ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ Այսօր մենք սերտելու ենք Հակոբոս առաքյալի ընդհանրական թղթի երկրորդ գլուխը։ Առաջին գլուխը սերտեցինք երեք մասով։ Վերհիշենք, թե ով էր Հակոբոս առաքյալը, և շարունակենք մեր սերտողությունը։ Առաջին գլխում տեղեկացանք, որ Հակոբոսը հայր Հովսեփի որդին է՝ առաջին ամուսնությունից, և եղբայրն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Իմացանք նաև, որ Հակոբոս Արդար են անվանել իրեն և եղել է Երուսաղեմի առաջին Պատրիարքը, որին սպանել են Քրիստոսին դավանելու և քարոզելու համար։ Առաջին գլխից իմացանք նաև, որ ողորմությունը մերձավորի, աղքատի և այրու հանդեպ Հակոբոս առաքյալի համար բարեպաշտության առաջին քայլն է։ Երկրորդ գլուխը հավասարության և դեմոկրատիայի մասին է, որ Հիսուս Քրիստոսի առջև բոլորը հավասար են։ այս հայտարարությունը առաջին հայացքից և հասկանալի է, և ականջին հաճելի մի ճշմարտություն է։
Սակայն մեր իրականության հետ համեմատելիս, շատ բաներ դառնում են անհասկանալի։ Առաքյալի պահանջն այն է, որ Հիսուս Քրիստոսի հավատը պահեն աչառությամբ։ Եթե փառքի Տերը անաչառ է, և նրա առջև բոլոր մարդիկ հավասար են, ուրեմն ո՞վ է մարդը, որ աչառություն անի Տիրոջ առջև իր եղբոր նկատմամբ։ Հավատն աչառությամբ պահելու պահանջից հետո, մի օրինակ էլ է տալիս, որպեսզի ասելիքը տեղ հասցնի։ Ասում է․Եթե ձեր ժողովարան մտնի մի մարդ, որ ունենա ոսկի մատանի և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև մի աղքատ մարդ՝ կեղտոտ զգեստներով, և դուք աչառությամբ վարվեք նրանց հետ՝ պատվելով հարուստին և արհամարհելով աղքատին։ Այդ դեպքում դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի։ Ում օրինակին են հետևում աչառություն անողները, եթե Հիսուս Քրիստոս ընտրեց աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով։
Ուրեմն ո՞վ կարող է անարգել աղքատներին և նրանց վերջին շարքերում կանգնեցնել, որովհետև հարուստներն են առջևում; Սա շատ զգայուն թեմա է, և առաքյալի խոսքից հասկանալի է, որ գոնե եկեղեցում աչառություն պետք չէ, որ լինի։ բայց մեր աչքերը տեսնում են բոլորովին այլ բան ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևոր դաշտում։ Ենթադրեն քաղաքական դաշտում այս երևույթը անկառավարելի է դարձել ավետարանի չիմացության և մեծամտության պատճառով, բայց չէ այն տեղ է գտել նաև հոգևոր դաշտում։ Մենք բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ պատվի են արժանանում մեծահարուստները եկեղեցի մտնելիս, և ինչ պատվի՝ աղքատները։ Առաքյալը շատ շիտակ հարց է տալիս հարուստների պատիվ տալու վերաբերյալ։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ,- հարցնում է առաքյալը իր ընթերցողին։
Աշխարհը որտեղ մենք ապրում ենք, ունի իր տրամաբանությունը, և կարծես այնտեղ այսպիսի օրենքները չեն խախտվում։ Այստեղ ամեն պաշտոն իր տեղն ունի զբաղեցրած։ Օրինակ փոխնախարարը իրավունք չունի նստելու նախարարի աթոռին։ Եկեղեցին միակ տեղն է, որտեղ բոլորը հավասար են։ Միակ տեղն է, որտեղ սոցիալական տարբերությունները վերանում են։ Օրինակ զինվորական ծառայության մեջ զորամասի ճաշարանում հրամանատարը զինվորի հետ հաց չի ուտում։ Բայց այս երևույթը կա նաև եկեղեցում, որը ճիշտ չէ, դեմ է առաքյալի խոսքին, դեմ է նաև Հիսուս Քրիստոսի խոսքին, որը հաց էր ուտում մաքսավորի և մեղավորի հետ։ Քայլում էր գողի և ուրացողի հետ և աչառություն չէր անում ո՛չ մեկի նկատմամբ։ Մեր եկեղեցում հավասարության գաղափարը կա, քանի որ ավետարանական է, բայց կիրառումը չկա, քանի որ հպարտությունը թույլ չի տալիս, որ եպիսկոպոսը սարկավագի հետ սեղան նստի։ Եկեղեցու բարերարները գնահատանքի են արժանի, երբ հոգում են եկեղեցու որոշ ֆինանսական ծախսեր, բայց պայման չէ, որ նրանց և պարզ ժողովրդի մեջ զգալի լինի տարբերությունը։ Քանի որ Տեր Հիսուս առավել գնահատեց այրի կնոջ լուման, քան մեծահարուստի ավելցուկից գցած դրամը։ Կան մարդիկ, որոնք եկեղեցական կյանքից ներս իրենց օգտակարությունն են բերում ամենատարբեր առիթներով, սակայն պետք չէ նրանց առջև խոնարհվել՝ դրամի պատճառով, այլ պետք է նրանց սովորեցնել առաքյալի՝ օրինակ այս թուղթը, կամ մեկ այլ պատվիրան, որ աջ ձեռքը չգիտի, թե՛ ձախն ինչ է անում։ Երբեք պետք չէ շեփորահարել նրանց բարեգործությունը և հատուկ արտոնություններ սահմանել նրանց համար։
Իշխանավորների մեջ կան մարդիկ, որոնք տուրք տալու համար մտնում են եկեղեցի, նույնիսկ չեն խաչակնքվում, բայց հատուկ ուշադրության են արժանանում հենց եկեղեցու սպասավորի կողմից։ Ուրեմն Հակոբոս առաքյալի թղթի պահանջը չի՞ հասկացվել մեր եկեղեցում, թե՞ անտեսվել է բարերարների բերած եկամուտների պատճառով, մեզ հայտնի չէ։ Մեզ միայն հայտնի է մեր Տիրոջ անաչառությունը, առաքյալների միջև եղած հավասարությունը և Հակոբոս առաքյալի պահանջը՝ այդ մասին։ Ենթադրենք մեր հիվանդության ժամանակ, մեր մերձավորներից մեկը կարողացել է արյուն տալ մեր վիրահատության ժամանակ, և դա շատ օգտակար է եղել մեզ համար։ Մի՞թե սա նշանակում է, որ այդ մերձավորը մեր տան մեջ հատուկ տեղ ունի նստելու, քան այն մյուսները, որոնց արյունները չի համապատասխանել մեր արյան կարգին։ Չնայած, որ նրա արած քայլը գնահատելի է, բայց նա հավասարապես սիրելի է մեզ համար, ինչպես որ մյուսները։
Հարուստի հարստությունը եկեղեցու համար պետք է լինի զուտ միջոց՝ կարիքները հոգալու համար, ոչ թե հարաբերությունների կարգավորում։ Առաքյալը խոսում է հեթանոս մեծահարուստների մասին, որոնք հարստահարում և դատարաններ քարշ տալիս պարզ ժողովրդին, բայց մի՞թե շատ տարբեր է մեր օրերի քրիստոնյա մեծահարուստների վարքից։ Մեծահարուստը եթե Աստծուն ճշմարտապես ճանաչելուց հետո նոր մարդ չի դառնում, ուրեմն նշանակություն չունի, նա հեթանոս է, թե՞ քրիստոնյա իշխանավոր։ Ո՛չ միայն Հակոբոս առաքյալի, այլ Ավետարանի պահանջն է, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոսի հավատը պահենք անաչառությամբ, որովհետև արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն ասում է․ «Պիտի սիրես քո ընկերոջ, ինչպես ինքգ՝ քեզ»։ Իսկ աչառություն անողը մեղք է գործում, երբ տարբերություն է դնում հարուստ բարեկամի և աղքատ բարեկամի միջև։ Ինչպես որ առաջին գլխի՝ լեզուն զսպելու մասին պատվիրանը, չենք կիրառում, այնպես էլ այս պատվիրանը ընդունված չէ, ո՛չ հասարակության մեջ, ո՛չ եկեղեցում, ո՛չ էլ նույնիսկ ընտանիքներում։
Ծնողներ կան, որոնք զավակներին աչառությամբ են սիրում, և դա պատճառ է հանդիսանում և երկու զավակների միջև նախանձ է առաջանում։ Ուրեմն մենք սովորեցինք, որ աչառությունը մեղք է ամեն տեղ՝ անկախ ամեն ինչից։ Ինչպե՞ս կարող ենք աչառությամբ պահել Քրիստոսի հավատն ու պատվիրանը, երբ նույն Հիսուս Քրիստոս տվեց բոլոր պատվիրանները։ Երբ ասաց մի՛ գողացիր, միևնույն ժամանակ ասաց,- Մի շնացիր։ Նույն ուժն ունեն ինչպես առաջին, այնպես էլ վերջին պատվիրանները։ յուրաքանչյուր պատվիրան կյանքի մի մի ժամանակահատվածի համար է, որպեսզի մարդն իր կյանքը կառուցի այդ պատվիրանների հիմքի վրա և ավարտի իր ընթացքը՝ պատերազմելով բարի պատերազմը։ Որից հետո է միայն մարդուն սպասում երկնավոր պսակը՝ Տիրոջ կողմից։ Երկու- երեք տարեկան երեխային չի վերաբերում «Մի գողացիր» պատվիրանը, ինչպես որ զառամյալ ծերունուն չի վերաբերում «Մի շնացիր» պատվիրանը։ Բայց ինչպես փոքրահասակ երեխայի, այնպես էլ զառամյալ ծերունու համար կան այլ պատվիրաններ, որոնք անհրաժեշտ է պահել՝ բարեպաշտ լինելու համար՝ ինչպես օրինակ՝ լեզուն կառավարելը։ Ուրեմն ինչպես որ անաչառությամբ պետք է պահենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատը, այնպես էլ անաչառությամբ պարտավոր ենք պահել բոլոր պատվիրանները։ Չկա՛ն կարևոր և երկրորդական պատվիրաններ։ Որովհետև եթե սիրես քո Տեր Աստծուն և չսիրես քո մերձավորին, ապա քո պատվիրանապահությունը թերի կլինի։ Կամ եթե օրինակ, սուտ վկայություն չտաս, բայց անտեսես քո ծեր ծնողներին։ Դարձյալ թերի կլինի Աստծու խոսքի կատարումը։ Օրինակ՝ եթե մեկը բանտ է նստել միայն գողության համար, և ուրիշ ոչինչ չի արել, նրան դատում են միայն գողության համար, և դատվում է որպես հանցագործ։
Իսկ հոգևոր կյանքում եթե մեկը անտեսում է մի պատվիրան, համարվում է պատվիրանազանց։ Մենք ամեն օր երեկոյան, մեր հաշվետու աղոթքների մեջ գոհանում ենք Աստծուց, որ այս կամ այն մեծ պատվիրանը չխախտեցինք։ Բայց մոռանում ենք, որ ամբողջ օրվա ընթացքում մեր լեզվի գործած մեղքերի վրա ուշադրություն չենք դարձրել, և հսկողության չենք սահմանել եր արտաբերած յուրաքանչյուր խոսքի վրա՝ ըստ պատվիրանի։ Եթե ամբողջացնենք մեր խոսքը պատվիրանները պահելու և թերի թողնելու վերաբերյալ, ապա հիշենք Հակոբոս առաքյալի այն խոսքը, որ ասում է․ «Դուք ազատության օրենքով եք դատվելու»։ Այսինքն դուք ազատ եք եղել մեղք գործելու և չգործելու մեջ։ Եթե դուք ընտրել եք մեղքը, դա եղել է ձեր ազատ կամքը։ Եթե դեռ պատվիրանի մասին լուր չունեիք, ապա գիտեիք, որ չի կարելի։ Չիմանալը չի արդարացնում գործած մեղքի պատճառաբանությունները։Մարդը միշտ ազատ է։
Իսկ եթե ջանաս պահել բոլոր պատվիրանները, բայց ողորմա՛ծ չլինես, ինչպես որ առաջին գլխում կարդացինք բարեպաշտ քրիստոնյայի նկարագրության մեջ, ուրեմն քո պատվիրանապահությունը ձևապաշտություն կհամարվի։ Քանի որ Ավետարանն ասում է, որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել։ Ինչո՞ւ։ Որովհետև ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց։ Ողորմության թեման Աստվածաշնչի՝ ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանում ուշադրության արժանի թեմա է, քանի որ Աստծու ողորմությամբ է, որ մենք բազում անգամներ ներվում ենք մեր մեղքերի համար՝ մեր Տիրոջից։ «Քո մեղքերը քավի՛ր քո ողորմությամբ և քո անօրենությունները՝ աղքատներին գթալով, թերևս Աստված համբերատար լինի քո հանցանքների նկատմամբ», ասում է Դանիել Մարգարեն Նաբուգոդոնոսոր արքային։
Ողորմության ներգործության մասին ավելորդ է խոսել, քանի որ յուրաքանչյուր մարդ կարող է զգալ ողորմության օգուտը՝ իր վրա փորձելով։ Գիտեք ո՞ր տվածն է ողորմություն կոչվում։ Այն, որ Աստծու հանդեպ սիրո համար կարիքավորին մատուցվում է արդար վաստակից՝ ըստ տվողի կարողության չափի, զվարթ սրտով, անտրտունջ, առանց ուշացնելու, և գլխավորը՝ ծածուկ։ Աստված չի հավանում այն ողորմությունը, երբ ձեռքը տալիս է, իսկ սիրտն ափսոսում է։ Որովհետև Աստված ո՛չ թե տվողի ձեռքին է նայում, այլ՝ սրտին։ Սերբական գեղեցիկ մի առակ կա, որը ողորմության լավագույն օրինակ կարող է հանդիսանալ բոլորիս համար։ Մի երկրում սով է լինում և Աստված ուղարկում է հրեշտակին, ստուգելու համար մարդկանց գթասրտությունը միմյանց նկատմամբ սովի ժամանակ։ Հրեշտակը աղքատի կերպարանքով շրջում է մի գյուղում և բախում է հազարավոր դռներ՝ մի կտոր հաց խնդրելու ակնկալիքով։ Մեկը մերժում է, մյուսը դուռը չի բացում, երրորդը կոպտում է, և այսպես շարունակ շրջում է ողջ գյուղը։
Երբ հասնում է հրեշտակը գյուղի վերջի տանը, փորձում է նաև նրանցից հաց խնդրել և տեսնում է, որ երեք եղբայր իրենց բաժին հացը կիսել են երեք մասի և նստել են որ ուտեն։ Ներս են հրավիրում մարդու տեսքով հրեշտակին, և իրենց բաժնից ևս մեկ բաժին են առանձնացնում հրեշտակի համար։ Տեսնելով այս գթասրտությունը, հրեշտակը ցույց է տալիս իրեն, և եղբայրները տեսնում են, որ սա հրեշտակ է։ Հրեշտակը եղբայրներին պատվիրում է խնդրել մեկական ցանկություն։ Քանի որ ողջ տարածաշրջանում իրենք միակն էին, որ կիսեցին իրենց հացը օտար մեկի հետ։ Մեծ եղբայրը խնդրում է, որ իրենց առվի հոսող ջուրը դառնա գինի և պատկանի իրեն։ Խնդրանքը կատարվում է, և ջուրը դառնում է գինի և ուրախանում է մեծ եղբայրը։ Միջնեկ եղբայրը խնդրում է, որ դաշտում հայտնվեն գառներ և դա իրեն պատկանի։ Կատարվում է նաև այս ցանկությունը, և ուրախանում է նաև այս եղբայրը։ Հերթը հասնում է փոքրին, և սա հայտնում է իր ցանկությունը՝ խնդրելով որ իրեն հանդիպի մի քրիստոնյա աղջի, որը լինի ողորմած։ Տրտմում է հրեշտակը այս ցանկության վրա և ասում․ «Դժվար բան խնդրեցիր»։ Տեսա՞ք, թե ինչքան դժվար է ողորմած մարդ գտնել։
Սիրելիներ, մինչ այս պահը հասկացանք, որ Հակոբոս առաքյալի համար հույժ կարևոր է, որ քրիստոնյան անաչառությամբ պահի Հիսուս Քրիստոսի հավատն ու պատվիրանը, և պատվիրանների իրականացման ճանապարհին իր գործերի մեջ լինի ողորմած։ Հիմա տեսնենք, թե ինչպես է առաքյալը բացատրում հավատի և գործերի համատեղելիությունը, և ինչքանո՞վ է դա կարևոր։ Սկսենք այն հարցից, որը տալիս է առաքյալը՝ բոլորիս, հարցնելով․ «Սիրելի քրիստոնյաներ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա։ Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել»։ Առաքյալի այս հարցը մեզ մտովի տարավ Պողոս առաքյալի եբրայեցիներին ուղղված նամակի 11րդ գլուխը, որտեղ Պողոս առաքյալը հարցնում է․ «Ինչ է հավատը», և ինքն էլ բերում է նախնիների օրինակելի հավատի բազում օրինակներ, թե ինչպես Աբելը, Ենովքը, Նոյը, Աբրահամը, Սառան, Հակոբը, Իսահակը և շատ ուրիշներ հավատով են ընթացել իրենց հոգևոր ճանապարհը։ Նույնիսկ պոռնիկ Ռախաբին է օրինակ բերում, որը խաղաղությամբ ընդունեց լրտեսներին։ Եթե հիշում եք, նույնիսկ զարմացանք, որ Աբրահամի պես մեծ մեկի անվան կողքին առաքյալը հիշատակել է պոռնիկ կնոջ անունը։ Սա ևս մեկ ապացույց է որ Աստծու առջև աչառություն չկա։ Չկա նաև Պողոս առաքյալի առջև։
Նաև Հակոբոս առաքյալն է խոսում աչառության մեղքի մասին։ Այսինքն կարելի է ասել, որ Աստված հենվում է մարդու հավատի վրա, ո՛չ թե հեղինակության։ Պողոս առաքյալն ու Հակոբոս առաքյալը ո՛չ թե հակասում են միմյանց, այլ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է մոտենում այս հարցին։ Երկուսի տեսակետներն էլ արդարացի են և համոզիչ։ Օրինակ Աբրահամը եթե Աստծուն չհավատար, մի՞թե իր որդուն կտաներ զոհաբերության։ Կամ եթե Նոյը Աստծուն չհավատար, միթե ցամաքի վրա տապան կկառուցեր։ Իսրայելացիներ հավատացին, երբ Մովսեսի գլխավորությամբ անցան Կարմիր ծովով՝ ինչպես ցամաքով։ Այսինքն հավատը կյանք է, որով ապրում է մարդը և գործեր է կատարում ըստ իր հավատքի։ Հավատքն ու գործերը տարբեր բաներ չեն, նրանք շաղկապված են անբաժանելի կապով։ Չի կարող մեկը հավատով փրկվել, և չի կարող մեկ ուրիշը գործերով փրկվել։ Հավատն առանց գործերի մեռած է,- ասում է Հակոբոս առաքյալը։ Նույնը փաստում է նաև Պողոս առաքյալը, երբ ցույց է տալիս այդ մեծամեծների կատարած գործերը՝ հավատի շնորհիվ։ բոլոր առաքյալներն են փաստում, որ հավատը տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, պետք է փոխի քրիստոնյայի կյանքը, որպեսզի փոխված սրտով քրիստոնյայի գործերը լինեն Քրիստոսի սիրո համար, ո՛չ թե իր հեղինակության։ Աբրահամի հավատի տրամաբանական հետևանքը եղավ իր որդու զոհաբերությունը, ոչ թե իր փառքի համար, այլ՝ Աստծուն հավատալու պատճառով։ Սիմեոն Ծերունին հավատաց քառասնօրյա մանկանը, երբ Նրան տաճար բերեցին։ Եթե մյուսները հավատացին՝ տեսնելով Հիսուս Քրիստոսի չափահաս տարիքում կատարած հրաշքները, ապա Սիմեոն ծերունին հավատած մանկանը, որ նույնիսկ չէր խոսում, որովհետև նա հավատում էր աստծու այն խոսքին, որ ինքը մահ չի ճաշակելու, մինչև, որ տեսնի մանկանը, որը կույսից է ծնվելու։ Հավատի շնորհիվ էր, որ Սիմեոն ծերունին առանց տրտնջալու ճանապարհում էր իր կյանքի տարիները՝ սպասելով խոստացված մանկանը։ Սիրելիներ, բոլոր առաքյալներն էլ փաստում են, որ հավատը շարժիչ ուժ է բարի գործեր կատարելու համար։Արտաքին բացասական գործոնները երբեք չեն կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի մենք բարի գործեր կատարենք, եթե մեր հավատը շարժում է մեզ դեպի Հիսուս Քրիստոս։ Որևէ պատճառաբանություն չի արդարացնի մեզ դատաստանի օրը՝ հատուցումից։ Աստված ցույց կտա մեզ նույն մեր կարգավիճակում եղած մեկին, որը և՛ մեղք չի գործել, և՛ բարիք է արել։
Եթե մեր հավատը մեր համար շարժիչ ուժ չլինի, մենք նույնիսկ չենք կարող ներել մեզ նեղացնողին։ Այդ հավատքն է, որ մեզ հիշեցնում է Քրիստոսի խաչելությունը՝ մեզ ներելու համար։ Հավատն է, որ մեզ մղում է առաջինը գնալ ներելու, այլապես կհիշենք ամեն վիրավորանք, և մեր սրտում չի առաջանա զղջում և ներման ցանկություն։ Հակոբոս առաքյալը միայն հավատ ունեցողի հավատը համեմատում է դևերի հավատի հետ, և ավելացնում է, որ դևերը նույնիսկ դողում են Աստծուց»։ Ուրեմն հավատը դատարկ բան է առանց գործերի։Գեղեցիկ համեմատությամբ ավարտում է երկրորդ գլուխը՝ ասելով․ Ինչպես որ մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործեի։Սիրելիներ, հավատացյալ մարդու և աշխարհի տրամաբանությունը գրեթե նույնն է։
Սակայն Աստվածաշնչի տրամաբանությունը բոլորովին այ՛լ է և հստա՛կ։ Դատաստանի ժամանակ ոմանք ժառանգելու են հավիտենական կյանքը և համարվելու են Աստծու օրհնյալներ, իսկ ոմանք ժառանգելու են հավիտենական տանջանքը և զրկվելու են Աստծու լուսավոր ներկայությունից։ Ուրիշ տարբերակ չկա, Աստծու կողմից առաջարկված։ Իսկ աշխարհը հազար տարբերակ է առաջարկում մարդուն՝ խաբելու և նրա կյանքը խորտակելու համար։ Այս պատճառով է Աստված ասում, որ մենք չենք կարող ծառայել միաժամանակ Աստծուն և աշխարհին։ Այսինքն Աստվածաշնչի տրամաբանությամբ հեղափոխությունը փողոցում չէ, այլ՝ մարդու սրտում և բանականության մեջ։ Հետևաբար Աստվածաշունչը, կամ Աստծու խոսքը ո՛չ ոքի չի սպանում իր հեղափոխական տրամաբանությամբ, այլ՝ ուղղորդում է դեպի փրկություն և հավիտենականություն։ Մենք կամ հավատ ունենք, կամ չունենք։ Մենք կամ բարի գործեր ունենք, կամ չունենք։ Ոչ ոքի ոչինչ ապացուցելու կարիք չունենք, ամեն բան Աստծու Ամենատես աչքի առջև է։ Առաքյալի թղթի երկրորդ գլուխը նույնպես շատ օգտակար տեղեկություններ և խորհուրդներ տվեց մեզ՝ մեր քրիստոնեական կյանքը Աստծուն հաճելի ապրելու համար։Այսօր ավարտեցինք առաքյալի թղթի երկրորդ գլուխը, Աստծու ողորմությամբ հաջորդ եթերը կտրամադրենք երրորդ գլխին։
Աղոթենք միասին․
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝ անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քո անվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: