ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Գաղատացիներին ուղղված նամակի առաջին գլխում կարդացինք, որ Պողոս առաքյալը գաղատացիներին ասում է,- Զարմանում եմ, որ այդպես շուտ լքում եք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ, և դառնում եք դեպի ուրիշ ավետարան: Ուրիշ ավետարան անվանում է այն մարդկանց ուսմունքը, որոնք ստիպում էին գաղատացիներին քրիստոնեություն ընդունելուց հետո ենթարկվեն հրեական օրենքին: Իմացանք նաև, որ Պողոսը Բառնաբասի և Տիտոսի հետ գնաց Երուսաղեմ, հանդիպեց Պետրոսին, Հակոբոսին, ստացավ նրանց օրհնությունն ու հավանությունը՝ իր հետագա քարոզության համար և վերադարձավ իր քարոզության գործին: Պողոսին այլևս չէր մտահոգում Գաղատիայի այն բամբասանքները, որ հնչել էին իր հասցեին, իբրև թե հեղինակություն չունի և դեմ է հրեական օրենքին: Այսօր որ պիտի սերտենք երրորդ գլուխը, տեսնում ենք, որ նամակում այլ կերպ է դիմում գաղատացիներին, ասելով,- Ո՛վ անմիտ գաղատացիներ, ով հրապուրեց, որ դուք շեղվեք ձեր իմացած ավետարանից; Ձեզ, որ ձեր աչքերի առաջ նկարագրվեց Հիսուս Քրիստոս՝ խաչը ելած: Եթե զգացիք, այստեղ ավելի մեծ իրավունքով և ավելի համարձակությամբ է հանդիմանում գաղատացիներին, անվանելով նրանց անմիտնե՛ր: Կարծո՛ւմ եք, թե Պողոս առաքյալը մոռացե՞լ էր, որ Հիսուս Քրիստոս ասաց,- Իր եղբորը հիմար ասողը ենթակա կլինի դատաստանի: Ո՛չ չէր մոռացել: Հակառակը, ինքը կատարում էր այդ պատվիրանը: Որովհետև Տէր Հիսուս ասաց, – Ով զուր տեղը հիմար ասի իր եղբորը… Բայց առաքյալի հանդիմանությունը գաղատացիներին ամենևին էլ զուր տեղը չէր, քանի որ ընդունեցին Պողոսի Ավետարանի քարոզությունը, իսկ Պողոսի մեկնումից հետ եկավ ուրիշը, ընդունեցին նա՛և նրա վարդապետությունը: Հետևաբար,,անմիտ,, բառը լիովին համապատասխանում էր նրանց արարքին: Այդ բառը կվերաբերի նա՛և մեզ, եթե մենք էլ լսենք պատահական մարդու, որը Քրիստոսի վարդապետությունից դուրս բան է քարոզում: Իսկ եթե մենք փորձենք Պողոսին մեղադրել իր արտաբերած ,,անմիտ,, բառի համար, ապա ի՞նչ պիտի ասենք Պետրոսին՝ Անանիայի ու Սաֆիրայի դեպքի համար:
Մի՞թե մարդասպան պետք է անվանենք: Քավ լիցի: Պողոսը անմիտ է անվանում նրանց, որովհետև հավատացին Քրիստոսի խաչելությանն ու հարությանը, ստացան ազատություն, ապա հրապուրվեցին ոմանց քաղցրաբարբառ քարոզին և համաձայնվեցին իրենց ազատությունը փոխել օրենքի լծի հետ: Չի՛ կարող քրիստոնյան այս աստիճան երկմիտ լինել, անկարելի է, որ քրիստոնյան Քրիստոսի ազատությանը փոխի ստրկության հետ: Այդ պատճառով էր առաքյալը հանդիմանում նրանց, և չասե՛ց, թե՝ ո՞վ խաբեց ձեզ, այլ՝ ասաց, ո՞վ հրապուրեց ձեզ; Նամակի բովանդակությունից հասկանում ենք, որ Պողոս առաքյալը վստահություն ուներ գաղատացիների հավատքի կայունության վրա, դրա համար այս դեպքից հետո զարմանք ունեցավ նրանց վրա, քանի որ իր քարոզությունը՝ խաչյալի մասին նրանք հոգով էին ընդունել, նույնիսկ ավելի շատ էին հավատացել, քան նրանք, որոնք կանգնած էին խաչի մոտ: Քրիստոս Գաղատիայում չի խաչվել, այլ Երուսաղեմում, բայց Երուսաղեմում Նրան չհավատացին, իսկ Գաղատացիները հավատացին հոգով: Գաղատիայի եկեղեցին սուրբ հոգին ընդունելուց հետո, հավանաբար հրաշքներ են կատարել, նշաններ են ցույց տվել, բորոտներ են բուժել, քանի որ առաքյալն ասում է, ձեր մեջ զորավոր գործեր կատարվեցին, և միթե այդ գործերը օրենքի ուժով արեցիք: Չէ որ հավատի քարոզությամբ եղավ ձեր մեջ այդ գործերը: չէ որ Աբրահամի հավատը նրան որպես արդարություն համարես Աստված: Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված հեթանոսներին հավատով է արդարացնելու, որովհետև Աբրահամի ասաց, որ բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու: Նրանք, որ հավատից են, օրհնվելու են հավատացյալ Աբրահամի հետ, իսկ նրանք, որ օրենքի տակ են և օրենքի գործադրողներ են, նրանք անեծքի տակ են: Քանի որ գրված է, թե՝ Անիծյալ է ամեն մարդ, որ օրենքի գրքում եղած բոլոր գրվածքները չի պահում և չի գործադրում: Օրենքով ո՛չ մի մարդ չի արդարանա Աստծու առաջ, քանի որ ասում է,- Արդարը հավատո՛վ է ապրելու: Քրիստոս մեզ գնել է անեծքից, անեծք դառնալով մեզ համար, քանի որ գրված է,- Անիծյալ է այն մարդը, որը կախված է փայտից: Այստեղ մի հետաքրքիր խորհելու միտք կա: Որովհետև Քրիստոս մահացավ անարգ մահով, հանուն մարդու փրկության:
Գաղատացիներին օրինակ է բերում Աբրահամի հավատը և փաստում է, որ բոլորս չմիանանք այդ հավատին, արթնություն չենք ունենա, որովհետև Աբրահամի հավատքն էր որ արդարություն պարգևեց նրան՝ մինչ նրա մյուս գործերը: Գաղատացիները, որ հեթանոսներ էին, հավատալուց հետո ընդունեցին Սուրբ Հոգին, և առաքյալն է այդ մասին ասում, որ դո՛ւք հոգին ընդունեցիք և Սուրբ Հոգին ձեր մեջ զորավոր գործեր արեց: Մեր ներկա գրագետ քրիստոնյաներիս մոտ, որ հեթանոս էլ չենք, մկրտվելով դառնում ենք քրիստոնյա, ամաչում ենք ասել, որ այս բանը որ արեցի, դա իմ շնորհը չէր այլ սուրբ հոգին գործեց իմ մեջ: իսկ եթե պատահի որ ասենք, անպայման կգտնվի մեկը, որ կասի, սա աղանդավոր է; Կամ թեկուզ երբ առաքյալը ողջույնի խոսքեր է հղում, ասում է,- ողջունեք ձեզ մոտ եղած սրբերին, կամ մեզ մոտ եղած սրբերն են ձեզ ողջունում: Մեր քրիստոնեական մշակույթի մեջ այս երևույթը բացակայում է: Այո, բացակայում է, բայց ո՛չ անշուշտ խոնարհության պատճառով: Գիտե՞ք ինչու է այդպես, որովհետև մենք սուրբ բառի ստուգաբանությունը չգիտենք: Երբ ասում են սուրբ, մենք պատկերացնում ենք անմեղ հրեշտակ և վախենում ենք մեկին սուրբ ասել: Մինչդեռ սուրբը նա է, որը թողել է իր մեղավոր կյանքը աշխարհի, և առանձնացել է հոգևոր կյանքի մեջ՝ կրթվելում դաստիարակվելու, վերստին ծնունդ ունենալու և դեպի Աստված իր քայլերն ուղղելու: Նույնը վերաբերում է Սուրբ հոգու ընդունելուն: Բոլորս էլ մեր միջավայրում տեսնում ենք մարդ, որը խոսում և գործում է Սուրբ Հոգու շնորհով, որովհետև այդպիսի մարդու խրատի խոսքը արժեք ունի լսողի ականջին, նրա գործերը փայլում է ճշմարտությունից: Ինչու այսպիսի մարդու համար չասել որ Սուրբ Հոգին նրա հետ է և գործում է նրա մեջ: Մենք նաև տեսնում ենք մարդկանց, որոնց մեջ չկա Սուրբ Հոգի, քանի որ երկփեղկված են, երկու երես ունեն, ստում են ամենահարմար առիթով, և կեղծավոր են; Իսկ առաքյալները չեն վախեցել լավին լա՛վ ասել, վատին էլ՝ վա՛տ:
Պողոս առաքյալը ամեն կերպ կամենում է գաղատացիներին հիմնավոր բացատրություն տալ հավատի արդարության և օրենքի լծի տակ լինելու տարբերությունը: Մարդկային կյանքի օրինակներ է բերում, փաստելու համար օրենքի և խոստման միջև եղած տարբերությունը: Օրինակ ասում է, մարդկանց հաստատած կտակը օրենքով է, ոչ ոք չի կարող խափանել, ոչ էլ նրա վրա կարող են մի բան ավելացնել, որովհետև խոստում չէ այլ՝ օրենք; Բայց Աստված Աբրահամին խոստում տվեց, իր շառավղի միջոցով, որ գալու էր՝ Քրիստոս: Հետևաբար երբ հեթանոսները դարձի են գալիս ր ընդունում են Քրիստոսին հավատի միջոցով, այլևս օրենքը նրանց համար օգուտ չի կարող բերել: Քանի որ օրենքը կար մինչև որ գար այն զավակը, որ խոստացավ Աստված: Օրենքը Աստծու խոստումներին հակառակ չէ: Բայց օրենքը կյանք տալ չի կարող: Սուրբ Գիրքը ամեն բան դրեց մեղքի տակ, որպեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատով տրվի հավատացողներին:Քանի դեռ հավատը չէր եկել մարդիկ օրենքի տակ փակված էին մնում, սպասելով գալիք այն հավատին, որը լուսի պես հայտնվելու էր մարդկանց մեջ: Օրենքը դաստիարակ էր, որ ուղղորդում էր դեպի Քրիստոս՝ հավատով արդարանալու համար: Իսկ երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չեն մարդիկ: Որովհետև բոլորը կոչվեցին Աստծու որդիներ՝ Քրիստոսին հավատալով: Չէ որ բոլոր Քրիստոսի անունով մկրտվեցին, Քրիստոսով ճերմակ զգեստով զգեստավորվեցին, ուրեմն էլ ի՞նչ տարբերություն կարող է լինել հրեայի և հեթանոսի միջև: Ի՞նչ տարբերություն կարող է լինել ծառայի և ազատի միջև: Կամ արուի և էգի միջև: Որովհետև բոլոր մարդիկ հավասար են Քրիստոսի համար, և բոլոր մարդիկ, որ հավատում են, Քրիստոսինն են: Իսկ Քրիստոսին պատկանողը Աբրահամի սերունդ է, և ժառանգ է ըստ խոստման; Այլ խոսքով Պողոս առաքյալը գաղատացիներին բացատրում է, որ օրենքը տևվել էր մարդկանց՝ ապրելու համար, մինչև Ժառանգի գալուստը, իսկ որից հետո մարդկանց առաջարկ արվեց մի քայլ առաջ գնալ օրենքից դեպի հավատ, դեպի շնորհ, դեպի Տէր Հիսուս Քրիստոս: Օրենքով ապրել նշանակում է մի քայլ հետ գնալ, իսկ հավատով ապրել, նշանակում է մի քայլ առաջ գնալ:
Սիրելիներ, մենք նամակի բովանդակությունի իմացանք, որ Պողոս առաքյալի գաղատացիներին ուղղված նամակի պատճառը այն ամբաստանությունն էր, որ ոմանք արել էին Պողոսի հասցեին, թե իբրև Պողոսին լսելը ճիշտ չէ քանի որ իբրև դեմ է Մովսեսի օրենքի: Գիտե՞ք, թե ինչի համար եմ ձեզ մի քանի անգամ կրկնում գաղատացիներին ուղղված նամակի պատճառի մասին: Որպեսզի, երբ եկեղեցում լսեք գաղատացիների նամակի մասին, իմանաք. թե Պողոսը ինչի համար է մտահոգվել, որ համայնքը շեղվել էր Քրիստոսի իրական վարդապետությունից, որ Պողոսն էր իրենց քարոզել, և հավատացել էր ճարտարախոս քարոզիչների, որոնք համոզում էին, որ քրիստոնեության դարձածները նորից ենթարկվեն օրենքին: Պատկերացրեք, որ Առաքելական եկեղեցու հետևորդին համոզեն ու տանեն օրինակ՝ Ադվինտիստների (շաբաթապահների) եկեղեցի և համոզեն, որ նա շաբաթը պահի որպես օրենք, անտեսելով Քրիստոսի հարության կիրակի օրը: Տասնյակ օրինակներ կարելի է բերել նույնիսկ մեր օրերի համար, որպեսզի Պողոսի խոսքը հասկանալի լինի օրենքի և շնորհի խոստման վերաբերյալ: Դուք ձեր երեխային տալիս եք դաստիարակի մոտ մեծանալու, սակայն դաստիարակը ձեր երեխայի տերը չէ, նա պարզապես կարգ ու կանոն է սովորեցնում, քանի դեռ փոքր է, բայց երբ մեծանա, կդառնա հոր ժառանգության տերը և դուս կգա դաստիարակի ձեռքի տակից: Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից, մտավ օրենքի տակ, փրկելու համար նրանց, որոնք օրենքի տակ էին, որպեսզի բոլորս որդեգրություն ընդունենք: Մենք այլևս ծառաներ չենք, այլ՝ որդի, իսկ եթե որդի ենք, ուրեմն ժառանգ ենք Աստծուն: Գաղատացի հեթանոսների համար, կամ առհասարակ հեթանոսական մշակույթի մեջ ամեն մարդ կարող էր իր պատկերացումը ունենալ իր աստծու վերաբերյալ, թե՝ ի՛նչ ուզում իր աստվածը, ինչ չի՛ սիրում իր ասվածը և ի՛նչ ուզում իրենից իր աստվածը: Հեթանոսական կրոնը աստվածային կրոն չէ, այլ՝ մարդկային ինքնահնար մի կրոն:
Իսկ օրենքի տառով ապրող հերաներին առաքյալը համեմատում է երեխայի հետ, որին ուղեկցում են դեպի Հայրը, դեպի Քրիստոս; Հրեաների պատկերացում էլ Աստծու հանդեպ շատ սահմանափակ էր, նրանց համար օրենքը Աստված էր, այդ պատճառով չկարողացան ընդունել Հիսուս Քրիստոսին, որը Հոր փառքն էր, պարզ էր, հասարակ էր, ուտում և խմում էր աղքատի ու տնանկի հետ, նստում էր հեթանոսների հետ, խոսում էր անբարո կնոջ հետ և բուժում էր հիվանդին ու բորոտին; Հրեաների պատկերացրած Աստված խիստ ու պահանջկոտ էր, ո՛չ Հիսուսի նման: Այդ էր պատճառը, որ նրանք անվերջ հարց էին տալիս, թե Հիսուս ինչ իշխանությամբ է անում այդ ամենը: Սակայն լսելուց հետո էլ չէին կարողանում հասկանալ ու հավատալ: Իսկ գաղատացիները համայնքում Պողոսը վտանգ էր տեսնում, այդ պատճառով տագնապած գրում է նամակը, որպեսզի նրանց զերծ պահի մոլորությունից: Հիշեցնում է նրանց, թե ինչպիսի ջերմեռանդությամբ են ընդունել ու հավատացել իրեն, իրեն ընդունել են իբրև Քրիստոս, իբրև հրեշտակ, ապա ո՞ւր մնաց ձեր այդ երանելի զգացողությունը: Ձեր ուրախության պատճառով, եթե հնար լիներ, ձեր աչքերը կհանեիք ու կտայիք ինձ,- ասում է առաքյալը: Հիմա ինչու թշնամի դարձա ձեզ, որ ճիշտը խոսեցի: Պողոս առաքյալի սրտացավությունը գաղատացիների համար երևում է նրա այն խոսքերից, որ ասում է,- Որդյակներ, ձեր համար ես նորից երկուքի մեջ եմ, մինչև որ Քրիստոս կերպարանավորվի ձեր մեջ: Կուզենայի այժմ լինել ձեզ մոտ, և փոխել իմ խոսելու ձևը:
Սիրելիներ, վստահ եմ որ դուք Պողոս առաքյալի մտահոգությունը հասկանում եք այնպես, ինչպես որ հասկանում եք այն իրավիճակը, երբ ձեր զավակը մի վատ բան է արել այն դեպքում, երբ դուք նրան նախապես մանրամասն բացատրել եք ամեն ինչ վտանգի պահերը, և նա նորից հայտնվել է վտանգի մեջ: Այսպիսին էր Պողոսի և գաղատացիների հարաբերությունները, ինչպիսին են հայր ու անառակ որդու հարաբերությունները: Առաքյալը իր խոսքը առավել հասկանալի դարձնելու համար, թե ինչ են նշանակում հին և նոր ուխտերը, բերում է Աբրահամի երկու զավակների օրինակները: Մեկը՝ ծնված մարմնական ծնունդով, իսկ մյուսը՝ խոստումով: Մարմնական ծնունդովը ծնվեց բնական ճանապարհով և ժամանակին: իսկ խոստման ծնունդը՝, որ Իսահակն էր, ծնվեց ծառայի համար անհավանական տարիքում, և խոստմամբ ո՛չ բնական ճանապարհով; Նա ով խոստման զավակ էր, չէր կարող ենթարկվել մարմնական ծնունդով ծնված զավակին, չնայած որ մարմնավոր զավակը փորձում էր հալածել խոստման զավակին; Սրանք երկու կտակարաններ են խորհրդանշում: Ագարը՝ որը ծառան էր Աբրահամի և մայրն էր Իսմայիլի, խորհրդանշում է ներկա Երուսաղեմը, որը իր որդիներով հանդերձ ծառա է: Իսկ խոստման որդին Վերի Երուսաղեմն է, որը մեր բոլորի մայրն է, և ազատ է;
Սիրելիներ, քրիստոնեությունը փորձեց հեթանոսական բոլոր կրոններն ու ծեսերը քրիստոնեականացնել և ազատություն տալ ամենքի հավատքին ու գործերին: Բայց ինչպես որ հրեաներն էին գերությունից հետո երազում Եգիպտոսի կյանքը, այնպես էլ երբեմն քրիստոնյաները անտեսելով իրենց պարգև ազատությունը, մտնում են մեղքի օրենքի լծի տակ և կամավոր տառապում են ողջ կյանքում: Քրիստոնյաները խոստման զավակներ են, Քրիստոսին ժառանգակիցներ են, ազատ են և ազատ կամք ունեն իրենց ընտրության մեջ: Շատ ենք լսում մարդկանց, որ ասում են, թե քրիստոնեական կրոնը նրա համար եղավ, որպեսզի մարդկանց ենթարկեն և հնազանդեցնեն, խեղճացնեն ու ընկճված պահեն: Եթե Աստվածաշնչից ուրիշ օրինակներ չբերեմ, այսպիսի մարդկանց պատասխաններում համար, ապա Պողոսի այս նամակը բավական է հասկանալու համար, թե ինչպես խնդրում գաղատացիներին, որպեսզի նրանք իրենց ազատությունը չփոխեն ստրկության լծի հետ: Հազարավոր օրինակներ է բերում իր ասածը փաստելու համար: Բացի գաղատացիների օրինակից, այս տեսակետն ունեցողներին, որոնք ասում են, թե կրոնը ստրկացնելու համար է, պատասխանում է հենց Տէր Հիսուս Քրիստոս, ասելով,- Դուք իմ բարեկամներ ենք, ոչ թե ծառաները, որովհետև ծառան չգիտի թե ինչ է մտածում տերը, իսկ ես ամեն ինչ հորից վերցրի և տվեցի ձեզ, քանի որ դուք իմ բարեկամներն եք: Եթե կրոնը ստրկացնելու համար լիներ, ապա ձեզնից մեկը տեսած կա՞, որ տերը լվանա ծառայի ոտքերը: Մինչդեռ Քրիստոս իր սիրուց մղված խոնարհաբար լված իր աշակերտների ոտքերը:
Գաղատացիներն էլ այսպիսի մարդկանց պես չեն ընկալում առաքյալի ջանքերի նպատակը: Տեսեք, սիրելիներ, գաղատացիների ասում է,- պինդ կացեք, և վերստին ծառայության լծի տակ մի մտեք, որովհետև եթե Քրիստոսին դառնալուց հետո թլպատվեք, Քրիստոս ձեզ ոչնչով չի օգնի, քանի որ Քրիստոսին դարձած մարդու համար ո՛չ մի նշանակություն չունի թլպատված լինելը, ո՛չ էլ անթլպատ մնալը, այլ՝ հավատը, որը սիրով է գործում ոչ թե թլպատությամբ; Այդ փոքրիկ սխալ վարդապետության թթխմորը կարողացավ խմորել գաղատացիների ողջ խմորի ողջ զանգվածը: Բայց Պողոսը հույս ունի որ գաղատացիները անդրադարձ կունենան և իրենց միտքը չի խռովվի: Իսկ ով գաղատացիների միտքը խռովել է, դատաստան կկրի, ո՛վ էլ որ լինի:
Ի Քրիստոս դարձածները կանչված են ազատության, բայց այստեղ նաև կա մեկ այլ վտանգ: Չլինի թե այդ ազատությունը ծառայի միայն մարմնի ցանկությունների համար,, այլ այդ ազատությունը պետք է ծառայի միմյանց օգտակար լինելու համար, որպեսզի կատարվի գլխավոր օրենքը, թե,- Պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես: Սիրելիներ, ազատությունը բոլորիս անխտի՛ր ձրի է տրված, բայց այն էժանագին հաճույք չէ՛, այդ ազատության համար աշխարհի ամենաթանկ գինն է վճարված: Նամակում առաքյալը ազատությունը սխալ կիրառելու համար հորդորներ է տալիս, որոնք շատ կարևոր են հատկապես մեր օրերի համար: Պատվեր կա մեզ, որ մարմնի ցանկությունը չկատարենք, քանի որ մարմնի ցանկությունը հակառակ է հոգուն: իսկ հոգու ցանկությունը հաճելի չէ մարմնին: Բայց առաքյալն ասում է հոգով ընթացեք, նշանակում է, որ մենք պետք է կատարենք հոգու ցանկությունները: Այսինքն եթե մարմնի ցանկությունը հոգուն հակառակ է, մենք պետք է չանենք այն, ինչ մարմինն է ուզում: Հոգով առաջնորդվող մարդը օրենքի տակ չէ, այլ՝ իր ազատ կամքի: Մարդն այնքան ազատ է, որ կարող է մեղք չգործել: Իսկ երբ գործում է, ուրեմն դեռ մեղքի օրենքի տակ է: Բացի նրանից, որ մեղքի ծառա է, նաև Քրիստոսից հեռացած և Տիրոջ պատկերը կորցրած մեկն է:
Պողոսը գեղեցիկ հերթականությամբ հիշատակել է նամակում մարմնի ցանկությունները, որոնց հետ կարելի է ծանոթանալ, միայն դրանցից զերծ մնալու համար, որովհետև այդ բոլորը մեր մարմնի մեջ է, մեզ ծանոթ է, մեզ անվերջ մղում են մեղքի, չեն մարում և ամենահարմար պահին գլուխ են բարձրացնում; Ահա՛ մարմնի գործերը՝ Շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ: Մի՞թե մեզնից մեկին ծանոթ չե՛ն այս մեղքերը: Իհա՛րկե ծանոթ են; Բացի նրանից, որ ծանոթ են, նաև ապրում ենք այդ մեղքերի հետ: Բայց քրիստոնյան տարբերվում է մյուս մարդկանցից նրանով, որ գիտե, որ այս մեղքերը գործողները Աստծու արքայությունը չեն ժառանգելու: Սակայն այս մեղքերը տեղ են գտած նաև քրիստոնյաների մեջ, նույնիսկ ա՛յն քրիստոնյաների, որոնք գիտեն, որ այս մեղքերի համար Աստծու արքայության դռները ամուր փակ են: Սիրելիներ, մենք ունենք նա՛և հոգու պտուղների օրինակը, ահա նրանք՝ Սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն: Այսպիսի առաքինությունների համար օրենք չկա: Առատորեն կարող ենք կիրառել մեր կյանքում և կենցաղում; Ճշմարիտ քրիստոնյաները խաչն են հանել իրենց մարմինները՝ կրքերով ու ցանկություններով հանդերձ: Երբ կարողանում ենք կառավարել մեր կրքերն ու ցանկությունները, հանուն պատվիրանի, սա է ազատությունը: Իսկ երբ անկարող ենք ընդդիմանալ մարմնի ցանկությանը, որը հակառակ է հոգուն, ուրեմն դեռ ազատ չենք մեր կամքի մեջ: Երբեմն կամքը կա մեղք չգործելու համար, բայց կամքի ուժը չկա, և դարձյալ տապալում է մեզ՝ ցեխի մեջ: Եթե հոգով ենք ապրում, հոգով էլ ընթանանք:
Սիրելիներ, մենք ծանոթացանք մարմնի գործերի և հոգու առաքինությունների հետ: Հիմա կարող ենք մեզ տեսնել դրանց մեջ, քանի որ մեր օրն անցնում է և մենք քիչ են հանդիպում առաքինությունների, սկսած կենդանի շփումների ժամանակ, ընտանիքում, սոց ցանցերում և այլն; Բավական է նայել խնդրահարույց նյութերի տակ գրված մեկնաբանություններին, և կարծիք կազմել մերօրյա քրիստոնյաների մասին: Հայհոյախառն մեկնաբանություններ գրողները հեթանոսներ չեն, այլ քրիստոնյաներ: Իսկ ավետարանն ասում է, սիրիր մերձավորիդ՝ քո անձի պես: Մենք՝ քրիստոնյաներս ոչ միայն չենք սիրում միմյանց, այլ՝ նաև չենք հանդուրժում թեկուզ տարածության վրա և անպայման մի խոսքով վիրավորում ենք: Ուրեմն ինչպես ենք հավատում Քրիստոսի, երբ մի հասարակ և պարզ պատվիրանի մեջ ձախողում ենք, որ չափավորությունն է: Տէր Հիսուս խոսում է նեղ դռան մասին… իսկ նեղ դուռ նախ՝ հավատքն է, որ դժվար է ձևավորվում, և երբեմն խաբուսիկ է: Հավատում ենք, մինչև առաջին պատահած փորձությունը, իսկ փորձության պահին վերանում է մեր կարծած հավատը: Տէր Հիսուս միայն մի բանի վրա զարմանում, երբ հավատ է տեսնում: Մենք առայժմ չե՛նք կարող զարմացնել Տէր Հիսուսի ոչ մեր հավատով, ոչ էլ մեր հոգու պտուղներով;
Սիրելիներ, Պողոս առաքյալը իր կարճ մտքերով ու նախադասություններով մեզ տալիս է շատ խորը պատկերացում մեր սեփական կյանքի վերլուծությունների մասին; Վեցերորդ գլխով ավարտվում է գաղատացիների նամակը, բայց չի ավարտվում Պողոսի նախանձախնդիր հորդորներն ու պատգամները իր իսկ հիմնած եկեղեցիներին, պատվիրելով, որ հոգևորները թող օգնեն մեղքի մեջ հայտնված իրենց եղբորը՝ հեզության հոգով, և զգույշ եղեք ինքներդ ձեր հանդեպ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք: Ի՞նչ է սա նշանակում; Մենք գիտենք, որ ինչպես քրիստոնեական առաջին համայնքներում, այնպես էլ ժամանակակից քրիստոնեական եկեղեցիներում գոյություն ունի մի մեծ գայթակղություն: Երբ մեր շրջապատում մեկը հայտնվում է մեղքի մեջ, մենք այդ հեզության հոգու մասին մոռանում ենք, և մեղադրում ենք նրան՝ իր մեղքի մեջ: Դա նրանից է, որ մեր պատկերացումը քրիստոնյայի և քրիստոնեության մասին ամբողջական չէ: Քրիստոս հստակ պատասխան ունի այս պարագայի համար: Եթե տեսար մեկը մեղանչեց, զգուշացրու նախ՝ իրեն, հետո մեկ այլ հավատացյալի հետ, եթե չի ուղղվում, դիմիր եկեղեցուն, եթե այնտեղ էլ անդրդվելի է իր սխալի մեջ, համարիր նրան որպես հեթանոս: Մենք անտեսում ենք առաջին երկու պատվերները, լավագույն դեպքում ընտրում ենք երրորդը: Կամ էլ բոլորի հետ խոսում ենք նրա մեղքի մասին, բացիր իր հետ: Պողոս առաքյալը դարձյալ մի գեղեցիկ եւ համառոտ կանոն է տալիս մեզ այսպիսի պարագաների համար, որ ասում է,- Եթէ մէկը կարծում է, թէ ինքը մի բան է, եւ սակայն չէ, ինքն իրեն է խաբում։ Թող յուրաքանչյուր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրա՛յ միայն պարծենա եւ ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով. որովհետեւ իւրաքանչիւր ոք ի՛ր բեռն է կրելու։
Ինչու է այսպես ասում առաքյալը, որովհետև Քրիստոսի օրենքը կատարել, նշանակում է կրել ընկերոջ բեռը: Ինքնաքննության ենթարկել սեփական անձը, քանի որ յուրաքանչյուրս ունենք բեռ; Նամակի ավարտի ևս մի կարևոր մեջբերում անեմ առաքյալի խոսքերից, որը մեկնաբանություն չի աղերսում, իր հստակության պատճառով, որ ասում է,- Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում, որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կը հնձի ապականութիւն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կը հնձի յաւիտենական կեանք։ Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ յարմար ժամանակին պիտի հնձենք, եթէ չթուլանանք։ Ահա թէ ինչու, քանի դեռ ժամանակ կայ, բարին գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ։ Իրոք,որ բացատրության կարիք չունի, քանի որ մենք արդեն խոսեցինք մարմնի գործերի և հոգու պտուղների մասին;
Հրեաներից շատերը հորդորում էին մարդկանց թլպատվել, ոչ թե նրա համար, որ օրենքը պահեն, այլ՝ որպեսզի Քրիստոսի խաչի հետևից չգնան, և Պարծենում էին միմյանց թլպատությամբ: Բայց առաքյալը միայն մեկ պարծանք ունի, դա Քրիստոսի խաչն է, որով աշխարհը խաչված է նրա համար, իսկ ինքը՝ աշխարհի համար: Քրիստոսն է աշխարհի առանցքը և ամեն ինչ Նրա շուրջն է պտտվում: Ո՛չ թլպատությունը, ո՛չ անթլպատությունը, կարևոր չէ, այլ՝ կարևոր է միայն նոր արարած լինել: Առաքյալը փակում է իր նամակը, հորդորելով, որ այսուհետ իրեն նեղություն չտան, քանի որ իր մարմնի մեջ է կրում Քրիստոսի չարչարանքները: Թող խաղաղություն և ողորմություն լինի բոլոր այն մարդկանց, որոնք այս կանոնով են ապրում; Տէր Հիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի: Ամեն.
«Մարդասե՛ր Տեր, գիշեր ու ցերեկ և ամեն ժամանակ աղաչում ենք Քեզ և խնդրում Քեզնից, լսի՛ր մեզ, Աստվա՛ծ, Փրկի՛չ մեր, լսի՛ր մեր խնդրանքները, որպեսզի ունայն չլինեն մեր ջանքերը, այլ ընդունի՛ր դրանք որպես արդարության գործ և աստվածպաշտության պտուղ։ Ընդունի՛ր, Տե՛ր, մեր աղոթքն ու երկրպագությունը և Քո ողորմությամբ վարձատրիր մեզ առատապես։ Պահպանի՛ր մեզ Քո ամենազոր Աջի հովանու ներքո, զորացրու մեզ, Տե՛ր, Սուրբ Հոգուդ զորությամբ, պահի՛ր մեզ աչքի բիբի պես և բարությունդ ցույց տուր մեզ՝ քո Սուրբ անվան գովաբանության և փառաբանության համար։ Որովհետև բոլոր արարածների մշտնջենական փառաբանությունը բարձունքներում Քո փառքի համար է՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։