ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստծո կամքով այսօր միասին կսերտենք Պողոս առաքյալի եփեսացիներին ուղղված նամակի բովանդակությունը: Քանի որ այս նամակը մյուս նամակների համեմատ քիչ բարդ է, մենք մի փոքր հետ գնանք պատմության մեջ, որպեսզի հասկանալի լինի առաքյալի խոսքը: Առաջին դարի կեսերին քրիստոնեական եկեղեցիների թիվը արագորեն աճում էր Փոքր Ասիայում: Քրիստոնեական համայնքները սերտ հարաբերության մեջ էին մեկը մյուսի հետ, իսկ Եփեսոսի համայնքը դրանց մեջ որոշ հեղինակություն էր վայելում: Պողոս առաքյալը երեք տարի մնացել էր այդ քաղաքում, առաքելական իր երրորդ ճանապարհորդության ժամանակ: Եփեսացիների ուղղված թուղը գրելիս Պողոս առաքյալը բանտում էր գտնվում: Այդ պատճառով է, որ այս նամակը, ինչպես նա՛և Փիլիպեցիների, Փիլիմոնին, և կողոսացիներին ուղղված նամակները կոչվում են ,,ազատազրկման շրջանի,, թղթերի շարք: Եփեսացիներին ուղղված նամակի բովանդակությունը առիթ է տալիս մտածելու, որ այն ուղղված է ոչ միայն եփեսացիներին, այլ՝ նա՛և ընթերցողների շատ ավելի լայն շրջանակի, քան օրինակ՝ առանձին տեղական մի համայնքի: Այս նամակի կենտրոնական թեման Աստծու հավիտենական ծրագիրն է, որի նպատակն է միայն Քրիստոսով բովանդակել ամեն ինչ՝ ի՛նչ որ երկնքո՛ւմ է և ի՛նչ որ երկրի վրա է: Նամակը ունի մի կարճ նախաբան, մի համառոտ եզրակացություն և ընդհանուր բովանդակությունը բաժանված է երկու գլխավոր մասերի:
Առաջին մասում առաքյալը իր հիացմունքն է արտահայտում բոլոր այն բաների համար, որ Աստված արել է Հիսուս Քրիստոսի միջոցով: Հատկապես իր ուշադրության կենտրոնում պահում է այն իրողությունը, թե ինչպես Աստված և՛ հրեաներին, և՛ ոչ՛ հրեաներին միախառնել է մեկ ժողովրդի մեջ, որ Իր ժողովուրդն է: Իսկ երկրորդ մասում առաքյալն իր ընթերցողին կոչ է անում ապրելու այդ միությունը՝ Հիսուս Քրիստոսի հետ միության մեջ: Դա պահանջում է որոշակի պարտականություններ՝ այլոց հետ ունեցած իրենց հարաբերություններում, քրիստոնեական համայնքում, թե՝ ընտանիքում և թե՝ հասարակության մեջ: Եփեսոս բառը նշանակում է սիրված, կամ հավատարիմ: Եփեսոսի եկեղեցու մասին մենք ծանոթ ենք նաև Հայտնության գրքից: Այնտեղ նույնպես նամակ կա ուղղված Եփեսոսի եկեղեցու եպիսկոպոսի, որտեղ ասվում է,- Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերությունը եւ որ չես կարող տանել չարերին. փորձեցիր նրանց, որ իրենք իրենց մասին ասում են, թէ առաքյալներ են, բայց չեն. եւ գտար, որ նրանք սուտ են խօսում։ Եւ համբերեցիր ու վշտացար իմ անուան համար եւ տանջուեցիր։ Բայց քո դէմ ասում եմ՝ թողեցիր քո առաջին սէրը։ Յիշի՛ր այժմ որտեղի՛ց որ ընկար, ապաշխարի՛ր եւ քո նախկին գործերն արա՛, ապա թէ ոչ ես իսկոյն կը գամ եւ կը շարժեմ քո աշտանակներն իրենց տեղերից, եթէ չապաշխարես։ Հայտն. 2:1
Հիմա փորձենք միասին հասկանալ, թե Պողոս առաքյալի երեք տարվա ջանքերը և այս նամակը ի՞նչ ազդեցություն են ունեցել Եփեսոս հայտնի քաղաքի հավատացյալների քրիստոնեական կյանքի մեջ: Որտե՞ղ են թերացել նրանք, և որտե՞ղ են ընկել իրենց նախկին սիրուց: Ինչու է Պողոս առաքյալը մտահոգ Եփեսոսի եկեղեցու համար: Պողոս առաքյալը որ Հռոմում դեռ չէր եղել՝ իրենց նամակ գրելուց առաջ, այդ նամակի բովանդակությունը այլ է մյուս եկեղեցիների նամակների բովանդակությունից, որոնց վրա մեծ ջանք ունի, կամ, որ ինքը անձամբ է հիմնադրել: Օրինակ Հռոմի եկեղեցուն տեղեկացնում էր, թե ինքը ինչպես է պատկերացնում իր ծառայությունը ո՛չ հրեա համայնքի կյանքի ներս: Բացատրում էր, որ Քրիստոսի Ավետարանը փրկություն է բոլոր մարդկանց համար, և որ Աստված փրկում է Իրեն հավատացող ամեն մոլորված մարդու: Իսկ կորնթացիներին ուղղված նամակում արդեն մեծ մտահոգություն է զգացվում առաքյալից՝ համայնքում տիրող բաժանումների և անբարոյականության պատճառով;
Գաղատացիներին ուղղված նամակը բոլորովին այլ բնույթ ունի, քանի որ այստեղ էլ որոշ մարդիկ ամբաստանել են պողոս առաքյալի, և ինքը վերականգնում և հաստատվում է իր առաքելության մեջ՝ Եկեղեցու սյուներ՝ Պետրոսի և Հակոբոսի կողմից:
Հիմա տեսնենք, թե ի՞նչ է խնդիրը Եփեսոսում, որ պողոս առաքյալը անհրաժեշտ է համարել նույնիսկ բանտից նամակ ուղղել նրանց: Քանի որ Պողոս առաքյալը բանտից է գրել մի քանի նամակներ, և բազում անգամներ առիթ է ունեցել բանտ նստելու, այստեղ մի ուշագրավ զուգահեռ կարելի է տանել պողոս առաքյալի նախկին և ներկա կյանքի միջև և փառավորել Աստծու անունը այս բանի համար: Պողոս առաքյալին բանտարկել են Քրիստոսի ավետարանի քարոզության համար, հալածում են այն բանի համար, որ նա ստեղծում է քրիստոնեական համայնքներ: Մի պահ հիշենք Պողոս (Սավուղին), որը բանտ էր նստեցնում քրիստոնյաներին և հալածում էր քրիստոնեական համայնքներին՝ Քրիստոսին հավատալու և քարոզելու համար; Մի՞թե որևէ մեկը կարող է վստահ լինել իր ընթացքի մեջ, եթե Աստված նրան մի օր ցույց չտա նրան՝ իր մոլորությունը: Մեր սիրելի Պողոս առաքյալը հավանաբար բանտում եղած ժամանակ անդրադարձել է այս իրողության վրա և փառավորել է Աստծու զորավոր անունը՝ իրեն փրկելու համար: Ո՞վ կարող է հերքել, որ Պողոս առաքյալի մինչև դարձի գալը ապրած կյանքը չեղավ պատճառը իր մեծ զղջումի: Աստված կամենա, որ բոլորս ունենանք այդպիսի զղջում՝ Տիրոջ ողորմությամբ, ինչպես որ ունեցավ Պողոս առաքյալը:
Սիրելիներ, Եփեսոսի մասին մենք կարդացինք նաև Գործ Առաքելոց գրքում և տեղեկացանք, որ կենտրոնական մեծ քաղաք է Ասիայում և Արտեմիսի կուռքը այդ քաղաքում էր, որի պատճառով մեծ խռովություններ եղավ Պողոս առաքյալի դեմ: Ավանդությունն ասում է, որ Եփեսոսում եղել մի մեծ եկեղեցի և Սուրբ Մարիամ Աստվածածինը այդ եկեղեցում է եղել: Նաև Հովհաննես ավետարանիչն է այդ քաղաքում երկար տարիներ ծառայել: Այլ խոսքով Եփեսոսը հայտնի քաղաք էր ո՛չ միայն իր Արտեմիսի կուռքով, նաև հայտնի է քրիստոնեական համայնքների բազմությամբ: Համեմատաբար մի քիչ բարդ է այս նամակը, քանի որ ընդհանուր ուղերձներ է հղել առաքյալը, բայց ո՛չ հատուկ եփեսացիներին, ինչը որ արել է մյուս եկեղեցիներին ուղղված նամակներում: Որովհետև այս նամակի մեջ չի՛ նշում որևէ սխալ եկեղեցու մասին, կամ չի պատասխանում որևէ հարցի, այլ՝ ավելի շատ աստվածաբանական գաղափարներ է շոշափում իր նամակի մեջ: Ինչպես վերևում ձեզ ասացի, ներկայացնում է Աստծու հրաշալի գործերը Հիսուս Քրիստոսի միջոցով և հատկապես խանդավառված է, որ Աստված աչառություն չի անում հրեայի և հեթանոսի միջև, այլ կամենում է, որ բոլորը լինեն Իր ժողովուրդը: Այս նամակի մեջ գլխավոր պատգամը հավատքն է և հավատից բխող գործերը: Այսինքն ինչի՞ն է հավատում քրիստոնյան, և ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա՝ գործնական կյանքում:
Առաքյալը նամակը սկսում է մի կարճ ողջույնի խոսքով, ինչպես որ իր սովորությունն է նամակներ գրելու պահին: Նշում է, թե ո՛վ է գրողը, և ում է ուղղված նամակը: Շնորհ և խաղաղություն է մաղթում Եփեսոսի եկեղեցու սրբերին և հավատացյալներին՝ Հայր Աստծուց և Հիսուս Քրիստոսից: Ինչպես տեսնում ենք այս նամակի մեջ նորից անդրադառնում է սրբերին և հավատացյալներին: Սրբերը նրանք են, որոնք հրաժարվել են աշխարհից և հանձն են առել ծառայել Աստծուն և մաքրել իրենց անձերը ամեն տեսակ կրքերից ու վայելքների ցանկություններից: Այնուհետև բավական երկար ու խորհրդավոր ներկայացնում է Աստծու նախախնամությունը, որ կար ի սկզբանե երկնային աշխարհում, և որ Աստված Քրիստոսի միջոցով աշխարհից ընտրում է իր համար հավատարիմ մարդկանց, օժտում է նրանց շնորհներով, իմաստությամբ և ծառայասիրությամբ, որպեսզի այդ մարդկանց միջոցով կատարվի Աստծու նախախնամությունը մարդու համար: Պողոս առաքյալը իրեն համարում է այդ ընտրված մարդկանցից մեկը, որը կանչվեց հեթանոսներին քրիստոնեության բերելու ծանր պարտականության համար: Այսինքն երկկողմանի հարաբերությունների մասին է խոսում առաքյալը, որ Աստված նախախնամում և տալիս է շնորհը, իսկ մարդը Աստծուն փառավորելով ծառայում է Նրան: Քրիստոսով է որ բոլորս ունենք փրկություն, և Նրա արյան միջոցով՝ մեղքերի թողություն, ըստ իր շնորհի մեծության չափի: Երբ ժամանակը հասավ, ինչ որ կար երկրի վրա և ինչ որ կար երկնքում, ամեն բան բովանդակվեց Քրիստոսով: Պողոս առաքյալը գեղեցիկ շղթայով միացնում է անխախտելի կապը Աստծու, նրա սպասավորի և հավատացյալի միջև: Առաքյալները ստացան շնորհն ու զորությունը՝ Քրիստոսին քարոզելու համար, և փառաբանելու:
Հավատացյալները առաքյալների միջոցով լսեցին Աստծու ճշմարտության խոսքը, որը փրկության Ավետարանն է, և նրան հավատալով էր, որ մկրտվեցին սուրբ Հոգով, և հույսով սպասում են մինչ այն օրը, երբ կատարելապես կտիրանան փրկությանը՝ հանուն Աստծու փառքին; Առաքյալի միտքն այն է, որ ամբողջացնի իր ասելիքն այն մասին, որ Աստծու նախախնամությունն էր, որ հրեաներն ու հեթանոսները հավատան Հիսուս Քրիստոսին և դառնան Աստծու ժողովուրդը, իսկ Աստված նրանց պարգևի հավիտենական կյանք՝ մահից հետո: Սա է Աստծու նախախնամ ծրագիրը՝ մարդու համար: Դժվար է պարզ հավատացյալի համար հասկանալ Պողոս առաքյալի արտաբերած այս բազմաշերտ միտքը, որով նկարագրում է աշխարհի արարումից մինչև մարդու վախճանը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները: Աշխարհի արարումից մինչ աշխարհի վախճանը գլխավոր դերերում երեքն են՝ Աստված- մարդ- ընկած հրեշտակ: Մարդ արարածը եթե հետամուտ չլինի Աստծու նախախնամ ծրագիրն է իր իսկ փրկության համար, ապա ընկած հրեշտակը կիրագործի իր նպատակը՝ այն է, հարվածելով մարդուն, հարված հասցնի Աստծուն, քանի որ մարդը թանկ է Աստծու համար:
Առաքյալը գովեստի խոսքեր է ուղղում Եփեսոսի եկեղեցու հավատացյալներին, նրան հավատի, սիրո և միմյանց նկատմամբ ունեցած հոգատար վերաբերմունքի համար: Բացի նրանից, որ գովեստի խոսքեր է ասում եփեսացիներին, նաև անդադար հիշում է նրանց իր աղոթքներում, որպեսզի Աստված նրանց իմաստություն և հայտնության հոգի տա, Իրեն ճանաչելու համար: Առաքյալը նկատելով նրանց հավատն ու սերը, փոխադարձ հավատարմությունը մի ուշագրավ միտք է արտահայտում, ասելով, որ Աստված լուսավոր պիտի դարձնի իրեն հավատարիմ եղողների սրտի աչքերը, որպեսզի Աստծուն հավատացող մարդիկ հասկանան, թե ի՛նչ է Նրա կոչման հույսը: Ի՞նչ է Նրա ժառանգության փառքի մեծությունը՝ իրեն ծառայողների համար, և ինչ է Նրա զորության գերազանց մեծությունը: Աստված իր ամենակարող զորությունը ցույց տվեց Քրիստոսի միջոցով այն ժամանակ, երն Նրա հարություն տվեց մեռելներից և նստեցրեց Իր աջ կողմում՝ երկնքի մեջ: Քրիստոսին կարգեց ամեն իշխանության, պետության, զորության ու տերության վրա: Կարգեց նա՛և ամեն անվան վրա, ոչ միայն այս աշխարհում, այլ նաև հանդերձյալում: Աշխարհում ամեն ինչ հնազանդեցրեց է Հիսուսի ոտքերի տակ, և հաստատեց Նրան՝ որպես եկեղեցու Գլուխ: Եկեղեցին Նրա մարմինն է, և ամբողջականությունը ամեն ինչի: Սիրելիներ Աստծու փառքի լույսը Պողոսի սրտում կրակ է վառել և առաքյալը չի դադարում փառաբանել Աստծու մեծությունն ու զորությունը, նրա նախախնամությունը մարդու կյանքում:
Եփեսացիների նամակի երկրորդ գլխով բացվում է առաջին գլխում Աստծու արած զորավոր գործերի փառաբանությունը հեթանոսներին դարձի բերելու համար: Պողոս առաքյալի ուրախություններից մեկն էլ այն է, որ հեթանոսներն են դառնում դեպի Քրիստոս: Եթե հռոմեացիների նամակը ուղղված էր հրեաներին, ապա այս նամակը ուղղված է հեթանոսներին: Իր գլխավոր պատգամն ուղղելով քրիստոնեություն ընդունած հեթանոսներին, առաքյալն ասում է, որ նրանք մեռած են եղել իրենց մեղքերի ու հանցանքների մեջ, քանի որ ընթանում էին աշխարհի սովորության, և հնազանդվում էին օդում տիրող իշխանի այն ոգուն, որն այժմ էլ ներգործում է շատերի միջոցով: Ո՞վ է օդում տիրող իշխանը: Առաքյալը հստակ նկարագրում է երկինքը, երկիրը և դրա մեջտեղում օդն է, որի իշխանը սատանան է, որը կարողանում է մարդկանց բազմությանը հնազանդեցնել իրեն՝ անարգելով Աստծու սիրելի մարդու աստվածային պատկերն ու նմանությունը: Առաքյալը չի առանձնացնում ո՛չ իրեն, ո՛չ էլ համայն մարդկությանը, որ ապրել մարմնի կրքերով, և կատարել են մտքի ցանկությունները: Բոլոր մարդիկ են արժանի Աստծու բարկությանը՝ իրենց կատարած գործերով; Այս նամակի մեջ առաքյալը կտրուկ շեշտադումներ է անում, ասելով, դո՛ւք, և մե՛նք, ցույց տալու համար, որ Աստծու առջև արդար մարդ չկա, ո՛չ հռոմեացի, ո՛չ հույն, ո՛չ հրեա, ո՛չ հեթանոս, այլ բոլոր են մեղավոր և բոլորը ունեն Աստծու ողորմության կարիքը:
Պողոսը մեղքի մեջ գտնվող մարդուն մեռած է համարում, նաև հիշեցնում է, որ այդ մեռած վիճակից ոչ թե մենք հարություն առանք, այլ՝ Աստված իր առատ ողորմությամբ ու մեծ սիրով սիրեց մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մեռած էինք մեր մեղքերի մեջ: Կենդանացրեց մեզ Քրիստոսով, որովհետև շնորհով փրկվեցինք: մեր փրկությունը մեզնից չէր և մենք ոչ մի ջանք չգործադրեցինք, այլ մեր փոխարեն Արդարը խաչը բարձրացավ և քավություն տվեց մեր մեղքերին: Ոչ ոք չի կարող պարծենալ իր գործերով, իբրև թե բարի է, կամ իր գործերը իրեն փրկեցին: Աստծու պարգևներից առաջինը արդեն կատարվել է, երբ նա հարություն առավ մեղելներից, ազատելով մեզ մեր մեղքերից: Իսկ երկրորդ խոստումը՝ կլինի Երկրորդ Գալուստից հետո՝ Հիսուս Քրիստոսի հետ միասին երկնքում հայտնվելու իրողությունը: Սիրելիներ Աստծու մարդասիրական օրինակները բազում են, անհամար: Առաջին մարդասիրական քայլն այն էր, որ իր անձով իրականացրեց մարդկության փրկությունը, և փրկեց ոչ պար եղանակով, այլ՝ամենածանր պատժով և ամենաթանկ գնով: Երկրորդ մարդասիրական քայլն այն էր, որ մեզ սիրեց և փրկեց այն ժամանակ, եր մենք մեռած էինք մեր մեղքերի մեջ: Երրորդ մարդասիրական քայլն այն էր, որ մեզ վեր հանեց մեր ընկած տեղից և արժանացրեց Իր թագավորական սեղանից ճաշակելու պատվին: Այս բոլոր իրականությունները ցույց են տալիս մեր Տիրոջ մարդասիրական չափանիշները: Պողոս առաքյալը մեծագույն սիրով գրում է այս մասին, գրեթե բոլոր նամակներում: Սա կոչ է համայն մարդկությանը, ոչ միայն Եփեսոսի եկեղեցուն:
Այս պատճառով է, որ առաքյալը դիմելով հեթանոսներին, ասում է,- Ուստի և դուք հիշեցեք, որ մի ժամանակ հեթանոսներ էիք մարմնով, այսինքն՝ անթլպատ: Քանի որ առանց Քրիստոս էիք, օտար էիք խոստման ուխտի, և ոչ մի հույս չունեիք, քանի որ առանց Աստծու էիք ապրում աշխարհում:
Սիրելիներ, երբ մենք մեր աղքատությունից հայտնվում ենք մեկ այլ բարվոք կարգավիճակում, արդեն նյութապես ապահովված, կամ մի պաշտոնի տեր ենք դառնում, սկսում ենք վայելել այդ պաշտոնի կամ հարստության փառքը, և սովորաբար՝ ամենևին չենք ուզում հիշել մեր նախկին կարգավիճակը:Այս նկատի ունի առաքյալը, որ ասում է հիշեցեք և մի մոռացեք: Ինչո՞ւ պետք է հիշել նախկին աղքատությունը, կամ մեղավոր վիճակը, կամ հեթանոսությունը: Որովհետև, եթե մենք չհիշենք մեր նախկին ընկած վիճակը, չենք կարող ունենալ գոհացող սիրտ՝ նոր իրավիճակի համար, որը ունեցանք Աստծու ողորմության շնորհիվ, ո՛չ թե մեր իմաստությամբ: Իսկ եթե չհիշենք մեր նախկին մեղավոր վիճակը, կարող ենք ընկնել հպարտության մեջ և մեզ ու մեր գործերին վերագրել մեր հաջողությունները:
Երբ առաքյալն ասում է, որ Աստծու ողորմությամբ մենք ստացանք փրկությունը, դա ամենևին չի նշանակում, որ մենք ոչինչ չունենք անելու: Որովհետև մենք Քրիստոս Հիսուսով ստեղծված նոր արարածներ ենք՝ բարի գործերի համար:
Նրանք, որոնք հեռացած էին Քրիստոսից իրենց անհավատության պատճառով, այժմ մերձավորներ դարձան Քրիստոսի արյամբ, որովհետև իր արյամբ էր, որ երկուսը մեկ դարձրեց, այսինքն հրեան ու հեթանոսը միացան ի Քրիստոս: Քրիստոս իր խաչով քանդեց թշնամությունը, որպեսզի իրեն դարձածներին նոր մարդ դարձնի և խաղաղության մեջ հաստատի նրանց, որոնք հավատացին Իրեն: Իրենից հեռու եղողներիս միացրեց իր Ավետարանի քարոզությամբ: Հետևաբար Քրիստոսին հավատացածներս նոր մարդ ենք՝ բարի գործերի համար, համաքաղաքացի ենք բոլոր սրբերին, և ընտանի ենք Աստծուն, և այս բոլորը հաստատված է առաքյալների, մարգարեների հիմքի վրա, սակայն անկյունաքարը՝ Հիսուս Քրիստոսն է: Այդ անկյունաքարի վրա է վերաճում մի հսկայական տաճար, որի մեջ մենք՝ քրիստոնյաներս կառուցում ենք մեր մարմնի տաճարները, որոնց մեջ բնակվում է Սուրբ հոգին:
Սիրելիներ, տեսեք, որ Պողոս առաքյալն ասում է, որ համաքաղաքացի ենք սրբերին և դա կառուցված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Հիսուս Քրիստոսն է, իսկ սա նշանակում է, որ հին Կտակարանը մեզնից հեռու մի գիրք չէ, և սխալ է այն կարծիքը, որ Հին Կտակարանը հրեաների պատմություն է, և մեզ չի վերաբերում; Ըստ Պողոս առաքյալի այն վերաբերում է տիեզերական տաճարին, որի մեջ կառուցվում են անհատական տաճարները, այսինքն մեր մարմնի տաճարները: Մենք պետք է մեր խաղաղությունն ու հանգստությունը, մեր հարմարավետությունն ու ուրախությունը գտնենք մեր տաճարների մեջ; Բայց ցավոք մենք այդ բոլորը փնտրում ենք մեր բնակարանների հարմարավետության և ժամանակակից կահավորման մեջ: Պողոս առաքյալը ջանաց դառնալ այդ տաճարը, որով դարձի եկան և դարձյալ տաճար դարձան հազարավորներ: Չխուսափեց նեղություններից, բանտարկություններից, հալածանքներից և ամեն տեղ իրեն Քրիստոսի ծառա և բանտարկյալ համարեց: Ինչո՞ւ է իրեն համարում Քրիստոսի բանտարկյալ: Մի՞թե Քրիստոս բռնակալ է: Քա՛վ լիցի: Պողոսը ուրացել է իր անձը՝ Քրիստոսի համար: Մոռացել է իր կամքը՝ Քրիստոսի կամքի առջև: Անտեսել է իր կյանքը՝ հանուն Քրիստոսի ավետարանի քարոզության: Բանտարկյալ դարձավ հեթանոսների համար, քանի որ դա Քրիստոսի կամքն էր, որ Պողոսը քարոզի հեթանոսներին: Փաստորեն Պողոսը ձեռնադրված էր անձամբ Քրիստոսի ձեռամբ: Նույնը եղել է մարգարեների հարցում: Ո՞վ է ձեռնադրել մարգարեներին: Ոչ ոք: Նրանք Աստծուց հայտնություն են ստացել և պարտավորվել են հաղորդել ժողովրդին: Մարգարեները նույնպես հալածվել են իրենց ժամանակի քարոզության ժամանակ: Աստված բոլոր ժամանակներում ընտրում է որոշակի մարդկանց, անհավատներին դարձի բերելու համար, որպեսզի բոլորը դառնան մի մարմին ի Քրիստոս և նրանց մեջ տարբերություն չլինի:
Բայց դարերի ընթացքում ինչպես տեսնում ենք աշխարհի մարդիկ չկարողացան պահել քրիստոնեությունը և բաժանեցին իրենց մեջ՝ տալով ազգային պատկանելիություն, և միախառնեցին ավանդությունների հետ և այսօր ունենք մի խառնաշփոթ քրիստոնեություն՝ բազում տարաձայնություններով: Պողոս առաքյալը բացի նրանից, որ իրեն համարում է Քրիստոսի բանտարկյալ, նաև ասում է, որ ինքը հետինն է բոլորի մեջ, սակայն Քրիստոս իրեն ընտրեց, հեթանոսներին քարոզելու համար: Հեթանոսները պետք է իմանային Պողոսի միջոցով, թե ինչ այդ խորհրդի լույսը, որ ծածկված է իրենցից: Աստծու բազմապատիկ իմաստությունը համայն մարդկությանը պետք է հայտներ եկեղեցին: Դրա համար Քրիստոսի համբարձումից հետ, Իր պատվերով առաքյալները սկսեցին հիմնել քրիստոնեական համայնքներ, և դրանք մեծացնելով հիմնում էին եկեղեցիներ: Այդ գործընթացի ժամանակահատվածում էր, որ սկսվեց հալածանքը եկեղեցու դեմ և հատկապես առաքյալների դեմ, որոնցից մեկն էլ Պողոսն էր: Բայց տարատեսակ հալածանքները պողոսը իր համար փառք էր համարում և հորդորում էր հավատացյալ համայնքին, որ չընկճվեն իր կրած նեղությունների համար:
Քանի որ այդ նեղությունների մասին նախապես ասել էր Հիսուս Քրիստոս Իր խոսքի մեջ, թե,- Ո՛վ մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի: Սիրելիներ, մենք շատ հաճախ ենք Տիրոջ այս խոսքը օգտագործում, առանց անդրադառնալու մտքի խորության վրա: Ի՞նչին պետք է համբերել: Անշուշտ համբերել պետք է միայն այն ժամանակ, երբ ծանր փորձություն է, կամ ծանր հիվանդություն, կամ սաստիկ հալածանքներ և այլն: Երբ ամեն ինչ կարգին է, համբերելու կարիք էլ չկա: Այսօր շատ ենք լսում տրտունջներ, նեղությունների մասին, բայց ամենևին չենք համեմատում մեր նեղությունները առաքյալների և առաջին դարի հավատացյալների կրած հալածանքների ու տանջանքների հետ: Հետևաբար ամեն քրիստոնյա Պողոսի նման պետք է ծնկի գա Տէր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, ըստ Իր փառքի մեծության, որպեսզի բոլոր մարդիկ Սուրբ Հոգու զորությամբ ամրանան ներքնապես: Յուրաքանչյուրի հավատի չափով Քրիստոս պետք է բնակվի նրա սրտում, որպեսզի բոլորը սիրո մեջ արմատավորվեն: Որովհետև Քրիստոսի սերը գերազանց է, քան ամեն գիտություն: Նա տալիս է առավել, քան մենք խնդրում ենք: Նրան փառք բոլոր ժամանակներում՝ հավիտյանս հավիտենից: Այսքանը՝ այսօրվա համար, իսկ վաղը Աստծու կամքով կշարունակենք երկրորդ մասը:
Տէր Հիսուս Քրիստոս, Բարձրյալ Աստծո Որդի, Քեզ ենք հանձնում Հայաստան և Արցախ աշխարհը իր սահմաններով ու բնակիչներով: Ողորմիր մեզ Տէր, բայց ո՛չ թե մեր հավատքի, այլ՝ Քո Հայրական Գթությամբ:
Ո՛չ թե մեր աղոթքի, այլ՝ Քո անսահման սիրով: Ո՛չ թե մեր արժանիքների, այլ՝ Քո աստվածային նախախնամությամբ: Դո՛ւ ես միակ Արդարը, Դո՛ւ ես Տիեզերքի Իշխանը և Քո՛ կամքը թող լինի՝ արդարների Տէր ու Պաշտպան Հիսուս Քրիստոս: Դու բացել ես Քո ողորմության դուռը բոլորի առջև, օրհնի՛ր ու օգնիր մեզ, որ մենք այսօր մտնենք այդ դռնով: Հանուն Քո արդարների, որ կան մեր ազգի մեջ՝ ողորմիր մեզ.
Հանուն մեր մարտնչող զինվորների՝ ողորմիր մեզ, աղաչում ենք Քեզ: Մեր իրավունքները Քեզնից բացի ո՛չ ոք չի կարող պաշտպանել: