ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ Վստահ եմ որ Հակոբոս առաքյալի թուղթը ձեր համար ավելի պարզ ու հասկանալի է, քանի որ նախ աստվածաբանական բարդ մտքեր չի ներառել իր թղթի մեջ, երկրորդն էլ մեր ամենօրյա կենցաղավարության կանոններն են, որոնք չենք կիրառում։ Ուրախ կլինեմ, եթե ձեզնից մեկն ասի, որ ինքը փորձության ժամանակ ուրախանում է։ Կամ իր մտքում երբեք չի երկմտում։ Կամ էլ որ ամենադժվարն է, զսպում է իր լեզուն և հավասարակշիռ է բարկության ժամանակ։ Բոլորիս հավատի և գործերի մեջ էլ տատանում կա, ինչի մասին մեծ դասեր է տալիս առաքյալը։ Սրանք մեզ պատահող փորձություններն են, որոնց մասին մենք քիչ ենք մտածում։ Դրա համար էլ շատ հարմար է ամեն օր կարդալ առաքյալի այս թուղթ և օգուտներ քաղել ինչպես գործերի կատարման մեջ, այնպես էլ բանավոր խոսքի մեջ։ Այս թղթի հեղինակ Հակոբոսն ու Հուդան Տեր Հիսուս Քրիստոսի այն եղբայրներ էին, որոնց մեջ նույնպես երկմտություն կար ժամանակին՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ և Նրան Տաղավարահարաց տոնին պարտադրում էին, որ իրեն ներկայացնի ժողովրդին և աշխարհին՝ հայտնապես, քանի որ անկարելի է, որ մեկը թաքուն գործի և կամենա իրեն հայտնի դարձնել մարդկանց առաջ։
Սակայն տեր Հիսուս նրանց ասում էր, որ Իր ժամանակը դեռ չի հասել, բայց եղբայրները միշտ կարող են դավանել և քարոզել Իր մասին։ Քանի որ աշխարհը ատում էր Հիսուսին՝ ճշմարտությունը բացահայտելու համար։ Ավետարանն ասում է, որ այդ ժամանակ եղբայրները դեռ չէին հավատացել Նրան; Հավանաբար Հակոբոս առաքյալը այս թուղթը գրելու ժամանակ հիշել է, որ մի ժամանակ ինքն էլ երկմտություն ուներ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Իսկ թուղթը գրելու պահին նույնիսկ իրեն արժանի չի համարում ներկայանալ որպես Հիսուս Քրիստոսի եղբայր, այլ՝ գրում է ծառա՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի։ Հիմա արդեն վստահ է Նրա աստվածության և Աստծու Որդի լինելու վրա, և ինքն էլ իր թուղթը գրում է նույն վստահությամբ՝ որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա իր խոսքերից։ Ինչպես որ երկրորդ գլխում առաքյալը ապացուցեց, որ հավատն առանց գործերի մեռած է, այնպես էլ երրորդ գլխում ապացուցում է ուսուցիչներին, որ ձեր խոսքը մեռած է եթե դուք չեք ապրում այդ խոսքով։ Ո՛չ ոք չի կարող լինել ուսուցիչ և սովորեցնել այլոց այն առաքինությունները, որոնց միջոցով ինքը չի կատարում բարի գործեր։ Այսպիսի ուսուցիչները ոչ միայն օգուտ չեն բերի, այլ՝ հակառակը՝ դատապարտությունը կընդունեն իրեն վրա այդ պատճառով։ Որովհետև ով սովորեցնում է առաքինություններ և ինքը դրա կրողը չէ, արդե՛ն դատապարտված է։ Հետևաբար Հակոբոս առաքյալն արգելում է սովորեցնել ա՛յն ուսուցիչներին, որոնք սովորեցնում են առանց կիրառելու իրենց սովորեցրածը՝ իրենց գործերի մեջ։ Եվ հակառակն է ասում նրանց մասին, որոնք չեն մեղանչում և կատարյալ են իրենք ուսուցման և համապատասխան գործերի մեջ։ Այսպիսի մարդիկ են, որ ի զորու են սանձել իրենց լեզուն և մարմինը, և հատկապես սերը՝ աշխարհի նկատմամբ։
Յուրաքանչյուր մարդ կարող է իրեն տեսնել առաքյալի այս զգուշացման մեջ, քանի որ մենք էլ սիրում ենք ուրիշին խրատ տալ, մինչ մենք մեր խրատը կկատարենք։ Ասում է մի շտապեք սովորեցնել, քանի դեռ ինքներդ չեք կատարել ու տեսել կատարման դժվարությունը։ Ինչպես որ նախորդ գլխում խորհուրդ էր տալի ծանր լինել խոսելու մեջ և արագ՝ լսելու մեջ։ Երբեմն հարց է առաջանում, թե ինչու մեր օրերում չկան Ծերեր, որոնք ուսուցանում էին նախկինում։ Պատասխանը մեկն է։ Որովհետև չկան այն լսողները, որոնք լսում էին ծերերին։ մեր օրերում էլ շատերն են ուզում սովորեցնել, և քչերն են, որ կամենում են լսել և սովորել։ Մենք երեկվա սերտողության մեջ էլ խոսեցինք այս մասին, որ չենք կարող մի քանի ժամ ներդաշնակ պահել մեր խոսքն ու գործը, քանի որ խոսքով մեղանչում ենք ամեն ժամ։ Գուցե մեր խոսքը շիտակ է ասված, բայց այն չի համապատասխանում մեր գործերին։
Հազարավոր օրինակներ կան մեր կյանքում, եր մեկին մեղադրել ենք իր մեղքի մեջ, շուտով բացահայտվել է մեր մեղքը, որը թեպետ նույնը չէր, ինչ մեղադրում էինք, բայց եղավ, որ տեսնենք մեր մեղքերը, հետո ուրիշինը։
Հակոբոս առաքյալը երբեք իրեն չի առանձնացնում և ասում է, որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Առաքյալը տեսել է, որ շատերն ուսուցանում են Աստծու խոսքը, և իրենք չեն պահում իրենց քարոզածը, դրա համար է ասում, որ դատաստանը մեծ է այդպիսիների համար։ Քանի որ եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։ Համեմատում է մարդուն ձիերի հետ, որոնց բերանը սանձեր են դնում կառավարելու և հնազանդեցնելու համար։ Նաև նավերի օրինակն է բերում, որ մի փոքրիկ ղեկ ուղղում է նրանց ընթացքը՝ սաստիկ հողմերից, և տանում է այն կողմը, որ կամենում է նավավարը։
Այստեղ առաքյալը չի խոսում ստի մասին, երբ ասում է, «Որ մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է», այլ առաքյալի խոսը վերաբերում է այն փաստին, որ ուսուցչի խոսքն ու գործը տարբեր են։ Ինչպես որ Սողոմոնն է ասում իր առակաց գրքում․ «Մեղավորն իր լեզվի պատճառով որոգայթի մեջ կընկնի, բայց արդարը զերծ կմնա դրանից»։ Առակաց․12։13
Հակոբոս առաքյալի խոսքի իմաստն այն է, որ հավատը մեռած է առանց գործերի, նաև, քարոզած խոսքը համարվում է լեզվի մեղք, եթե քարոզողը չի կատարում իր քարոզած առաքինությունները։ Նշանակում է, որ այդպիսի քարոզիչը հպարտության պատճառով իրեն համարում է իմաստուն և գիտուն բոլորից՝ չլինելով այդպիսին։ Այս երևույթի պատճառով են առաջանում վեճերն ու խնդիրները քրիստոնյաների միջև, և հատկապես բաժանումները։ Մարդկանց քարոզելու համար պետք է որ Աստծուց կանչված լինեն և ո՛չ իրենք իրենցից։ Չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ բոլորին չընտրեց՝ քարոզելու համար, այլ՝ բոլորից ընտրեց տասներկուսին։ Եթե հիշում եք սիրելիներ, մենք եբրայեցիների նամակի մեջ կարդացինք, որ Պողոս առաքյալն ասում է․ «Որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է առնում այդ պատիվը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչված՝ ինչպես Ահարոնը»։ Եբր․5։4 Նա, ով կանչվեց ուսուցանելու այլոց, նա պետք է երկու բանից զգուշանա և վախենա։ Առաջինն այն է, որ ուսուցիչը չունենա կասկած իր առաքինությունների մեջ՝ նրանց առջև, ում սովորեցնում է։ Իսկ երկրորդն այն է, որ կարողանա իր խոսքը լսողներին ներքաշի այդ առաքինությունների մեջ։ Եթե այս երկուսից վախ ու զգուշություն չունեցավ, դատապարտություն կընդունի իր վարքի համար։ Սիրելիներ, վստահ եմ, որ ձեզ հասկանալի է, թե ինչու Հակոբոս առաքյալը այսպիսի հերթականությամբ է մեզ ներկայացնում Աստծու խոսքի մատուցման ձևերը, որպեսզի օրինակ լինի նաև մեզ համար, քանի որ առաքյալի խոսքը չի վերաբերում միայն իր ժամանակի ուսուցիչներին, այլ մանավանդ վերաբերում է մեր օրերի քարոզիչներին, ուսուցիչներին, և Աստծու խոսքը տարածող ամեն մարդու, այդ թվում և ձեզ։ Որովհետև, եթե մենք մեր խոսքի մեջ հավատարիմ չլինենք, ապա ո՞վ կհավատա մեզ՝ նայելով մեր սխալ գործերին; Քիչ չեն մեր օրերում այսպիսի օրինակներ, երբ հավատացյալը լսում է հոգևորականի քարոզը, և պատահական տեսնում է նո՛ւյն քարոզողին նո՛ւյն մեղքի մեջ։ Այո, Աստծու խոսքն անփոփոխ է, կատարյալ է, ճշմարիտ է, որ դուրս է գալիս քարոզողի բերանից, բայց երբ հավատացյալը դեռ չունի այդ գիտակցությունը, նրա համար այս երևույթը դառնում է գայթակղություն; Հակոբոս առաքյալն ասում է, որ ուսուցիչը պետք է զգուշանա և վախենա՝ լսողին գայթակղելուց։
Հավատը՝ գործի հետ է ամուր կապով կապված, իսկ խոսքը՝ օրինակի հետ է ամուր կապով կապված։ Որովհետև առաքյալն ասում է, որ լեզուն մի փոքրիկ անդամ է,բայց մեծամեծ բաներ է բարբառում; Այո այդ փոքրիկ լեզում բարբառում է Աստծու մեծամեծ խոսքերը և պետք է այդ փոքրիկ օրգանը պատասխանատվություն զգա իր արտաբերած ամեն խոսքի հանդեպ։ Հակոբոս առաքյալի պես ոչ ոք չի կարողացել նկարագրել մարդկային լեզի փոքրություն և նրա կործանարար մեծ գործերի մասին։ Ինչպես որ փոքր կրակը մեծ հրդեհներ է բռնկում, այնպես էլ լեզվի պատճառով կռիվներ ու երբեմն սպանություններ են լինում։ լեզուն է, որ ապականում է մարմինը, կորցնում է մարդու հեղինակությունն ու վստահությունը միջավայրում, և ապականում է մարդու ողջ կյանքը։ Աշխարհում ամեն բան հնազանդված է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը,- ասում է առաքյալը,- ո՛չ ոք չի կարող հնազանդեցնել։ Ինչպես որ ժողովրդական առածն ասում է․ «Թրի կտրածը կլավանա, բայց լեզի կտրածը չի լավանա»։ Կամ մեկ ուրիշն ասում է, «Թուրը մի մարդ սպանեց, լեզուն՝ մի բանակ զորք»։ Սա մարդկային լեզվի իրական նկարագիրն է։ Դարձյալ հիշենք առաքյալի այն պատգամը, որ ասում էր, «Ծանր եղեք խոսելու մեջ»։ Մեր բոլոր անհաջողությունները գալիս են մեր լեզվից, որին շատ ժամանակ չենք կարողանում կառավարել։
Երբեմն ասում են մի բան, որը ոչ ոք մեզ չէր ստիպել ասելու։ Ասելուց հետո զղջում ենք, բայց դա ևս դաս չի լինում մեզ համար և նույն մեղքի մեջ ընկնում ենք բազում անգամներ։ Հակոբոս առաքյալը խոսում է լեզվի երկու վտանգների մասին։ Առաջինն այն էր, որ պետք չէ սովորեցնել մեկին մի բան, եթե ինքդ դրա կրողը չես։ Երկրորդն այն է, որ մի խոսիր մի բան, որը օգուտ չէ ո՛չ քեզ, ո՛չ լսողին, ո՛չ էլ առավել ևս Աստծուն։ Ուրեմն ով կարողանում է սանձել իր լեզուն, նա մոտ է կատարելությանը։
Առաքյալը խոսում է լեզի մի երրորդ վտանգի մասին, որից զերծ չենք նաև մենք՝ քրիստոնյաներս, որ օրհնում և փառավորում ենք Աստծու անունը նո՛ւյն լեզվով և նո՛ւյն լեզվով անիծում և հայհոյում ենք մեզ նեղացնողներին։ Մեծ առումով և՛ օրհնությունը, և՛ անեծքը ուղղում ենք Աստծուն՝ առանց խորը մտածելու։ Անեծքն ու անպատվությունը ուղղում ենք մեր նմանին, որը նույնպես ունի Աստծու պատկերն ու նմանությունը, ինչպես որ մենք։ Ուրեմն չափազանց զգույշ պետք է լինենք որևէ մեկին վիրավորելիս, քանի որ պատվեր ունենք մեր Տիրոջից, որ ասում է․ «Իսկ ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, և օրհնեցեք ձեզ անիծողներին»։ Մատթ․5։44 իսկ մենք օգտագործում են նույն գործիքը՝ և՛ օրհնության և՛ անեծքի համար, որի համար առաքյալն ասում է, պետք չէ, որ այդպես լինի։ Այն շրթները, որոնք անիծում են, չեզոքացնում ենք օրհնության զորությունը, և դառնացնում են փառաբանության քաղցրությունը՝ Աստծու առաջ։ Ինչպես որ ավետարանն է ասում մի փոքրիկ թթխմոր կարող է խմորել ամբողջ զանգվածը, այնպես էլ մեր լեզվով հնչած անեծքը կարող է փչացնել մեր ամբողջ աղոթքը։ Մի կաթիլ թույնը կարող է թունավորել ջրի ողջ զանգվածը։ Այնպես էլ մեր մի չար խոսքը կարող է կորցնել մեր երկարատև աղոթքի զորությունը, որովհետև չի կարող նույն բերանից դուրս գալ և՛ անեծք և՛ օրհնություն։ Այնպես, ինչպես չի կարող նույն աղբյուրից բխել դառը և քաղցր ջուր միաժամանակ։ Այնպես, ինչպես թզենին չի կարող ձիթապտուղ տալ, կամ՝ որթատունկը՝ թուզ։ Այստեղ տեղին է հիշել Պողոս առաքյալի խոսքը, որ ասում է․ «Չխաբվեք, Աստված չի ծաղրվում։ Որովհետև ինչ որ մարդս սերմանում է, նույնը և կհնձի։ Ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն։ Իսկ ով հոգու համար է սերմանում, այդ հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք»։ Գաղատ6։7
Սիրելիներ, մենք ապրում ենք տեղեկատվության դարաշրջանում։ Մեր շուրջ բոլորը լուրեն են, քարոզներ են, հայտարարություններ են, և այլն։ Մի խոսքով ամենուրեք խոսք է հնչում։ Նույնիսկ հոգևոր դաշտում հեղեղված է տեղեկությունը Աստծու և Աստվածաշնչի վերաբերյալ։ Այսօրվա մարդու համար չափազանց դժվար է զանազանել ճիշտը սխալից, կեղծը իրականից և խաբեությունը արդարությունից։ Դժվար է տարբերել, քանի որ մեկը համոզիչ խոսքով է հրավիրում մարդուն ապաշխարության, մյուսը ճարտար լեզվով է կառուցում իր խոսքը, երրորդը բղավում է, այդպիսով հասկացնելու համար։ Ինչպե՞ս կարող ենք մենք զանազանել ճշմարտության խոսքը, եթե չունենանք աստվածաշնչական փորձառություն, և չիմանանք թե ինչ են մեզ սովորեցրել մեր առաքյալները։ Հակոբոս առաքյալը պատասխանում է մեր հարցին, ասելով, եթե ձեր մեջ կա մեկը, որ իմաստություն ունի, թող իր բարի ընթացքով և հեզությամբ ցույց տա իր կատարած գործերը։ Իսկ եթե ձեր սրտերում բույն է դրած նախանձը, դառնությունը և հակառակությունը, դուք երբեք ձեր ճարտասանությամբ մի պարծեցեք, քանի որ ձեր կեղծ խոսքով սուտ եք հանում ճշմարտությունը։ Ուրեմն, երբ սրտում կեղծիք է, լեզվի վրա չի կարող լինել ճշմարտության խոսք։ Առաքյալի խոսքից կարելի է հետևություն անել և ասել, որ լեզուն կարող է ստեղծել մի աշխարհ, որտեղ տիրում է կեղծիքը, խաբեությունը, քծնանքը, և մարդահաճությունը։
Այսինքն ժամանակակից լեզվով ասած, լեզուն կարող է ստեղծել վերտուալ և հորինած մի աշխարհ, որին ժողովուրդը կարող է հավատալ։ Մենք ականատես ենք եղել բազում դեպքերի, երբ ժողովրդի լայն զանգվածներին կարողացել են տանել իրենց հետևից՝ կեղծ լոզունգներով և սուտ հայտարարություններով։ Այս իմաստությունը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրավոր է, մարմնավոր և դիվային է։ Որովհետև ուր որ հակառակություն կա, նախանձ կա, այնտեղ անկարգություն է տիրում և ամեն բան չար է։ Ուրեմն, մենք կարդալով առաքյալի այս իմաստության խոսքերը, չմոռանանք, թե ինչ էր ասում իր խոսքի սկզբում՝ առաջին գլխում։ Դրա համար առաջին գլուխը բաժանեցի երեք մասին, որպեսզի ամեն կարևոր պատգամ մտապահենք։ Առաքյալն ասում է, թող ոչ ոք երկմիտ չլինի, և եթե մեկը իմաստություն չունի, թող խնդրի Աստծուց, և չկասկածի, որ կստանա։ Ահա երրորդ գլխի մեջ արդեն առաքյալը խոսում է այդ իմաստության մասին, որը ունեցողները միայն կարող են ցույց տալ իրենց բարի գործերը, և ոչ թե նրանք, որոնք Աստծու խոսքի վաճառքով են զբաղված՝ իրենց ճոխ բառապաշարով և սրտաճմլիկ քարոզներով։
Իսկ երրորդ գլխի ավարտին Հակոբոս առաքյալը մեզ ներկայացնում է վերի իմաստության բնորոշ հատկությունները, ասելով․ «Իսկ վերին իմաստությունը նախ՝ սուրբ է, և ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ, և բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծավորության։ Այդ արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են սիրում։ Ըստ առաքյալի խոսքի, իմաստությունը ո՛չ այնքան գիտելիքների իմացություն է, այլ՝ այդ գիտելիքը ճիշտ մատուցելու սեր, պատրաստակամություն և արդարություն ունենալու մեջ է։ Տեսեք, սիրելիներ, առաքյալի ինչ հստակ բաժանում դրեց երկու իմաստությունների միջև, որպեսզի մեզ հասկանալի լինի, թե ո՞րն է մարմնավոր իմաստությունը, և որն է վերին իմաստությունը։ Մարդու իմաստությունը երկրավոր է, դիվային է, և մարմնավոր է։ Իսկ վերին իմաստության դրական հատկանիշների մասին արդեն ասացի ձեզ։ Այս բոլոր դասերը վերցնելով Հակոբոս առաքյալից, հետայսու մենք կարող ենք զանազանել կեղծիքը՝ անկեղծից, ճշմարտությունը՝ ստից, աչառությունը՝ անաչառությունից, և կեղծավորությունը՝ ազնվությունից։
Առաքյալը իր թղթի երրորդ գլուխն ամբողջությամբ տրամադրել է լեզվի հասցրած վնասներին, արհավիրքներին, կռիվներին, պատերազմներին, երբ այդ լեզուն գործում է մարմնավոր իմաստությամբ և հեռու է վերին իմաստությունից։ Հետևաբար մեր այսօրվա ծանր դասը թող արթնացնի ինչպես Աստծու խոսքը քարոզողներին, այնպես էլ ամեն մարդու, որ փորձում է իր լեզվով և մարդկային իմաստությամբ խաբել մարդկանց։ Ավարտեցինք նաև առաքյալի թղթի երրորդ՝ հարուստ խրատներով գլուխը։ Մենք դեռ երկու գլուխ էլ ունենք սերտելու այս օգտակար թղթից, որը պատրաստել է մեզ համար մեր սիրելի Հակոբոս առաքյալը։ Խնդրենք Աստծուց վերին իմաստություն՝ մեր լեզուն ի բարին գործածելու համար։
Աղոթենք միասին։
Զղջման աղոթք․
Տե՜ր իմ, Դու քաղցր և ողորմած կոչվեցիր մեղավորիս համար, քանզի Դու էիր, որ ասացիր. «Անօրենի հետ կանգնելիս այլևս չեմ հիշի նրա բոլոր անօրենությունները, որ արեց»։ Եւ արդ, Տեր, ահա, Քո առջև ընկնելով` աղաչում և խնդրում եմ պաղատելով: Մի հիշիր իմ բազում մեղքերը և մի հանդիմանիր կամա թե ակամա գործած իմ անօրենությունները, որոնցով մեղանչեցի` գիտությամբ թե անգիտությամբ, խոսքով թե գործով և թե անտեղի մտածումով ու մեղքերի ամբողջ ծուլությամբ: Քանզի, Դու Տե՜ր, սովոր ես գթալ և թողություն շնորհել մեր բազում մեղքերին: Այլև առատաբուխ շնորհիցդ հագեցրու քաղցյալիս և լիացրու ծարավյալիս, որ ամեն ժամ բաղձում եմ Քեզ նայել, փափագում Քո շնորհներին և հանապազ կարոտում Քո ողորմությանը: Մի պատժիր հանցապարտների հետ, մի դատիր դատապարտյալների հետ, այլ ընդունիր Քո կամքը կատարողների հետ և պատվիր Քո պատվիրանները պահողների հետ: Քանզի եթե առանց ներելու քննես իմ հանցանքները, անիմաստ է ինձ համար հարության խոստումը, որովհետև գեհենի հուրն է իմ ժառանգությունը, քանզի եթե դատես իմ հանցավորությունը, ապա երանի կտամ մորից չծնվածներին: Այլ, նայիր, Տեր, իմ խնդրանքներին ու պաղատանքներին և մի մերժիր ինձ Քո ողորմությունից, քանզի մարմինս մշտապես պղծել և հոգիս շարունակ աղտոտել եմ ոչ միայն չար գործերով, այլև գարշելի մտքերով:
Եւ արդ, Տեր, մաքրիր ինձ մեղքերից, սկզբից ի վեր գործածս իմ անօրենություններից, սրբիր, ինչպես պոռնիկին, արդարացրու, ինչպես մաքսավորին արդարացրիր, ողորմիր ինձ, ինչպես քանանացուն, շնորհիր ինձ ողորմություն, ինչպես ավազակին և բնակեցրու ինձ Քո սուրբերի դասերում և Քո անունը սիրողների խորաններում: Եւ Քեզ փա՜ռք հավիտեանս. Ամեն: Մեսրոպ Վարդապետ