ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. առաջի հայացքից թվում է, թե ամեն ինչ հասկանալի է Պողոս առաքյալի խոսքերի պարզությունից, բայց պետք է խոստովանել, որ մեծ հմտություն է պետք առաքյալին խորապես հասկանալու համար: Գիտեք ինչո՞ւ: Չորրորդ գլուխը սերտելիս եթե ուշադիր լինեք, կիմանաք, թե ինչի մասին է խոսքը: Սովորաբար բոլոր մարդիկ իրենց անձնական աղոթքներում խնդրում եմ մի բան, որ վերաբերում է իրենց փրկությանը: Իսկ Պողոս առաքյալը խնդրում է հասարակաց փրկության համար: Ինքը ուրացել է իր անձը, և իրեն համարում է Քրիստոսի բանտարկյալ: Սա նշանակում է, որ Պողոս առաքյալ կարո՛ղ էր մեծ հեղինակություն ձեռք բերել իր քարոզության շնորհիվ, բայց հրաժարվում է դրանից: Առաքյալը վստահ էր որ Աստված իրեն ընտրել է հատուկ՝ Իր Ավետարանի քարոզության համար, բայց չի օգտվում այդ մեծ իրավունքից, և իրեն համարում է Քրիստոսի բանտարկյալ: Այսինքն Պողոս առաքյալը Քրիստոսի պատճառով կրած կապանքները վեր է դասում իր հեղինակությունից, կամքից ու պատվից: Սա՛ է Քրիստոսին ծառայելու մեծագույն հավատարմությունը և խոնարհությունը, երբ առաքյալը բանտում կապանքներ մեջ գտնված ժամանակ խնդրում է եփեսացիներին, ասելով,- Աղաչում եմ ձեզ, որ ընթանաք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցիք. կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ, և համբերությամբ հանդուրժեցեք միմյանց սիրով: Ջանացեք պահել հոգու միությունը՝ խաղաղության կապով: Մ՛եկ մարմին և մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը, որ Աստված պատվիրեց մեզ: Մե՛կ Տէր կա, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն:
Մեկ Աստված կա, որ Հայրն է բոլորի վրա, բոլորի հետ և բոլորի մեջ: Սիրելիներ, Պողոս առաքյալի համար շատ կարևոր է հավատքն ու գործերը, քանի որ նախորդ գլխի մեջ կարդացինք, որ ասում է, դուք ստեղծված եք բարի գործի համար, քանի որ անդեն նոր մարդ եք Քրիստոսին հավատալուց հետ: Պողոսը չի կարող պատկերացնել այսօրվա քրիստոնյային, որ եկեղեցում մկրտվում է Քրիստոսի անունով, մկրտությունից հետո նրան եկեղեցում չենք տեսնում պատարագի օրերին: Պողոսը չի հասկանա այն զույգին, որոնք պսակվեցին եկեղեցում, և այլևս կապ չունեն եկեղեցու հետ: Ինչպե՞ս կհասկանա Պողոսը այսօրվա քրիստոնյա մարդում, որը իր հավատքը արդարացնում է միայն մի զույգ մոմ վառելով; Պողոս առաքյալը եթե նույնիսկ շատ կամենա, չի հասկանա այն մարդուն, որը դեռ չգիտե, թե ինչ է սուրբ Հաղորդությունը: Իսկ նրանց մասին էլ չեմ ուզում ասել, որոնք Ավետարան չեն կարդում: Ինչպես որ մենք ենք դժվարությամբ հասկանում Պողոսի հոգևոր ներաշխարհը՝ Քրիստոսի կապանքները սիրով կրելու հարցում, այնպես էլ Պողոսը չի հասկանա մեր ինքնահնար քրիստոնեական կյանքն ու կենցաղը: Առաքյալը բանտից աղաչում է հավատացյալ հոտին, որ ընթանան այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կանչվեցիք: Միթե առաքյալի այս խոսքերը վերաբերում է միայն Եփեսոսի եկեղեցուն: Անշուշտ ո՛չ:
Այն վերաբերում է հենց մեր օրերի եկեղեցուն ու հավատացյալ հոտին: Այսօր յուրաքանչյուրդ ձեր եկեղեցու օրինակը վերցրեք և տեսեք, որ այսօր քրիստոնյան շատ հեռու է քրիստոնյա կոչվելու իր կանչից: Եթե մենք նույնիսկ ամեն օր չենք կարդում պողոսի այս խոսքերը, գոնե ամեն կիրակի Պատարագի ժամանակ լսում ենք սարկավագի ուղերձ, թե՝ հավատով և սրբությամբ կանգնեք Աստծու Սուրբ Սեղանի առջև, ոչ թե գայթակղությամբ և նենգությամբ, խորամանկությամբ և խաբեությամբ, երկմտությամբ և թերահավատությամբ, այլ ուղիղ վարքով և միամիտ սրտի կատարյալ հավատքով, լցված սիրով և բարի գործերով, որպեսզի ողորմություն գտնեք Աստծուց: Կամ մեկ այլ տեղում սարկավագը հորդորում է, ասելով,- Ահով կանգնեք, երկյուղով կանգնեք, բարվոք կանգնեք և զգուշությամբ նայեք, թե ինչպե՛ս է պատարագվում Աստծու Գառը ձեր աչքի առջև և բաժանվում ձեր միջև: Սակայն այս զգուշացնող խոսքերից հետո նույնիսկ եկեղեցում շարժը չի դադարում, մոմավառություն չի դադարում: Առաքյալը հորդորում է արձագանքել Աստծու կանչին՝ ահով ու դողով, խոնարհությամբ ու համբերությամբ: Եթե այս կարգավորությունները չկարողանանք պահել մեր եկեղեցիներում, ապա հոգու միությունը միանշանակ չենք կարող պահել խաղաղության կապով; Պողոսը կամավոր հանձն առավ Քրիստոսի կապանքները, իսկ մեր օրերի քրիստոնյաներից շատերը կամավոր հանձն են առնում սատանայի կապանքները, և գայթակղություն են դառնում այլոց համար:
Առաքյալը նկարագրելով Քրիստոսի պարգևած շնորհների մասին, երբեք դասակարգում չի մտցնում շնորհների առավելության մեջ: Այսինքն ոմանք առաքյալնե՛ր եղան, ոմա՛նք մարգարեներ, ոմանք ավետարանիչնե՛ր եղան, ոմա՛նք էլ հովիվնե՛ր և ուսուցիչնե՛ր, որպեսզի բոլորը հաստատվեն իրենց պաշտոնի մեջ՝ Քրիստոսի փառքի համար: Եկեղեցում մեկը երգելու շնորհ ունի և այն ծառայեցնում է Քրիստոսի փառքի համար: Մյուսը սաղմոսներ կարդալու շնորհներ ունի, ևս ծառայեցնում է Քրիստոսի փառքի համար, Երրորդը խոսելու և ավետարանելու շնորհ ունի, նա էլ է ծառայեցնում Քրիստոսի փառքին, մեկ այլ հավատացյալ ջերմեռանդ աղոթում է եկեղեցում; Այս բոլորը պետք է ծառայի ի շինություն Քրիստոսի մարմնի, որ եկեղեցին է, մինչև բոլորս հասնենք հավատի կատարյալ միության, հոգու միությանը՝ խաղաղության կապով, որպեսզի փառավորվի Աստծու անունը, իսկ մենք ունենանք Քրիստոսի հասակի չափը: Առաքյալը տարբերություն չի դնում շնորհների զանազանության մեջ, այլ ասում է, որ բոլորը թող ծառայեն Աստծու փառքի համար: Եկեղեցական երարխիան միշտ եղել է, նույնիսկ առաջի դարում, եղել են առաջնորդներ, եպիսկոպոսներ, եղել են հովիվներ, սարկավագներ;
Սակայն նրանց շնորհները բոլոր ծառայել են Աստծու փառքի համար: Պողոսը մեզ համար լավագույն օրինակն է: Ումից էր նա իրեն բարձր դասում: Ո՛չ ոքից: Ո՞վ կա այսօր Պողոսի նման: Ո՞չ ոք: Մեր օրերի եկեղեցական բարձր պաշտոններում երբեմն մոռանում են, որ մի գեղեցիկ օր հարց է տրվելու իրենց, ոչ թե իրենց տիտղոսների վերաբերյալ, այլ՝ թե քանի՞ կորուսյալ հոգի են փրկել չարի ճանկերից: եթե մենք շարունակենք տարուբերվել վարդապետության բոլոր հողմերից, կամ մարդկանց խաբեությունից, մենք դեռ քրիստոնյա կոչվելու արժանիքներից շատ հեռու ենք: Քրիստոսն է գլուխը եկեղեցու, չի կարող Քրիստոսի գլխավորությամբ հիվանդ մարմին ունենալ, և չկամենալ բժշկել հենց Գլի միջոցով; Հետևաբար, սիրելիներ, մենք ենք այդ մարմնի անդամները՝ յուրաքանչյուրս մեր շնորհի, պարգևի և պաշտոնի մեջ, ուրեմն մենք էլ պարտավոր ենք առողջ պահել ողջ մարմինը, որի գլուխը Քրիստոսն է ր որի առաջ ենք կանգնելու դատաստանի օրը, հաշիվ տալու համար՝ ոչ թե ինչ պաշտոն ենք ունեցել, այլ՝ այդ պաշտոնը ինչպես եք ծառայեցրել Քրիստոսի փառքի և մերձավորի օգուտի համար:
Քրիստոսին ճանաչողը եթե նոր կյանք չունեցավ, և չապրեց այդ նոր կյանքով, նա նման կլինի հեթանոսի, որի միտքը ունայնության մեջ է շրջում: Որովհետև նրանք ապրում են Աստծուց հեռու, մթագնած մտքերով և իրենց տգիտության պատճառով: Այս բոլորը իրենց սրտի կուրությունից է: Երբ մարդիկ իրենց հույսը կտրում են Աստծուց և ագահությամբ անձնատուր են լինում անառակության և ամեն տեսակ պիղծ գործերի, նրանք կորցնում են իրենց հոգու և սրտի տեսողությունը: Սակայն այսպիսիք եթե ապաշխարեն, կարող են վերագտնել իրենց նախկին կերպարը: Քրիստոսով նոր մարդը ստեղծված է ըստ Աստծու արդարության և ճշմարիտ սրբության: Երբ մարդը ստում է իր ընկերոջը, նա նոր մարդ չէ և նրա մեջ չկա Քրիստոսի ճշմարտությունն ու արդարությունը: Երբ մարդը բարկանում է, տեղ է բացում սատանայի համար, ուրեմն այսպիսի մարդու բարկության վրա թող արևը մայր չմտնի, քանի դեռ բարկության պատճառով ուրիշ մեղք չի գործվել: Սիրելիներ, սատանան մուտքի իրավունք չունի մարդու հոգու մեջ, եթե մարդու հոգում կրքերը չեն իշխում; Իսկ երբ սատանան տեսնում է մարդու կրքոտ բնությունը, համարձակ մոտենում է մարդուն, և հեշտությամբ տնօրինում նրա բոլոր մտքերն ու մտածումները: Ի՞նչն է մարդուն դարձնում այդքան խոցելի մեղքի հանդեպ: Երկու գլխավոր շարժում կա, որոնք չափազանց շուտ են անհանգստացնում խաղաղ հոգուն:
Այդ մեղքերը կրքերն ու բարկությունն են: Սատանան փորձում է նախ կրքերի միջոցով, եթե չի հաջողում, ապա հաջողում է բարկության մեջ, և մարդը կորցնում է իր ներդաշնակությունը և խաղաղությունը Աստծու հետ: Իսկ ով կարողանում է երկու դեպքում էլ հաղթահարել ծանր փորձությունը, նա հաղթում է սատանային և հաղթում է նաև իր կրքերին: Կամքը միանում է ուժին և առաջանում է կամքի ուժ: Բոլորիս հետ է պատահում, երբ մեր մտքում առաջանում են այնպիսի անարդար մտքեր և մենք բարկանում ենք, և մտածում ենք, որ մեր բարկությունը արդարության համար է, և մենք նախանձախնդիր ենք արդարության: Այդ պահին չենք հիշում Հակոբոս առաքյալին, որ ասում է,- Ամեն մարդ թող ծանր լինի բարկության մեջ, որովհետև մարդու բարկությունը Աստծու արդարությունը չի կատարում: Մարդու բարկությունը պետք է կառավարելի լի և մարդը պետք է կարողանա վերջակետ դնել բարկությանը անհրաժեշտ պահին;
Այդ պատճառով է առաքյալը զգուշացնում, որ սատանայի համար դուռ չբացեն իրենց հոգում:
Առաքյալը բարոյական կանոնների մի գեղեցիկ շարան է փոխանցում Եփեսոսի եկեղեցուն, ասելով,- Յուրաքանչյուրն իր ընկերոջը թող ճշմարտությունը ասի, եթե բարկանաք, մեղք մի գործեք, ով գողանում էր, թող չգողանա այլևս, ո՛չ մի տգեղ խոսք ձեր բերանից թող դուրս չգա, և գլխավորը ասում է,- Մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության համար: Զայրույթ, աղաղակ, և հայհոյություն թող վերանա ձեր միջից՝ իրենց չարություններով հանդերձ: Այլ միմյանց հետ եղեք քաղցր, գթած, ներելով միմյանց, ինչպես որ Աստված ներեց մեզ՝ մեր մեղքերի մեջ:
Սիրելիներ, բավական չէ՛, որ մենք կարողանանք զսպել մեր բարկությանը, և վստահ լինենք, թե՝ արդեն վաստակել ենք երկնքի արքայությունը: Այլ պետք է բարիք գործել, ինչպես ավետարանն է ասում,- Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, պետք է կտրվի և կրակը նետվի: Պողոս առաքյալը իր քարոզության մեջ չորս գլխավոր ուղղություններ է առաջ տանում: Նախ՝ Քրիստոսի խաչելությունն ու հարությունը, ապա մարդկանց հավատն ու բարի գործերը, քանի որ մարդը Քրիստոսին հավատալով է, որ նոր մարդ է դառնում՝ բարի գործերի համար: Առաջին գլուխների մեջ մենք տեսանք, թե ինչպես Պողոս առաքյալը մեզ հանգամանալից ներկայացրեց, թե ի՛նչ է արել Քրիստոս մեզ համար: Ինչպե՛ս է ապահովել մեր փրկությունը: Իսկ հետագա գլուխներին մեջ արդեն եփեսացիներին և իր ընթերցողին, թե քրիստոնյան ինչ պետք է անի, այդ փրկությանը հասնելու համար:
Փրկությունը հոգևոր պարգև չէ, որ վերցնենք ու անցնենք մեր նախկին կյանքին, ու ապրենք այնպես ինչպես որ ապրում էինք մինչ Քրիստոսին ճանաչելը: Միայն Քրիստոսին հավատալը բավարար չէ՛ փրկության համար, այլ նաև բարի գործեր են պետք: Մենք գիտենք, որ չարն էլ է հավատում, որ Քրիստոս Աստված է, բայց նա բարի գործեր չունի: Նաև կարելի չէ, որ միայն բարի գործերով փրկություն գտնել, քանի որ եթե միայն բարի գործերով կարելի լիներ փրկվել, ապա Քրիստոս մեզ պետք չէր լինի: Պետք է հավատ և այդ հավատի համեմատ՝ բարի գործեր: Քրիստոնյան հավատում է Հիսուս Քրիստոսի խաչելությանն ու հարությանը, երկրորդ գալուստին ու դատաստանին: Քրիստոնյան նաև գիտի, որ իր կյանքը պետք է անցնի խաչի ճանապարհով, որի ավարտը Քրիստոսն է: Այդ խաչի ճանապարհին է, որ մեզ հանդիպում վերը նշված առաքինությունները՝ ներելու, միմյանց սիրելու, բարկությունից ազատվելու, չարությունից զերծ մնալու և այլ առաքինություններ: Ներելու դժվարագույն պատվիրանը, որը մարդկության մեջ այնքան ժամանակ լուծում չի ունենալու, քանի դեռ մարդը չի տեսնում ի՛ր սեփական մեղքը: Ներելու պատվիրանը կորցնում է իր կատարելու դժվարությունը, երբ մենք ներքուստ գիտենք, որ մենք էլ ուրիշ մեղքեր ունենք, որ գուցե մեզ չներեն մեր պարտապանները: Բայց գլխավոր պատվիրանը, որը երբեք չպետք է մոռանանք, այն է, որ Քրիստոս ներե՛ց մեզ, մենք պարտավոր ենք ներել մեր դեմ մեղանչածին; Ընդ որում Քրիստոս մեզ ներեց այն ժամանակ երբ մենք իր թշնամիներն էինք մեղքի պատճառով; Ներեց մեզ՝ մեծապես վնասելով իրեն, իսկ մենք երբ ներենք միմյանց, ինչո՞վ ենք վնասում մեզ: Ո՛չնչով: Ուրեմն առանց Աստծու և պատվիրանի, մենք ինքներս մեզնով ոչինչ անել չենք կարող:
Առաքյալն ասում է նմանվեցեք Աստծուն՝ որպես սիրելի զավակներ, և ընթացեք սիրով:
Հեռու վանեք ձեզնից պոռնկություն, ամեն տեսակ պղծություն, կամ ագահություն: Դրանց անո՛ւնը նույնիսկ թող չհիշվի ձեր մեջ: Քանի որ սրբերը այդպիսով են սրբացել: Ձեր շրթներից թող չլսվի զազրախոսություն, կամ հիմար խոսք, կամ խեղկատակություն: Այսպիսի բաները վայել չեն Աստծու զավակների: Աստծու զավակը պետք է փառաբանի իր Տիրոջ անունը: Այսպիսի մեղքեր ունեցող մարդը Աստծու և Քրիստոսի թագավորության մեջ ժառանգությունը չունի: Թող ո՛չ ոք ձեզ չխաբի սնոտի խոսքերով: Սիրելիներ, այս խոսքերը շատ պարտավորեցնող խոսքեր են, ուղղված համայն քրիստոնյաներին: Տեսնո՞ւմ եք, թե Աստծուն նմանվելու համար ինչպիսի պայմաններ ու սահմաններ են դրված իր զավակների համար; Քանի որ զավակը պետք է նմանվի իր հորը, որպեսզի արժանանա նրա ժառանգության մեջ մաս ու բաժին ունենալու: Առաջին մարդիկ այս հարցում խաբվեցին սատանայից, թե՝ եթե ուտեք, ձեր աչքերը կբացվեն և դուք աստվածների նման կլինեք: Մեղքին ձեռք մեկնող մարդը չի կարող Աստծուն նմանվել: Դրա համար է առաքյալն ասում, որ թող ձեզ չխաբեն, այսպիսիք Աստծու արքայության մեջ տեղ չունեն: Եթե յուրաքանչյուր մեղքը առանձին առանձին վերցնենք, կհամոզվենք, որ այսօր այս մեղքերը մարդկության կյանքի բաղկացուցիչ մաս են կազմում;
Պոռնկության հետ բոլորդ կհամաձայնեք, բայց առաքյալը այդ մեղքերին միացնում է նաև ագահությունը՝ հարստության նկատմամբ, համեմատելով կռապաշտության հետ: Ի՞նչ տարբերություն կա, թե՝ մեկը կուռք է պաշտում, կամ մյուսը՝ իր հարստությունն է պաշտում; Երկուսն էլ համարվում են կռապաշտ և Աստծու թագավորության մեջ բաժին չունեն; Սա դեռ պոռնկության և ագահության մասին, իսկ ինչ ասենք, երբ հիշատակում է նաև զազրախոսությունը, խեղկատակությունը և հիմար խոսքը, որոնք առավետից երեկո հնչում է մարդկանց շրթներից: Հետևաբար քրիստոնյաները, որոնք արդեն խավարից դեպի լույս են եկել Քրիստոսի միջոցով, անկարելի է, որ մասնակից դառնան այսպիսի մեղքերին: Լույսի որդիների գործը բարությունը, արդարությունը և ճշմարտությունն է: Քրիստոնյան ամեն օր պետք է ստուգի իր գործերը, թե ո՞րն է հաճելի Աստծուն, և խավարի անպտուղ գործերից հեռու մնա: Առաքյալը տեղյակ է իր ժամանակի մեղքերին, որոնց մասին խոսելն իսկ ամոթ է,- ասում է նամակում; Բայց այդ մեղքերից ոչ մեկը ծածուկ չի մնացել և բացահայտվել են, քանի որ Աստծու խոսքի լույսը ուր որ ընկնի, այնտեղ կբացահայտվի խավարը: Առաքյալը մեջբերում է անում անհայտ մի գրվածքից և ասում է,- Վեր կաց դու, որ ննջում ես, կանգնիր մեռելների միջից, և Քրիստոս պիտի լուսավորի քեզ: Սա դարերից եկող պատգամ է, բոլոր ժամանակների համար: Քրիստոս այս խոստումը կատարեց իր աշխարհ գալով, և կատարում է այժմ, քանի դեռ չի եղել երկրորդ գալուստը: Իսկ երկրորդ գալուստից հետո այլևս խոստում չկա, որ Քրիստոս պիտի լուսավորի: Որովհետև արդեն տեղի կունենա արդար դատաստան:
Եթե Պողոս առաքյալն իր սերնդի մարդկանց ասում է,- ժամանակն օգտագործե՛ք, քանզի օրերը չար են, ապա ի՞նչ պետք է ասենք մենք՝ մեր ապրած դարաշրջանի համար, երբ բազմապատկվել են մեղքերը, վերացել է զղջումը, իշխում է անտարբերությունը: Յուրաքանչյուր մեղավոր մարդ իր մեղքը բացահայտ չի գործում, այլ՝ ծածուկ: Իսկ ի տես մարդկանց փորձում է երևալ բարեպաշտ: Սա նշանակում է, որ մարդը գիտե իր արարքի սխալ լինելը և թաքցնում է, խաբելով միա՛յն իրեն: Երբ շնացող տղամարդը տուն է մտնում՝ հրեշտակի թևեր կրած, գուցե նաև մի ծաղկեփունջ ձեռքին, նա կնո՛ջը չէ, որ խաբում է, այլ՝ իրեն և Աստծուն: Երբ մեկը կեղեքում և խաբում և հարստահարում է մարդկանց՝ իր ագահության պատճառով, նա մարդկանց չէ, որ խաբում է, այլ՝ իրեն ու Աստծուն: Քանի որ Աստված հստակ օրենսգիրք ունի, որն ասում է այսպիսիք Աստծու թագավորության մեջ իրավունք չունեն շրջելու, քանի որ ժամանակը սխալ օգտագործեցին, թեպետ օրերը դարձյալ չար էին: Մի՞թե հարբեցողները գիտեն, որ գինու մեջ զեխություն կա, երբ կորցնում են իրենց չափը: Իսկ հարբած մարդը ընդունակ է ամեն տեսակ պղծության և հանցագործության: Մինչդեռ առաքյալն ասում է սաղմոսներով խոսեք միմյանց հետ, հոգևոր երգերով շփվեք միմյանց հետ, գոհություն հայտնեք Տիրոջն ամեն ժամ: Սիրելիներ, մենք էլ մեր ժամանակը ճիշտ չենք օգտագործում, մեր չար օրերում: Մեր շրթներն էլ սաղմոսներով չի բացվում, մեր օրն էլ չի ավարտվում գոհությամբ ու փառաբանությամբ, չնայած, որ մեր ձեռքի տակ է Ավետարանը և նրա բոլոր պատգամները, որի մասին խոսում ենք:
Ամեն ինչ բացատրեց եկեղեցու ամբողջականության մասին, թե՝ բոլորը մեկ մարմին պետք է լինեն, խոսեց, թե՝ ինչպես պետք ապրեն լուսո որդիները, այնուհետև տալիս է ընտանեկան հարաբերությունների մասին կարևոր հրահանգներ, և նամակն ավարտում է մարդկային հարաբերությունների մասին, թե ինչպես պետք է լինի այն՝ ծնողների և որդիների միջև, ծառաների և տերերի միջև, ամուսինների միջև և առհասարակ ընկերային հարաբերություններում: Առաքյալը չլինելով ամուսնացած, ընտանեկան հարաբերությունների մասին տալիս է անկրկնելի օգտակար պատգամներ: Աշխարհում յուրաքանչյուր ամուսնացած զույգ կփաստի, որ առաքյալի խոսքը բացարձակ ճշմարտություն է: Քանի որ մեր ընտանիքները ամուր չեն հենց այս բացթողման պատճառով, որ տեղյակ չեն ո՛չ իրենց իրավունքներից, և ո՛չ էլ իրենց պարտականություններից: Եթե Քրիստոսի երկյուղով ամուսինները հնազանդվեն միմյանց, ապա ընտանիքը ամուր կլինի: Եթե կանայք հնազանդվեն իրենց մարդկանց, ինչպես Տիրոջն են հնազանդվում, որովհետև տղամարդը գլուխն է կնոջ, մեր ընտանիքները ամուր կլինեն: Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, կինն էլ պետք է հնազանդվի իր մարդուն՝ ամեն ինչում: Բայց մեր տղամարդիկ կարդում են մինչև այս տողերը և չգիտեն, որ իրենց համար էլ պատգամ է գրել Պողոս առաքյալը, որը Քրիստոսի սերը վեր է դասել ամուսնական կյանքից:
Իսկ տղամարդկանց համար ասում է,- Մարդի՛կ, սիրեք ձեր կանանց այնպե՛ս, ինչպես որ Քրիստոս սիրեց իր եկեղեցին, և իր անձը մատնեց նրա համար, որպեսզի այն լինի սուրբ և անարատ: Նույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց՝ իբրև իրենց մարմինները: Ո՛վ սիրում է իր կնոջը, ինքն իրե՛ն է սիրում, որովհետև ո՛չ ոք երբեք իր անձը չի՛ ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես Քրիստոս՝ եկեղեցին: Ի՞նչ է նշանակում այս խոսքը, որ ասում է, թող մարդիկ սիրեն իրենց կնոջը, ինչպես իրենց մարմինը: Յուրաքանչյուր մարդ սիրում է իր մարմնի նույնիսկ տկար անդամին: Եթե ոտքը ցավում է, ո՛չ ոք չի ատում իր ոտքը, այլ՝ հակառակը՝ ավելի է հոգ տանում նրա համար: Այս խոսքը վերաբերում է բոլոր անդամներին, որոնց մարդիկ խնամում են առավել: Մենք շատ հաճախ ենք հանդիպում, որ Պողոս առաքյալը ընտանիքը անվանում է փոքր եկեղեցի: Պողոս առաքյալի նկարագրած ընտանիքի մոդելի մասին կարելի է երազել, որտեղ կինը այդչափ հնազանդ է և մարդը այդչափ սիրում է իր կնոջը՝ ինչպես Քրիստոս իր եկեղեցին: Եթե աշխարհում կան այսպիսի ընտանիքները, որոնք համապատասխանում են առաքյալի սահմանած ընտիր ցուցանիշներն, ուրեմն այդ ընտանիքները Պողոսի պես հասկացել ու հավատացել են Քրիստոսին, ուրիշ այլ տարբերակ չկա: Փառք Աստծուն, եթե գտնվի այսպիսի ընտանիքներ: Այր և կին միայն Քրիստոսին ճանաչելով է, որ կարող են դառնալ մի մարմին, այստեղ էլ ուրիշ տարբերակ չկա: Ուրիշ տարբերակները մեր խարխուլ ընտանիքներն են, որտեղ չկա միաբանություն, որովհետև չկա նաև սեր:
Պողոսի պատկերացրած կատարյալ ընտանիքում կինը պետք է երկնչի (սա վախը չէ, այլ՝ ակնածանքը, հարգանքը ) ամուսնուց՝ հնազանդվելով նրան: մարդը պետք է սիրի կնոջը և տեր լինի նրան; Որդիները պետք է հնազանդվեն ծնողներին, որովհետև դա է ճիշտը: Դա պատվիրան է Աստծուց տրված, թե ,,Պատվիր քո հորն ու մորը,, որպեսզի լավ լինի քեզ համար: Հայրերը պետք է հասկանան որդիներին, և խրատեն նրանց Տիրոջ խոսքով: Սա է ընտանիքի կատարյալ մոդելը Պողոսի պատվերով և մեր երազանքով: Միայն փոխադարձ խոնարհությամբ կարելի է հասնել այդ բարձունքին՝ Տիրոջ խոսքը սրտում ունենալով: Պատվեր ունի նաև ծառաների համար, որոնք տերեր ունեն, և պետք է անկեղծ սրտով ծառայեն նրանց, ինչպես որ Քրիստոսին: Դա է Աստծու կամքը: Որովհետև վարձատրությունը Աստծուց է, ոչ թե մարդկանցից: Տերերը նույն կերպ պետք է վարվեն իրենց ենթակաների հետ, մի կողմ թողնելով սպառնալիքը, արհամարհանքը, ստրկացնելը, որովհետև այդ տերերն էլ Տէր ունեն երկնքում, որի առջև աչառության չկա՛ մարդկանց ազգության, սե՛ռի, մաշկի գո՛ւյնի և այլնի նկատմամբ: Առանց Աստծու սպառազինությունը հագնելու, անկարելի է դիմակայել չարի հարձակումներին, և սատանայի հնարքներին, որոնք իրենց արմատներն են խրել ինչպես ընտանիքների մեջ, այնպես էլ աշխատավայրերում և հասարակության ընկերային հարաբերություններում:
Որովհետև մեր պատերազմը այս աշխարհի չար ոգիների հետ է: Հետևաբար մեր ոտքերը պետք է հաստատված լինեն խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Առաքյալը մեզ առաջարկում է միայն Աստծու սպառազինություն ը հագնել և ունենալ՝ արդարության զրահ, հավատի վահան, փրկության սաղավարտ, և Հոգու սուսեր, որ Աստծու խոսքն է: Այս բոլորը ունենալուս հետո մեր շրթները չպետք է դադարեն հոգով աղոթելուց: Այս լավագույն պատգամներն ու մաղթանքները տալուց հետո առաքյալը խնդրում է որ եփեսացիները աղոթեն նաև իր համար, որպեսզի իրեն խոսք տրվի իր բերանը բացելու, և համարձակությամբ քարոզելու համար, քանի որ Պողոսը իր առաքելության սկզբից ի վեր հոգևոր մարտեր է մղում տարբեր վայրերում: Ուրախությամբ է հայտարարում, որ ինքը Քրիստոսի բանտարկյալն է, Նրա ծառան է, Նրա Ավետարանի պատգամավորն է կապանքներով հանդերձ: Եփեսացիների նամակը Պողոս առաքյալը ուղարկում է Տիութիքոս եղբոր հետ, հղելով նրանց ջերմ ողջույններ, և մխիթարություն, չնայած որ ինքը կապանքների մեջ էր այդ պահին: Սիրելիներ, մենք էլ ավարտենք եփեսացիների նամակի սերտողությունը՝ հենց Պողոս առաքյալի մաղթանքով, որ ասում է,- Խաղաղութի՜ւն եղբայրներին եւ սէ՜ր հաւատով հանդերձ՝ Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ Շնո՜րհ բոլոր նրանց, որոնք սիրում են մեր Տէր Յիսուս Քրիստոսին անեղծութեամբ։
Գոհություն Քեզ՝ Տեր, որ տեսանելի լույսովդ ուրախացնում ես Քո բոլոր արարածներին և պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորում ես Քեզ հավատացողներին: Առավոտվա այս պահին և ամեն ժամ Քո պատվիրանները պահելու մեջ զորացրու և մեզ, Տեր, որպեսզի լուսավորված մտքով միշտ Քեզ հաճելին կատարենք, ինչպես նաև Քո բոլոր սրբերի հետ հասնենք հավիտենական կյանքի բարիքներին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդասիրության շնորհիվ, Որինն է փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։ Ամեն: