենք ու կավարտենք Հակոբոս առաքյալի թղթի վերջին՝ հինգերորդ գլուխը։ Շատ դասեր սովորեցինք առաքյալի չորս թղթերից։ Հինգերորդ գլուխը առաջին հայացքից թվում է թե մասնավոր բան չունի ասելու։ Բայց երբ հիշում ենք առաքյալի սկզբունքն այն մասին, որ հավատը առանց գործերի մեռած է, հինգերորդ գլուխը նույնպես դառնում է խրատներով լեցուն մի գլուխ։ Առաքյալը բոլոր տեսակի մարդկանց անդրադարձավ, բոլորին տվեց համապատասխան ցուցումներ և առհասարակ տվեց մեզ ընդհանուր կանոններ մեր կյանքը շիտակ ապրելու համար։ Իսկ այս գլխում հատուկ կոչով դիմում է հարուստներին։ Ի միջի այլոց Աստվածաշունչը շատ է անդրադառնում հարուստներին, քանի որ հարուստները հասարակության մեց ամենախոցելի խավն են։ Չնայած բոլորի ուշադրության կենտրոնում են, շատերի համար նախանձի առարկա են, ոմանց համար կուռք են, որոշների համար մարդահաճության պատճառ են, աղքատների համար անհասանելի հեղինակություն են, բայց եկեք ու տեսեք, որ Ավետարանը բոլորովին այլ վերաբերմունք ունի հարուստների նկատմամբ։
Եթե մենք հիշենք Ավետարանից մեր իմացած հարուստներին, կտեսնենք, որ ավետարանը հատուկ ուշադրություն է դարձնում նրանց վրա։ Օրինակ՝ մեծահարուստ երիտասարդը միակն էր որ տրտում գնաց Տեր Հիսուսի պատասխանից հետո, քանի որ շատ հարուստ էր, և չկամեցավ իր հարստությունը բաժանել աղքատներին։ Երկրորդ հարուստը, որին հիշում ենք, նա էր, որը իր շտեմարաններն էր մեծացնում, առատ բերքը կուտակելու համար, և վստահ էր, որ կյանքն ապահոված է, մնում է ուտել, խմել ու վայելել։ Բայց հանկարծ լսում է մի ձայն, որն ասում է․ «Անմիտ հարուստ, եթե այս գիշեր հոգիդ առնեն, ում կմնա քո հարստությունը»։ Կա ևս մի մեծահարուստ, որը ամեն օր անցնում է աղքատ Ղազարոսի կողքով և անտեսում էր նրան՝ իր «կարևոր» գործերով զբաղված լինելու պատճառով։ Բայց հարուստը մահացավ, որի անունը հիշատակված չէ Սուրբ Գրքում, Ղազարոսն էլ մահացավ։ Ավետարանն ասում է, որ հարուստին թաղեցին, իսկ Ղազարոսի հոգին հրեշտակները տարան երկինք։
Վստահ եմ, որ շարունակությունը հիշում եք մեր ավետարանների սերտողությունից, բայց համառոտ ասեմ, որ երկնքում դարձյալ հանդիպեցին Ղազարոսն ու մեծահարուստը, սակայն այս անգամ հակառակ բևեռներում։ Աղքատ Ղազարոսը՝ Աբրահամի գրկում, այսինքն Տիրոջ հանգստի մեջ, իսկ մեծահարուստը՝ վիհից այն կողմ՝ ծարավից պապակած, այս անգամ ոչ թե անտեսում էր աղքատ Ղազարոսին, այլ խնդրում էր նրանից մի կաթիլ ջուր՝ իր բերանը թրջելու համար։ Այդ ժամանակ հարուստը պատրաստ էր իր ողջ ունեցվածքը կտակել Ղազարոսին, և իր պալատները հանձներ նրա տնօրինությանը, բայց ավա՛ղ, արդեն ուշ էր։ Նաև մի գեղեցիկ համեմատություն կա ավետարանում, որ տաճարի մեջ հարուստները իրենց ավելցուկից էին գցում գանձանակի մեջ, իսկ աղքատը՝ իր վերջին լուման։ Սիրելիներ, եկեք տեսնենք, թե Հակոբոս առաքյալն ի՞նչ է ասում հարուստների մասին և ինչո՞ւ են առհասարակ հարուստները որպես մեկական օրինակներ հիշատակվել Սուրբ Գրքում։ Բայց սպասե՛ք, եթե ես ձեզ համար բառացի չկարդամ առաքյալի խոսքերը, որ ուղղել է հարուստներին, ապա մեր խոսքը թերի կլինի։ «Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացէ՛ք եւ ողբացէ՛ք այն թշվառութիւնների համար, որ գալու են ձեր գլխին. որովհետեւ ձեր հարստութիւնը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, եւ ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. եւ նրանց ժանգը ձեր դէմ որպէս վկայութիւն պիտի լինի եւ պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպէս կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցէք»։ Առաջին հայացքից թվում է, թե ի՞նչ վատ բան կա հարստության մեջ, Միթե Աստված չգիտեր, որ Աբրահամի չափ հարուստ արդ չկար իր օրերում։ Կամ միթե Հոբը պակաս հարուստ էր Աբրահամից իր օրերում։ Իհարկե գիտեր Աստված երկուսի հարստության մասին էլ, բայց Սուրբ Գիրքն ասում է Աստված քայլում էր Աբրահամի հետ, որովհետև նա օտարասեր էր, հյուրասեր էր, ողորմած է, ծառայի վարձը չէր պահում և այլն։ Իսկ Հոբ Արդարի մասին գրված է, որ նա իր զավակների համար զոհեր է մատուցում ամեն անգամ, երբ իր զավակները խնջույք էին անում և ուրախանում։ Հոբը մտածում էր, որ գուցե իր զավակները մեղանչած կլինեն Աստծու դեմ։ Աստված վստահ էր Հոբի վրա, որ սատանային թույլ տվեց նրան այդպիսի ծանր փորձության ենթարկի։ շարունակությունը գիտեք դուք։ Ուրեմն ինչո՞ւ է Հակոբոս առաքյալը այս խոսքերով դիմում հարուստներին։ Մենք տեսանք, որ առաքյալը չի առաջարկում հարստությունը վաճառել և բաժանել աղքատներին։
Այլ հիշեցնում է, որ վերջին օրերը մոտենում են, իսկ դուք ձեր անձերի համար հարստություն եք դիզել միայն։ Այնուհետև առաքյալը սկսում է բացատրել, թե հատկապես ինչի՛ համար է նրանց սպասվում այդ աղետները։ Որովհետև այդ հարուստները իրենց դաշտերը մշակող մշակների վարձը պահել են ու չեն տվել, իսկ զրկվածների աղաղակը և հնձվորների բողոքը հասել է Ամենակալ Տիրոջ ականջին։ Սա շատ վտանգավոր երևույթ է Աստվածաշնչում, երբ որևէ աղաղակ երկրից հասնում է Տիրոջ ականջին։ Մենք դարձյալ հիշենք այսպիսի աղաղակների օրինակներ՝ սուրբ Գրքից։ Առաջին աղաղակը, որ երկրից հասավ Ամենակալ Տիրոջը՝ դա Արդար Աբելի արյան աղաղակն էր։ Երկրորդ աղաղակը Սոդոմի և Գոմորի աղաղակն էր, որ հասավ Ամենակալ Աստծու ականջին և տխուր վախճան ունեցավ։ Ուրեմն, երբ երկրից անարդար աղաղակ է հասնում Ամենակալ Տիրոջը, զրկվածների բարձրացրած աղաղակը չի անտեսվում Աստծուց։ Հակոբոս առաքյալը այս մասին է հիշեցնում հարուստներին, որ իրենց ծառաները և հնձվորները աղաղակում են Տիրոջը, իսկ իրենք շարունակում են դիզել հարստություն։
Մենք կարող ենք ենթադրել, թե ո՛ւմ են ուղղված այս խոսքերը, հատկապես, որ վերջին մտքի մեջ առաքյալը ուղղակի ակնարկում է, ասելով,- Զրկեցի՛ք, սպանեցի՛ք արդարին, որը ձեզ չէր հակառակում։ Բնականաբար այդ Արդարը Հիսուս Քրիստոսն էր, որին զրկեցին ու սպանեցին, որը հարուստներին հիշեցնում էր իրենց անարգ վախճանը՝ առակների միջոցով։ Իսկ մենք արդեն գիտենք, թե ովքեր սպանեցին Հիսուս Քրիստոսին։ Քահանայապետները, կրոնական ժողովարանի պատասխանատուները, հռոմեական իշխանավորները, որոնց ձեռքով կազմակերպեցին։ Այս մարդիկ երկրի վրա ապրում էին մեղկ կյանքով, շվայտացած, հոռացած, զրկելով, սպանելով, ամբաստանելով, ստելով, որոնք իրենց սրտերը պարարտացրել էին ինչպես զոհաբերության կենդանիները, որոնց տանում են մորթելու։ Եթե առաքյալն ասում է․ «Հավատը մեռած է առանց գործերի», ապա այս մարդկանց մոտ մեռած է ինչպես գործե՛րը, այնպե՛ս էլ հավատը։
Եվ ոչ միայն հավատն ու գործերը, այլ նաև իրենք են մեռած հոգեպես, դարձյալ ըստ առաքյալի այն խոսքի, որ ասաց, թե ցանկությունը մեղք է ծնում, իսկ մեղքը՝ մահ։ Այս մարդկանց ցանկությունը հարստության նկատմամբ անհագ է, դրա համար արդարին հալածում են, զրկում են, կեղեքում են, որպեսզի հարստությունը անվերջ ավելացնեն։ Սա անմիտ հարուստների ձեռագիրն է, որ վերացնեն մի արդար մարդու, որը բացահայտում է իրենց դատարկությունը, մեղքը, ագահություն, անբարոյականությունը և այլն։ Միթե ավելի վառ օրինակ կա, քան՝ Հովհաննես Մկրտչի գլխատումը՝ Հերովդեսի կողմից, որը դարձյալ աղաղակ էր Աստծու ականջին, հատկապես, որ Հիսուսի կյանքի ապրած օրերին պատահեց այդ աղետը։ Ավելի մեծ աղաղակ Աստծու ականջին չէր կարող լինել, քան՝ Իր Միածին Որդու խաչելության աղաղակը, որը ցնցեց երկիրն ու երկինքը։ Իսկ մինչ խաչելություն՝ վարձը եղավ երեսուն արծաթը՝ Հուդայի ագահության պատճառով։ Հուդան լսեց, որ Քրիստոսին սպասվում է մահ և խաչելությունը, մտածեց, որ այդտեղ էլ կարելի է փող աշխատել, միևնույն է մեռնելու է։ Սա է ագահ մարդու հոգեբանությունը։ Սա Նոր Կտակարանի Հուդան էր, բայց կա նաև Հին Կտակարանի Հուդա, որը Հովսեփի եղբայրն էր, և դարձյալ նույն տրամաբանությամբ մտածեց, որ եղբորը սպանելու փոխարեն, ավելի լավ է վաճառեն արծաթով։ Առանց մտածելու, թե ինչ կպատահի իր պատանի եղբոր հետ՝ օտար երկրում, հեթանոսների մեջ։ Հարստության մոլուցքը մթագնում է մարդու բանական միտքը և դրամը, որը միջոց է դառնում է նպատակ։ Հակոբոս առաքյալի ուղերձը հարուստներին ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հրավեր ապաշխարության։ Մովսեսը հրաժարվեց Եգիպտոսի ժամանակավոր մեղսալից հարստությունից և ընտրեց իր ազգին ծառայելու դժվարագույն տարիները։
Այս բոլոր անարդարությունները կատարվեցին նրանց ձեռքով, որոնք իշխանություն ունեին, հարուստ էին և իրենց վրեժը սպանությամբ էր։ Այս մարդիկ համբերություն չունեն, որովհետև որևէ փորձության ժամանակ, գործի են դնում իրենց մարմնավոր իմաստությունը, որը Աստծուց չէ, և կատարում են իրենց կամքը, որը դարձյալ Աստծուց չէ։ Հարուստ ամբարտավանների մասին այս կարևոր նամակը հեռու չէ նաև մեր օրերի գործատուներից, որոնք պահում են աշխատողի աշխատավարձը, կամ չնչին են վճարում աշխատանքի դիմաց՝ դարձյալ ագահության պատճառով։ Մովսեսի օրենքի համաձայն այն գործատուն, որը իր ծառայի աշխատավարձ չվճարի մինչև մայրամուտ, թող դասվի մարդասպանների շարքին։ Այնպես որ, ժամանակակից գործատուները թող զգուշանան առաքյալի այս նամակի պարունակությունից, քանի որ վարձկանի վարձը ուշացնելը մեղք է։
Բայց առաքյալը մյուսներին հորդորում է համբերող լինել մինչև Տիրոջ Գալուստը։
Այնպես համբերել, ինչպես որ մշակը համբերությամբ սպասում է երկրի պատվական պտղին, քանի որ հողը պետք է ստանա բավարար քանակությամբ անձրևաջուր։ Հակոբոսը հարուստներին այլ պատգամ է տալիս, պարզ մարդկանց՝ այլ պատգամ։ Բայց մենք չմոռանանք, որ Հակոբոս առաքյալը ապրել է մեր Տեր Հիսուսի հետ և այս ուսուցումը հիմնավորված է Տիրոջ խոսքով։ Հակոբոս առաքյալը, ինչպես որ մյուս առաքյալները, իր ժամանակին նույնպես համոզված էր, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Այդ պատճառով խորհուրդ է տալիս համբերել, ամրացնել սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտ է, և Դատավորը դռանն է։ Սիրելիներ, հարուստները այս պարզ կանոնները չեն ընբռնում, քանի որ նրանց միտքն ու սիրտը իրենց երկրավոր գանձերի մոտ է, բայց պարզ մարդկանց համար կարևոր է գանձեր դիզել երկնքում, հետևաբար նրանց համար նաև կարևոր է առաքյալի ամեն մեկ պատգամը, որը օգտակար խորհուրդ է յուրաքանչյուրիս կյանքը հեշտ ապրելու համար։
Համբերո՛ղ եղեք, մի տրտմեցրեք միմյանց, որպեսզի չդատվեք,- ասում է առաքյալը։ Նաև հիշեցնում է մարգարեներին որպես օրինակ, որոնք խոսեցին Տիրոջ անունով, և համբերեցին ամեն տեսակ չարչարանքների և հալածանքների։ Ինչպես որ Տեր Հիսուս ասաց, թե՝ «Ով համբերի մինչև վերջ, նա կփրկվի»։ Հիշեցնում է Արդար Հոբին և նրա համբերություն՝ փորձության պահին, երբ իր ողջ ունեցվածքը Աստծուն վերագրեց և ասաց,- Տերը տվեց, Տերն էլ տարավ։ Աստված տալիս է հարստանալու հնարավորություն նրան, որը ունակ է բաժանելու, քանի որ տալը լավ է քան վերցնելը։ Վերցնում է հարստությունը նրանից, որն այդ հարստությունը կուտակելով կարող է կորստյան մատնել իր հոգին։
Պարզ կանոնների շարքը շարունակվում է, և այդ շարքի մեջ մտնում է նաև երդվելու վատ սովորությունը, ինչը մարդկանց մոտ դարձել է սովորություն։
Երբ մարդը չի կարողանում պահել իր խոսքը ճշմարտությամբ, նա ստիպված երդվում է, որպեսզի իրեն հավատան։ Մեր եկեղեցու հայրերը լավ միտք ունեն երդվելու վատ սովորության վերաբերյալ, որն ասում․ Թող ձեր կյանքի վկայությունը դառնա հուսալի երդում, և դուք կարիք չունենաք երդվելու»։ Սիրելիներ, մենք շատ ենք լսում, երբ մարդիկ ասում են,- Երդվում եմ կյանքովս։ Ուրեմն եթե մարդու կյանքը լավ օրինակ է, նրան այլևս երդվել պետք չէ։ Իսկ երբ մարդու կյանքը ծածուկ դռներ ունի, նա երդվելուց հետո էլ չի կարող պահել իր երդումը։ Հիշո՞ւմ եք, առաջին գլխում սովորեցինք, որ երկմիտ մարդու բոլոր գործերը անկայուն են։
Վշտի մեջ ընկնողին հորդորում է աղոթել, բերկրանքի մեջ եղածին հորդորում է սաղմոս կարդալ, հիվանդին կարգադրում է եկեղեցու երեցին կանչել, որպեսզի աղոթք անի և յուղով օծի, քանի որ հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին, և նա Տիրոջ ողորմությամբ ոտքի կկանգնի։ Ի միջի այլոց սա մեր եկեղեցու յոթ խորհուրդներից վերջինն է՝ որը կոչվում է «Կարգ Հիվանդաց, կամ Վերջին օծում»։ Այսպիսի մեկը եթե մեղք գործած լինի, դա նրան կներվի։ Այստեղ առաքյալը մի զարմանալի առաջարկություն է անում բոլորին այն մասին, որ մարդիկ միմյանց խոստովանեն իրենց մեղքերը, և աղոթք անեն միմյանց համար։ Այս բոլորը արեք, ասում է,- որպեսզի բժշկվեք, որովհետև արդարի աղոթքը ազդեցիկ է և օգնում է։ Երբեմն առաքյալների նամակները կարդալիս զարհուրում եմ, քանի որ մենք չենք ապրում նրանց խոսքով, այլ անում ենք այն, ինչ մենք ենք կամենում։ Մենք բացի նրանից, որ չե՛նք պահում այս պարզ կանոնները, նույնիսկ ամեն օր չենք էլ կարդում։ Չենք կարդում նույնիսկ նեղության և վշտի մեջ եղած ժամանակ, չասելու համար, որ երբեմն՝ առհասարակ չենք կարդում։ Մենք մեր մեղքերը միմյանց խոստովանելու փոխարեն, միմյանց մեղքերը տարածում ենք, մեղադրում ենք, միմյանց համար աղոթելու փոխարեն։
Սա անում ենք այն դեպքում, երբ բոլորս բժշկվելու կարիք ունենք։ Առաքյալն ասում է,- Այսպես արեք, որպեսզի բժշկվեք։ Սիրելիներ, ինչպիսին մեր հոգևոր վիճակն է, այնպես էլ մեր մարմնավոր վիճակն է։ Երբեմն Աստված մի փորձություն է ուղարկում՝ մեզ արթնացնելու համար, որպեսզի մաքրենք մեր հոգիները և պատրաստենք փրկության համար։ Առաքյալը մեզ ևս մի օրինակ է բերում Եղիա մարգարեի անունը տալով, և ասում է, որ նա էլ մեզ նման՝ կրքերի ենթակա մարդ էր, որը աղոթեց, ու երկրի վրա երեք տարի վեց ամիս անձրև չտեղաց։ Ապա դարձյալ աղոթեց և երկինքը անձրև տվեց ու բուսեցրեց իր պտուղը։ թեպետ առաքյալը Եղիային նմանեցնում է մեզ, բայց Եղիայի հավատն այնքան զորավոր էր, որ հավատաց Աստծուն, թե իրեն ագռավները պիտի կերակրեն, երբ ինքը Կարմիելոս լեռը բարձրանա աղոթքի։
Այո, նրան ագռավները կերակրեցին, քանի որ Աստծու մարդն էր, և Աստված խոսում էր նրա հետ, և նրա աղոթքը լսելի եղավ Աստծուն, անձրևը փակելու և բացելու հարցում։ Իսկ մենք Եղիայի նման չենք հավատում, որովհետև Եղիայի աղոթքի համաձայն կռապաշտությունը մեղմացավ ու վերացավ, որ արդեն տաճար էր մտել։Առաքյալը իր թուղթն ավարտում է մի շատ կարևոր պատգամով, որը երբեք չի կորցնում իր վաղեմությունը։ Արդի է նաև այսօր։ Եղբայրներ, -ասում է առաքյալը,-եթե ձեզնից մեկը շեղվի ճշմարտության ճանապարհից, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի,թող իմանա, որ ով մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ է դարձնում, կփրկի նրա հոգին մահվանից և կծածկի մեղքերի մի ամբողջ բազմություն։ Այս պատվերի հարցում էլ մենք սառնասիրտ ենք։ Երբեմն մեկը ամիսներով բացակայում է եկեղեցուց, և ոչ ոք չի նկատում նրա բացակայությունը։ Ոչ ոք չգիտե, թե ինչ պատճառով է բացակայում։ գուցե շեղվել է ճշմարտության ճանապարհից, մենք չգիտեք։
Իսկ ճշմարտության ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Քիչ չեն այն դեպքերը, երբ տեղեկանում ենք, որ Առաքելական եկեղեցու հետևորդը հայտնվել է որևէ կրոնական ուղղության մեջ և շեղվել է ճշմարտության ճանապարհից։Մենք որևէ քայլ չենք ձեռնարկում նրան հետ բերելու առումով։ Եկեղեցին Քրիստոսի հարսն է։ Եկեղեցին մեր փրկության տապանն է։ Եկեղեցին մեր մայրն է, բայց որբի կնմանվի այն զավակը, որին մայրը ուշադրություն չդարձնի։ Մենք պետք է սիրենք մոլորվածին և կարողանանք նրան վերադարձնել իր մոր գիրկը։ Առաքյալը խոսում է մեկ հոգու վերադարձնելու մասին, որը կարող է լինել նրա համար հոգու փրկություն և մեր մեղքերին կլինի ներում։ իսկ մենք մեղքերի մի ամբողջ բազմություն ունենք, բայց չենք փնտրում մի ճշմարտությունից շեղվածի, գոնե մեր մեղքերից ազատվելու համար։
Սիրելիներ առաքյալի թուղթը վերջանում է ինչպես որ ասացի, այս պատգամով։ Չունի ողջույնի խոսք, չունի վերջաբան, հասցեագրված չէ որևէ մեկին, կամ որևէ մեկ համայնքի, քանի որ այն համամարդկային խրատներ են՝ յուրաքանչյուր անհատի համար։ Հակոբոս առաքյալի այս թուղթը մեզ մտածելու և մտահոգվելու տեղիք տվեց, որովհետև մենք չենք ապրում առաքյալի նշած պարզ կանոններով։ ստիպեց մեզ, մտածել մեր ներկա կարգավիճակի մասին, որտեղ որ ե՛նք։
Հարո՞ւստ ենք, թե՞ աղքատ։ Եթե հարուստ ենք, միայն կուտակելու համար, լացելու և ողբալու ենք մեր թշվառությունների վրա։ Քանի որ հարստությունը սխալ գործածելուց, կարող է ուղեկցվել աղքատությամբ, կարող է վերածվել ժանգի և ուտել մեր մարմինը։ Կարող է դառնալ փրկության պատճառ, և կարող է նաև արժանացնել գեհենի կրակների, ինչպես այն մեծահարուստը։ Իսկ եթե աղքատ ենք, դարձյալ զգուշանանք, քանի որ բոլոր աղքատները չէին, որ արժանացան Աբրահամի գոգին։ Ղազարոսն այնտեղ էր, որովհետև երբեք չանիծեց իր հարուստ տիրոջը և չմեղադրեց նրան՝ իր կյանքի տարիներին։
Հարուստ լինենք, թե՝ աղքատ, մեր կյանքը, ուրախությունը, երջանկությունը և նպատակը չփնտրենք հարստության մեջ։ Հակոբոս Առաքյալը գիտեր, որ Ոսկին չի ժանգոտվում, նա նկատի ուներ մեր ներքին մարդը, որը հակված է ժանգոտվելու՝ հանո՛ւն դրամի, հանո՛ւն հարստության, հանո՛ւն փառքի։ Սիրելիներ մենք ավարտեցինք Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը՝ իր շահավետ խրատներով։ Շահեց նա, ով տեսավ իրեն այս թղթի մեջ, վերցրեց իրեն վերաբերող խրատը, և կիրառեց իր կյանքի մեջ։ Սա է Ավետարանի գլխավոր պատգամը, որ սպունգի պես հավաքենք մեր մեջ ավետարանական գանձերը, որոնք երբեք չեն ժանգոտում, այլ՝ հակառակը նրանց շնորհիվ մենք էլ ենք փայլում իրենց փայլից։ Մեր հաջորդ սերտողությունը կտեղափոխենք Պետրոս առաքյալի հոգևոր դաշտ և կտեսնենք, թե ի՞նչ ունի ասելու մեզ՝ մեր սիրելի Պետրոս առաքյալը, որի մասին վաղուց չենք խոսել։ Զինվեք համբերությամբ, կրկնեք անցած դասերը, մինչև հանդիպենք։
Աղոթենք միասին։
Լսի՛ր, Տէ՛ր, Քո անարժան ծառայի աղօթքներն ու խոնարհեցրո՛ւ Քո ունկն իմ պաղատանքներին, որ ասացիր. «Փնտրէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի» ինձ համար: Եւ այժմ բա՛ց իմ առջեւ, Տէ՛ր, Քո ողորմութեան Դուռը, որ ողբալով կանչում եմ Քեզ, եւ մի՛ անտեսիր իմ մեղաւոր անձի աղաչանքները, որ չեկար կանչելու արդարներին, այլ՝ մեղաւորներին ապաշխարութեան:Տե՜ր իմ, Դու քաղցր և ողորմած կոչվեցիր մեղավորիս համար, քանզի Դու էիր, որ ասացիր. «Անօրենի հետ կանգնելիս այլևս չեմ հիշի նրա բոլոր անօրենությունները, որ արեց»։ Եւ արդ, Տեր, ահա, Քո առջև ընկնելով` աղաչում և խնդրում եմ պաղատելով,
բա՛ց քո ողորմության դոռը՝ բոլորիս առջև։