ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Բարի լույս ձեզ. սիրելի ունկնդիրներ. Աստծու կամքով այսօր սկսում ենք Պողոս առաքյալի փիլիպեցիներին ուղղված նամակի սերտողությունը: Վերհիշենք մեր սերտած նամակները և անցնենք առաջ: Առաջին նամակը, որ ծանոթացանք, Հռոմին ուղղված նամակն էր, երկրորդը՝ Կորնթոսին ուղղված երկու նամակները, երրորդը՝ Գաղատիային ուղղվածն է, չորրորդը՝ Եփեսոսի նամակն էր, իսկ հինգերորդը, որն այսօր պիտի սերտենք, Փիլիպէ քաղաքի եկեղեցու մասին է: Մի փոքր ծանոթանանք քաղաքի տեղեկություններին ու անցնենք առաջ: Եվրոպայի առաջին քաղաքը, որտեղ Պողոս առաքյալը քարոզեց Քրիստոսի Ավետարանը, Փիլիպէն է, որը գտնվում է Մակեդոնիայի հռոմեական նախկին նահանգում՝ Հունաստանի հյուսիս – արևելյան կողմը: Առաքելական իր երկրորդ ճամփորդության ժամանակ Պողոսն այնտեղ հիմնեց մի եկեղեցի: Մի քանի տարի անց, մինչ նա բանտարկված էր, մի թուղթ ուղարկեց փիլիպեցիներին՝ գրված բավական ջերմ տոնով: Առաքյալը նամակով ցանկանում էր շնորհակալություն հայտնել նրանց, իրենց կատարած նվերների և օգնության համար, որ ցուցաբերել էին Պողոսին՝ իր կարիքի մեջ եղած ժամանակ: Նաև քաջալերում է նրանց, որպեսզի հավատարիմ մնան Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց սիրո մեջ, և չհրապուրվեն այլ կեղծ վարդապետություններով, որոնք հաճախ էին մտնում իրենց համայնքից ներս:
Նամակի սկզբում Պողոս առաքյալը իր հիացմունքի և երախտագիտության խոսքն է արտահայտում փիլիպեցիների հասցեին, այնուհետև տեղեկություններ է ներկայացնում իր անձնական կյանքի վերաբերյալ: Թեպետ առաքյալը գտնվում էր բացառապես անորոշ մի ապագայի առջև, սակայն նամակում ամբողջական վստահություն է ներկայացնում, որ ինքը առաջնորդություն է ստանում է Հիսուս Քրիստոսի հետ ունեցած հաղորդակցության շնորհիվ: Առաքյալը քաջալերում է փիլիպեցիներին, որ հաստատ մնան իրենց հավատի մեջ և ձգտեն միմյանց լինել միաբան, մշտապես ցուցաբերեն խոնարհություն՝ միմյանց նկատմամբ, և որ կարևոր է ունենան ծառայության հոգի, որ սովորել են Հիսուս Քրիստոսից: Մինչ Պողոսը բանտում է, իր մարտակից ընկերները կապը ամուր են պահում Պողոսի և Փիլիպեյի համայնքի միջև: Այդ ընկերներից մեկը մեր ճանաչած Տիմոթեոսն է, որը նամակներ է տանում բերում և այս միջոցով Պողոսը բանտից կարողանում է կարգավորել և հատկապես բավարարել համայնքում ծագած հարցերի պատասխանները: Առաքյալը փիլիպեցիներին խստորեն զգուշացնում է հեռու մնալ Ավետարանին անհավատարիմ եղող մարդկանցից, և հորդորում է հետևել իրեն՝ հավատքի մեջ հաստատ մնալու և աներկյուղ առաջ գնալու համար: Որովհետև քրիստոնեական կյանքի նպատակն է նմանվել Հիսուս Քրիստոսին: Նամակը ավարտվում է քաջալերական խոսքերով, ողջույնի ուղերձներով, և շնորհակալություններով: Այս նամակի մեջ այնքան զգալի է Պողոսի ուրախությունը, որ նամակն անվանել են ,,ուրախության թուղթ,, որովհետև Պողոսի գոհունակ սրտի ուրախությունը կարմիր թելի պես անցնում է ողջ նամակի բովանդակության միջով: Անշուշտ այդ ուրախությունը մեր ենթադրությամբ կապված է Քրիստոսին հավատարիմ ծառայելու հետ, քանի որ կապանքների մեջ է Քրիստոս քարոզելու համար:
Պողոս առաքյալի կերպարը մեզ համար փայլուն օրինակ է, ոգեշնչող է, դժվարությունների մեջ չընկճվելու դաս է, Քրիստոսի հանդեպ ունեցած սիրո վառ պատկեր է, իր նմանի նկատմամբ ունեցած հոգատարության եզակի օրինակ է; Նույնիսկ բանտում եղած ժամանակ չի դադարում իր ստեղծած համայնքների հետ իր կապը սերտորեն պահել: Որովհետև առաքյալը ո՛չ մի րոպե չի մոռանում իր առաքելությունը, կոչումը, և պարտականությունը: Շնորհ և խաղաղություն է մաղթում փիլիպեցիներին այն դեպքում, երբ ինքը չգիտե, թե հաջորդ պահին իր կյանքի համար ի՛նչ որոշում է կայացվելու դատական ատյանում: Նամակի նախաբանից հայտնի է դառնում, որ Փիլիպիայում ձևավորված եկեղեցին արդեն ուներ դասակարգված պաշտոնյաներ, քանի որ իր ողջույնի խոսքը ուղղում է բոլոր սրբերին՝ ի Քրիստոս Հիսուս՝ եպիսկոպոսներով և սարկավագներով: Նշանակում է, որ եկեղեցին գործում է, և կայացած եկեղեցի է: Մենք շատ ենք անդրադարձել ,, սրբեր,, բառին, բայց մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ առաքյալը սրբեր ասելով նկատի ունի այն մարդկանց, որոնք թողել են աշխարհը և մտել են եկեղեցի՝ Աստծու ծառայության մեջ, և եկեղեցում է, որ պետք է հոգևոր աճ ունենան և հաստեն կատարյալ հոգևոր հասունության; Պողոսյան ողջույնները և քաջալերական խոսքերը մեզ արդեն ծանոթ են և այս նամակը նույնպես բացառություն չէ՝ բոլոր նամակների մեջ: Առաքյալը իր սովորության համաձայն, նախ՝ գովեստի խոսքեր է ասում, ապա շարադրում է իր ասելիքը: Սակայն այս նամակը բոլորովին այլ է օրինակ՝ Կորնթոսի կամ գաղատացիների նամակներից:
Փիլիպեցիների հետ կարծես Պողոս առաքյալի անձնական հարաբերությունները շատ ավելի ջերմ են, և նրանք ոչնչով չեն նեղացրել Պողոսին, ինչը զգում էինք նախորդ երկու նամակների մեջ; Պողոսը միայն գոհության և աղոթքի է հղում նրանց հասցեին, և նույնը ակնկալում է նրանցից; Ուղղակի գրում է որ փիլիպեցիներ իր սրտի մեջ են: Վկա է ինձ Աստված,- ասում է առաքյալը,- թե ինչպես եմ կարոտել ձեզ՝ բոլորիդ՝ Քրիստոսի գորովով; Ահա այս աղոթքն եմ անում. թող ձեր սերը ավելի ու ավելի առատանան գիտության և ամենայն իմաստության մեջ, որպեսզի դուք լավն ընտրեք, հաստատուն մնաք և առանց գայթակղության լինեք Քրիստոսի օրվա համար, լցված արդարության պտուղներով, Հիսուս Քրիստոսի միջոցով, ի փառս և ի գոհություն Աստծու:
Սիրելիներ, ամեն անգամ, երբ կարդում եմ առաքյալի նմանատիպ ջերմ խոսքերը, երանի եմ տալիս և երազում եմ այն մասին, որ մի օր էլ քրիստոնեական եկեղեցում կլինի այսպիսի հարաբերություն՝ հոտի և հովվի, կամ հոտի և հովվապետի միջև: Ինչո՞ւ է մեզանում ամեն ինչ այդքան տարբեր, երբ բոլորս նույն ավետարանն ենք կարդում, բայց նույն խանդավառությունը չենք ունենում Պողոսի նման: Առաքյալն ասում է, հաստատուն մնացեք առանց գայթակղության եղեք Քրիստոսի օրվա համար: Ի՞նչ է ակնարկում ,,Քրիստոսի օր,, ասելով: Սա նշանակում է որ Պողոս առաքյալն էլ մյուսների հետ սպասում էր Քրիստոսի գալուն, ինչպես որ մենք ենք սպասում մեր օրերում: Իսկ Տէր Հիսուս ասում է, որ այդ ժամերի և ժամանակների մասին ո՛չ ոք չգիտե: Յուրաքանչյուր սերունդ այդ հույսով է հեռանում աշխարհից, սակայն այս հույսն է, որ մարդուն ապաշխարության է տանում մինչև իր մահը, որպեսզի կարողանա արդարությամբ կանգնի իր Փրկչի առջև՝ դատաստանի օրը:
Այդ պատրաստ լինելու մասին է գրում առաքյալը իր հիմնած եկեղեցու հավատացյալներին, և մխիթարում է նրանց, ասելով, որ իր հալածանքներն ու բանտարկությունը ծառայեց ավետարանի առաջընթացին: Պողոսը բոլորովին անտեղյակ է իր վճռի մասին, թե՝ բանտում ի՛նչ որոշում կկայացվի իր կյանքի համար, բայց համարձակ ասում է, որ ձեր աղոթքներով իմ փրկությունն եմ ուզում, բայց, ապրե՛մ թե՝ մեռնե՛մ, թող Քրիստոս փառավորվի իմ մարմնի մեջ: Առաքյալի դիրքորոշումը միանշանակ է այդ հարցում, քանի որ նա մահը չի համարում կորուստ, այլ կորուստն այն է, երբ մեկը Աստծուց է հեռանում: Ըստ առաքյալի մահը վերջին թշնամին է:
Սիրելիներ, կուզեմ մտապահեք, որ փիլիպեցիների նամակի մեջ է առաքյալի այն հանրահայտ խոսքը, որ ասում է,- Ինձ համար կյանքը Քրիստո՛սն է, իսկ մեռնելը՝ շա՛հ: Սա բացառիկ միտք է, որ կարող է ասել միայն նա, ով Քրիստոսի հանդեպ Պողոսի ունեցած սիրուց ունի: Այնքան ժամանակ, որ Քրիստոս Պողոս առաքյալի հետ է, մահը նրա համար գոյություն չունի: Այսպիսին պետք է լինի քրիստոնյան: Առաջին հայացքից թվում է, թե Պողոսը հպարտությամբ պարծենում է իր ապրած քրիստոսակերպ կյանքով, որովհետև իր խոսքը կառուցված է միայն Քրիստոսի ավետարանի և Քրիստոսի անձի վրա: Տեսե՞լ եք, որ առաքյալը խոսի անձնական կյանքի, ու կենցաղի մասին; Նրա բոլոր երգերը Քրիստոսի մասին են; Գուցե Պողոսի այս խոսքերը համարվեին պարծանք, եթե նրա գործերը չգային փաստելու նրա խոսքերի իսկությունը:
Հիշո՞ւմ եք, գաղատացիների նամակում ասում է,- Աշխարհը ինձ համար խաչված է, իսկ ես՝ աշխարհի: Կամ ինչպես որ ասում է,- Ես չէ, որ ապրում եմ, այլ՝ իմ մեջ՝ Քրիստոս; Քրիստոսի համար հալածվելիս, համարձակությամբ ուրախանալը առանձնակի շնորհ է, մեծ պարգև է, որ բոլորին չի հատկացվում: Այսպիսի ջերմությամբ էր խոսում փիլիպեցիների եկեղեցու եպիսկոպոսների և սարկավագների հետ Պողոս առաքյալը և կարծես նրանց կարծիքն էր ուզում իմանալ իր հետագա կյանքի համար: Քանի որ չի կողմնորոշվում, թե ո՞րը ընտրի, և ճնշված է այդ պատճառով: Ընտրի ապրել մարմնո՞վ և ծառայել մարդկանց շահի համար, որը կարևոր է մարդկանց համար: Թե՞ մարմնից դուրս գալ և Քրիստոսի հետ լինել, ինչը ինքը առավել է համարում ապրելուց: Այնուհետ ավելացնում է, ասելով,- Ես համոզված եմ ու գիտեմ, կմնամ և կապրեմ ձեր բոլորի հետ, որպեսզի դուք զարգանաք և ուրախ լինեք հավատի մեջ: Պողոսն ուզում է այդ եկեղեցին տեսնել քրիստոնյային վայել ընթացքով ու կյանքով: Պողոս առաքյալի համար նշանակություն չունի ապրե՞լ, թե՞ մեռնել, այլ կարևոր է, թե հատկապես ինչպե՛ս ապրել, և ինչպես մեռնել: Եթե մեռնել, ուրեմն՝ Քրիստոսին միանալու արժանիքով: Իսկ եթե ապրե՛լ, ուրեմն՝ եկեղեցին դեպի փրկություն առաջնորդելու պատրաստակամությամբ:
Առաքյալի ակնկալիքը փիլիպեցիներից միայն այն էր, որ նրանք ապրեն ավետարանին արժանի ձևով: Հաստատուն մնան մեկ հոգով, որպես մե՛կ շունչ, և երբեք չվախենան հակառակորդներից, որոնք իրենց կորստյան համար են հակառակվում Ավետարանին; Այս խոսքերից հայտնի է, որ Պողոս առաքյալը ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ է փիլիպեցիների հետ, և ինքը որպես հմուտ վարպետ, նախ աշխատեց աշակերտների աչքի առաջ, հետո պահանջեց նրանցից անել նույնը: Այս եկեղեցու հետ առաքյալը բոլորովին այլ ոճով է խոսում, քանի որ վստահություն ունի նրանց հավատի կայունության վրա, և նրանցում եղած առաքինությունների վրա: Փիլիպեցիներից պահանջում է, որ նրանք կատարյալ դարձնեն իր ուրախությունը, իրենց մեջ եղած ընտիր առաքինություններով, որոնք են՝ մխիթարություն, սիրո սփոփանք, հոգու հաղորդություն, գթություն և ողորմություն: Նաև պատվիրում է, որպեսզի այդ առաքինությունները գործածեն միմյանց նկատմամբ, ո՛չ թե սնապարծության հոգով, այլ՝ խոնարհությամբ՝ մեկը մյուսին ավե՛լի լավ համարեն, քան՝ ինքներդ՝ ձեզ: Երբ մեկը մյուսին ավելի լավ համարի, քան՝ սեփական անձը, ապա այստեղից կծնվի մեկ այլ առաքինություն: Ո՞րն է այդ առաքինությունը: Միշտ փնտրել ընկերոջ շահը, քան սեփական անձի: Սա էլ իր հերթին ծնում է մեկ այլ առաքինություն՝ մշտական համերաշխություն՝ եկեղեցուց ներս: Երբ յուրաքանչյուրը խորհի, որ իր ունեցածը Քրիստոսից է, ո՛չ թե իրենից, երբեք առիթ չի ունենա պարծենալու: Զարմանալի է Պողոս առաքյալի ստացած պարգև շնորհը, այն առումով, որ ինքը Քրիստոսին չի տեսել, Նրա վարդապետությունը չի լսել, բայց քարոզում է Քրիստոսի վարդապետությամբ: Հիսում եք Տէր Հիսուսն էլ աշակերտներին սովորեցնում էր, որ, ով ուզում է առաջին լինել, թող վերջինը լինի և բոլորի ծառան: Նույնը սովորեցնում է Պողոս առաքյալը Փիլիպեյի եկեղեցու համայնքին, և կամենում է, որ նրանք իր ուսուցումը միմյանց նկատմամբ գործի դնելով, ուրախացնեն իրեն, որ կապանքների մեջ է գտնվում:
Բոլոր գործերի մեջ, մեզ համար որպես կատարյալ օրինակ հանդիսանում է Հիսուս Քրիստոս՝ իր կյանքի օրինակով: Տէր Հիսուս հավասար էր Աստծուն, և դա առիթ չհանդիսացավ, որ նա պարծենա, կամ հպարտանա դրանով: Այլ հակառակը՝ իր անձը խոնարհեցրեց, ծառայի կերպարանք ստացավ, մարդու կերպարանք ընդունեց, մինչև իսկ մահվան դեմ առարկություն չունեցավ, այն էլ խա՛չի դաժան մահի: Այնուհետև Աստված Հիսուսին շնորհեց մի անուն, որից բացի չկա այլ մեծարված անուն; Որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ: Ինչպես երկրավորների, այնպես էլ երկնավորների; Նույնիսկ սանդարամետականները (դժոխքում ապրողներ) պետք է խոնարհվեն Նրա անվան առաջ; Երկրավորների և երկնավորների խոնարհումը հասկանալի է մեզ համար, իսկ ինչպե՞ս են խոնարհվելու նրա առաջ սանդարամետականները, որոնք դժոխքում են եղել մինչև Քրիստոսի աշխարհ գալը: Որոշ մեկնաբաններ ասում են, որ սանդարամետական ասելով նկատի ունի դժոխքում եղած այն մարդկանց, որոնք Քրիստոս ազատեց՝ դժոխքը ավերելով: Նաև տեսակետ կա ըստ Հակոբոս առաքյալի, որն ասում է,- Դևերն էլ են ճանաչում Քրիստոսին և դողում են:
Բացի նրանից, որ ամեն ծունկ պետք է խոնարհվի Քրիստոսի առջև, նաև ամեն լեզու պետք է դավանի Նրան, որպես Աստծու Որդին:
Սիրելիներ, Պողոս առաքյալը մի շատ կարևոր բան է զգուշացնում նամակի մեջ, որի ուսուցման կարիքը ունենք առավել մենք, քան փիլիպեցիները, որ լցված էին առաքինություններով և բարի գործերով; Նրանց ասում է, վստահ եմ ձեր հնազանդության վրա, որ տեսնում եմ ինչպես իմ ներկայությամբ, այնպես էլ հնազանդ եք մանավանդ երբ հեռու եմ ձեզնից: Ահով ու դողով պահեք այդ առաքինությունը՝ ձեր փրկության համար,- ասում է առաքյալը: Ձեր մեջ եղած կամենալն ու կատարելը Աստված է որ տալիս է ձեզ, հետևաբար ամեն ինչ արեք առանց տրտնջալու և առարկելու: Առաքյալը նրանցից ակնկալում է, որ լինեն անբիծ, անարատ Աստծու որդիներ, անմեղներ՝ այդ կամակոր և խոտորված ազգի մեջ, որպեսզի փայլեն ինչպես լուսատուներն աշխարհում: Այստեղ դարձյալ առաքյալի խոսքից երևում է, որ նա ակնկալում է Քրիստոսի օրը տեսնել իր ժամանակներում և ցույց տա Քրիստոսին, որ ընդունայն չի եղել իր ընթացքը, և ընդունայն չի եղել հավատարիմ ծառայությունը: Առաքյալը պատրաստ է նրանց հավատի համար նույնիսկ պատարագ և զոհ ընծայվել, քանի որ տեսնում է իր ստեղծած համայնքը՝ ուրախ և հաստատուն հավատքի մեջ: Հոտը հավատարիմ է իր ուսուցմանը և ուրախ է իր քրիստոնեական կյանքի համար: Ուսուցիչը ուրախ է իր տվածի համար, որ ծառայում է Աստծու փառքի համար: Այս հարաբերությունների մեջ ուրիշ ուրախություն պետք չէ, սա է ավետարանական ուրախությունը, որ Տէր Հիսուսն ասում է,- Թող ձեր ուրախությունը կատարյալ լինի: Պողոս առաքյալը խոստանում է, որ շուտով նրանց մոտ կուղարկի իր աշակերտ Տիմոթեոսին, որին լիազորում է այնպես, ինչպես որ հայրը լիազորում է որդուն; Քանի որ Տիմոթեոսը միակն է, որը հարազատի պես կարող է հոգալ փիլիպեցիների հոգսերը: Տիմոթեոսը նաև փորձառություն ունի ավետարանի քարոզման մեջ , և իր փորձը օգտակար կլինի նաև եկեղեցու հարցերը կարգավորելիս: Երանելի վիճակ է, երբ Պողոսը վստահ է իր հոտի վրա, որ նույնիսկ իր բացակայության ժամանակ, նրանք հավատարիմ են իրենց ուսուցմանը և պահում են ավետարանի խոսքերը իրենց կյանքի մեջ:
Այս հավատարմությունը բացակայում է մեզանում, կարելի է ասել բոլոր բնագավառներում; Երբ ղեկավարը տեղում է, աշխատանքը ընթանում է կարգ ու կանոնով, իսկ ղեկավարի բացակայության ժամանակ յուրաքանչյուր ոք ցույց է տալիս իր իրական կերպարը, և ո՛չ այն, որ կար ղեկավարի ներկայությամբ;
Առաքյալի այս խոսքերը բնականաբար մեծ ուրախություն պիտի պատճառեն եկեղեցու երեցներին, երբ կարդան այս նամակը: Նամակը ավելի ևս պարտավորեցնող է եկեղեցու համար, և հավանաբար եթե որևէ թերացում էլ լինի, մինչև Պողոսի վերադարձը կշտկվի իրենց կողմից:
Ինչպես նկատեցինք, Պողոսի վիճակը կալանավայրում դեռ հայտնի չէ, այդ պատճառով Տիմոթեոսի փոխարեն փիլիպեցիների մոտ է ուղարկում ոմն՝ Եպափրոդիտոս եղբորը, որին նույնպես նկարագրում է այնպես, ինչպես Տիմոթեոսին: Այս եղբորը փիլիպեցիներն են ուղարկել Պողոսի կարիքները հոգալու համար, բայց այս երիտասարդը հիվանդացել է ծանր հիվանդությամբ՝ մահիմերձ, և նրա վերադարձը ուշացել է այդ պատճառով: Առաքյալն ասում է Աստված նրան ողորմեց, և ոչ միայն նրան, այլ նաև ինձ, որպեսզի իմ տրտմության վրա ուրիշ տրտմություն չգա: Ահա ուղարկում է առողջացած երիտասարդին, որպեսզի համայնքը ընդունի նրա և դարձյալ իրենց ուրախությունը վերականգնվի, քանի որ լսել էին, որ Եպափրոդիտոսը ծանր հիվանդացել է: Ավետարանը մեզ չի ասում, թե ինչի՞ համար է հիվանդացել այդ պատվական երիտասարդը, բայց առաքյալն ասում է, որ Տիրոջ գործի համար՝ մինչև մահվան դուռը հասավ, իր կյանքն իսկ վտանգելով, որպեսզի ինձ ծառայելու հարցում ձեր պակասը լրացնի:
Տեսեք, սիրելիներ, իրական քրիստոնեական համայնքը ինչպես է հոգ տանում մեկը կյուսի հանդեպ, հիվանդ է մեկը, անհանգիստ են բոլորը: Կապանքների մեջ է իրենց ուսուցիչը, ուղարկում են մեկին, որ խնամի նրան, ուսուցիչը բանտարկության վայրից նամակներով հսկում է համայնքի աշխատանքները, այն դեպքում, երբ նույնիսկ հայտնի չէ, թե ի՛նչ է սպասվում իրեն; Այս երևույթները նույնպես հեռու է մեր քրիստոնեական եկեղեցուց, քանի որ մենք նույնիսկ եկեղեցու ներսում Պատարագի ժամանակ չենք ճանաչում մեր կողքը կանգնած հավատացյալին: Էլ ինչպե՞ս կարող ենք իմանալ, նա հիվա՞նդ է, թե՞ առողջ, երբ չենք ճանաչում: Ամեն անգամ կարդում ենք Ավետարանի իրական քրիստոնեության մասին, և շարունակում ենք ապրել այնպես, ինչպես որ ապրում էինք: Աստված ակնկալում է, որ Քրիստոնյան ա՛ղ լինի աշխարհի անհամության մեջ: Աստված սպասում է, որ քրիստոնյան համեմունք լինի աշխարհի անհամ սննդի մեջ: Առաջին դարի քրիստոնեական կյանքը ի ցույց դրվեց, որպեսզի մենք օրինակ ունենանք, սակայն մենք ապրում ենք մեր պատկերացրած քրիստոնեությամբ, դրա համար միմյանց չե՛նք սիրում, չե՛նք օգնում, չե՛նք աղոթում միմյանց համար, և միաբան չենք ո՛չ հասարակության մեջ, ո՛չ եկեղեցու մեջ, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ընկերային հարաբերությունների մեջ:
Պողոս առաքյալը հավանաբար շարունակական նամակագրական կապի մեջ է եղել իր համայնքի հետ, քանի որ ասում է,- նույն բաները գրելը ինձ համար ձանձրալի չէ, իսկ ձեզ համար ապահովություն է: Այս խոսքերի հետ բոլորս համաձայն ենք, քանի որ Աստծու խոսքը մի անգամ կարդալով հասկանում ենք, բայց կատարելու համար բազում անգամներ պետք է կարդանք:
Այս խոսքերը հավանաբար էլի է գրել, բայց հիմա կամենում է հաստատել դրա կատարման մեջ: Քանի որ նորաստեղծ համայնք է, այնտեղ կան թլպատվածներ և անթլպատներ, որոնք դավանել են Քրիստոսին և այլևս նոր մարդ են և երկրորդական է նրանց թլպատված և անթլպատ լինելը, թեպետ ինքը Պողոս առաքյալը հրեա լինելու պատճառով թլպատված է: Բայց ոչինչ օգուտ չի համարում իր համար, բացի Քրիստոսով նորոգված լինելը, և Քրիստոսի գերազանց գիտությունը ունենալը: Ամեն ինչ աղբ է համարում, որպեսզի շահի Քրիստոսին: Իսկ մենք հակառակն ենք անում. ամեն աղբ մեզ համար շահ ենք համարում և օրեցօր հեռանում ենք Աստծուց: Առաջին հայացքից թվում է, թե սխալ է ամեն ինչը ա՛ղբ համարել, քանի որ մենք ունենք աշխատանք, պաշտոն, դրամ, հասարակական դիրք: Սակայն երբ դրանք չենք ծառայեցնում Քրիստոսի փառքի և մարդկանց օգուտի համար, ուրեմն՝ աղբ է: Իսկ երբ կարդում ենք առաքյալի բերած օրինակները, լռությամբ համաձայնվում ենք այդ մտքի հետ; Քրիստոս Աստված է, և դրանից առավել բարձր բան չկա աշխարհում, բայց ինքը իր աստվածությունը անտեսեց և մարդու մարմին հագավ, և մարդու համար խաչվեց, այն էլ մեղավոր մարդու համար:
Առաքյալը այսպիսի շնորհներ ունենալով հանդերձ՝ իրեն կատարյալ չի համարում, իր նպատակին հասած չի համարում, այլ՝ ձգտում է դեպի աստվածային կոչման նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով: Ասում է ուրա՛խ եղեք ի Տէր: Նշանակում է ամեն ինչ արդեն ուսուցանել է, և ակնկալում է նրանց ուրախությունը, և ասում է, որ չի ձանձրանալու ամեն անգամ նույնը կրկնելուց:
Սիրելիներ, ուրախությունը ներքին վիճակ է, այն տեսանելի է միայն քրիստոնյայի կյանքի, գործերի, նպատակի մեջ: Ուրախությունն այն չէ, որ մի լավ բան ունեցանք, կամ կերանք, կամ խմեցինք, այլ ուրախությունը սրտի խաղաղ ու ներդաշնակ վիճակն է: Այս ուրախությունն այն ուրախությունն է, որ օրենքի արդարությունից չէ, այլ՝ հավատի արդարությունից, որ Քրիստոսով եղավ: Այն հավատի, որով և հավատում ենք որ Քրիստոս խաչվեց և հարություն առավ; Այլ նաև քայլում ենք խաչի ճանապարհով, Քրիստոսի ոտնահետքերով, որպեսզի մենք էլ հասնենք մեռելներից հարություն առնելուն: Որովհետև մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպեսզի այն կերպարանակից լինի Իր փառավոր մարմնին, ա՛յն զորությամբ, որով կարողացավ հնազանդեցնել ամեն բան իր իշխանությանը: Առաքյալն իր նամակը ավարտում է իրեն բնորոշ ողջույնի խոսքերով, որը հղում է ինչպես անհատներին, այնպես է համայնքին: Հղում է հայրաբար, սրտացավությամբ, եկեղեցու հանդեպ ունեցած իր նախանձախնդրությամբ և որ գլխավորն է Քրիստոս Հիսուսի անսահման սիրուց մղված:
Հորդորում է նմանվել իրեն, քանի որ ինքը Քրիստոսին է նմանվում: Առաքյալի մի գեղեցիկ մեջբերումով էլ ավարտենք Փիլիպեյի եկեղեցու եպիսկոպոսներին ու սարկավագներին ուղղված Պողոսի նամակը, որտեղ ասում է.- Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատության մեջ լինել: Ամեն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորե՛լ եմ թե՛ կուշտ լինել, թե քաղցած մնալ: Թե՝ առատության մեջ լինել, թե զրկանք կրել: Ամեն ինչի կարո՛ղ եմ Նրա՛ շնորհիվ, Ով ինձ զորացրե՛ց: Այսպիսի առաքյալ էր Պողոսը, որը գիտեր, որ ամե՛ն բան կարելի է, բայց ո՛չ ամեն բան՝ օգտակար: Համոզված էր, որ կյանքը՝ Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ:
Վստահ էր, որ իր առաքելությունը հասարակաց շահի համար էր, և իր նպատակը նրանց փրկության տանելն էր: Առաքյալի նշանաբանն այս էր.- Աշխարհը ինձ համար է խաչված, իսկ ես՝ աշխարհի;
Սիրելիներ, Պողոս առաքյալը շատ գեղեցիկ մաղթանքներ է գրել: Այդ մաղթանքներից մեկով էլ ավարտենք մեր սերտողությունը, և կհանդիպենք հաջորդ նամակի սերտողությանը, որը ուղղված է կողոսացիներին:
Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք։ Թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց։ Տէրը մոտ է։ Հոգ մի՛ արեք, այլ աղոթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն։ Եւ Աստծու խաղաղությունը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Հիսուսով։
Եւ վերջապես, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ, – ա՛յն խորհեցեք։ Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մեջ, ա՛յն արեք։