ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ.
Եփեսացիների նամակի երկրորդ գլխով բացվում է առաջին գլխում Աստծու արած զորավոր գործերի փառաբանությունը հեթանոսներին դարձի բերելու համար: Պողոս առաքյալի ուրախություններից մեկն էլ այն է, որ հեթանոսներն են դառնում դեպի Քրիստոս: Եթե հռոմեացիների նամակը ուղղված էր հրեաներին, ապա այս նամակը ուղղված է հեթանոսներին: Իր գլխավոր պատգամն ուղղելով քրիստոնեություն ընդունած հեթանոսներին, առաքյալն ասում է, որ նրանք մեռած են եղել իրենց մեղքերի ու հանցանքների մեջ, քանի որ ընթանում էին աշխարհի սովորության, և հնազանդվում էին օդում տիրող իշխանի այն ոգուն, որն այժմ էլ ներգործում է շատերի միջոցով: Ո՞վ է օդում տիրող իշխանը: Առաքյալը հստակ նկարագրում է երկինքը, երկիրը և դրա մեջտեղում օդն է, որի իշխանը սատանան է, որը կարողանում է մարդկանց բազմությանը հնազանդեցնել իրեն՝ անարգելով Աստծու սիրելի մարդու աստվածային պատկերն ու նմանությունը: Առաքյալը չի առանձնացնում ո՛չ իրեն, ո՛չ էլ համայն մարդկությանը, որ ապրել մարմնի կրքերով, և կատարել են մտքի ցանկությունները: Բոլոր մարդիկ են արժանի Աստծու բարկությանը՝ իրենց կատարած գործերով; Այս նամակի մեջ առաքյալը կտրուկ շեշտադրումներ է անում, ասելով, դո՛ւք, և մե՛նք, ցույց տալու համար, որ Աստծու առջև արդար մարդ չկա, ո՛չ հռոմեացի, ո՛չ հույն, ո՛չ հրեա, ո՛չ հեթանոս, այլ բոլոր են մեղավոր և բոլորը ունեն Աստծու ողորմության կարիքը:
Պողոսը մեղքի մեջ գտնվող մարդուն մեռած է համարում, նաև հիշեցնում է, որ այդ մեռած վիճակից ոչ թե մենք հարություն առանք, այլ՝ Աստված իր առատ ողորմությամբ ու մեծ սիրով սիրեց մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մեռած էինք մեր մեղքերի մեջ: Կենդանացրեց մեզ Քրիստոսով, որովհետև շնորհով փրկվեցինք: մեր փրկությունը մեզնից չէր և մենք ոչ մի ջանք չգործադրեցինք, այլ մեր փոխարեն Արդարը խաչը բարձրացավ և քավություն տվեց մեր մեղքերին: Ոչ ոք չի կարող պարծենալ իր գործերով, իբրև թե բարի է, կամ իր գործերը իրեն փրկեցին: Աստծու պարգևներից առաջինը արդեն կատարվել է, երբ նա հարություն առավ մեղելներից, ազատելով մեզ մեր մեղքերից: Իսկ երկրորդ խոստումը՝ կլինի Երկրորդ Գալուստից հետո՝ Հիսուս Քրիստոսի հետ միասին երկնքում հայտնվելու իրողությունը: Սիրելիներ Աստծու մարդասիրական օրինակները բազում են, անհամար: Առաջին մարդասիրական քայլն այն էր, որ իր անձով իրականացրեց մարդկության փրկությունը, և փրկեց ոչ պարզ եղանակով, այլ՝ամենածանր պատժով և ամենաթանկ գնով: Երկրորդ մարդասիրական քայլն այն էր, որ մեզ սիրեց և փրկեց այն ժամանակ, երբ մենք մեռած էինք մեր մեղքերի մեջ: Երրորդ մարդասիրական քայլն այն էր, որ մեզ վեր հանեց մեր ընկած տեղից և արժանացրեց Իր թագավորական սեղանից ճաշակելու պատվին: Այս բոլոր իրականությունները ցույց են տալիս մեր Տիրոջ մարդասիրական չափանիշները: Պողոս առաքյալը մեծագույն սիրով գրում է այս մասին, գրեթե բոլոր նամակներում: Սա կոչ է համայն մարդկությանը, ոչ միայն Եփեսոսի եկեղեցուն:
Այս պատճառով է, որ առաքյալը դիմելով հեթանոսներին, ասում է,- Ուստի և դուք հիշեցեք, որ մի ժամանակ հեթանոսներ էիք մարմնով, այսինքն՝ անթլփատ: Քանի որ առանց Քրիստոս էիք, օտար էիք խոստման ուխտի, և ոչ մի հույս չունեիք, քանի որ առանց Աստծու էիք ապրում աշխարհում:
Սիրելիներ, երբ մենք մեր աղքատությունից հայտնվում ենք մեկ այլ բարվոք կարգավիճակում, արդեն նյութապես ապահովված, կամ մի պաշտոնի տեր ենք դառնում, սկսում ենք վայելել այդ պաշտոնի կամ հարստության փառքը, և սովորաբար՝ ամենևին չենք ուզում հիշել մեր նախկին կարգավիճակը:Այս նկատի ունի առաքյալը, որ ասում է հիշեցեք և մի մոռացեք: Ինչո՞ւ պետք է հիշել նախկին աղքատությունը, կամ մեղավոր վիճակը, կամ հեթանոսությունը: Որովհետև, եթե մենք չհիշենք մեր նախկին ընկած վիճակը, չենք կարող ունենալ գոհացող սիրտ՝ նոր իրավիճակի համար, որը ունեցանք Աստծու ողորմության շնորհիվ, ո՛չ թե մեր իմաստությամբ: Իսկ եթե չհիշենք մեր նախկին մեղավոր վիճակը, կարող ենք ընկնել հպարտության մեջ և մեզ ու մեր գործերին վերագրել մեր հաջողությունները:
Երբ առաքյալն ասում է, որ Աստծու ողորմությամբ մենք ստացանք փրկությունը, դա ամենևին չի նշանակում, որ մենք ոչինչ չունենք անելու: Որովհետև մենք Քրիստոս Հիսուսով ստեղծված նոր արարածներ ենք՝ բարի գործերի համար:
Նրանք, որոնք հեռացած էին Քրիստոսից իրենց անհավատության պատճառով, այժմ մերձավորներ դարձան Քրիստոսի արյամբ, որովհետև իր արյամբ էր, որ երկուսը մեկ դարձրեց, այսինքն հրեան ու հեթանոսը միացան ի Քրիստոս: Քրիստոս իր խաչով քանդեց թշնամությունը, որպեսզի իրեն դարձածներին նոր մարդ դարձնի և խաղաղության մեջ հաստատի նրանց, որոնք հավատացին Իրեն: Իրենից հեռու եղողներիս միացրեց իր Ավետարանի քարոզությամբ: Հետևաբար Քրիստոսին հավատացածներս նոր մարդ ենք՝ բարի գործերի համար, համաքաղաքացի ենք բոլոր սրբերին, և ընտանի ենք Աստծուն, և այս բոլորը հաստատված է առաքյալների, մարգարեների հիմքի վրա, սակայն անկյունաքարը՝ Հիսուս Քրիստոսն է: Այդ անկյունաքարի վրա է վերաճում մի հսկայական տաճար, որի մեջ մենք՝ քրիստոնյաներս կառուցում ենք մեր մարմնի տաճարները, որոնց մեջ բնակվում է Սուրբ հոգին:
Սիրելիներ, տեսեք, որ Պողոս առաքյալն ասում է, որ համաքաղաքացի ենք սրբերին և դա կառուցված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Հիսուս Քրիստոսն է, իսկ սա նշանակում է, որ հին Կտակարանը մեզնից հեռու մի գիրք չէ, և սխալ է այն կարծիքը, որ Հին Կտակարանը հրեաների պատմություն է, և մեզ չի վերաբերում; Ըստ Պողոս առաքյալի այն վերաբերում է տիեզերական տաճարին, որի մեջ կառուցվում են անհատական տաճարները, այսինքն մեր մարմնի տաճարները: Մենք պետք է մեր խաղաղությունն ու հանգստությունը, մեր հարմարավետությունն ու ուրախությունը գտնենք մեր տաճարների մեջ; Բայց ցավոք մենք այդ բոլորը փնտրում ենք մեր բնակարանների հարմարավետության և ժամանակակից կահավորման մեջ: Պողոս առաքյալը ջանաց դառնալ այդ տաճարը, որով դարձի եկան և դարձյալ տաճար դարձան հազարավորներ: Չխուսափեց նեղություններից, բանտարկություններից, հալածանքներից և ամեն տեղ իրեն Քրիստոսի ծառա և բանտարկյալ համարեց: Ինչո՞ւ է իրեն համարում Քրիստոսի բանտարկյալ: Մի՞թե Քրիստոս բռնակալ է: Քա՛վ լիցի: Պողոսը ուրացել է իր անձը՝ Քրիստոսի համար: Մոռացել է իր կամքը՝ Քրիստոսի կամքի առջև: Անտեսել է իր կյանքը՝ հանուն Քրիստոսի ավետարանի քարոզության: Բանտարկյալ դարձավ հեթանոսների համար, քանի որ դա Քրիստոսի կամքն էր, որ Պողոսը քարոզի հեթանոսներին: Փաստորեն Պողոսը ձեռնադրված էր անձամբ Քրիստոսի ձեռամբ: Նույնը եղել է մարգարեների հարցում: Ո՞վ է ձեռնադրել մարգարեներին: Ոչ ոք: Նրանք Աստծուց հայտնություն են ստացել և պարտավորվել են հաղորդել ժողովրդին: Մարգարեները նույնպես հալածվել են իրենց ժամանակի քարոզության ժամանակ: Աստված բոլոր ժամանակներում ընտրում է որոշակի մարդկանց, անհավատներին դարձի բերելու համար, որպեսզի բոլորը դառնան մի մարմին ի Քրիստոս և նրանց մեջ տարբերություն չլինի:
Բայց դարերի ընթացքում ինչպես տեսնում ենք աշխարհի մարդիկ չկարողացան պահել քրիստոնեությունը և բաժանեցին իրենց մեջ՝ տալով ազգային պատկանելիություն, և միախառնեցին ավանդությունների հետ և այսօր ունենք մի խառնաշփոթ քրիստոնեություն՝ բազում տարաձայնություններով: Պողոս առաքյալը բացի նրանից, որ իրեն համարում է Քրիստոսի բանտարկյալ, նաև ասում է, որ ինքը հետինն է բոլորի մեջ, սակայն Քրիստոս իրեն ընտրեց, հեթանոսներին քարոզելու համար: Հեթանոսները պետք է իմանային Պողոսի միջոցով, թե ինչ է այդ խորհրդի լույսը, որ ծածկված է իրենցից: Աստծու բազմապատիկ իմաստությունը համայն մարդկությանը պետք է հայտներ եկեղեցին: Դրա համար Քրիստոսի համբարձումից հետ, Իր պատվերով առաքյալները սկսեցին հիմնել քրիստոնեական համայնքներ, և դրանք մեծացնելով հիմնում էին եկեղեցիներ: Այդ գործընթացի ժամանակահատվածում էր, որ սկսվեց հալածանքը եկեղեցու դեմ և հատկապես առաքյալների դեմ, որոնցից մեկն էլ Պողոսն էր: Բայց տարատեսակ հալածանքները պողոսը իր համար փառք էր համարում և հորդորում էր հավատացյալ համայնքին, որ չընկճվեն իր կրած նեղությունների համար:
Քանի որ այդ նեղությունների մասին նախապես ասել էր Հիսուս Քրիստոս Իր խոսքի մեջ, թե,- Ո՛վ մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի: Սիրելիներ, մենք շատ հաճախ ենք Տիրոջ այս խոսքը օգտագործում, առանց անդրադառնալու մտքի խորության վրա: Ի՞նչին պետք է համբերել: Անշուշտ համբերել պետք է միայն այն ժամանակ, երբ ծանր փորձություն է, կամ ծանր հիվանդություն, կամ սաստիկ հալածանքներ և այլն: Երբ ամեն ինչ կարգին է, համբերելու կարիք էլ չկա: Այսօր շատ ենք լսում տրտունջներ, նեղությունների մասին, բայց ամենևին չենք համեմատում մեր նեղությունները առաքյալների և առաջին դարի հավատացյալների կրած հալածանքների ու տանջանքների հետ: Հետևաբար ամեն քրիստոնյա Պողոսի նման պետք է ծնկի գա Տէր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, ըստ Իր փառքի մեծության, որպեսզի բոլոր մարդիկ Սուրբ Հոգու զորությամբ ամրանան ներքնապես: Յուրաքանչյուրի հավատի չափով Քրիստոս պետք է բնակվի նրա սրտում, որպեսզի բոլորը սիրո մեջ արմատավորվեն: Որովհետև Քրիստոսի սերը գերազանց է, քան ամեն գիտություն: Նա տալիս է առավել, քան մենք խնդրում ենք: Նրան փառք բոլոր ժամանակներում՝ հավիտյանս հավիտենից: Այսքանը՝ այսօրվա համար, իսկ վաղը Աստծու կամքով կշարունակենք երկրորդ մասը:
Տէր Հիսուս Քրիստոս, Բարձրյալ Աստծո Որդի, Քեզ ենք հանձնում Հայաստան և Արցախ աշխարհը իր սահմաններով ու բնակիչներով: Ողորմիր մեզ Տէր, բայց ո՛չ թե մեր հավատքի, այլ՝ Քո Հայրական Գթությամբ:
Ո՛չ թե մեր աղոթքի, այլ՝ Քո անսահման սիրով: Ո՛չ թե մեր արժանիքների, այլ՝ Քո աստվածային նախախնամությամբ: Դո՛ւ ես միակ Արդարը, Դո՛ւ ես Տիեզերքի Իշխանը և Քո՛ կամքը թող լինի՝ արդարների Տէր ու Պաշտպան Հիսուս Քրիստոս: Դու բացել ես Քո ողորմության դուռը բոլորի առջև, օրհնի՛ր ու օգնիր մեզ, որ մենք այսօր մտնենք այդ դռնով: Հանուն Քո արդարների, որ կան մեր ազգի մեջ՝ ողորմիր մեզ.
Հանուն մեր մարտնչող զինվորների՝ ողորմիր մեզ, աղաչում ենք Քեզ: Մեր իրավունքները Քեզնից բացի ո՛չ ոք չի կարող պաշտպանել: